Ինչպես է, առանց աչք թարթելու, ծվեն-ծվեն արվել Հայաստանը

0
2

Մինչև չպատժվեն մեղավորները, կրքերը չեն հանդարտվի և ատելությունը չի վերանա

Գրեթե ամեն օր Հատուկ քննչական ծառայությունը և իրավապահ այլ մարմիններ տեղեկություններ են տարածում զանազան ապօրինությունների բացահայտման և այլնի մասին: Այս տեղեկությունները Հայաստանում որևէ մեկին այլևս չեն զարմացնում, որևէ մեկին չի զարմացնում նախկին նախագահների եղբայրների և որդիների բանկային հաշիվներին մի քանի տասնյակ միլիոն դոլարների առկայությունը: Ընդ որում, մեկ հաշվին, դեռ պարզ չէª ինչեր կան մնացած հաշիվներին, որևէ մեկին չեն զարմացնում Հայաստանում հանրային և պետական ռեսուրսի հետ գործված անօրինականությունները:

Զարմանալին այն է, որ այդ ամենի հեղինակները կամ մարդիկ, որոնց աչքի առաջ է կատարվել այդ ամենը, որոնք այս կամ այն կերպ լեգիտիմացրել են այդ ամենը, ծառայել են այդ ամենի համար, այսպես ասած, որպես ինտելեկտուալ քող, առայսօր շարունակում են խոսել ինչ-որ հայրենասիրության, պետականության, Արցախի, անվտանգության և այդ կարգի այլ իրողությունների մասին, որոնք ոտնատակ են տվել իշխանության կարգավիճակում եղած ժամանակ և որոնց հաշվին կառուցել են անձնական բարեկեցությունըª դղյակների, հողատարածքների, չնչին գներով ձեռք բերված շենք-շինությունների և այլ օբյեկտների տեսքով` քամելով Հայաստանի Հանրապետությունը և հասցնելով, օրինակ, Ապրիլյան պատերազմի:

Հիշարժան էր, թե ինչպես էին, օրինակ, երկրի բարձրաստիճան այրն ու նրա հետ ուղևորվող պատգամավորների խումբը ուրախ-զվարթ ուղևորվում սահման խրամատներում զինվորների հետ կամուֆլյաժով նկարվելու համար, որպեսզի հետագայումª լուսանկարվելուց հետո, զինվորները վերադառնան մտորումների, թե ինչպես հասցնեն պահել իրենց ընտանիքը, հոգալ ծախսերը, վարկերը և այլն, իսկ նույն այդ այրն ու մյուսները ընկնեն մտորումների գիրկը, թե խրամատներից կամուֆլյաժով լուսանկարների քողի տակ էլ ինչ օբյեկտ կամ տարածք վերցնեն ջրի գնով և վերածեն ջրի բերած հարստության:

Իսկ Ապրիլյան պատերազմում պարզվում է, որ իշխանությունը, այսպես կոչված քաղաքական իշխանությունն ունի անհրաժեշտ ամեն ինչ իրեն երջանիկ զգալու համար, իսկ բանակի առաջնագիծը պահող զինվորը չունի իրեն պաշտպանված զգալու համար նվազագույն անհրաժեշտը, բայց կյանքի գնով պաշտպանում է հայրենիքը:

Եվ մարդիկ դեռ խոսում են, ընդ որում, <<մուննաթ>> գալիս այդ խոսքերից հետո իրենց հասցեին հանրության կոշտ արտահայտությունների վրա, այն դեպքում, երբ պետք է, թերևս, շնորհակալություն հայտնեին հանրությանը միայն կոշտ արտահայտություններով բավարարվելու համար: Ամեն օր ի հայտ են գալիս Հայաստանի նյութական մսխման և բարոյական անկման այն մասշտաբները, որոնց մատնել է պետությունը Հայաստանում իշխած նախկին համակարգը, առանց աչք թարթելու: Եվ բավական է թարթել աչքը, այդ համակարգը անմիջապես հավաքվելու և անցնելու է իր նույն գործին, այդ հարցում կասկած ունենալ պետք չէ:

Ի դեպ, շատ է խոսվում ատելության խոսքի վերացման մասին: Սակայն վերացնելու համար նախ պետք է հասկանալ դրա առաջացման պատճառները: Տասնամյակներ շարունակ ստրուկի կարգավիճակում մի կտոր հացի համար պայքարող ու ցրտին, չքավորությանը մատնված մարդիկ պիտի չատեի՞ն իրենց էդ վիճակին հասցրած մարդկանց: Եվ հենց որ լիարժեք պատժվեն ժողովրդի արյունը անամոթաբար խմածները, վերադարձվի երկիրն ու ժողովրդին պատկանող թալանված հարստությունը, այնժամ կհանդարտվեն կրքերը, խաբված մարդիկ, որոնցից, ցավոք, արդեն շատերը չկան, բավարարված կզգան, ու կամաց-կամաց ատելությունը կփոխարինվի կառուցողականությամբ, իսկ անհույս ու ամեն ինչին կասկածանքով վերաբերվողները հավատով կլցվեն…

SHARE