Ձեռքբերումներն ու հաջողությունները` հուսադրող ու ոգևորիչ…
Բարեփոխում

Նշենք, որ այստեղ ակնհայտ են կատարված աշխատանքները: Օպերայի շենքի փոքր նախագծով շատ գեղեցիկ մշակույթի տուն ունեն, ինչի պահպանման համար գործադրվում են բոլոր ջանքերը: Հաջողվեց ծրագիր բերել և այն վերանորոգել: Պատուհաններն ու դռները ամբողջությամբ փոխվեցին, ներքին հարդարման աշխատանքներ կատարվեցին և այլն: Մանկապարտեզն են վերանորոգել, այն մշտական ուշադրության կենտրոնում է: Փողոցների գիշերային լուսավորություն է անցկացվել: Բնակիչը քանիցս արդեն տեսնում ու համոզվում է, որ իրենից հավաքագրված գումարները ներդրվում են համայնքի զարգացման համար: Այո, եղած միջոցները նպատակին են ծառայեցվում, գործ է արվում:
Գյուղապետը, օգտվելով առիթից, շնորհակալության խոսք ուղղեց մարզպետ Էդիկ Բարսեղյանին` նշելով, որ հենց միայն 2012-ի ամռանը գյուղում մոտ 33 մլն դրամի ներդրում է կատարվել` թե՛ դպրոցի և թե՛ մանկապարտեզի համար: Ընթացիկ տարվա համար էլ կան մի շարք ծրագրեր, մասնավորապես, ևս 30 մլն դրամ կտրամադրվի դպրոցում նորացման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Այս ամենում, համայնքի ղեկավարի խոսքերով, մեծ է եղել ընկերական շրջապատի, բարեկամների դերն ու մասնակցությունը:
-Մարզպետի ամենամեծ պահանջներից մեկը,- ընդգծեց պարոն Ղազարյանը,- ժողովրդի կողքին լինելն է, նրա հոգսերին ականջալուր ու բարձրացրած հարցերին ժամանակին լուծում տալն է: Ճիշտ մոտեցում պետք է ցուցաբերել ժողովրդի հետ շփվելիս, նրա հետ ազնիվ աշխատել, նրա հոգսը հնարավորինս թեթևացնել: Մարզպետը համայնքների միջև տարբերություն չի դնում, կառավարության կողմից հատկացված միջոցները ջանում է հավասարաչափ բաշխել, ոչ մեկի անուշադրության չմատնել: Խոստացածն անպայմանորեն կատարում է: Կարողացել է մարզի ղեկավարման բոլոր օղակներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել, կարևորել ամենից առաջ մարդուն, մարդկային գործոնը: Մի խոսքով, գործնական, աշխատանքային ջերմ մթնոլորտ է ձևավորել, ինչի նպատակը մարզն առաջընթացի ճանապարհով տանելն է… Արտաշատի տարածաշրջանի բոլոր համայնքապետերի հետ էլ ընկերություն անում եմ, նաև` Մասիսի և Արարատի տարածաշրջանների գյուղապետերի հետ: Ավելի մտերիմ են հարաբերությունները Այգեզարդի, Նորաշենի, Բերդիկի, Մրգավետի և Մրգավանի գյուղապետերի հետ: Այդ հարաբերությունները և՛ գործնական են, և՛ ընկերական:
Աշոտ Ղազարյանը հավելեց, որ ձգտում է ընկերության այն մարդկանց հետ, ում մեջ ազնվություն կա, որտեղ մարդկային ճիշտ հարաբերություններն են գերակա, անկեղծություն կա: Ընկերության պահպանման մեջ ամենակարևորը փոխադարձության պահպանումն է: Ունի 30-40 տարվա ընկերներ: Ուրախանում է, երբ իրենց երեխաներն են հայրերի էստաֆետը պատվախնդրորեն շարունակում: Ընկերն այն բացառիկ հարազատ մարդկանցից մեկն է, ումից գաղտնիք չես ունենում:
Մեր հետագա զրույցից տեղեկացանք նաև, որ ՀՀ նախագահի հանձնարարականով կառավարության կողմից հատկացված 200 մլն դրամով փողոցներն են ասֆալտապատվել: Վերջին 2-3 տարում միայն այստեղ մոտ 100 մլն դրամի աշխատանքներ են կատարվել: Բնականաբար, բնակիչների համակրանքը գործող իշխանության կողմն է, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ձայների առավելություն ստացավ այստեղ: Նախկին 10-15 տարիների համեմատ առաջընթացն ակնհայտ է, բարելավվել են մարդկանց կենսագործունեության պայմանները, կյանքի որակն է փոխվել: Մարդիկ իրենց աշխատանքով կարողանում են բնականոն պայմաններ ապահովել և լավատեսորեն լցվել ապագայի նկատմամբ: Տարեցտարի կառավարությունը մեծացնում է իր օժանդակությունը գյուղին, ինչի արդյունքում հուսադրող արդյունքներ է գրանցում գյուղատնտեսության ճյուղը: Մնում է, որ առավել արժանիորեն գնահատվի գյուղացու աշխատանքը, և նա մշակած բերք ու բարիքի դիմաց ավելի մեծ եկամուտ ստանա…