Արաքսում բամբակ են մշակում

0
443

Այն լավ հեռանկարներ է խոստանում ողջ գյուղի համար

Ակնկալում

-Մինչև 2016 թ. Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետ ընտրվելը,- <<Ընկեր>>-ին ասաց Վարդան Գրիգորյանը,- աշխատել եմ համայնքի ղեկավարի տեղակալ, ինչը նշանակում է, որ տեղեկացված եմ եղել գործի էությանն ու հանգամանքներին: Ինչպես մյուս բոլոր համայնքները, մենք էլ մեր ձեռքբերումներն ու բացթողումներն ենք ունեցել: Մեր առանձնահատկությունը, թերևս, կարելի է համարել այն, որ բամբակի մշակությամբ ենք զբաղված: Խորհրդային տարիներին մեր գյուղում բամբակագործությամբ ավելի մեծ ծավալով են զբաղվել և բարձր արդյունքների հասել: Պետք է շեշտեմ, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ է այս տարի շուրջ 500 հեկտարի վրա վերականգնվել բամբակի մշակությունը: Գյուղացիներն իրենց հողատարածքները վարձակալությամբ հանձնել են այդ գործով զբաղվող կազմակերպությանը: Մեր գյուղացիների հետ այստեղ աշխատում են նաև Տաջիկստանի քաղաքացիներ` որպես տվյալ ոլորտի մասնագետներ: Սա, իհարկե, լավ հնարավորություն է համայնքի համար: Հեռանկարում, կախված բամբակի մշակության արդյունքներից, բամբակի վերամշակման գործարանի կառուցման ծրագիր կա: 500 հեկտար դժվար ոռոգելի հողատարածքներ ունենք, և չնայած ՋՕԸ-ն արհեստական ջրամբար ունի, բայց պատահում է, որ այն ցամաքում է: Հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի որոշակիորեն բարելավվի ոռոգման ջրի հարցը` բամբակի մշակության հողատարածքներն առաջիկայում ավելացնելու մտադրությամբ: Եթե անգամ գյուղացին չհամաձայնի իր հողը վարձակալության հանձնել, ապա տվյալ կազմակերպությունը պատրաստ է սերմացու, տեխնիկա տրամադրել նրան` բամբակ աճեցնելու և ստացված բերքը մթերելու պայմանով: Ամեն դեպքում, համոզված եմ, որ բամբակագործությունը մեծ հեռանկարներ է խոստանում մեր գյուղի համար…

Պարոն Գրիգորյանն ընդգծեց, որ Արաքսում զբաղվածության աստիճանը բավականին բարձր է, ջերմոցային տնտեսությունները ևս գնալով զարգանում են: Սեզոնին անգամ աշխատուժի կարիք է զգացվում: Գյուղը գազաֆիկացված չէ, ինչով էլ պայմանավորված` նաև ջերմոցային տնտեսությամբ զբաղվելն է դառնում առավել աշխատատար: Ընդ որում, գազաֆիկացված չեն նաև հարևան Հայկաշեն ու Մեծամոր համայնքները: Երեքն էլ բանջարաբոստանային մշակաբույսերով հարուստ, զարգացած ջերմոցային տնտեսություններ ունեցող համայնքներ են:

Բնական գազի առկայության դեպքում եկամտի աճն էական կլիներ, գյուղացին և գյուղն առհասարակ զգալիորեն կշահեին, սակայն <<Ռուսգազարդը>>, ցավոք, դեռևս չի շտապում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ֆինանսական ներդրումներ անել: Չգազաֆիկացված լինելը նաև բացասաբար է անդրադառնում էլեկտրաէներգիայի մատակարարման վրա, ծախսերն են անհարկի ավելանում, լրացուցիչ բարդություններ առաջանում և այլն: Մի խոսքով, գազաֆիկացումն այսօր շատ կարևոր ու անհրաժեշտ է Արաքսի համար, և բազմաթիվ խնդիրների լուծումը բացառապես այս հանգամանքով է պայմանավորված: Եթե չասենք, որ գյուղի վաղվա օրը ևս կախված է այդ և մյուս կենսական խնդիրների լուծումից, քանի որ արդեն շատ ընտանիքներ հեռանալով գյուղից, Ռուսաստանում (Կրասնոդարի երկրամաս) գնել են հողեր և ջերմոցային տնտեսություններ հիմնել: Երիտասարդ ուժի բացակայությունն, ինչ խոսք, շատ վատ է անդրադառնալու գյուղի ապագայի վրա: Մի շատ կարևոր հանգամանք ևս չպետք է մոռանալ` Արաքսի սահմանամերձ լինելը:

Վարդան Գրիգորյանը խնդրեց թերթի միջոցով դիմել գործարարների, բարերարների, որ եթե պետությունն ի վիճակի չէ այս հարցում օժանդակել իրենց, ապա գոնե նրանք ձեռք մեկնեն: Գյուղը պատրաստակամ է իր հնարավորությունների սահմաններում ներդրում ունենալ: Գազի խնդիրը, մեկ անգամ ևս ասենք, այսօր կենսական է Արաքսի համար…

Համայնքում մեծ ծավալի աղբահանություն է կատարվում, շատ ուշադիր են մաքրության հարցում: Կենտրոնական փողոցն ամբողջությամբ լուսավորված է, առաջիկա ծրագրերում նաև մնացած փողոցների և, առհասարակ, ողջ գյուղի լուսավորության ապահովումն է: Սահմանամերձ գյուղի համար դա կենսական նշանակության խնդիր է: Հանդիսությունների սրահ է կառուցվում` նախատեսված 300 մարդու համար: Մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել համայնքապետարանում: Ներկայումս բուժամբուլատորիայի տարածքն են մասնակի նորոգում: Գրադարանն են հիմնովին կառուցել:

Արաքսի համար անհանգստացնող խնդիր է նաև մանկապարտեզի բացակայությունը: Երեխաները հարևան համայնքի մանկապարտեզ են հաճախում: 20 տարի անգործության մատնված մանկապարտեզի շենքը քանդվել է: Հաջորդ տարի հույս ունեն սուբվենցիայի ծրագրով վերանորոգել այն: Համայնքապետը նշեց նաև, որ ճանապարհներին ասֆալտի փոսալցումներ են անելու և այլն:

Առիթ ունեցանք զրուցելու նաև գյուղի բնակիչների հետ: Նրանց հուզող խնդիրներից էր նաև համայնքների խոշորացման ծրագրի հետ կապված մտավախությունը. <<Եթե մեր գյուղում մենք չկարողանանք սեփական խնդիրները լուծել, մեր տան հոգսը քաշել, ապա հարևանը հաստատ չի քաշի: Մտահոգված ենք նաև, որ պիտի գնանք մի թղթի համար ժամերով հերթ կանգնենք: Գյուղում մարդիկ շատ զբաղված են, ժամանակի ու միջոցների իզուր վատնումը թանկ կնստի մեզ վրա: Սոցիալական հարցեր ևս շատ կան, ասենք, ոնց են որոշելու, թե ում կարելի է օգնություն հատկացնել, ում` ոչ: Այսօր ցանկացած խնդիր տեղում շատ արագ լուծում ենք, մեր համայնքապետն էլ սրտացավ է բնակիչներիս հոգս ու ցավի նկատմամբ: Հարևան համայնքի մարդն այդպես չի լինի, կառաջնորդվի մոտավորապես այս առածով` <<Առաջ մորթիս, հետո որդիս>>… Մեր գյուղը սահմանամերձ է, մեր հողերի մեծ մասը սահմանի վրա է, այդ առումով շատ դժվարություններ ունենք: Առանձնահատուկ մոտեցում է պահանջվում: Մի խոսքով, դեմ ենք խոշորացմանը: Նման զարգացած համայնքը հետընթաց կապրի, եթե ներառվի այդ ծրագրում: Ամիսը երկու անգամ մեր փողոցները լվացվում են, խոշորացման դեպքո±ւմ էլ այդպես կլինի… Խիստ կասկածում ենք: Մեր համայնքապետը երիտասարդ է, շատ լավ աշխատում է, ձգտում է շատ ավելին անել գյուղի համար: Շատ գոհ ենք նրանից, և մեր ցանկությունն է, որ թողնեն նրան իր ծրագրերն ու մտահղացումները մինչև վերջ կյանքի կոչի: Նման սրտացավություն ու նվիրում դժվար թե դրսից եկածը կամ այլ համայնքի բնակիչը մեր նկատմամբ դրսևորի: Խոշորացման, միավորման դեպքեր մեր կյանքում էլի ենք տեսել, և այդ փորձերը, որպես կանոն, միշտ էլանհաջողության են մատնվել: Այնպես որ, մեր վճռական ձայնն ենք բարձրացնում ընդդեմ խոշորացման պլանների, չենք ուզում խաթարվի համայնքի անդորրը, նրա բնականոն կենսագործունեությունը…>>:

SHARE