Եթե լուծվի ոռոգման ջրի խնդիրը

0
34

Զարգացում

Ապա Ոսկեվազում գյուղարտադրության ոլորտն էական առաջընթաց կունենա

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց, որ լրանում է իր պաշտոնավարման 27 տարին:

-25 տարեկանս նոր էր լրացել,- անկեղծացավ պարոն Հովհաննիսյանը,- երբ դարձա համայնքապետ, ավելի շուտ` գյուղխորհրդի նախագահ (1992 թ.): Այսքան երկար ու ձիգ տարիներ ղեկավարելով համայնքը, այն ձեռքբերումն ունեցա, որ սովորեցի աշխատել ժողովրդի հետ, և այսօր առանց իմ ժողովրդի չեմ կարող: 27 տարի ժողովրդի հետ աշխատես, բոլորի դարդ ու ցավով ապրես: Դիմում են օգնության խնդրանքով, բավարարում եմ և դրանից ինձ շատ հանգիստ զգում: Սակայն, Աստված չանի, մեկը դիմի, ու չկարողանամ օգտակար լինել` այդ գիշեր հաստատ քունս չի տանի: Սիրում եմ իմ գյուղը, իմ ժողովրդին, դրա համար էլ հաճույքով աշխատում եմ: 1992-ից սկսած շատ բան է փոխվել գյուղում: Երբ ընտրվեցի, գյուղն այդ ժամանակ խմելու ջրի լուրջ խնդիր ուներ, գազաֆիկացում չկար, մանկապարտեզը թեև գործում էր, բայց շենքը բարվոք վիճակում չէր: Բնակչության մոտ կես մասն էր ապահովված ջրով, իսկ այսօր ամբողջը (մոտ 1200 տուն) մշտական ջուր ունի: 2008 թ. 90-95 տոկոս գազաֆիկացում կատարվեց, այսօր միայն նորակառույց թաղամասերում գազ չկա: Այս տարի մեր միջոցներով 12 մլն դրամի գազաֆիկացման աշխատանքներ ենք կատարելու: Մանկապարտեզում 110 մլն դրամի վերանորոգում է կատարվել, 10 տոկոսը` համայնքապետարանի, մնացածը` համայնքների զարգացման հիմնադրամի միջոցներով: Այսօր մանկապարտեզ է հաճախում 120-130 երեխա: Ունեինք Օշականի մասնաճյուղի երաժշտական դպրոց, իսկ իմ ընտրվելուց հետո, հենց հաջորդ տարի, ստեղծեցինք Ոսկեվազի արվեստի դպրոցը, որն առայսօր գործում է: Բազմաթիվ խնդիրներ կային, որոնք աստիճանաբար լուծեցինք: 1990-ականների վերջին կառավարության մոտ 1 մլն դոլար հատկացմամբ ամբողջովին վերանորոգվեց միջնակարգ դպրոցը: Արվեստի դպրոցը վերանորոգել ենք 10 տարի առաջ: Մեր բուժամբուլատորիան, որը վերանորոգվեց 2005-06 թթ. և որտեղ նույնպես գյուղապետարանն իր մասնակցությունն ունեցավ, սպասարկում է նաև Ոսկեհատի բնակչությանը: Ամեն տարի մասնակիորեն ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում: 2 տարի առաջ 4 մլն դրամի աշխատանք կատարվեց, իսկ ամեն տարի 1-2 մլն դրամի ասֆալտապատում է արվում: Կենտրոնական փողոցներն ամբողջությամբ լուսավորված են, և ամեն տարի մասնակի նորոգման աշխատանքներ ենք կատարում համակարգում: Այս տարի էլ երկրորդային փողոցներն ամբողջովին լուսավորելու և վերանորոգում իրականացնելու ծրագիր ունենք: Մեր ամենամեծ խնդիրը Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցին էր (7-11-րդ դարեր), որն ավերվել էր խորհրդային ժամանակաշրջանում` վերածվելով պահեստի: 2004-05 թթ. սկսվեցին վերանորոգման աշխատանքները, 95 տոկոսով աշխատանքն ավարտի է հասցված, և մոտ 400 մլն դրամ գումար է ծախսվել կառավարության կողմից: Եկեղեցին արդեն գործում է, մնում է տարածքի բարեկարգումը, ինչի համար նախորդ տարի կառավարությունը 5 թե 6 մլն դրամ է տրամադրել, ինչ-ինչ աշխատանք կատարվել է: Այս տարի դա էլ ավարտի կհասցվի…

Համայնքապետն այնուհետև տեղեկացրեց, որ գյուղում գործում են տրիկոտաժի ֆաբրիկա, գյուղմթերքի վերամշակման 2 ձեռնարկություն` <<Հայասին>> և <<Ոսկեվազ>> գինու գործարանը (1935 թ.), որն այսօր հանրապետության տուրիզմի կենտրոն է դարձել: Օրական մինչև 100 զբոսաշրջիկ է այցելում այստեղ: Յուրօրինակ ու գրավիչ, հրաշալի ձևով կառուցված վայր, որտեղից զբոսաշրջիկները դժվարությամբ են հեռանում: Գործարանի սեփականատեր Դավիթ Հովհաննիսյանն այստեղ արվեստի դպրոց է կառուցում: Իսկ գործարանն ինքնին արվեստի գլուխգործոց է:

Հայկ Հովհաննիսյանի խոսքերով, Ոսկեվազն այսօր ոռոգման լուրջ խնդրի առաջ է կանգնած.

-5 հազար բնակիչ ունեցող Ոսկեվազի ամբողջ տարածքն ընդամենը 940 հեկտար է, որի 460 հեկտարն է միայն սեփականաշնորհվել: Դրանից 220 հեկտարն էլ, խաղողի այգի, իմ ղեկավարման օրոք է հանձնվել գյուղացուն: Հիմա այդ 220 հեկատր խաղողի այգուց մնացել է 10 հեկտար` ոռոգման ջուր չլինելու պատճառով: Ուրախությամբ պիտի նշեմ, որ մայր առուն (3 կմ 340 մ), որը սնվում է հիմնականում Շահվերդ գետով` ոռոգելով 150 հեկտար տարածք, և ահռելի` 75 տոկոս ջրի կորուստ ունի, ընթացիկ տարում վերանորոգվելու է: Նախահաշիվ-նախագիծն արվել է, մրցույթը կայացել է, մնում է սկսվեն շինաշխատանքները: Արդյունքում 100-150 հեկտար հողատարածք կոռոգվի Ոսկեվազում: Քանի որ ամռանը Շահվերդ գետը ցամաքում է, Ամբերդ գետն էլ համարյա գոյություն չունի, ուստի այդ սեզոնին գյուղը ջուր ստանում է միայն Արզնի-Շամիրամի փակ ջրատարով: Այն գալիս է 3 գյուղի` Բյուրականի, Փարպիի, Ագարակի հողատարածքներով և մինչև հասնում է Ոսկեվազ, բաց թողնված ջրի գրեթե կեսն է մնում: Տվյալ խնդրի լուծման նպատակով դիմել ենք կառավարություն` գյուղին Արզնի-Շամիրամից դոտացիոն ջրագիծ հատկացնելու խնդրանքով: Ընդամենը` 1,5 կմ, որը հնարավորություն կտա ոռոգել շուրջ 100 հեկտար: Ոսկեվազում ներկայումս 150 հեկտար ելակի մշակության տարածք կա, որից 20-30 հեկտարի վրա ջերմոցներ են: Եթե ոռոգման ջուրը նորմալ լինի, ապա այս 150 հեկտարի ելակը 3 մլն դոլարի եկամուտ կտա: Ընդամենը` 20-25 օրվա ընթացքում: Բավականին աշխատատեղ է ապահովվում տվյալ սեզոնին, հարևան բնակավայրերից են աշխատող ձեռքեր ներգրավվում: Մի խոսքով, օգտակարությունը մի շարք առումներով է ակնհայտ, մնում է տվյալ խնդիրը լիարժեք լուծում ստանա…

Համայնքապետը հպարտությամբ նշեց, որ հրաշալի մշակույթի տուն ունեն, որը երբևէ պետական միջոցներով չի վերանորոգվել, այլ միայն` համայնքի ուժերով: Այս անգամ որոշել են դիմել կառավարություն` շենքի վերանորոգմանն աջակցելու խնդրանքով: Հայկ Հովհաննիսյանը համոզված է, որ հնարավոր բոլոր միջոցներով պետք է նպաստել գյուղական բնակավայրերում մշակույթի զարգացմանը, դրա համար բավարար պայմաններ ստեղծել: Ինքն իր հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել և այսուհետև էլ կանի, որպեսզի Ոսկեվազն առաջընթաց զարգացում ունենա, գյուղացին լավ ապրի, ամուր թելերով կապվի հայրենի հող ու ջրի հետ: Լիահույս է, որ մեր երկրում ստեղծված նոր իրավիճակը հնարավորություն կտա ճիշտ ու արդյունավետ լուծումներ գտնել բոլոր այն խնդիրների համար, որոնք Հայաստանի համար, իրոք, բախտորոշ կլինեն…      

SHARE