Բարեկեցիկ ու ապահով կյանքը

0
14

Գյուղացուն կկապի հայրենի հողին և ապագայի լավ հեռանկարներ կնախանշի

Առաջընթաց

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Մարգարա համայնքի ղեկավար Էդգար Ենոքյանը նշեց, որ պաշտոնավարում է 2018 թ. հուլիսի 1-ից:

-Համայնքն ընդունել եմ բազմաթիվ պրոբլեմներով,- ասաց պարոն Ենոքյանը:- Խոսքը մանկապարտեզի, մշակույթի տան, ջրագծերի, խմելու ջրի մատակարարման և այլնի մասին է: Կարճ ժամանակահատվածում կարողացանք լուծել մանկապարտեզի տարածքի հարցը: Մեր միջոցներով գնել ենք խանութի շենքը` մանկապարտեզ ունենալու նպատակով: Խնդիրը ներկայացրել ենք կառավարություն` սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվելու առաջարկով: Պարզ է, պատրաստ ենք մեր բաժին ներդրումն ունենալ և համատեղելով նախատեսվելիք ֆինանսական միջոցները` իրականացնել շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Արդեն խմելու ջրի խնդիր չունենք, բնակիչները նախկին 4 ժամի փոխարեն այսօր16 ժամ ջուր ունեն: Սանհանգույց է անցկացվել համայնքապետարանում, իսկ դրա դիմացի տարածքը սալիկապատվել, կանաչապատվել է: Գյուղի այգին է վերանորոգվել իր ջրագծերով, նստարաններ են տեղադրվել: Կանգառի տեղափոխում է եղել: Այս ժամանակահատվածում գյուղի մուտքն է կառուցվել: Ճանապարհների վերանորոգման ու հարթեցման աշխատանքներ են իրականացվում: 240 մ խմելու ջրի ջրագիծ է անցկացվել համայնքի միջոցներով: Ոռոգման 20 կմ ջրագծերի մաքրման աշխատանքներ են կատարվել, ինչի արդյունքում նախկինում չմշակվող 300 հեկտար հողատարածք այսօր մշակվում է: Մշակովի հողատարածքներն սկսել են ավելանալ: Իմ պաշտոնավարման օրոք ևս 60 հեկտար հողատարածք դարձել է մշակովի, և հուսով եմ, որ առաջիկա տարիներին այդ թիվն էապես կավելանա, քանի որ առուների մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, ինչը շատ կարևոր է: Ուրախալի է, որ գյուղացին զբաղվում է հողագործությամբ և չի թողնում հեռանում հարազատ համայնքից: Այս տարի շատերը չեն մեկնել արտագնա աշխատանքի, մնացել են և իրենց հողն ու այգին են մշակում: Կարևորում ենք տոների անցկացումը, մեծ շուքով նշել ենք Ամանորը, Մարտի 8-ը և այլն: Վերջին զանգի առթիվ նվերներ ենք հանձնել շրջանավարտներին: Չենք մոռանում նաև առաջին անգամ դպրոց հաճախողներին` նրանց պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրելով: Ամենակարևորը` մեր բնակիչն այսօր իրեն հանգիստ ու ապահով է զգում, գիտի, որ ամենաառաջնայինն ու անհրաժեշտն արվում են իր համար: Իմ առաջնահերթ նպատակներից մեկն այն է, որ գյուղացուն խմելու ջրով ապահովեմ, որ ջրի խնդիրը մեկընդմիշտ անցյալում մնա: Ոչ պակաս կարևոր է նաև մշակույթի տան հիմնանորոգման խնդիրը: Հսկայական միջոցներ են անհրաժեշտ, ինչը մեր հնարավորություններից բավականին հեռու է, և ես այս պահին լավատեսական որևէ խոսք չեմ կարող ասել` լավ ժամանակների սպասելուց բացի: Համայնքապետարանի շենքում մասնակի հարդարում արել ենք, բայց այն վերանորոգման խնդիր ունի, տանիքն ամբողջովին պետք է փոխվի: Համենայնդեպս, առաջնահերթը մեզ համար մնում է ժողովրդի վիճակի բարելավումը, բարեկեցության ապահովումը…

Անդրադառնալով բնակիչ-համայնքապետ փոխհարաբերության հարցին, Էդգար Ենոքյանը նշեց, որ համայնքում շատ կարևոր են փոխադարձ հարգանքն ու սերը, վստահությունը, ինչը հաջողությունների կարևոր գրավականներից մեկն է: Բնակիչն իր վստահությունն արտահայտել է ընտրության միջոցով, և համայնքի ղեկավարին մնում է ամենօրյա նվիրյալ աշխատանքով արդարացնել այդ վստահությունը: Համայնքը մեծ ընտանիք է, և պետք է ամեն մեկին յուրովի հասկանալ, յուրովի մոտեցում ցուցաբերել: Այս սկզբունքով էլ առաջնորդվում է համայնքապետը, ինչը և նրան պատվի ու հարգանքի է արժանացնում:

Ի դեպ, մինչև համայնքապետ ընտրվելը` Էդգար Ենոքյանը գյուղի կենտրոնում, 4 տարի առաջ, խաչքար է կանգնեցրել` ի նշան սիրո ու միասնության…

SHARE