Բնակչի շահն առաջնահերթ ու առանցքային է

0
2

Այս գիտակցումով է քաղաքի ղեկավարությունը մոտենում խնդիրների լուծմանը

Կարևորում

Երբ Գագիկ Մաթևոսյանն ստանձնեց Նոր Հաճն համայնքի ղեկավարումը (2009 թ. օգոստոս), քաղաքում բազմաթիվ խնդիրներ կային: Նախ քառամյա, ապա հնգամյա զարգացման ծրագրերով պլանավորեցին մի շարք աշխատանքներ և համայնքապետի լիազորությունների իրավասության շրջանակներում փուլ առ փուլ իրականացնելով դրանք` աստիճանաբար առաջ ընթացան: Խնդիրների մասին ավելի շուտ ինքն էր բարձրաձայնում` հիմնվելով բնակիչների կողմից արվող առաջարկների ու ցանկությունների վրա:

Ահա այսպես առաջնահերթ կարգավորվեց ճանապարհների ոչ բարվոք վիճակը: Քանի որ գլխավոր ճանապարհները շրջանցում են քաղաքը, ուստի տվյալ խնդրի լուծումը մնում է համայնքապետարանի ուսերին, որն էլ համայնքային միջոցների տնտեսումների հաշվին համապատասխան քայլեր է ձեռնարկում: Ուրախալի է, որ վերջին երեք տարիներին հնարավոր եղավ արդեն բակերում իրականացնել կապիտալ աշխատանքներ, մասնավորապես` բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներում:

-Այսօր արդեն, կարելի է ասել, անբարեկարգ մայթ գրեթե չունենք,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Նոր Հաճն համայնքի ղեկավարի տեղակալ Արարատ Դումանյանը:– Հատկապես` քաղաքի բանուկ հատվածներում, էլ չեմ խոսում հետիոտնային անցումների ու գծանշումների կարգավորման մասին: Պլանավորված բոլոր աշխատանքները պետք է արվեն ժամանակին, քաղաքապետը չի թողնի մեկ րոպե անգամ հանգիստ նստենք, եթե ինչ-որ բան այն չէ: Անչափ հետևողական է բոլոր հարցերում, անմիջական վերահսկողություն է իրականացնում հատկապես շինաշխատանքներում անհրաժեշտ որակի ապահովման առումով: Ոչինչ նրա աչքից չի վրիպում, բնակչի կողմից բարձրացված որևէ հարց չի անտեսվում: Ունեինք արտաքին լուսավորության ընդամենը երկու կետ քաղաքի կենտրոնում: Փուլ առ փուլ, տարեցտարի սկզբում կենտրոնական փողոցները, ապա այդտեղից ճառագայթվող բակամերձ տարածքները, այնուհետև քաղաքն այլ համայնքներին կապող հատվածները` քաղաքի մուտքն ու ելքը, լուսավորվեցին: Վերջին 15 տարիների ընթացքում ունեցանք նաև անհատական բնակելի սեկտոր: Նման երկու թաղամաս ունենք` Հարավ-արևելյան և Պարույր Սևակի: Նախորդ տարի Պարույր Սևակի թաղամասի լուսավորությունն ամբողջությամբ ապահովեցինք: Այսօր ընթացքի մեջ են մյուս թաղամասի լուսավորման նախագծա-նախահաշվային աշխատանքները: Ընդ որում, անցնելու ենք արդեն էներգաարդյունավետ կառավարման համակարգի` իր բոլոր դրական կողմերով ու առավելություններով հանդերձ:

Պարոն Դումանյանն այնուհետև հավելեց, որ խմելու ջրի 24-ժամյա ջրամատակարարում ունեն, որն իրականացնում է <<Հաճն ջուր>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Ընդ որում, ունեն հանրապետությունում այս պահի դրությամբ ամենացածր սակագնով ջրամատակարարումը: Ճիշտ է, ջրագծերը հին են, մաշված, սակայն ունեցած սուղ միջոցների պայմաններում էլ կարողանում են կանխել վթարները և անխափան ջրամատակարարում իրականացնել:

-Չնայած դրան,- շարունակեց համայնքապետի տեղակալը,- <<Վեոլիա ջրի>> հետ ավելի քան երկուսուկես տարի դատական գործընթացների մեջ ենք: Մենք, որպես մեծածախ բաժանորդ, նրա հետ չենք կնքել պայմանագիր` մեզ առաջարկված գնային քաղաքականության առումով անհամաձայնություն ունենալով: Առաջին ատյանի դատարանը հօգուտ <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի կայացրել է որոշում, որով պարտավորեցնում է <<Հաճն ջուր>> ՊՈԱԿ-ին կնքել պայմանագիր առաջարկված ոչ ողջամիտ պայմաններով, ոչ ինքնածածկող գնագոյացումով: Դիմել ենք վերաքննիչ դատարան, որն էլ բավարարել է մեր բողոքը: Հիմա արդեն հակառակ կողմը հանդես է եկել վճռաբեկ բողոքով: Բանն այն է, որ <<Վեոլիա ջրի>> առաջարկած սակագինն այնքան բարձր է, որ այդ գնով բաժանորդին հասնելու պարագայում <<Հաճն ջուրը>> անխուսափելիորեն կսննկանա և, պարզ է, թե ինչ կկատարվի այդ դեպքում, ինչպիսի տխուր փաստի առաջ կհայտնվի ողջ համակարգը: Պատրաստ ենք պայմանագիր կնքել միայն ողջամիտ գնով և ողջամիտ պայմաններով…

Քաղաքի մանկապարտեզը հիմնանորոգվել է արգենտինահայ բարերարների աջակցությամբ, ապահովված է ժամանակակից գույքով: Երեխաների թիվը մեծ է, ուստի ևս մեկ մանկապարտեզ ունենալու անհրաժեշտություն կա: Պարոն Դումանյանը հույս հայտնեց, որ սուբվենցիոն որևէ ծրագրում ընդգրկվելու շնորհիվ կկարողանան այդ խնդրին լուծում տալ:  Իսկ մինչ այդ ընթացիկ տարում սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսված է հիմնանորոգել ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գտնվող լքված մարզադահլիճը: Այն կծառայի նաև դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը:

Հիմնանորոգվել է մշակույթի տունը, որտեղ շախմատի, պարի խմբեր են գործում: Ունեն արվեստի դպրոց` նկարչության, գոբելենի, կերպարվեստի խմբակներով: Այն վերանորոգվել է սփյուռքի մեր հայրենակիցների հովանավորությամբ: Վերաբացվել է համայնքային գրադարանն իր ընթերցասրահով:

Նոր Հաճնում աղբահանությունը կատարվում է համայնքային կոմունալ տնտեսության կողմից` ամենօրյա ռեժիմով, առանց հանգստյան օրերի: Ի դեպ, Կոտայքի մարզի քաղաքներում, Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի հետ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության մասնակցությամբ, եկող տարի կգործարկվի կոշտ թափոնների կառավարման նոր մոդել` ժամանակակից աղբավայրի շահագործմամբ:

-Չեմ կարող չնշել,- շարունակեց Արարատ Դումանյանը,- որ համայնքապետի գործունեությունը բաց ու թափանցիկ է, յուրաքանչյուր բնակչի համար տեսանելի: Քաղաքապետին դիմելու որևէ խնդիր կամ խոչընդոտ երբևիցե չի եղել: Պարզ, հասանելի աշխատելաոճ, անկաշկանդ շփում, մարդկային սրտացավ մոտեցում: Այս և շատ այլ հատկանիշներ են բնորոշ Գագիկ Մաթևոսյանին, որ ջանում է առավելագույն օգտակարություն ցուցաբերել իր բնակչի նկատմամբ: Հետևողական է ու խստապահանջ աշխատանքում, իսկ մարդկային ու ընկերական փոխհարաբերություններում` ջերմ ու մտերիմ: Ունի ընկերական մեծ շրջապատ: Մեր համայնքի ղեկավարի դրական ամենամեծ առավելությունն այն է, որ նրա շփումը սոցիալական, հասարակական տարբեր խմբերի հետ շատ ընդգրկուն է: Եվ ընկերասեր է, և ընկերության արժեքը գնահատող, ընկերների հոգսերով ապրող: Մենք ընկերներ ենք: Աշխատանքը տվել է հնարավորություն ճանաչելու մարդուն, աշխատանքի ընթացքում գնահատվել են մարդկային որակները, և դրանից մեծ արժեք գնահատել, պահպանել, կարծում եմ, գոյություն չունի: Հենց դա է կապում մեր ընկերությունը` մարդ լինելու հանգամանքը, ընկեր և մարդ արժեք գնահատելու հանգամանքը: Իսկ մնացածը` նվիրվածություն, եռանդ, ցանկություն և այլն, ածանցյալներ են: Ընկերությունը ծառայեցվում է համայնքի զարգացման գործին: Նման շատ դրսևորումների ենք ականատես եղել: Մասնավորապես,  2018-ին քաղաքի 60-ամյակի տոնակատարությունները պատշաճորեն նշելու առումով… 

Համայնքում, ինչ խոսք, ցավոտ խնդիրներն էլ առայժմ քիչ չեն: Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, կենտրոնական ճանապարհների հիմնանորոգում և այլն: Քայլ առ քայլ այդ խնդիրներն էլ, անկասկած, կլուծվեն համատեղ ուժերով, սրտացավ ու նվիրված աշխատանքով, և Նոր Հաճնը շատ տոնական օրեր ու հաճելի անանկալներ կպարգևի իր բնակիչներին…

SHARE