Գյուղատնտեսության զարգացումը հույժ կարևոր է

0
554

Առաջնահերթ

Երկրի առաջընթացի և մարդկանց կենսամակարդակի բարելավման տեսանկյունից

Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքը 2018 թվականից միավորում է նաև Արտենի, Լուսակն և Գետափ բնակավայրերը: Կենտրոնն Արագածավանն է: Ընդհանուր բնակչության թիվը մոտ 11 հազար է, որից 7200-ը միայն Արագածավանի բնակչությունն է: 

-Արագածավան համայնքը ղեկավարում եմ 2002 թվականից,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Պապիկյանը:- Նախորդ տարի ևս վերընտրվեցի, այս անգամ արդեն` խոշորացված համայնքի ղեկավար, ինչը, կարելի է ասել, իմ տարիների աշխատանքի ուղղակի խոսուն վկայությունն է: Որևէ խնդիր չեմ ունեցել ժողովրդիս հետ. ես նրա կողքին եմ եղել միշտ, նա էլ իր հերթին ինձ սատարել ու վստահել է: Թեև բարդ ու պատասխանատու աշխատանք է, բայց գյուղացու դարդ ու ցավը մեղմելու միակ վայրը, թերևս, էլի համայնքապետարանն է մնացել: Նկատի ունեմ, մասնավորապես, այն, որ նախկին 5 գործարանն այսօր գրեթե չեն գործում, գյուղացին մենակ ու մոլոր վիճակում է, և այս պայմաններում բոլոր ճանապարհները նրան մեր դուռն են բերում: Դրանից, բնականաբար, ես չեմ նեղվում կամ դժգոհելու առիթ չեմ տեսնում, մանավանդ, որ մենք գիտակցաբար ստանձնել ենք այդ ծանր բեռը, ինչը և պարտավոր ենք պատվով տանել: Մեր հնարավորությունների, օրենքի շրջանակներում ձեռք ենք մեկնում բնակչին, օգնում ու աջակցում, անում անգամ անհնարինը, և, կարծում ենք, գյուղացին ըմբռնումով ու գիտակցաբար է մոտենում մեր բոլոր քայլերին ու ձեռնարկումներին: Համայնքը մեծ է, խնդիրները` շատ: Բավական է նշել, որ ամեն տարի 2 զինակոչի ընթացքում 70-80 նորակոչիկ ենք ճանապարհում ծառայության, այսինքն, բանակում մշտապես մոտ 300 զինվոր ունենք: Դա, անշուշտ, նաև հպարտության արժանի փաստ է, քանի որ խոսքը հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության մասին է: Մենք էլ մեր հերթին գործով ապացուցել ենք դա, մեր արժանի մասնակցությունն ունեցել մեր երկրի սահմանների ամրապնդման գործում: Մյուս կարևոր խնդիրը, ըստ իս, երկրի սոցիալ-տնտեսական բարվոք վիճակի ապահովումն է: Անկախ ամեն ինչից, ես հավատում եմ, որ մենք հզոր երկիր ենք: Ի դեպ, Ախուրյան գետի ափին, Թուրքիայի հետ սահմանամերձ գոտում, 6-րդ դարի եկեղեցի ունենք, բայց, ցավոք, ազատ ելումուտ չունենք այնտեղ: Շատ ցանկալի է այն դարձնել զբոսաշրջային վայր, ինչի համար քանիցս դիմել ենք պատկան մարմիններին: Նախընտրական խոստմանս համաձայն, մեզ միավորված բնակավայրերն ապահովել ենք արտաքին լուսավորությամբ: Ամենաքիչ լուսավորություն անցկացվել է Արագածավանում, քանի որ տվյալ գյուղերի բնակչությանն այն ժամանակ ասել եմ, որ դուք գալիս եք մեծ եղբոր տուն, ուստի հաստատ այստեղից տանելու բան ունեք, իսկ բերելու` ոչ…

Պարոն Պապիկյանն այնուհետև նշեց, որ իրենց ժողովուրդն աշխատասեր է, զբաղմունքը մնացել է հողագործությունը, անասնապահությունը: Խորհրդային ժամանակաշրջանում մարդկանց զբաղվածությունն ավելի շատ արդյունաբերական ձեռնարկություններում էր: Հազարավոր մարդիկ էին աշխատում: Կերարտադրության սովխոզ կար, ոսկրալյուրի գործարան ունեին, որը հանրապետությունում միակն էր: Երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան կար, որ հիմա իր հզորությունների 10 տոկոսի չափով էլ չի աշխատում: Պեռլիտի գործարանն էլի փոքր հզորությամբ է այսօր գործում: Համայնքապետի խոսքով, ամերիկացիներն են տնօրինում այն, ինչ-որ արտադրանք են թողարկում և արտահանում Ռուսաստան` փոշին ու մնացորդը թողնելով գյուղին: Գինու գործարանը, որտեղ մթերվում և վերամշակվում էր 1000 հեկտար պտղատու այգիների բերքը, հիմնովին քանդված է:

Արագածավանը քաղաքային բնակավայրի կյանքով է ապրել, այսինքն, գյուղատնտեսությամբ չի զբաղվել: Ահա թե ինչու ԽՍՀՄ փլուզումից հետո բնակչության որոշ մասը հրաժարվել է հող ստանալուց, մի մասն էլ այսօր բացակայում է, այնպես որ, համայնքապետի տեղեկացմամբ, հողի հարկերից նախատեսված գումարը հավաքվում է մինուս 40 տոկոսով: Բնակչության որոշ մասն անվճարունակ է, համայնքապետարանը հնարավորինս օգնում է, խուսափում տույժ-տուգանքներ կիրառելուց: Հատկապես բանակում զինծառայող ունեցող ընտանիքներին են օգնում: Հողագործությամբ զբաղվելն էլ ցանկալի եկամուտ չի ապահովում, ոռոգման ջրի գինն է բարձր, ինչի առթիվ բազմիցս դիմել են կառավարություն:

Անդրանիկ Պապիկյանի խոսքով, ոռոգման ջուրը պետք է մատչելի լինի գյուղացուն, որպեսզի կարողանա հողը մշակել և եկամուտ ստանալ: Եթե գյուղացին ոտքի կանգնի, ապա երկիրն էլ նրա հետ զարգացում ու առաջընթաց կունենա: Գյուղատնտեսության ոլորտն, առհասարակ, մեր երկրի համար կենսական նշանակություն ունի, ուստի կառավարության մոտեցումն այս խնդրին պետք է առանձնահատուկ լինի. <<Ծրագրերի օգնությամբ, այստեղ-այնտեղից գումարներ հայթայթելով, տեղական բյուջեից որոշակի ներդրումներով կարողացանք մոտ 1000 հեկտար հող ոռոգելի դարձնել: Գազաֆիկացում կատարեցինք: Խմելու ջրամատակարարման ողջ համակարգը փոխեցինք, ինչի համար շնորհակալ ենք նախկին կառավարությանը` մոտ 1 մլրդ դրամ գումար հատկացնելու համար: Նշեմ, որ մեր փողոցների ընդհանուր երկարությունը 47 կմ է: Այս տարածությամբ գազ և ջուր անցկացնելը, հավատացեք, բնավ էլ հեշտ ու հանգիստ գործ չէ: 12-ժամյա ջրամատակարարում ունենք, 2 պոմպ է աշխատում: Փորձում ենք <<Վեոլիա ջրի>> հետ համաձայնության գալ` համակարգը նրա շահագործմանը հանձնելու նպատակով: Փողոցները մեր հնարավորության սահմաններում բարեկարգում, հարթեցնում ենք: Դաշտամիջյան ճանապարհները` նույնպես: Նոր գերեզմանատուն ենք հիմնել, ցանկապատել: Համայնքի առօրյա հոգսերը մեր բյուջեի հնարավորությունների սահմաններում կարողանում ենք հոգալ: Ներկայումս կառավարության համաֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում, ինչը շատ գովելի է: Նախատեսում ենք 1 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում, որի միջոցների 50 տոկոսը (ընդհանուր ծախսը` 100 մլն դրամ) կտրամադրի պետությունը: Գյուղի երկու մուտքերից մեկն ասֆալտապատված է, լուսավորված: Հիմա ուզում ենք երկրորդ մուտքը ևս բարեկարգել: Մանկապարտեզը, աշխատակազմի ջանքերի շնորհիվ, շատ խնամված վիճակում է, հրաշալի պայմաններ ունի: Մեր երեխաները լավագույն մանկավարժ-դաստիարակների հոգածության ներքո են: Մանկապրտեզը 70 սան ունի, իսկ նախակրթարանը 5 խումբ ունի` 200 երեխայով: Երկհարկանի շենքը վերանորոգվել է բարերարների հատկացրած գումարով, ինչպես նաև կոլեկտիվի ու ծնողների ուժերով…>>:

Անդրադառնալով համայնքների խոշորացման խնդրին առնչվող մեր հարցադրմանը, պարոն Պապիկյանն անկեղծորեն նշեց, որ գյուղացիները շարունակում են դժգոհել տվյալ գործընթացից և համարում են, որ դա պետք չէր. <<Թեև միավորված գյուղերը շատ արագ զարգացել են, ասենք, օրինակ, իրենց միջոցներով չէին կարողանա պոմպ փոխել, բայց, այնուամենայնիվ, մարդիկ էլի թերահավատ են: Ոչ մի նոր դոտացիա, դրամական ավելի միջոց խոշորացումից հետո պետությունից չենք ստանում: Որպեսզի ավելի դյուրին լինի խոշորացված համայնքի կառավարումը, խնդրել եմ Արտենիի նախկին համայնքապետ Գեղամ Խլղաթյանին ինձ տեղակալ աշխատել և միասին տանել այդ բեռը: Միայնակ դժվար կլիներ, միասին պիտի աշխատենք, առավել ևս, որ կարող ենք նաև ընկերական ներուժն առավելագույնս օգտագործել: Ինքս ընկերասեր եմ և ընկեր բառն ինձ շատ հոգեհարազատ է: Կյանքիս փորձից եմ դա ասում: Աշխատել եմ դժվարին ու ծանր պայմաններում, զգացել եմ ընկերոջ կարևորությունը, քաղցրությունը: Ինձ համար կյանքի դժվարությունները հաղթահարած ընկերությունն ամենաամրակուռն ու ամենալավն է: Այդ ընկերության ուժը խորությամբ զգացել եմ նաև մեր ժողովրդի համար ճակատագրական` ապրիլյան պատերազմի օրերին: Իմ ընկերներն ունեն մարդկային այն որակները, որ կարողանան հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն և պատվով ու վեհությամբ դուրս գալ անգամ ամենածանր փորձությունից: Կրկին հիշեմ Գեղամին, ով այն մարդն է, այն ընկերը, ում վրա կարելի է վստահաբար հենվել: Նա մարդկային բարձր որակների տեր է, արժանապատիվ մարդ ու ընկեր: Ես ընկեր եմ նաև իմ համայնքի բնակիչներին: Ընկերության մեջ գնահատում եմ նախ հավատարմությունը: Ընկերը պիտի հուսալի լինի: Ընկերը պիտի դիմացինի տվածը կարողանա արժանավայել վերադարձնել: Ընկերությունն, ի վերջո, բարձր պատասխանատվություն է…

Վարդուհի Խաչատրյան (համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար).- Անդրանիկ Պապիկյանը շատ բարի անձնավորություն է, լավ ղեկավար, լավ ընկեր: Կազմակերպչական մեծ ջիղ ունի, անսահման նվիրում: Նրանից ընդօրինակածը ներդնում ենք մեր ամենօրյա աշխատանքում և բարձր արդյունք ապահովում: Մեզ մոտ ամեն ինչ կանոնակարգված է, տեղը տեղին, աշխատանքները ճիշտ, հստակ կազմակերպված: Կարողանում ենք նրա գլխավորությամբ հաղթահարել բոլոր դժվարությունները և հաջողությունների հասնել… 

Գեղամ Խլղաթյան (համայնքապետի տեղակալ).- Չի կարելի միանշանակ ասել, թե համայնքների խոշորացման ծրագիրը ճիշտ կամ սխալ քայլ էր: Ունի իր թե° դրական, թե° բացասական կողմերը: Այս առումով ես սիրում եմ կրկնել իմ այն խոսքը, որ խոշորացումը մարդկային գործոնից է կախված: Եթե մարդիկ բարեխիղճ իրենց աշխատանքն են անում, բնակիչը չի զգա դրա դժվարությունները: Ներկայումս բոլոր հնարավորություններն ստեղծված են, և, ըստ էության, բնակչի համար ավելորդ դժվարություններ չկան: Շատ կարևոր է համայնքապետի դերը: Անդրանիկ Պապիկյանը 2002-ից անընդմեջ վերընտրվում է, և դրանով ամեն ինչ ասված է: Ե°վ լավ ղեկավար է, և° լավ մարդ: Ինձ համար նաև` լավ ընկեր: Իմ կարծիքով, բոլոր հարաբերություններում ամենակարևորը մարդկային ազնվությունն է, և այդ առումով Պապիկյանը շահեկան դիրքերում է` լիովին դրա կրողն ու անձնավորողը լինելով: Իր գործի նվիրյալն է, մարդասեր, բնակչի հոգսը կիսող, դիմացինին հասնող: Շատ գործեր են արվել և այսօր էլ արվում են, իսկ առաջիկայում, հավատացած եմ, ավելին կարվի: Ցանկալի է, որ մեր պետությունն ավելի մեծ ուշադրություն հատկացնի գյուղական համայնքներին:

-Որքան իմ ուժերը, իմ ամբողջ էներգիան, ժամանակը,- վերջում հավելեց պարոն Պապիկյանը,- ինչպես նաև իմ, գյուղապետարանի ֆինանսական միջոցները բավարարել են, այնքան նվիրվել եմ իմ ժողովրդին, նրա կյանքի բարելավմանն ու համայնքի առաջընթացին: Անձնական կյանքումս, նյութական առումով, ոչինչ նշանակալի չեմ ավելացրել, բայց դրա փոխարեն շատ բան եմ տվել համայնքին, իմ բնակիչներին: Մեծ հոգս կա իմ ուսերին, բայց քանի որ ժողովուրդն ինձ շարունակում է վստահել ու գնահատել, ուստի առավել պարտավորված եմ զգում ինձ, պատրաստակամ եմ էլ ավելին անելու` ի շահ Արագածավան համայնքի և նրա բնակչության…

SHARE