Բարի խոսքը, հարգալից մոտեցումը

0
104

Շատ կարևոր են թե՛ ինքնազգացողության բարձրացման, թե՛ բուժման պրոցեսում

Վերաբերմունք

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Լիլիա Կարապետյանը նշեց, որ 2017 թ. նոյեմբերին նշանակվել է Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2018-ի մարտին, հաղթելով մրցույթում, դարձել է տնօրեն: Նրա խոսքերով, բուժկենտրոնը կայացած, բազմապրոֆիլ և մրցունակ հաստատություն է իր ոլորտում: Սպասարկման տարածքն ընդգրկում է Հրազդան քաղաքն ու շրջակա գյուղերը` մոտ 60 հազար բնակչություն: Հագեցած է ժամանակակից բոլոր սարքավորումներով և, չնայած մասնագետների պակասին, ի վիճակի է բավարար բուժծառայություն ապահովել, գոհացնել իրեն դիմած հիվանդներին:

Այսօր Հրազդանի տարածաշրջանում հիվանդացության և դիմելիության աստիճանը, մեկը մյուսով պայմանավորված, բարձր է: Ցավալի է, անշուշտ, որ հիվանդների թիվը մեծ է, բայց գոնե մխիթարական պիտի համարել այն, որ հաճախորդները, նախկինի համեմատ, ավելացել են: Այսինքն, մարդիկ մտահոգված են իրենց առողջական խնդիրներով և դիմում են բժշկի, ինչի հիմքում հավատի ու վստահության գործոնն է: Ինչպես անկեղծացավ տիկին Կարապետյանը, շատ կարևոր է տվյալ հանգամանքը, և դրանում <<մեղքի>> որոշակի բաժին ինքն էլ ունի. <<17 տարի Մեղրաձորի բուժամբուլատորիայում եմ աշխատել, և մարդիկ ինձ ճանաչում են: Ճանաչելով` հավատում են ու վստահում: Ահա դա էլ մարդկանց հոծ բազմություն է բերում այստեղ…>>:

-Տնօրենի պաշտոնում ընտրվելով,- ասաց Լիլիա Կարապետյանը,- առաջնահերթ կարևորել եմ ներքին կարգուկանոնի խստագույն պահպանումը: Հիվանդը, ոտք դնելով բուժկենտրոն, պետք է անպայման իր տեղում գտնի բժշկին: Ընդ որում, ոչ միայն տեղում գտնի նրան, այլև գոհ ու բավարարված հեռանա: Չեմ կարող ասել, թե այդ առումով արդեն հասել եմ լիարժեք` հարյուրտոկոսանոց արդյունքի, բայց նպատակս ու ձգտումներս տանում են դրան, և ես ամենօրյա ուշադրության կենտրոնում եմ պահում թե՛ ինքնակատարելագործումը, թե՛ բոլոր առումներով ընդհանուր վիճակի բարելավումը: Շատ եմ ուզում, որ բժիշկն առաջին հերթին բժիշկ լինի, հետո միայն անցնի իր պարտականությունների կատարմանը: Հիվանդը պիտի զգա, որ բժշկի մոտ է եկել, պարտադիր դա պիտի զգա: Անգամ խոսքով պետք է բուժի բժիշկը, ինչը շատ կարևոր է: Ցավոք, սա այսօր բացակայում է մեր բժիշկների մոտ, և դրա պատճառը, միգուցե, նյութականն է: Քանի որ օգոստոսի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը, ապա պիտի հուսանք, որ հիվանդի նկատմամբ վերաբերմունքի առումով բարելավում կնկատվի: Բժիշկն այցելուին պետք է այնպես ճանապարհի, որ նրա մոտ հարցեր, մտահոգություններ չառաջանան, որպեսզի նա ստիպված չլինի ուրիշ տեղ գնալու, ուրիշի դիմելու: Ես տնօրենի իմ առաջնահերթ պարտականություններից մեկը հենց հիվանդների հետ ամենօրյա քրտնաջան աշխատանքն եմ կարևորում, առողջապահակա՛նը, քան վարչական կամ այլ տեսակի աշխատանքը: Եթե իմ բժիշկն, ասենք, ինչ-որ բան բաց է թողել կամ թերացել է, ապա ինքս այն պետք է լրացնեմ, սխալը շտկեմ, ամեն ինչ անեմ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի: Եվ ապա, գտնում եմ, որ հիվանդի բուժման գործընթացում դեղին և ապաքինման մնացած միջոցներին հավասար (50/50) ազդեցություն, դերակատարում ունի բժշկի վերաբերմունքը: Խորհրդային շրջանում այլ էր, հիմա նյութականը խեղճացրել է մարդկանց, ինչին ըմբռնումով պետք է մոտենալ, բայց և որևէ պարագայում չեմ կարող արդարացնել այն բուժաշխատողին, ով հավատարիմ չէ Հիպոկրատի երդմանը…

Հիվանդանոց դիմում են, ըստ բուժկենտրոնի ղեկավարի, տարաբնույթ խնդիրներով ու գանգատներով: Վերջին ժամանակաշրջանում ավելացել է շաքարային դիաբետիկների և հիպերտոնիկ հիվանդների թիվը: Հիվանդությունները (հատկապես` ուռուցքային), կարելի է ասել, երիտասարդացել են: Լավ է գոնե, որ հիվանդն սկսել է ժամանակին դիմել բժշկի, այսինքն` չի թողնում, որ <<դանակը ոսկորին հասնի>>: Տիկին Կարապետյանը հուսով է, որ մարդիկ, որքան էլ նյութական խնդիրներ ունենան, չեն թողնի, որ առաջացած հիվանդությունը խորանա, ապա միայն ստիպված լինեն դիմելու բժշկի: Այս գիտակցությամբ պետք է յուրաքանչյուրս առաջնորդվի, ինչը ձեռնտու է բոլոր առումներով:

-Պրոֆիլակտիկ բժշկությունը,- ընդգծեց մեր զրուցակիցը,- կանխարգելումը պետք է բարձր մակարդակի վրա լինեն: Հատկապես` գյուղական բնակչության շրջանում: Պետք է աշխատենք, ավելի շատ ջանք ներդնենք ոչ թե հիվանդությունների բուժման, այլ կանխարգելման ուղղությամբ: Այս նպատակով կարևորում եմ ԶԼՄ-ների միջոցով քարոզչական աշխատանք տանելու, մեր ընդհանուր ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը: Մարդը միշտ պետք է լսի, տեղեկանա դրա մասին: Հանրության շրջանում տարածում ունի մի մոլորություն, ինչը լրջորեն անհանգստանալու տեղիք է տալիս: Բժշկի դիմելու փոխարեն զբաղվում են ինքնաբուժմամբ, ինչը մեր պրակտիկայում հաճախ հանդիպող դեպքերից է: Մարդը համացանցից տեղեկանում է այս կամ այն հիվանդության բուժման եղանակների, դեղամիջոցների օգտագործման ու այլնի մասին և առանց մասնագետ բժշկի հետ խորհրդակցելու` սկսում ինքն իրեն <<բուժել>>: Հետո արդեն, երբ ստիպված է լինում հաճախելու բուժհաստատություն, բանը, ինչպես ասում են, բանից անցած է լինում: Այսուայնտեղ լսելով կամ կարդալով չի կարելի դիմել նման քայլի, չի կարելի <<խաղալ>> սեփական առողջության հետ… Որքան էլ, ցավով եմ արձանագրում, անվստահություն լինի բժշկի նկատմամբ, որքան էլ մարդը նյութական վատ վիճակում լինի, խնդիրը նման կերպ լուծելու քայլին դիմելն անթույլատրելի է ու վնասակար: Վնասակար` առաջին հերթին հենց իր` առողջական խնդիր ունեցողի համար…

Տիկին Կարապետյանի համոզմամբ, հիվանդությունների երիտասարդացման մի քանի պատճառ կարող է լինել: Մասնավորապես` անշարժ, նստակյաց առօրյան, գործազրկությունը, որը հանգեցնում է սթրեսների ու նյարդային լարված վիճակի և մարդուն շեղում իր բնականոն ընթացքից: Մարդիկ հոգեկան լարվածության մեջ են, ինչը պարարտ հող է հիվանդության առաջացման ու զարգացման համար: Մի խոսքով, լավ կյանքից չէ, որ բնակչության առողջության հարցում նման մտահոգիչ պատկեր ունենք:

-Մեր կենտրոնում,- շարունակեց բուժհաստատության տնօրենը,- մարզային հիվանդանոցին անհրաժեշտ բոլոր պայմանները կան: Ճիշտն ասած, այնպես չէ, որ այստեղ աշխատում են շատ խելացի բժիշկներ, այսինքն` բոլորը շատ խելացի են, բարձրակարգ, ինչը նաև մեր այցելուների կարծիքն է: Մեր բժիշկն էլ ունի վերապատրաստվելու, շատ լո՛ւրջ վերապատրաստվելու, կատարելագործվելու կարիք, բոլորն անխտիր` ինձնից սկսած: Սովորել պետք է մշտապես, ամեն օր: Չպետք է տեղում դոփենք, պիտի կարդանք ու կարդանք: Եթե ժամանակի ընթացքից հետ մնանք, անտեղյակ լինենք ոլորտի զարգացումներին, ապա չենք կարողանա արդյունավետ աշխատանք, այսինքն` բուժում իրականացնել: Բժիշկն ինքը պետք է իր վրա անընդհատ աշխատի, <<քաղի>> անհրաժեշտ նորույթները, իրադարձությունների, այսպես ասած, կենտրոնում լինի` արդի պահանջներին համապատասխանելու համար: Չկա ձգտում` չկա նաև առաջընթաց… Լիցենզիոն կենտրոնների դերն ու գործառույթն այս տեսանկյունից մեծապես կարևորվում են: Ինչպես նշեցի, բոլոր պայմաններն ունենք` և՛ գործիքային, և՛ լաբորատոր հետազոտությունների իրականացման համար, շատ լավ վերակենդանացման բաժանմունք ունենք, վիրաբուժական պրոֆիլը շատ լավ է աշխատում: Սրան համապատասխան էլ մեր բժիշկների որակն ու պատրաստությունը պետք է լինեն:

Տիկին Կարապետյանի կարծիքով, այսօր կադրերի առումով բժշկության ոլորտում միջակ վիճակ է, ինչը կարող է ավելի վատանալ: Ցածր միավորներով բուհ ընդունված, մի կերպ սովորած ու ավարտած ապագա բժիշկը կարո՞ղ է, արդյոք, իրեն լավ դրսևորել պրակտիկ աշխատանքում և բավարար բուժծառայություն իրականացնել: Շատ դժվար կլինի, անշուշտ, նրան վստահել, շատ դժվար կլինի նման մասնագետից գոհացնող ու բավարար արդյունք ակնկալել: Միջակ կադրերով, վստահ է նա, առողջապահությունը չի զարգանա: Բողոքներն ու դժգոհությունները մեծ մասամբ տեղին ու արդարացի են, քանի որ բժշկի անգրագիտության ու անտարբերության պատճառով դժբախտ դեպքեր են գրանցվում:

-Այսօր մարդկային որակն էլ է կորցրել իր դեմքը,- ցավով նկատեց Լիլիա Կարապետյանը:- Մարդը դիմացինին նայում է որպես շահույթի աղբյուրի, ֆինանսական օբյեկտի: Ստացվում է, որ եթե փող չկա, ապա մարդ էլ չկա… Ողբերգություն է, ուղղակի, երբ մարդուն գնահատում են փողով: Նյութական շահագրգռության դեպքում լավ են վերաբերվում հիվանդին, ամեն ինչ` տեղը տեղին, իսկ երբ դա չկա, ապա անտարբերություն է, իսկ մասնագիտական վերաբերմունքը` իմիջիայլոց, մատների արանքով: Շատ վտանգավոր է, երբ կորցնում ենք մեր մարդկային կերպարը, դառնում ենք ռոբոտի պես մի բան: Գնալով, ցավոք, նվազում է մարդկային ջերմությունը, պարզ մարդկային շփում, բարի զգացողություններ չկան, իրար հասնելու ցանկությունը պակասել է: Հարգանք չկա միմյանց նկատմամբ, մեծ ու փոքր խառնվել են իրար: Լավ է, որ այսօր մեր նոր սերունդը համարձակ է, ռիսկը` մեծ, ինչը դրական եմ համարում, բայց և երբեմն այդ համարձակությունն անդաստիարակության նշան է…

Այս խորհրդածություններն ինքնաբերաբար հանգեցրին ընկերության թեմայի շուրջ մեր պարզ ու անկաշկանդ զրույցին: Ահա թե ինչպես արտահայտվեց մեր զրուցակիցը.

-Խորհրդային ժամանակաշրջանում ընկերություն հասկացողություն, իսկապես, կար, անշահախնդիր էր: Այսօր դրանից քիչ բան է մնացել: Բայց չէ՞ որ ընկերությունը մարդուն պաշտպանվածության զգացողություն է տալիս, ամուր վահան է կյանքի բազում փորձությունների դեմ: Ընկերը շատ չի լինում: Սա բացառիկ մի բան է, բացառիկ զգացողություն` շատ թանկ ու հարազատ: Ամուսինս իմ ամենաառաջին ընկերն է, հետո միայն` ամուսին: Բոլոր առումներով ես նրանից շատ բան եմ սովորել: Ամուսինս միշտ ասում էր, որ շատ մոտիկներ կարող ես ունենալ, բայց շատ ընկերներ` ոչ: Ընկերությունը մեծ պատասխանատվություն է, հաճախ նաև զոհաբերություն է պահանջում: Ընդ որում, առաջինն ինքդ պիտի այդ զոհաբերությունն անես` չսպասելով կամ չպահանջելով նույնը ընկերոջիցդ: Հարաբերությունները մաքուր ու անշահախնդիր պետք է լինեն: Շահը երբևէ առաջին պլան չպետք է մղվի: Առաջին հերթին մարդն է, սովորական մարդը, ում պետք է լսես, հասկանաս, նրա ցավին կարեկից լինես: Ղեկավար լինելու դեպքում` առավել ևս: Եվ որքան հասարակ ես, այնքան վստահությունը մեծ է քո նկատմամբ, այնքան շփումը հեշտանում է: Բարի, մտերմիկ խոսքդ, մոտեցումդ ոգեշնչում են դիմացինիդ, ինչը ես սովորաբար անում եմ, որից հետո միայն անցնում բժիշկ-հիվանդ հարաբերություններին: Հաջողությունը, հավատացնում եմ, երաշխավորված է այս պարագայում: Սիրիր, վստահիր և սեր ու վստահություն անպայման կգտնես: Ամենակարևորը` արդյունք, լա՛վ արդյունք կունենաս, բարի համբավ ու արժանի հեղինակություն…

SHARE