Գինին ազնվագույն, աստվածային խմիչք է

0
222

Եվ նրա հետ գործ ունեցողն էլ նույնպիսի որակներով օժտված պիտի լինի

Պարգև

 

Հրաշալի ու ոգևորող օրինակ

Որն ապրեցնող հույս ու լավատեսություն է ներշնչում

Խոստովանենք, որ շատ քիչ է պատահում, գրեթե հազվադեպ է, երբ երկու ընկեր իրենց ողջ կյանքը միասին են անցկացնում` մշտապես միմյանց մոտիկ ու հարազատ մնալով: Ընդ որում,միևնույն մասնագիտությունն ունեն, նույն ոլորտում են աշխատում, համատեղ բիզնես են վարում: Դրա հետ մեկտեղ, հավասարապես ամրապնդում, առավել ջերմացնում են ընկերությունը, մարդկային ու մտերմական հարաբերությունները:

Այդպիսի անհատ ու ընկեր են <<Մրգանուշ>> գինու-կոնյակի գործարանի համահիմնադիրներ Նիկոլայ Վիրաբյանը և Աշոտ Ղամբարյանը: Նրանց օրինակն, առավել ևս մեր օրերում, անչափ գնահատելի ու ոգևորիչ լինելով` նաև հրաշալի հույս, լավատեսություն է ներշնչում, որ որքան էլ մարդկային հասարակությունը գնա դեպի փողն ու նյութական արժեքները, այնուամենայնիվ, հոգևորն ու բարոյականն իրենց դերը, կարևորությունը պահպանում են: Մարդկայինն ու ընկերականը մնում են և մնալով, պահպանվելով` հարատևում…

 

Նիկոլայ Վիրաբյանի ու Աշոտ Ղամբարյանի հետ <<Ընկեր>>-ի զրույցն անկեղծ ու հետաքրքրական էր: Նրանք պատմեցին, թե ինչպես և ինչից են սկսել, ինչպիսի դժվարությունների ու փորձությունների միջով անցել, մի խոսքով` իրենց անցած ճանապարհի և, իհարկե, ընկերության մասին: Նախ, զրուցեցինք գործարանի հիմնադիր տնօրեն Նիկոլայ Վիրաբյանի հետ, ով, մասնավորապես, ասաց.

-Մեր գործարանը հիմնադրվել է 2002 թ.: Դա մեր համատեղ մտահղացումն ու նախաձեռնությունն էր: 1981-ից միասին աշխատել ենք Արևշատի գինու գործարանում: Հավատարմորեն աշխատել ենք միասին, ինչը և բերեց դրան: Գործարանը հին է, հիմնադրվել է 1947 թ.: Եղել է խաղողի մթերման կետ, գինին այստեղից ուղարկել են Արևշատի գործարան, որտեղ թորել են և, որպես կոնյակի հունք (սպիրտ), ուղարկել են Երևանի կոնյակի գործարան` շշալցում կատարելու: Այդ տարիներին ոչ մի առաջնային գործարան շշալցում կատարելու իրավունք չուներ, դա միայն Երևանում էր: 2002-ին այս տարածքն արդեն ազատ էր, գրեթե ոչինչ չէր մնացել, և մենք գնեցինք այն: Երկուսս էլ գինեգործ ենք: Սկզբում հիմնականում կոնյակագործությամբ էինք զբաղվում, ապա սկսեցինք մրգային օղիներ արտադրել, ինչպես նաև խնձորի և գինու քացախ: Վերջինիս համար այսօր Հայաստանում լայն շուկա ունենք: Իսկ կոնյակի և մրգային օղիների հիմնական սպառողը ՌԴ-ն է, Իսրայելը, ինչպես նաև ԱՄՆ-ն: Մեր մրգային օղիներն այստեղ վաճառվում են <<Նոյյան տապան>> խանութում և <<Զվարթնոց>> օդանավակայանի <<դյութի ֆրի>>-ում: Տեղական շուկայում շատ են էժանագին օղիները, ինչը և այստեղ մեր գործունեությանը խոչընդոտող հանգամանք է: Կոնյակագործության մեր առաջնեկը <<Երևանյան գիշերներն>> էր, որը լավ <<ընդունելության>> արժանացավ Ռուսաստանում: Ունենք նաև 3 և 5 տարվա հնության , <<Մրգանուշ>> (3, 5 և 7) տեսակի հայկական կոնյակի տեսակներ, որոնք էլ արտահանում ենք: Մեր մրգային օղիներից մեծ պահանջարկ են վայելում թթի, հոնի, ծիրանի, դեղձի, ապա նաև սալորի, վայրի տանձի, խնձորի տեսակները: Վերջերս սերկևիլի օղու արտադրություն ենք սկսել, շատ ընտիր է: Որոշել ենք նաև խաղողի օղի արտադրել: Օղու արտադրության բոլոր պայմաններն ունենք, անհրաժեշտ սարքավորումներով (թորման) ապահովված ենք: Այսօր ի վիճակի ենք 3000 տոննա խաղող մթերել: Մթերում ենք Արարատի մարզի բոլոր խաղողագործներից: Վճարումը հիմնականում նույն պահին էլ իրականացնում ենք…

Պարոն Վիրաբյանն այնուհետև հավելեց, որ իրենք, թեև` դանդաղ, բայց զարգացման ու առաջընթացի ճանապարհն են որդեգրել: Մտադիր են առաջնահերթ ունեցած հին սարքավորումները փոխել նորերով, արդի տեխնոլոգիաներ կիրառել` ժամանակակից պահանջներին համաքայլ ընթանալու համար: Ինչպես տնտեսության ցանկացած ոլորտ, գինեգործությունը ևս տեղում չի մնում, միշտ պիտի առաջ նայել ու շարժվել: Մրցակցությանը դիմանալու համար շատ կարևոր է որակի խնդիրը, և հաջողության երաշխիքը հենց բարձր որակի մեջ է: Մրցունակ որակի դեպքում շուկայում քո տեղը կունենաս:

Կոնյակագործության առումով, ինչպես նշեց ձեռնարկության ղեկավարը, այսօր արտաքին շուկան որոշակի տարօրինակություններ ունի, և դա առաջին հերթին գնին է վերաբերում: Այնտեղ նախընտրում են կամ շատ թանկ, կամ էլ էժան կոնյակ: Միջին որակի (գնի) կոնյակը դժվար է վաճառվում: Ուստի և ստիպված են իջեցնելու գները, որպեսզի կարողանան այդ շուկայում տեղ ունենալ: Ինչ վերաբերում է ներքին` տեղի շուկային, ապա, ըստ նրա, այն այսօր լճացում է ապրում: Տեղի արտադրողները շատ են, սպառման շուկան` փոքր, սահմանափակ:

-1981 թ. գյուղինստիտուտի գինեգործական բաժինն ավարտելուց հետո,- անդրադառնալով Աշոտ Ղամբարյանի հետ մտերմությանը` շարունակեց Նիկոլայ Վիրաբյանը,- ինձ գործուղեցին Արևշատի գինու գործարան: Այնտեղ էլ հանդիպել եմ Աշոտին: Այնպես ստացվեց, որ 2 տարի աշխատեցի Մրգանուշի գործարանի լաբորատորիայում, ապա գնացի Արևշատ: Աշոտն այդտեղ թորման արտադրամասի վարիչն էր, և նրա մոտ տեխնոլոգ աշխատեցի: Այդպես սկսվեց մեր մտերմությունը, չնայած Աշոտն ինձնից 9 տարով ավագ էր: Մտերմությունը ժամանակի ընթացքում վերածվեց ընկերության, ապա նաև` գործընկերության: Այսօր համատեղ սեփական գործարան ունենք` հավասար մասնաբաժիններով: Մեր գործում ամենակարևորն, անշուշտ, վստահությունն է: Վստահություն, որ գալիս է տարիների հեռվից և կայացման, ամրապնդման լավ ճանապարհ է անցել: Փողի, ֆինանսի խնդիր մեր միջև երբևէ չի քննարկվել, որևէ նման խոսակցություն չի եղել: Ավելի շուտ, ֆինանսական հարցերն այնպես են լուծվել, որ ոչ մի տարաձայնություն չի առաջացել, ոչ մի անհասկանալի կամ վիճելի պահ չի եղել: Չի եղել, քանզի կա ազնվություն, կա վստահություն: Առհասարակ, միայնակ մարդը կյանքում ոչնչի չի հասնի: Հաղթանակի կարելի է հասնել ընկերությամբ: Ընկերասիրությունն իմ մեջ ծնողներիցս է գալիս: Ընկերություն, որ հավատարիմ, անշահախնդիր ու ազնիվ որակումներն ունի: Նաև նրբանկատ պիտի լինես ընկերոջդ հանդեպ, հարգալից և ուշադիր: Հանդուրժող ու մարդկային որակներով օժտված: Այս ամենը գումարվելով` բերում է ընկերության քաղցրության: Մի հանգամանք ևս մատնանշեմ: Գինեգործությունն ինքնին հյուրասիրություն, հյուրընկալություն և բարություն է ենթադրում: Գինին ազնվագույն, աստվածային խմիչք է, և, բնականաբար, մենակ չես վայելի այն: Իսկ վայելելուց առաջ, ինչ խոսք, պիտի տիրապետես գինու ստեղծման նրբություններին, թափանցես նրա գաղտնիքների խորքը: Ես և Աշոտը, թող անհամեստ չհնչի, ոլորտի մասնագետ ու գիտակ ենք: Մեր ամբողջ կյանքը կապված է գինու հետ: Ինքներս էլ, մեր ուժերով, ստեղծում ենք սեփական` <<Մրգանուշ>> բրենդը, մեր արտադրանքով պատիվ ու հեղինակություն ձեռք բերում: Դրան, իհարկե, մեծապես նպաստում է ընկերության հանգամանքը: Եթե ընկերությունը ճիշտ է ձևավորված, ամուր հենք ունի, ապա ամբողջ կյանքի համար է: Եթե ընկերություն, ապա հաղթանակ: Մեզ կապում է թե՛ մեր սիրած մասնագիտությունը և թե՛ ազնվության, նվիրվածության ու վստահության հենքի վրա ստեղծված ընկերությունը, որն ամեն փորձությունների միջով անցել է: Չկա ձևականություն, ամեն ինչ պարզ, հասարակ ու շիտակ է: Մենք մեր բնավորություններով լրացնում ենք միմյանց, և այդպիսով մի ամբողջություն, լավ արդյունք է ստացվում:

Զրուցելու հերթն, ի վերջո, նաև Աշոտ Ղամբարյանին հասավ, ով նշեց.

-Ծնողներս գինեգործներ են: Հայրս 25 տարի Հայաստանի տարբեր գինեգործարաններ է ղեկավարել, ՀՀ վաստակավոր գինեգործ է: Մայրս ոլորտի ինժեներ-տեխնոլոգ է: Քույրս նույնպես գինեգործ է: Ես, կարելի է ասել, այդ ավանդույթները շարունակողն եմ: Ավանդույթներ, որոնց հիմքում նաև ընկերությունն է: Ընկերությունը, իմ խորին համոզմամբ, պիտի սիրես, փայփայես ու պաշտպանես: Չեղավ այդ ընկերությունը, չես էլ կարող աշխատել: Եթե ընկերութան մեջ փող ես կիսում, ընկերության հետ աշխատում ու ճանապարհ գնում, ուրեմն ամեն ինչ լավ է, ուրեմն այդ ընկերությունը հավերժ կշարունակվի: Առավել լավ է, երբ դրա արդյունքից մարդիկ են օգտվում, օգտվում է ժողովուրդը: Մեր աշխատանքով թև ու թիկունք ենք մեր ժողովրդին և ճիշտ, գործընկերային հարաբերությունների հաստատման կողմնակից ու ջատագով ենք: Գյուղացուց մթերվող խաղողի գումարն անմիջապես վճարում ենք` առանց որևէ ձգձգումների և ավելորդ սպասումների: Այնպիսի արտադրանք ենք տալիս, որից սպառողը գոհանա և միշտ լավ խոսքերով, գովասանքով հիշի մեր մասին: Արտադրողի մեր հեղինակությունն ու արժանապատվությունը մշտապես բարձր ենք պահում: Լավ, որակյալ խմիչք արտադրելով, ինքներս էլ հարթում ենք շուկայում մեր ճանապարհը, ինքներս գտնում մեր սպառողին: Վստահ ենք ու լավատես, որ վիճակը գնալով կլավանա, որ արտադրողի համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն…

Գինեգործները, իսկապես, լավ ընկերներ են, հյուրասեր ու հյուրընկալ մարդիկ` վստահեցնում է Աշոտ Ղամբարյանը. <<Ապացույցներից մեկը թող մեր ընկերությունը լինի: Ամեն ինչ է ընկերովի լավ, իսկ միասին աշխատելն ու ստեղծելն առավել գերագույն հաճույք ու բավականություն են: Այո՛, ընկերությունը խթանում է աշխատանքին, և, առհասարակ, որքան լավ բան կա կյանքում, ընկերությունն իր մեջ կրում է: Ընկերությունն արարում է, բարձր ու պատվաբեր կոչում…>>: 

SHARE