Ընտանեկան սիրով ու ջերմությամբ

0
29

Արտադրություն

Արտադրվում է բնական կաթից պատրաստված բարձրորակ պանիր

-<<Կամո Վահանյան>> ԱՁ-ն հիմնադրել եմ 2005 թ.,- <<Ընկեր>>-ին ասաց Կամո Վահանյանը:- Մինչ այս` հարազատներիցս Վոլոդյա Գրիգորյանի հետ Քարակերտ գյուղում պանրի արտադրությամբ ենք զբաղվել, զուգահեռաբար` նաև անասնապահությամբ: Սակայն հետո մեր համատեղ աշխատանքը չստացվեց, և հիմնարկը լուծարվեց: Այնուհետև գյուղացիները, կարելի է ասել, իմ առաջ խնդիր դրեցին, թե ինչ անեն իրենց արտադրած կաթը: Ահա դա էլ պատճառ դարձավ, որ տանը կնոջս` Մարիամ Գրիգորյանի հետ, պանրի արտադրություն հիմնենք: Քչից` 100 լիտրից ենք սկսել: Հետո արդեն աշխատող ներգրավեցինք, ավելացրինք մթերման ծավալները, աստիճանաբար շուկան ընդլայնեցինք և առաջ ընթացանք: Ինչ խոսք, հեշտ չէր, խնդիրները շատ էին, սակայն կարողացանք անտրտունջ հաղթահարել ամեն դժվարություն և արդյունքի հասնել: Կաթը մեր ավտոմեքենայով մթերում ենք Քարակերտ, Արգինա, Դալարիկ գյուղերից, վերամշակելուց հետո ստացված պանիրը` <<Կամո Վահանյան>> ԱՁ պիտակով իրացնում ինչպես Արմավիրի մարզի, այնպես էլ Երևանի խանութներում: Արտադրում ենք 2 տեսակի պանիր` լոռի և չանախ: Քանի որ այսօր շուկան մի քիչ անկայուն է, ուստի ստիպված նվազեցրել ենք մթերման ծավալը: Առհասարակ, հիմա կաթի մթերման ամենաեռուն շրջանն է, օրական 1 տոննա կաթ ենք մթերում` 1 լիտրը 130 դրամով: Ունենք մեծ պահեստամաս, սառնարան և, ընդհանուր առմամբ, արտադրամասում ապահովել ենք անհրաժեշտ բոլոր պայմանները: Ժամանակի ընթացքում նվազեցրել ենք նաև ձեռքի աշխատանքը…

Կամո Վահանյանն ընդգծեց, որ կնոջ հետ համատեղ են սկսել ու միասին հաղթահարել բոլոր դժվարությունները: Այսօր արդեն երեխաները թև ու թիկունք են իրենց ծնողներին:

-Եղել են պահեր,- ամուսնու խոսքը շարունակեց Մարիամ Գրիգորյանը,- երբ մտածել ենք, թե չենք հաղթահարի աշխատանքի ծանրությունը, սակայն չենք հուսահատվել, մաքառել ենք, պայքարել և դուրս եկել ամեն փորձությունից: Սկզբում հիմնականում ձեռքի աշխատանք էր, իսկ հիմա, փառք Աստծո, պայմանները բավականին լավացել են, աշխատանքը հեշտացել է: Արդեն, կարելի է ասել, մենք չենք զբաղվում, մեր որդիները` Ռազմիկն ու Կորյունն են կազմակերպում թե՛ մթերումը, թե՛ իրացումը: Մեր աշխատանքում բաժանում չկա, ով ինչ հասցնի կամ կարողանա` անում է, միասին աշխատում, միասին որոշում ենք: Մեր երեխաները փոքր տարիքից մեզ հետ են եղել, մեր կողքին, տեսել են ամեն ինչ, տարել իրենց բաժին դժվարությունները: Այո՛, միասին ենք եղել, ձեռք ձեռքի ու միասնական: Սկզբում հնարավորություն չունեինք աշխատող պահելու, ամբողջը մեր ուսերին էր, իսկ այսօր արդեն 3 աշխատող ունենք: Աշխատանքն, իրոք, ամենալավ դաստիարակության միջոցն է: Ռազմիկն ամուսնացել է, երկու որդի ունի: Պատրաստվում ենք Կորյունին ամուսնացնել: Դուստրս` Ֆրիդան, ամուսնացած է, երկու երեխա ունի: Շատ երջանիկ ընտանիք ենք` սիրով, համերաշխ, միահամուռ: Մեկս մեկու օգնել, իրար թև ու թիկունք ենք եղել ու առաջ շարժվել: Փառք Աստծո, ամեն դժվարություն անցյալում է մնացել…

Ամուսինները հավաստիացրեցին, որ արտադրում են բնական կաթից էկոլոգիապես մաքուր, անարատ պանիր: Ավելորդ հավելումների և այլնի մասին խոսք լինել չի կարող: Այո՛, արտադրում են բնական ու շատ համեղ պանիր, որակյալ արտադրանք: Բնականաբար, սպառողը գոհ է մնում, ուստի և իրացման դժվարություններ չունեն: Բնակչության, սպառողների լան շրջանում ավելի շատ հայտնի է որպես <<Կամոյի պանիր>>: Այդպես ճանաչում են, և դա էլ, թերևս, ամենաբնորոշ ու ճիշտ գնահատականներից մեկն է: <<Կամոյի պանիրը>> հայտնի է և արժանի ճանաչում ունի…

Առաջնահերթ խնդիրը, ինչպես իր խոսքում նշեց Կամո Վահանյանը, շուկան է` հիմնականում անկանոն վիճակով, անկայուն գներով պայմանավորված: Չես կարողանում շուկայում այսօրվա գների հետ համաքայլ ընթանալ, ինչն էլ հիմնական խնդիրն է, մնացածը, կարելի է ասել, լուծելի են. <<Շուկայական գներն անկայում են, և գնային առումով չես կարողանում մրցակցել, թեև մեր պանիրը բնական է, յուղայնությունը` տեղը, առանց հավելումների: Մեկ այլ հարց էլ կա: Մենք ԱԱՀ-ով չենք աշխատում, քանի որ փոքր արտադրություն ենք, բայց խանութները ԱԱՀ-ի փաստաթուղթ են ուզում, ինչը նշանակում է, որ առևտրի մեծ կետերի հետ չենք կարող աշխատել: Իսկ այն, որ այսօր առևտուրը հիմնականում սուպերմարկետներում է կենտրոնացած, բոլորս էլ լավ գիտենք: Ահա այսպես դուրս ենք մնում` ստիպված սահմանափակ արտադրանք տալով, առևտրաշրջանառությունը նվազեցնելով…>>:

<<Մեր գործում,- իր հերթին նշեց Մարիամ Գրիգորյանը,- հիգիենան, մաքրությունը շատ կարևոր են>>: Կամո Վահանյանն էլ հավելեց, որ այսօր իրենց ոլորտի նկատմամբ վերահսկողությունը բավականին խստացել է, պատշաճ կարգ ու կանոն կա, անասնաբուժական ծառայությունները բնականոն են գործում, ժամանակին արձագանքում անասունների հիվանդության դեպքերին ու ահազանգերին: Այս առումով ևս սպառողը կարող է վստահ լինել, որ նախընտրելով <<Կամոյի պանիրը>>` սննդարար ու ապահով, էկոլոգիապես մաքուր մթերք է գնում:

-Սովորում եմ տնտեսագիտական համալսարանում,- մեզ հետ զրույցում ասաց Վահանյան եղբայրներից Կորյունը:- Ուսումս համատեղում եմ աշխատանքի հետ: Երկուսն էլ կարևոր են, իրար լրացնող: Եղբայրս` Ռազմիկը, ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտի կաթնամթերքի բաժինը: Փոքր տարիքից առնչվել ենք աշխատանքի հետ, տեսել մեր ծնողների չարչարանքը, նվիրումը, և դա ժամանակի ընթացքում փոխանցվել է մեզ: Ինչ տեսել ենք` այն էլ սովորել և հմտացել, կարելի է ասել, մասնագիտացել մեր գործում: Արդեն ինքնուրույն, եղբորս հետ, կարող ենք վարել արտադրությունը, կազմակերպել պահանջվող բոլոր աշխատանքները: Մեր ծնողները ժամանակին արել են իրենցից պահանջվածը, այժմ հերթը մերն է: Եղածը պահպանելով ու զարգացնելով, ձգտում ենք ավելիին հասնել: Հորս մտահոգությունը կիսելով, ես էլ իմ հերթին նշեմ, որ շատ ցանկալի է` կառավարությունը հարկային համապատասխան փոփոխություններ նախաձեռնի, օրենքներում բարեփոխումներ կատարվեն, որպեսզի մեզ նման փոքր արտադրությունները ևս <<շնչելու>> հնարավորություն ունենան, կարողանան զարգանալ: Եթե այսպես շարունակվի, ապա մոնոպոլացման խնդրի առաջ կհայտնվենք, ավելի շուտ` նման գործելաոճի զոհ կդառնանք, և ամեն ինչ կկենտրոնանա առևտրի մեծ կազմակերպությունների ձեռքին: Օրենսդրական դաշտը պետք է հնարավորություն տա, որ զարգանա փոքր ու միջին բիզնեսը և խթանի այս ոլորտում զբաղվածներիս գործունեությունը: 

<<Կամոյի պանիրը>> իսկականն է

Օգտվեք անարատ կաթից պատրաստված բնական սննդամթերքից

Եթե սննդարար, համեղ ու օգտակար մթերքից եք ուզում օգտվել, ապա առանց վարանելու նախապատվությունը տվեք <<Կամոյի պանիր>> անվանումով էկոլոգիապես մաքուր այս սննդատեսակին: Առանց քիմիական հավելումների և ավելորդ վնասակար խառնուրդների այս պանիրը, որն արտադրում է <<Կամո Վահանյան>> ԱՁ-ն,  լիարժեք բնական ու բարձրորակ սննդամթերք է:

Հարցրեք առևտրի կետերում, համտեսեք ու լիասիրտ վայելեք…

                                                                                                                         Տե’ս նաև էջ

SHARE