Գյուղացու վիճակը բարելավվել է

0
799

Բնակավայր

Բայց դեռևս լուծման կարոտ բազմապիսի խնդիրներ կան

-2008 թվականից եմ ղեկավարում Հացիկ համայնքը,- <<Ընկեր>>-ին ասաց Արթուր Եղիազարյանը:- Նախ նշեմ, որ գյուղն <<ընդունել>> եմ շատ վատ վիճակում. ժողովուրդը` հոգեպես ընկճված, հուսահատ դրության մեջ, գյուղից արտագաղթողների թիվը հասել էր 500-ի և այլն: Ջանացել եմ առաջին հերթին մարդկանց հավատը, հույսը վերականգնել, ինչը, պիտի ասեմ, ինձ հաջողվել է: Լուծել ենք համայնքի բոլոր գլոբալ խնդիրները. մշակույթի տուն, խմելու ջուր և այլն: ՔՈԱՖ-ի օգնությամբ երկու դպրոցի մասնաշենքերն ենք ամբողջովին վերանորոգել: Գազաֆիկացվել է ևս մեկ փողոց, և դրանով ամբողջությամբ լուծվել է տվյալ խնդիրը: Բազմաբնակարան 6 շենքից 5-ի տանիքներն ենք փոխել: Անցկացված արտաքին լուսավորության ցանցում որոշակի աշխատանք ունենք անելու, որպեսզի էներգախնայողության ռեժիմ իրականացվի: <<Մաքուր Հայաստան>> ծրագիրն ենք աստիճանաբար կյանքի կոչում: Այս տարիներին մշակովի հողատարածքներն են ավելացել: 2008-ից սկսած մոտ 250 հեկտար այգիներ են հիմնվել, դեռևս 200 հեկտար էլ ունենք, որ պիտի լիարժեք իրենց նպատակին ծառայեցվեն: Շեշտակի ավելացել են գյուղմթերքի արտադրության ծավալները:  Բարձրացել է մարդկանց կենսամակարդակը, էլ ավելի բարելավվել սոցիալ-տնտեսական վիճակը…

Պարոն Եղիազարյանի խոսքով, իրենց մտահոգող հիմնական հարցը մանկապարտեզն է: 2000 թ. դպրոցի շենքում բնակվող փախստական 7 ընտանիք տեղափոխվել է մանկապարտեզի շենք և այստեղ էլ բնակվում է: Դիմել են պատկան մարմինների` այդ ընտանիքների խնդիրը լուծելու և, մասնավորապես, նրանց բնակարանների գնման վկայականներ տալու առաջարկով, բայց առայժմ ոչ մի գործնական քայլ չի արվել այդ ուղղությամբ: Փորձել են դպրոցի շենքից որոշակի հատված առանձնացնել մանկապարտեզի համար, բայց դարձյալ` ապարդյուն: Հույս ունեն, որ մեր երկրում ստեղծված նոր իրավիճակից հետո կկարողանան մանկապարտեզի խնդրի լուծման ուղիներ գտնել:

Հաջորդ ցավոտ խնդիրը, ինչպես շարունակեց համայնքապետը, վերաբերում է ճանապարհների ասֆալտապատմանը: Խնդիր, որը շատ բնորոշ է մեր երկրի գրեթե բոլոր բնակավայրերին: Հողային ճանապարհները համայնքի հնարավորության սահմաններում խճապատվում են, բայց ասֆալտապատ ճանապարհի դեպքում ճիշտն ասֆալտապատում անելն է: Իսկ նման ծավալի, ավելի շուտ` խիստ ծախսատար աշխատանք անելու հնարավորություն համայնքի բյուջեն բնավ թույլ չի տալիս: Բյուջետային միջոցներով, ինչ խոսք, առաջնահերթության կարգով մասնակից են դառնում որոշակի շինաշխատանքների, մասնավորապես` մշակույթի տանը, ոռոգման համակարգում և այլ ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերին: Դա էլ, ինչպես դժվար չէ հասկանալ, սահմանափակ է:

Առանձնահատուկ տեղ է տրվում տոնական հանդիսությունների, միջոցառումների անցկացմանը: Մարտի 8-ին մոտ 170 թոշակառուի նվերներ են բաժանում: Դպրոցականներին հիշարժան իրադարձությունների առիթով հաճելի անակնկալներ են մատուցում: Տարեկան 25-30 ուսանողի ուսման վարձ են փոխանցում` 100 հազարական դրամի չափով: Առհասարակ, ցանկացած հարց, որ կարող է մտահոգել համայնքի բնակչին, Արթուր Եղիազարյանի ուշադրության կենտրոնում է, նրա հոգածությունից չի վրիպում: Կանգնած է իր գյուղացու կողքին և ջանում է առաջացած խնդիրներին բավարար լուծում տալ: Եթե բնակիչն ինչ-որ հարցով դիմեց համայնքապետարան, ապա անպայման պատասխան կստանա, բավարարված ու գոհ կհեռանա: 

Ինչպես խոստովանեց պարոն Եղիազարյանը, իրենց բյուջեի սահմանափակ, սուղ լինելը գալիս է նաև այն բանից, որ խմելու ջուրն սպասարկում է համայնքը, այլ ոչ թե <<Վեոլիա ջուրը>>: 2 խորքային հորի համար, որպես ծախսած էլեկտրաէներգիայի վարձ, տարեկան 9-10 մլն դրամ են փոխանցում և մինչև 2 մլն դրամ էլ` որպես աշխատավարձ: Դրան գումարած` վթարների համար նախատեսված 2 մլն դրամ ծախսը: Փաստորեն, համայնքի 55 մլն-անոց բյուջեից միայն 12 մլն-ը ծախսվում է խմելու ջրի սպասարկման վրա: Համայնքապետը պատրաստվում է դիմել իշխանության իրավասու կառույցներին, որպեսզի այդ հոգսը իրենց ուսերից վերցվի և հանձնվի <<Վեոլիա ջրին>>: Այս դեպքում տնտեսված գումարով ի վիճակի կլինեն լուծելու համայնքի համար կենսական նշանակության որևէ կարևոր խնդիր:

Համայնքի ղեկավարի խոսքով, բնակիչը դեռևս թերանում է հարկային պարտավորությունների կատարման հարցում: Բացատրական աշխատանք են տանում, հետևողական քայլեր իրականացնում, ինչի արդյունքում կարողանում են գոնե 80 տոկոս ապահովել: Լիարժեք` 100 տոկոս արդյունքի դեպքում կատարվող աշխատանքների ծավալն էլ համեմատաբար կմեծանա, արդյունքն առավել տեսանելի կլինի:

Հացիկում ոռոգման ջրի գրեթե 90 տոկոսը մատակարարվում է ինքնահոս, մնացած 10 տոկոսն է միայն խորքային հորերից: Այստեղ էլ աշխատանք ունեն անելու: Համայնքի 6 մլն դրամ համաֆինանսավորմամբ 3 կմ ջրագիծ է անցկացվել: Ընթացիկ տարում էլ 3 կմ պետք է կառուցվի. 100 մլն դրամի ծրագիր է, որից 10 մլն դրամ համայնքը պետք է ներդնի: Մշակույթի տանն այս տարի մոտ 15 մլն դրամի վերանորոգման աշխատանք կկատարվի. 10 մլն-ը համայնքի բյուջեից է, մնացածը` պետական միջոցներից: Դրանով մշակույթի տան նորոգման աշխատանքները կավարտվեն:

Հարկ է ընդգծել, որ կատարած նշանակալի աշխատանքի, սրտացավության ու նվիրվածության շնորհիվ Արթուր Եղիազարյանն արժանի համբավ ու հեղինակություն է վայելում: Պատահական չէ, որ պաշտոնավարման տարիների իր ամենամեծ ձեռքբերումը նա համարում է գյուղացու հարգանքն ու վստահությունը, հատկապես` մարդկանց հույսի ու հավատի վերականգնումը: Ընկեր է բոլորի համար, առաջին պլանում մարդկային որակներն են, մարդկային վերաբերմունքն ու մոտեցումը: Ընկերությունը, ըստ նրա, սեր ու բարություն է, դիմացինին հասնելու, ձեռք մեկնելու հրաշալի հատկանիշ:

Համայնքի ավագանու անդամ Պերճ Մարտիրոսյանն իր խոսքում հետևյալն ասաց. <<Արթուր Եղիազարյանը շատ լավ գյուղապետ է, ինչպես ասում են` ժողովրդի ծոցից ելած, հասկացող ու մարդկայինը մեծապես գնահատող: Մարդկանց անշահախնդիր ձեռք է մեկնում, ամեն հարցով օգնում: Շատ լավ մարդ է, լավ ընկեր: Գյուղում մեծ ծավալի աշխատանք կատարվել և այսօր էլ կատարվում է: Արդյունքը բոլորիս աչքի առաջ է: Մեր աշխատանքը բաց է ու թափանցիկ: Ամեն ինչ արվում է` հանուն գյուղի զարգացման, մարդկանց վիճակի առավել բարելավման: Հավելեմ, որ մշակույթի տան դիմաց մանկական խաղահրապարակ է կառուցվում, կարուսելներ են տեղադրվում, մարդկանց ժամանցի ու հանգստի համար պայմաններ են ստեղծվում>>…

SHARE