Արժանապատիվ ու նախանձախնդիր

0
56

Ապրելով կողք կողքի, միմյանց սատարելով ու գնահատելով

Համերաշխություն

-2004 թ. մայիսից ղեկավարում եմ Արարատի մարզի Վերին Դվին համայնքը,- <<Ընկեր>>-ին ասաց Լյուդմիլա Պետրովան:- Այն, մյուս համայնքների հետ համեմատած, որոշ առանձնահատկություններ ունի, նախ, բազմազգ համայնք է, որտեղ կողք կողքի ապրում են մեծամասամբ ասորիներ, ինչպես նաև հայեր, եզդիներ և քրդեր: Ամենակարևորը, որ նրանք ապրում են հաշտ ու համերաշխ և միավորված են բարեկամական, խնամիական կապերով: Համայնքն ունի 2700 բնակիչ, զբաղեցրած տարածքը բավականին մեծ է` 6764 հեկտար, գյուղնշանակության հողերը բերրի են, բերքն ու բարիքը` էկոլոգիապես մաքուր, քանի որ ոռոգումը կատարում ենք սարերից բխող աղբյուրներից սնվող Ազատի ջրամբարից: Պիտի խոստովանեմ, որ սկզբնական շրջանում ինձ համար դժվար էր համայնքը ղեկավարելը, որովհետև բազմաթիվ չլուծված խնդիրներ կային: Սակայն տարիների քրտնաջան աշխատանքն իր արդյունքը տվեց` լուծվեցին առաջնահերթ կարևորության հիմնական խնդիրները: Այդուհանդերձ, դեռևս ունենք լուծման կարոտ շատ խնդիրներ: Ջանում ենք ինչպես համայնքի բյուջեի միջոցներով, այնպես էլ դրսի ֆինանսական ներդրումներով աստիճանաբար հասնել դրանց լուծման…

Անդրադառնալով ունեցած ձեռքբերումներին, համայնքի ղեկավարը կարևորեց գազաֆիկացումը: Գյուղում այսօր մնացել է միայն 1-2 ընտանիք, որ չի օգտվում բնական գազից: Ընդ որում, այդ աշխատանքները կատարվել են տարիների ընթացքում, բացառապես համայնքի բյուջեի միջոցներով: Կարևոր էր նաև գործող գերեզմանատան (6 հեկտար) և փակ գերեզմանատան (0,5 հեկտար) ցանկապատումը: Գիշերային լուսավորություն է անցկացվել: Բյուջեի միջոցներով հիմնանորոգվել են մշակույթի տան դահլիճը, ինչպես նաև 1-ին և 2-րդ հարկերը: Սա կարևոր է` գլխավորապես այն հանգամանքը հաշվի առնելով, որ գործում է ասորական ազգային համույթ, որը պահպանում ու զարգացնում է ասորիների մշակույթը: Մշակույթի տանը կից հանգստի գոտի կա:

-Կարևոր ձեռքբերում ենք համարում նաև ֆուտբոլի դաշտի կառուցումը,- շարունակեց Վերին Դվինի համայնքապետը,- որը տարիներ ի վեր եղել է մեր երիտասարդների երազանքը: Այդ ամենով հանդերձ, դեռևս մի ցավոտ խնդիր ունենք, որը կապված է մանկապարտեզի հիմնանորոգման հետ: Դրա համար ֆինանսական հսկայական միջոցներ են անհրաժեշտ, ինչը համայնքի ուժերից վեր է: Այդ նպատակով մեզ օգնության ձեռք է մեկնել սփյուռքի ասորական համայնքը` հատկացնելով մոտ 60 հազար դոլար, որով հիմնանորոգվել է մանկապարտեզի տանիքը, ցանկապատում է կատարվել: Էլի գումար է անհրաժեշտ` մոտ 40 հազար դոլար, որպեսզի ներքին հարդարման և մնացած աշխատանքները կատարենք: Ճիշտ է, դպրոցում նախակրթարան ունենք, բայց մանկապարտեզի տեղն ու դերն առանձնահատուկ են: Հարցը քանիցս բարձրացրել ենք մարզպետարանում, սակայն որոշակի առայժմ ոչինչ չկա: Դիմել ենք և հույս ունենք, որ սփյուռքի մեր հայրենակիցները քայլեր կձեռնարկեն և կրկին մեզ օգնության ձեռք կմեկնեն…

Գյուղի մոտ 13 կմ երկարության խմելու ջրի ջրագծի 7 կմ-ն հիմնանորոգվել է, մնացածի հարցով դիմել են <<Վեոլիա ջուր>> ընկերությանը, որը խոստացել է անդրադառնալ խնդրի լուծմանը: Ոռոգման ջրի հետ կապված առանձնակի խնդիր չունեն (չհաշված ներքին ցանցում առկա որոշ դժվարություններ), ջուր ստանում են Դվինի և Արտաշատի ջրանցքներից: Համայնքին հուզող խնդիրների թվում ներքին ճանապարհների (մոտ 23 կմ) ժամանակավոր բարեկարգումն է` խճապատման միջոցով, ինչն էլ աստիճանաբար անում են: Ասֆալտապատման որոշակի հույսեր չեն փայփայում, քանզի դա այսօր <<թանկ հաճույք>> է գյուղի ու գյուղացու համար: Ոչ պակաս կարևոր է նաև դաշտամիջյան ճանապարհների փոքրիշատե բարեկարգումը, եթե նկատի առնենք, որ աճեցված բերքը պետք է անվնաս տեղափոխել և բարեհաջող մթերում իրականացնել: Ահա, այսպիսի խնդիրներ ունի Վերին Դվինը, խնդիրներ, որոնք համայնքի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են:

Տիկին Պետրովան առանցքային համարեց աշխատատեղերի, զբաղվածության խնդիրը, չնայած մյուս կողմից էլ այն համոզմունքը հայտնեց, որ գյուղացին պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի, հող մշակի: Ուրիշ է բարձրագույն կրթությամբ երիտասարդների` համապատասխան աշխատանքով ապահովելու խնդիրը, որն առանձնահատուկ և առավել լուրջ, համակարգային մոտեցում է պահանջում: Եթե արդի պահանջներին համապատասխան զարգացում ապրի նաև վերամշակող ճյուղը, ապա տվյալ խնդիրը որոշակիորեն բավարարում կստանա: Գյուղը պատրաստ է ընդունելու ներդրողների` բավարար պայմաններ առաջարկելով, և համատեղ ուժերով քննարկելու ներկայացվելիք ներդրումային ամենատարբեր ծրագրերը: Աշխատանք այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում է:

Ասորական համայնքը, ինչպես իր խոսքում մատնանշեց Լյուդմիլա Պետրովան, շատ արժանապատիվ ու նախանձախնդիր է: Բոլորն էլ մեկ մարդու պես կանգնած են նեղության մեջ գտնվողի կողքին: Փոխըմբռնում, փոխադարձ հարգանք ու բարյացակամություն կա համայնքում, նախանձելի համերաշխություն ու մտերմություն: Խտրականության կամ այլ անցանկալի երևույթների դրսևորումներ չեն հանդիպում: Այս առումով իր համեստ ներդրումն ու գնահատելի դերակատարումն ունի համայնքի հոգևոր հովիվը:

Որպես կին ղեկավար, տիկին Պետրովան, ինչ խոսք, մեծ պատասխանատվություն է կրում իր կանացի փխրուն ուսերին: Փառք Աստծո, ամուսինը կողքին է, ամեն հարցում աջակցում, թեթևացնում է այդ բեռը: Նրա խոսքերով, եթե ընտանիքը մշտապես կողքին չլիներ, ապա շատ դժվար կլիներ իր համար: Համոզված է, որ կին ղեկավարն ավելի սրտացավ, տնտեսվար ու պատասխանատու է, քան տղամարդը: Ահա այս համոզվածությամբ էլ առաջիկա ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրվել է` հավատացած լինելով, որ այս անգամ ևս կարժանանա Վերին Դվինի բնակչության վստահությանը: Կշարունակվի, անշուշտ, այն հարազատությունը, որ ձևավորվել է տարիների ընթացքում, և համատեղ, ձեռք ձեռքի կգնան նոր Հայաստանի կառուցմանը…

SHARE