Գյուղացին աշխատանք կգտնի

0
9

Միայն թե ցանկություն ունենա և նվիրվի հայրենի հողի շենացմանը

Գյուղ

-Իմ ղեկավարման կարճ ժամանակահատվածում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց Արարատի մարզի Դալար համայնքի ղեկավար Գոռ Պետրոսյանը,- առաջնահերթ գյուղի մի փողոցի գիշերային լուսավորությունն ենք անցկացրել` մոտ 1200 մ: Իրականացրել ենք փողոցների խճապատման աշխատանքներ: Այս աշխատանքներն արվել են համայնքապետարանի միջոցներով: Խոսեմ իրականացվելիք ծրագրերի մասին: Այս տարի ֆուտբոլի դաշտը պետք է բարեկարգենք: Երեխաների համար խաղահրապարակ ենք կառուցելու` կամ մանկապարտեզի բակում, կամ համայնքապետարանի հարակից տարածքում: Մանկապարտեզ ունենք, գործում է երկու խումբ` 50 երեխայով: Ձմռանը չի գործում, քանի որ ջեռուցում չունի` չնայած բնական գազի առկայությանը: Խնդիրը ֆինանսի սղությունն է: Ուզում ենք արևային տաքացուցիչներ տեղադրել և այդ կերպ լուծել խնդիրը: Մշակույթի տունն իր նպատակին չի ծառայում. շենքը նախկին համայնքապետերից մեկը պայմանագրային հիմունքներով 99 տարով վարձակալության է հանձնել գորգերի արտադրությամբ զբաղվող մի ձեռնարկության: Տվյալ խնդրով դիմել եմ շատերի, որպեսզի վերականգնվի մշակույթի տան գործառույթը, այն իր բուն նպատակին ծառայի, սակայն մեզ գոհացնող պատասխաններ չեմ ստացել: Մնում է նորն ունենալու մասին մտածել, ինչը մեր ուժերից վեր է…

Գոռ Պետրոսյանն անկեղծորեն խոստովանեց, որ մինչև այս պաշտոնում ընտրվելը չէր կարող պատկերացնել համայնքապետի աշխատանքի դժվարությունն ու ծանրությունը: Նրա խոսքերով, ջուրը, լույսը կտրվում է, գալիս են այստեղ, այսինքն` ցանկացած խնդրի լուծում տեսնում են համայնքապետարանում: Անգամ այնպիսի հարցով են դիմում, որը որևէ առնչություն չունի իրենց հետ: Այդուհանդերձ, ինչպես նշեց պարոն Պետրոսյանը, համայնքը մի մեծ ընտանիք է, և անկախ ամեն ինչից` պետք է ջանաս յուրաքանչյուրի խնդրին լուծում տալ կամ գոնե եզրեր փնտրել դրա լուծման համար: Ուզես թե չուզես` պիտի դիմես ամեն քայլի, որպեսզի բնակիչդ քեզանից գոհ մնա և զգա, որ տեղական իշխանությունն իր թիկունքին կանգնած է:

Այս առումով ընկերների դերակատարումն, ինչ խոսք, մեծ ու անգնահատելի է: Շատ խնդիրներ հենց ընկերների օգնությամբ ու միջամտությամբ էլ լուծվում են: Գոռ Պետրոսյանի համոզմամբ, առանց ընկեր մարդը ոչ մեկի պետք չէ. <<Ես մեծաթիվ ընկերներ ունեմ: Ինքս ընկերասեր եմ, այդպես են ծնողներս դաստիարակել ինձ: Պաշտոնի բերումով գրեթե բոլոր համայնքապետերի հետ էլ ընկերություն եմ անում: Ընկերության մեջ գնահատում եմ մաքրությունը, մեկ էլ` թասիբը: Մարդու կյանքում ընտանիքից հետո երկրորդն ընկերությունն է: Առանց ընկերոջ կյանքս չեմ պատկերացնում, առանց ընկեր մարդը մարդ չէ: Ընկեր եմ համայնքի յուրաքանչյուր բնակչի համար…>>:

Դալարի բնակիչները հիմնականում զբաղվում են ծիրանի ու դեղձի մշակությամբ: Իրացման խնդիրը, կարելի է ասել, լուծված է: <<Սպայկա>> ընկերությունը մթերում է բերքը, նաև առանձին մարդիկ են այդ գործով զբաղվում: Ծիրանը մթերում է գյուղում գործող <<Արեգա>> գինու գործարանը: Հողագործությունը, ավելի շուտ` այգեգործությունը զարգացման միտումներ է ցույց տալիս, սկսել են ավելի շատ հող մշակել, նոր այգիներ են հիմնվում: Մարդիկ որոշակիորեն զբաղված են աշխատանքով, բիզնես են վարում, արտագնա աշխատանքի մեկնում: Դալարում գործում են նաև այլ արտադրություններ` պանրի, չրի, ծխախոտի չորանոց կա: Մի խոսքով, համայնքապետի համոզմամբ, ցանկության դեպքում գյուղացին աշխատանք կունենա:

Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, ապահովված է խմելու ջրով: Միայն մի փողոց կա, որտեղ հաճախակի վթարներ են լինում` խողովակների հնամաշության պատճառով: Դա էլ բնակիչների պահանջով չի փոխվել, որ չեն ցանկացել իրենց փողոցի ասֆալտը քանդեն և նոր խողովակներ անցկացնեն: Ոռոգման ջրով ևս Դալարում ապահովված են: Համայնքապետը նշեց, որ դրսում ապրող դալարցիները օգնում են, որպեսզի կառուցվի եկեղեցու տանիքը: Այս տարի կավարտեն դա:

Ի դեպ, համայնքապետարանում հանդիպեցինք Արարատի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գեղամ Մուրադյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է Դալարի համայնքապետի գործունեության վերաբերյալ:

-Համայնքի նորընտիր ղեկավար է, երիտասարդ,- ասաց պարոն Մուրադյանը:- Բավականին կարճ ժամանակահատվածում իրեն լավ կողմերով է դրսևորել: Ծանոթ լինելով նրա աշխատանքին և գործնական հարաբերություններում հաճախակի առնչվելով, կարող եմ ասել, որ տիրապետում է գործին, քաջատեղյակ է, բանիմաց ու պատրաստված: Պարտաճանաչ է, բարեխիղճ, համայնքի հոգսերով ու խնդիրներով մտահոգ: Հաճախակի է մեզ դիմում համայնքին հուզող խնդիրներով, հետևողական է, որ իր կողմից բարձրացված հարցերը ժամանակին գտնեն իրենց լուծումները: Մի խոսքով, աշխատում է, ջանում է համայնքի ու նրա բնակիչների համար լավ գործեր անել: Շնորհալի երիտասարդ ղեկավար է: Ասեմ ավելին. լավ ճանաչել եմ նրա լուսահոգի հայրիկին` Տիգրանին, որ նախկինում համայնքի ղեկավար է աշխատել: Որքան Գոռի մասին ասացի, կրկնապատիկ նրա հոր մասին կարող եմ ասել: Շատ պայծառ անձնավորություն էր: Գոռը, երեխաների անվտանգության խնդրով մտահոգ` դպրոցամերձ տարածքում ճանապարհային անցում տեղադրելու հարցով դիմել էր մեզ, ահազանգել, ինչի համար ուրախ ենք, որ համայնքապետը հետևողական ու շահագրգիռ է այդ հարցում: Մենք, բնականաբար, ինչով հնարավոր էր` օգնեցինք…

SHARE