Զարգացումն ակնհայտ է

0
7

Առաջիկա ծրագրերն ու նախագծումներն առավել հուսադրող ու ոգևորիչ են

Հեռանկար

Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 2016 թ. վերջից: Այս տարիներին այստեղ բազմաթիվ աշխատանքներ են կատարվել և այսօր էլ կատարվում են:

-Այսօր ծրագիր ենք իրականացնում,- նշեց պարոն Սահակյանը,- խմելու ջրի համակարգը նորացնելու ուղղությամբ, մոտ 10 կմ ջրագիծ արդեն փոխել ենք: Ընթացիկ տարում ևս մեկ ծրագիր ենք կյանքի կոչելու, որը ֆինանսավորվում է կառավարության ու համայնքի կողմից և որի արժեքը մոտ 150 մլն դրամ է: Խոսքը խմելու ջրի ցանցը փոխելու մասին է: Հիմնական շեշտը, առհասարակ, դրված է ենթակառուցվածքները զարգացնելու վրա, և այդ ուղղությամբ հիմա էլ աշխատանքներ տարվում են: Ոռոգման համակարգը փակ խողովակաշարերով գրեթե 100 տոկոսով լիարժեք գործում է: Խմելու ջրի համակարգի բարելավման աշխատանքների ավարտին կհաջորդի ճանապարհների բարեկարգումը: Ունենք մանկապարտեզ, մշակույթի տուն, արվեստի, երաժշտական և ըմբշամարտի դպրոցներ: Վերջինս չնայած ՀԱՕԿ-ի ենթակայության տակ է, բայց նաև մեր ուշադրության կենտրոնում է: Արվեստի դպրոցում գործում են շախմատի,  նկարչության, գոբելենի, քանդակագործության խմբակներ, ինչպես նաև համակարգչային դասասենյակ կա: Բոլոր ՊՈԱԿ-ները լիարժեք գործում են, ուղղակի մշակույթի տան և երաժշտական դպրոցի շենքային պայմանները բարվոք չեն: Սուբվենցիոն ծրագրերի միջոցով, հուսով ենք, լուծում կտանք այդ խնդիրներին: Մանկապարտեզի շենքային պայմանները լավ են, պարզապես այն փոքր է մեր համայնքի համար, նոր շենք-շինության, ավելի շուտ` նոր մասնաշենքի անհրաժեշտություն է զգացվում: Այսօր 150 երեխա է հաճախում մանկապարտեզ, և դա շատ փոքր թիվ է 8000 բնակչությամբ համայնքի համար: Գառնին նախորդ տարի արժանացել է լավագույն համայնքի կոչման…

Համայնք ղեկավարելը, ըստ Ահարոն Սահակյանի, մարդկային որակներ է պահանջում, բոլորի հետ պիտի կարողանալ, այսպես ասած, լեզու գտնել, ճիշտ հարաբերվել ու անընդհատ աշխատել: Համայնքապետարան դիմած յուրաքանչյուր բնակիչ պետք է բավարարված հեռանա: Ինչպես գիտենք, դեպի Գառնի զբոսաշրջիկների հոսքը մեծ է: Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներից առավել կարևորը ենթակառուցվածքների բարելավումն է, զբոսաշրջիկի համար հարմարավետ պայմանների ստեղծումը: Գառնիի տաճարից բացի, այլ վայրեր ու հետաքրքրություններ ևս պետք է ձգող, գրավիչ դառնան այստեղ այցելողի համար:   

Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանն իր հերթին հավելեց, որ կառավարության կողմից հատկացվել է 100 մլն դրամ, որին համայնքը կավելացնի 50 մլն դրամ, և այդ 150 մլն-ով կփոխվի խմելու ջրի մոտ 30 կմ ջրագիծ: Այդպես մոտ 90 տոկոսով կլուծվի Գառնիի խմելու ջրի հիմնախնդիրը: Ընթացիկ տարում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն: Գեղարդավանք տանող ճանապարհի մի հատվածի լուսավորությունն արվել է, մնացածինը պիտի արվի: Գումարային համապատասխան հատկացումներ են նախատեսված փողոցների բարեկարգման համար: Ներկայումս աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են: Ընթացքի մեջ են դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները: Համայնքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները ևս այդ ծրագրի մաս են կազմում:

Բացի այդ, գրեթե ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում աղբահանության, ջրամատակարարման, կանաչապատման և մի շարք այլ ոլորտներում: Տարեկան 300-400 զբոսաշրջիկ է այցելում Գառնի, և առաջին հերթին խիստ ուշադրություն է դարձվում աղբահանության կազմակերպմանը, մաքրության ապահովմանը: Համայնքը, Վարդան Մարտիրոսյանի խոսքերով, բոլոր առումներով պետք է օրինակելի լինի և արժանիորեն ներկայանա արտասահմանցիներին: Համակարգված աշխատանքի արդյունքում համայնքի զարգացումը բնականոն հունով է ընթանում: Մասնավորապես` ագրոտուրիզմի, էկոտուրիզմի, արկածային տուրիզմի և հյուրանոցային տուրիզմի խթանման ու զարգացման ճանապարհով. <<Համոզված եմ, որ Գառնին դառնալու է Հայաստանի ամենագեղեցիկ, ամենամշակութային, ամենազբոսաշրջային կենտրոններից մեկը: Գնալով կյանքն այստեղ ավելի է աշխուժանում, ավելանում է մարդկանց զբաղվածությունը, բնակարանաշինության առումով աճ ունենք, այգետարածքներն են ավելանում և այլն…>>:

Ուրախալի է արձանագրել, որ Գառնիում արտագաղթ չկա, բնակչության թիվը թեև դանդաղ, բայց աճում է, ավելանում է նաև տնտեսությունների թիվը, ինչը միանշանակ վկայում է համայնքի կայուն զարգացման մասին:       

SHARE