Գյուղը` քաղաքային զարգացման ճանապարհով

0
930

Վստահություն

Հնարավոր ամեն ինչ արվում է բնակչի բարօրության համար

Աբովյան գյուղական համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 2012 թվականից:

-Աշխատածս տարիներին,- նշեց նա,- համայնքը բռնել է առաջընթացի ու զարգացման ուղին: Գյուղն արտաքին լուսավորությամբ է ապահովված: Վերանորոգվել է համայնքապետարանի շենքը, ապահովվել նոր գույքով: Մշակույթի տունը ևս նորոգվել է, նոր գույք ենք ձեռք բերել: Այստեղ պարի խումբ ունենք, շախմատի խաղասենյակ, թենիսի երկու դաշտ և այլ հնարավորություններ: Շենքի բակում շատ գեղեցիկ խաղահրապարակ ենք կառուցել: Ե°վ սա, և° լուսավորությունը նախորդ տարի են իրականացվել` սուբվենցիոն ծրագրերով: Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվել, որը կծառայի բասկետբոլի, վոլեյբոլի և մեծ թենիսի համար: Ունենք արևային էլեկտրաէներգիա` 20 կիլովատ, որն օգտագործվում է գյուղապետարանի շենքի և արտաքին լուսավորության համար: Գյուղը համայնքի բյուջեից, 20-30 մլն դրամի սահմաններում, գազաֆիկացվել է: Խմելու ջրի բոլորովին նոր ներքին ցանց է անցկացվել: 24-ժամյա ջրամատակարարում ունենք` Գառնիի ջրով: Ընթացիկ տարում 40 մլն դրամի չափով (այդ գումարի 10 տոկոսը համայնքի ներդրումը կլինի) ոռոգման ջրատար է կառուցվելու: Նաև գիշերային լուսավորություն պետք է անցկացնենք երկրորդական փողոցներում (2,5 կմ): 2013-ին համայնքի և ԾԻԳ-ի համատեղ ներդրումով նախակրթարան է կառուցվել: 1 կմ 800 մ ճանապարհ ենք ասֆալտապատել: Ունենք շատ շքեղ մանկապարտեզ` մոտ 100 երեխայի համար, որը շահագործման հանձնվեց 2019-ին: Այն իրականացավ սոցներդրումների հիմնադրամի և համայնքի (7 տոկոս) ներդրմամբ, գույքի ձեռք բերման գործում մեր բաժին ներդրումը 50 տոկոս էր, օգնեցին գյուղի առանձին բարերարներ ևս: Գյուղի գերեզմանատան ճանապարհը, ցանկապատն ենք վերանորոգել, այնտեղ խմելու ջուր, լուսավորություն է անցկացվել, հանգստի քար տեղադրվել: Ասֆալտը փոշուց, կեղտից մաքրող տեխնիկա ենք ձեռք բերել: Բացի շինարարական աշխատանքներից, մեծ ուշադրություն է դարձվում նաև գյուղի կուլտուր-մշակութային կյանքին: Բոլոր տոներն առանց բացառության նշվում են: Առաջիկա ծրագրերից նշեմ հետևյալը` նախատեսել ենք ֆուտբոլի դաշտի նորոգումը, մինի ֆուտբոլի դաշտի կառուցումը: Կարևորագույն խնդիր են դպրոցի ջեռուցման ապահովումը, մարզադահլիճ ունենալը: Այդ նպատակով բանակցությունների մեջ ենք տարբեր կազմակերպություների ու դեսպանատների հետ: Ինչպես մեր բնակիչներն են ասում, Աբովյանն արդեն գյուղ չէ, քաղաքատիպ ավան է դարձել` իր գեղեցիկ ու բարեկարգ ենթակառուցվածքներով, հարմարավետ պայմաններով: Ես էլ իմ հերթին եմ շնորհակալ մեր բնակիչներից, որ գնահատում են կատարված աշխատանքը: Գտնում եմ, որ եթե քեզ վստահել են համայնքի ղեկավարումը, ապա պարտավոր ես ամեն գնով արդարացնել այդ վստահությունը, գիշեր ու զօր աշխատել մարդկանց բարեկեցության ապահովման համար: Միայն եղած բյուջետային միջոցներով հնարավոր չէ հասնել ցանկալի հաջողության, պետք է պրպտել, վազվզել, ընկերներին ու բարեկամներին խնդրել, հազար ու մի դուռ թակել, որպեսզի գործն առաջ ընթանա: Արդեն երկրորդ անգամ եմ ընտրվել, շնորհակալ եմ, որ վստահում են ինձ, ես էլ իմ հերթին պիտի ջանամ ակնկալվող արդյունքն ապահովել…

Պարոն Հարությունյանի հավաստմամբ, կանգնած է բոլոր հարցերում իր բնակչի կողքին: Կարիքավորներին 50 հազար դրամի չափով օգնություն են հատկացնում: Դրամական աջակցություն են տրամադրում նաև երեխայի ծնվելու դեպքում: Իր բնակչի ցանկացած խնդիր համայնքապետն իրենն է համարում և սրտացավորեն օգնում է բոլորին հաղթահարելու դժվարությունները: Նրա խոսքով, ընդամենը պետք է հավատալ, աշխատել և ստեղծել: Աշխատասեր մարդն անպայման հաջողության կհասնի: Դպրոցին ևս, թեև այն այլ ենթակայության է, օգնում ու աջակցում են: Բյուջեի միջոցների տրամադրմամբ դռներ են գնել դպրոցի համար, համակարգիչներ նվիրել կրթօջախին:

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Մուրադյանը տեղեկացրեց, որ իրենց միջոցներով վերանորոգել են բուժամբուլատորիայի դիմացի աստիճանները, հարթակը, ճակատային պատը, ծաղկապատել տարածքը. <<2012-ից աշխատում եմ պարոն Հարությունյանի ղեկավարությամբ: Մեր համայնքապետը շատ հոգատար, պարտաճանաչ, պրպտող, մեծ սրտի տեր անձնավորություն է, համայնքի համար, կարելի է ասել, իսկական շինարար, որովհետև հիմնարար փոփոխություններ արեց գյուղի համար: Ընդամենը 10 օր էր ղեկավարում համայնքը` գտավ օպտիմալ տարբերակը և կենտրոնական ճանապարհի արտաքին լուսավորման հարցը լուծեց: Այդպես նաև խմելու ջրի հարցը շատ արագ ու արդյունավետ լուծեց: Այնուհետև` նախակրթարան. դպրոցի չօգտագործվող 2 սենյակը վերանորոգեց, ապահովեց գույքով և ծառայեցրեց տվյալ նպատակին: Հաջորդն ասֆալտապատումն էր, ավտոկանգառների տեղադրումը և այլ ենթակառուցվածքների ստեղծումը: Շուտով կլուծենք նաև ուղևորատար տրանսպորտի խնդիրը: Նրա շնորհիվ այսօր գյուղապետարանը ևս նորոգ պայմաններում է, անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված: Մշակութային կյանքը զարթոնք ապրեց, բնակիչների համար բարվոք պայմաններ ստեղծվեցին: Մի խոսքով, պաշտոնավարման 7 տարվա ընթացքում այնպիսի աշխատանքներ ձեռնարկեց, որոնք գլխիվայր փոխեցին գյուղի առօրյան ու կյանքը` նրան տանելով քաղաքային զարգացման ճանապարհով: Ներկայումս ծրագիր ունենք հողատարածքների ոռոգման համակարգի բարելավման առումով: Մոտ 38 մլն դրամ արժողության ծրագիր է, որից 4 մլնը կլինի համայնքի ներդրումը: Արդյունքում մոտ 80 հեկտար հողատարածք ոռոգելի կդառնա: Արված աշխատանքները խելամիտ տնտեսումների հաշվին են, համայնքապետի ճիշտ ղեկավարման շնորհիվ: Կոլեկտիվում` հարգված ղեկավար, ընտանիքում` սիրված հայր, համայնքում` հեղինակավոր անձնավորություն: Ես հպարտ եմ, որ նրա հետ եմ աշխատում…>>:

Համայնքապետարանի առաջատար մասնագետ Հարություն Հարությունյանն իր հերթին հետևյալն ասաց. <<Ավետիք Հարությունյանն իր ղեկավարման 7 տարվա ընթացքում այնքան բան արեց, ինչը չէին արել նախորդ երեք համայնքապետերը միասին վերցրած: Դա տեսանելի է ողջ գյուղի բնակչության համար: Մեզանում զարգանում է պտղաբուծությունը, հիմնականում` դեղձ, ծիրան: Ելակի մշակությունն է նաև եկամտաբեր: Հարությունյանը մեզ հանձնարարում է, որ զբաղվենք գյուղացիների շրջանում բացատրական աշխատանքներ տանելով, որպեսզի ժամանակին ոռոգեն, սնուցեն, բուժեն այգետարածքները: Համայնքի ղեկավարը շատ ուշադիր է բոլոր այս հարցերում և հնարավոր ամեն ինչ ձեռնարկում է, որ հանկարծ գյուղացին անհաղթահարելի խնդիրների առաջ չկանգնի իր հողը, այգին մշակելիս: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար խթանող գործոններ է ստեղծում: Պատահական չէ, որ Աբովյանն այսօր մեծ զարգացում է ապրում: Ընտիր մարդ է մեր համայնքապետը, առաջին հերթին իր մարդ կոչումն է, ապա` ղեկավարը: Սիրված ու հարգված է համայնքի կողմից: Խստապահանջ է, կարգապահ ու բանիմաց, ինչը նրան է փոխանցվել հորից` Արշակ Հարությունյանից, որ ժամանակին աշխատել է կոլխոզի նախագահ, համայնքի ղեկավար: Ճանաչված ու հարգված էր հանրապետությունում…>>:

Ջուլիետա Կարապետյան (գլխավոր մասնագետ).- Մեր առաջնահերթ խնդիրը գյուղի զարգացմանն ու առաջընթացին ամեն կերպ նպաստելն է, ինչի համար չենք խնայում մեր ջանքերը: Ամենակարևորն աշխատանքն է, որի միջոցով հնարավոր է հասնել բարձր արդյունքների: Երբ միասին անցանք այստեղ աշխատանքի, բյուջեն դատարկ էր: Արագ հավաքագրել ենք մեր սեփական եկամուտները և անցել գործի: Համայնքն այսօր, կարելի է ասել, խնդիր չունի, գրեթե բոլորը լուծված են: Համայնքապետի գլխավորությամբ հետևողական ենք մեր բոլոր ձեռնարկումներում և քայլ առ քայլ հասնում ենք նախանշած ծրագրերի իրագործմանը: Ամեն լումա ուղղվում է հանուն գյուղի բարօրության ու զարգացման: Շատ խիստ լինելով աշխատանքում, Հարությունյանը միաժամանակ շատ սրտացավ է, մարդկային ու հոգատար: Հաշվի է առնում բոլորիս կարծիքները, և համատեղ քննարկման արդյունքում հանգում ենք ընդունելի որոշման…>>:

Ավետիք Հարությունյանը վերջում հավելեց, որ Արարատի մարզպետն էլ իր հերթին հնարավորությունների սահմանում փորձում է համայնքապետարանի կողքին լինել, լուծել առաջ քաշված խնդիրները: Դիմացինին լսելու մեծ ունակություն ունի մարզպետը, շատ լավ տիրապետում է իր գործին և, ամենակարևորը, լավ մարդ է…

SHARE