Եթե պահածո, ուրեմն` <<Արարատ Քենինգ Ֆեքթըրի>>

0
2

Քանզի բնական է ու անարատ, հայկական յուրահատուկ համուբույրով

Գյուղոլորտ

<<Արարատ Քենինգ Ֆեքթըրի>> ՍՊԸ-ն պահածոների գործարան է, գյուղատնտեսական մթերքների վերամշակման ձեռնարկություն:

-Արտադրում ենք տարբեր տեսակի պահածոներ,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արմեն Անդրեասյանը:- Հիմնական ուղղվածությունը տոմատի արտադրությունն է, չնայած զանազան կոմպոտների, հյութերի ու մուրաբաների տեսականին էլ քիչ չէ: Նախկին տարիների համեմատ 7-8 տեսակ ավելացել է, իսկ ծավալների աճը 3-4 անգամ է: Բոլոր պահածոները ենթարկվում են ջերմային մշակման` համապատասխան ռեժիմներով, կախված դրանց տեսակից, ապա լցվում նախատեսված տարաների մեջ: Նշեմ, որ այս ձեռնարկությունը (նախկինում` Արարատի պահածոների գործարան) ոլորտի ամենախոշոր արտադրությունն էր Խորհրդային Հայաստանում: 8,7 հեկտար տարածք է զբաղեցնում, մոտ 33 հազար քմ շենք-շինություններ կան: Նորոգման աշխատանքներն այսօր էլ ընթացքի մեջ են: Տոմատի արտադրամասի նորոգումն ենք ավարտել: Նորոգման փուլում են խավիարի, պյուրեի արտադրամասերը: Այս աշխատանքներին զուգահեռ գործարանը համալրում ենք նոր ժամանակակից սարքավորումներով:

Այս տարի տոմատի լցման իտալական հոսքագիծ ենք գնել, ինչպես նաև ջերմային մշակման սարքավորում: Այս հոսքագծի տեղադրումով կնվազեցնենք ձեռքի աշխատանքը և շատ բարձր որակի արտադրանք կունենանք: Հոսքագծի արտադրողականությունը բարձր է` ժամում 4 հազար բանկա տոմատ: Առայժմ տոմատը լցնում ենք ասեպտիկ տոպրակների մեջ, տեղադրում 230 լ բոչկաներում: Սա լրիվ ավտոմատ է արվում` ասեպտիկ հոսքագծի փակ ցիկլով: Հետո արդեն այդ տոմատը լցվում է բանկաների մեջ: Ունենք առևտրային կազմակերպություն, որն էլ իրականացնում է իրացումը: Առայժմ տեղական շուկայում ենք ներկայացված, և արդեն մի խմբաքանակ Շվեդիա ենք արտահանել: Մեր մասնագետները համապատասխան աշխատանք են տանում, որպեսզի դուրս գանք եվրոպական և ասիական շուկաներ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի բանջարեղենի ամենամեծ ծավալն Արարատյան դաշտում է` համային բարձր հատկանիշներով: Մենք էլ հենց, կարելի է ասել, դրա կենտրոնում ենք: Նախորդ տարվա համեմատ մոտ 4 անգամ ավելացրել ենք հումքի մթերման ծավալները: Այս տեմպը ձգտում ենք պահել ու տարեցտարի ավելացնել` գործարանի արտադրական հզորությունն, ի վերջո, հասցնելով առավելագույնին: Գյուղացիների հետ գարնանից պայմանագրեր ենք կապել, յուրաքանչյուր հեկտարի հաշվարկով 300 հազար դրամ կանխավճար տրամադրել: Ընդհանուր հաշվով` մոտ 130 մլն դրամ: Այս հարցում մեզ օգնել է կառավարությունը: Օգտվում ենք 3 տոկոսանոց սուբսիդավորվող վարկից: Մի բան լավ չէ, որ մեկ տարով է ժամկետը, եթե նկատի ունենանք, որ մեկ տարում չենք հասցնի ամբողջությամբ իրացնել արտադրանքը: Ապրանքը դեռ փող չէ: 3 տարին, կարծում ենք, խելամիտ ժամկետ է նման վարկի մարման համար: Չնայած, էլի եմ ասում, դա քիչ օգնություն չէ ինչպես մեզ, այնպես էլ, թերևս` ավելի շատ, գյուղացու համար: Եթե գյուղացին վստահ լինի, որ իր աճեցրածն ընդունող կա, ապա, հավատացած եմ, մեր տարածաշրջանում ոչ մի քառակուսի մետր հող անմշակ չի մնա: Կարևոր է նաև, որ գյուղացին վստահելի գործընկերոջ հետ գործ ունենա: Մենք ընդունած բերքի դիմաց վճարում ենք 3-4 օրվա ընթացքում: Պատահում են նաև անպարտաճանաչ հողօգտագործողներ, որ չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները` մեզ վատ վիճակի մեջ դնելով: Այսինքն, գյուղացուն կանխավճար հատկացնելը մեզ համար որոշ դեպքերում դառնում է ռիսկային: Ընդ որում, նման անպարտաճանաչները ոչ միայն մեզ են վատ դրության մեջ դնում, այլև ստվեր են գցում մնացածի վրա` նրանց նկատմամբ ևս, կամա թե ակամա, անվստահություն առաջացնելով: Այդ նպատակով, կարծում եմ, անհրաժեշտ են հստակ մեխանիզմներ, իրական երաշխիքներ, որպեսզի ոչ ոքի մտքով չանցնի խուսափել պայմանագրային պարտավորությունները կատարելուց…

Շարունակելով զրույցը, պարոն Անդրեասյանը նշեց, որ սեզոնին մինչև 300 աշխատող են ունենում: Նպատակադրված են ունեցած արտադրական շենք-շինությունները նպատակային, արդյունավետ օգտագործել, այսինքն` լիարժեք ծառայեցնել արտադրական կարիքների համար: Այդ առումով կարևորվում է գործարանի տարածք մուտք գործող երկաթգծի վերագործարկումը, ինչը ենթադրում է երկաթուղային մատչելի ու հուսալի կապի, հաղորդակցության ապահովում: Այն այսօրվա դրությամբ վերանորոգման փուլում է:

Այս դեպքում արդեն, մի շարք նպաստավոր գործոններ ևս հաշվի առնելով, հնարավոր կլինի անգամ գերազանցել գործարանի արտադրական հզորությունները: Անդրադառնալով իրենց արտադրանքի որակին, ընկերության տնօրենը վստահաբար նշեց. <<Այն մարդիկ, ովքեր օգտվում են մեր արտադրանքից և ճաշակել են մեր պահածոները, լավ գիտեն, որ այն մրցակցությունից դուրս է` լրիվ բնական ու անարատ լինելով: Այնպես որ, եթե պահածո, ուրեմն` <<Արարատ Քենինգ Ֆեքթըրի>>>>

Արտադրությունն, ինչ խոսք, իր խնդիրներն ու դժվարություններն ունի, որոնք պետք է կարողանաս ժամանակին լուծել ու հաղթահարել: Այստեղ շատ կարևոր է հատկապես մարդկային գործոնի դերը` ում հետ գործ ունես, ով է դիմացինդ, ինչպիսի որակներ ունի տվյալ անձը:

-Այս առումով,- ընդգծեց Արմեն Անդրեասյանը,- մեր բախտը, կարելի է ասել, շատ է բերել: Գործարանի սեփականատերը` Գևորգ Նալբանդյանը, մեծատառով մարդ է, հայրենասեր ու հայասեր անձնավորություն: Եթե մեր երկրում շատ լինեն նրա պես մարդիկ, ապա Հայաստանն, անկասկած, կարճ ժամանակամիջոցում, բառիս բուն իմաստով, կծաղկի: Բավականին մեծ ֆինանսական ներդրումներ է արել, այսօր էլ շարունակում է անել` ի շահ մեր երկրի ու մեր ժողովրդի: Վստահելով ու հավատալով մարդկանց, առանց երկմտելու, համարձակ, դուխո’վ ներդրումներ է անում Հայաստանում` լավ օրինակ ծառայելով շատ-շատերի համար: Այս գործարանը նրա շնորհիվ նոր կյանք է առնում, վերածնունդ ապրում: Որքան շնորհակալ ու խրախուսելի գործ է դա այսօր մեր երկրի համար` արտադրություն հիմնել, աշխատատեղեր ստեղծել և այլն: Կարող էր, անշուշտ, դրսում ավելի մեծ եկամուտներ ստանալ, ավելիին հասնել, բայց գերադասել է հայրենիքը, հայրենակիցներին անշահախնդրորեն ձեռք մեկնելը, բարիք արարելը: Բիզնեսն, ինչ խոսք, եկամուտ, ֆինանսական շահ է ակնկալում, սակայն պարոն Նալբանդյանի պարագայում դա չէ գլխավորն ու առաջնայինը: Նրա համար ամենակարևորը մարդկանց ձեռք մեկնելն է, շատ հայ ընտանիքների օգտակար լինելը և, ի վերջո, հայրենի երկրին ազնվորեն ծառայելը: Բարի, կամեցող ու մեծահոգի անձնավորություն է, միաժամանակ` հոգով ուժեղ ու արի: Նալբանդյանը, կարող եմ վստահորեն ասել, մեծ ընկեր է հայ ժողովրդի համար, բոլոր նրանց համար, ում ապահովել է աշխատանքով…

Այո’, ընկեր լինելը, թերևս, մարդու ամենամեծ արժանիքներից մեկն է, ինչով օժտված են լավագույնները: Արմեն Անդրեասյանն իր հերթին մեծապես կարևորում է ընկերությունը, քանզի ինքն էլ ընկեր է, լա’վ ընկեր. <<Ես ամեն մեկի հետ ընկերություն չեմ անում, բայց ում հետ շփվում եմ` դրական մթնոլորտ ու միջավայր եմ ջանում ստեղծել: Չեմ հիշում դեպք, որ որևէ մեկին իմ շրջապատում նեղացրած լինեմ կամ ընկեր կորցնեմ: Մեծ պահանջներ ոչ իմ, ոչ էլ ընկերներիս առջև չեմ դնում: Արա այնքան, որքան կարող ես, պահանջիր այնքան, որքանին արժանի ես: Մեր աշխատանքային կոլեկտիվի բոլոր անդամներն ինձ հարազատ մարդիկ են, որքանով կարողանում, այնքանով օգտակար եմ լինում յուրաքանչյուրին: Իմ բոլոր ընկերներին էլ շատ սիրում ու հարգում եմ: Առհասարակ, բոլորի հանդեպ էլ բարի ու կամեցող եմ, ինչը երբևէ չպետք է համարել թուլության նշան: Ինչպիսին ես եմ, կուզենամ, որ նույն կերպ էլ ինձ վերաբեվեն: Ամենակարևոր հատկանիշներից մեկն ինձ համար աշխատասիրությունն է, որը ժառանգել եմ գեներով: Անբան մարդկանց չեմ սիրում: Շատ կարևոր հատկանիշ է մարդու համար նաև կամեցողությունը: Աշխատավայրը մարդու համար մի մեծ ընտանիքի պես է, որտեղ առողջ միջավայր ու բարյացակամություն պիտի լինի…>>:   

SHARE