Լավագույնը դառնալու անխախտ ձգտումով

0
45

Հետևողականություն

Նորաբացում հավատում են իրենց գյուղի պայծառ ապագային

-2002 թվականից եմ ղեկավարում Նորաբաց համայնքը,- <<Ընկեր>>-ին ասաց Գալուստ Գալստյանը:- Նախ, մեր գյուղ ոտք դնող ցանկացած մարդու ասում եմ, որ Դուք հաճախել եք հանրապետության լավագույն գյուղ: Սա ոչ թե այսօրվա գնահատականն է, այլ մեր ձգտման կետն է, որին պիտի ջանանք հասնել ու իրականացված տեսնել: Լավագույն գյուղ դառնալու համար շատ չափանիշներ են անհրաժեշտ, իսկ ամենակարևորն այդ գյուղում ապրող մարդն է: Եթե մարդիկ լավն են, ապա դրանով գյուղն արդեն լավ է: Ենթակառուցվածքներ կան, որ պետք է ստեղծենք գյուղում: Մանկապարտեզում 3-րդ խումբը բացելու աշխատանք ենք կատարում` ամբողջական զրոյական կետից սկսած: Հիմնանորոգում, նոր կահույքի ձեռք բերում, տեխնիկական բոլոր միջոցների ստեղծում և այլն: Ընթացիկ տարվա կարևոր ծրագրերից է նաև բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի կառուցումը, որը լինելու է արհեստական խոտածածկով, լուսավորությամբ: Այն կծառայի մեծ թենիսի, մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի համար: Մարզահամալիրին հարակից տարածքում կառուցելու ենք մարզումների բացօթյա մի ամբողջ համալիր, որպեսզի բնակիչները զբաղվեն առողջ ապրելակերպով: Շատ հարմար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն մարզադահլիճ հաճախելու: Մեր նպատակն է  ինչ-որ ձևով սատարել հատկապես երիտասարդության առողջ ապրելակերպի զարգացմանը: Նախագիծ-նախահաշիվն արվել են, մնում է սկսենք աշխատանքները: 2020-ը Նորաբացի համար հոբելյանական է. հոկտեմբերի 7-ին մեծ հանդիսավորությամբ նշելու ենք գյուղի 100-ամյակը: Այդ առթիվ գյուղի կենտրոնում ունենալու ենք հաղթակամար` խաչքարով: Նաև բարեգործական գումարների ներդրումով ենք այն կյանքի կոչելու: Չնայած ունենք արտաքին լուսավորության ցանց, բայց մեր նպատակն այսօր այն արդիականացնելն է: Այս ուղղությամբ ևս մի ծրագիր ունենք` հին լուսատուները փոխարինելու ենք նոր խնայողական լամպերով: Նախորդ տարի կարողացանք հասնել այն բանին, որ գյուղի ճանապարհների 90 տոկոսն ասֆալտապատվի պետական հատկացումներով: Խոսքը մոտ 800 մլն դրամ արժողությամբ ծրագրի մասին է: Նախագիծ-նախահաշիվն արվել է: Այս տարի ինչ-ինչ պատճառներով ծրագիրը չարվեց, մնացել է հաջորդ տարի: Դրանով նոր խթան կհաղորդվի գյուղի զարգացմանը: Հրազդան-Սևան կասկադից մեր գյուղին էլ են ջրահատկացում անում, ինչի համար մեծ ծախս է արվում պետական միջոցներով` մոտ 1 մլն դոլար: Նախկինում պոմպերով է ոռոգումն իրականացվել, ինչն այնքան էլ նպատակահարմար ու ձեռնտու չէր: Արդեն վիճակն էապես կբարելավվի, կունենանք ինքնահոս ոռոգման ջուր, և գյուղատնտեսության ճյուղը նոր զարգացում կապրի:

Գալուստ Գալստյանն այն համոզմանն է, որ համայնքի ղեկավարն իր համայնքը, գյուղը պետք է սիրի, իր ժողովրդին սիրի. <<Քո ժողովրդի հավաքական կերպարը պիտի սիրես, պիտի ջանաս ժողովրդիդ հետ հնարավորինս անկեղծ լինել: Եթե անկեղծ ես ու կարողանում ես անկեղծությունդ հասցնել այն աստիճանի, որ քեզ հավատան, ուրեմն շատ բաներ կփոխվեն քեզ մոտ: Իրենք էլ կընդունեն քեզ այնպես, ինչպիսին կաս: Պիտի ընկեր լինես քո համայնքի համար: Ինձ համար համար մեկն անդավաճան ընկերությունն է: Նշանակություն չունի, թե ինչ կարգավիճակ ունի ընկերդ, ֆինանսապես առաջ է անցել, թե ընդհակառակը` նվազ հաջողությունների հասել: Եթե ընկեր ես, ապա չի կարող ֆինանսը կամ պաշտոնը չափորոշիչ լինել: Մանկությանս բոլոր ընկերներն ինձ համար հավասար են` անկախ սոցիալական դիրքից: Ընկեր ենք` միասին ենք, որովհետև իրար հետ ժամանակ անցկացնելը հաճելի է, իրար հետ փորձությունների միջով ենք անցել և մնացել ենք մարդ: Մեկս մեկի պիտի սատարենք, և փորձում եմ ուժերիս ներածին չափ ընկերոջս կողքին լինել: Կարևորը, որ որևէ դժվար պահի չզգաս, որ մենակ ես այս աշխարհում: Ընկերոջ ներկայությունը ուժ է տալիս քեզ, ոգեպնդվում ես ու համոզվում հերթական անգամ, որ կյանքդ իզուր չես ապրել…>>:

Այսօր Նորաբացը համախմբված համայնք է` շնորհիվ Գալուստ Գալստյանի` բնակիչների նկատմամբ ցուցաբերած հավասար, սրտացավ ու հոգատար վերաբերմունքի: Գյուղացին վստահել է նրան այսքան տարի` տալով նրան իր քվեն, իսկ դա պատահական չէ, դրանով գյուղացին իր գնահատականն է տալիս արված գործերի ու մարդկային բարձր որակների համար: Աշխատանք, ինչ խոսք, շատ է արվել: Գյուղի խմելու ջրի ներքին ցանցը գրեթե 90 տոկոսով փոխվել է: Ոռոգման համակարգում շատ մեծ ներդրումներ են արվել, նոր ջրատարներ կառուցվել: Եթե նախկինում մանկապարտեզը 3 ամիս էր աշխատում, ապա  նրա օրոք արդեն սկսել է գործել շուրջտարի: Եկեղեցի է կառուցվել, ինչպես նաև բուժամբուլատորիա: Նախկինում չի ունեցել լուսավորություն, իսկ հիմա ամբողջ գյուղն է լուսավորվում` ժամանակակից տեխնոլոգիաներով: <<Հայփոստի>> նոր բաժանմունք է կառուցվել: Գյուղի կենտրոնում բացօթյա մշակութային կենտրոն է կառուցվել, որն իր տեսակով եզակի է: Բաց ամֆիթատրոն է: Տարեցների համար զրուցարան է կառուցվել: Ամֆիթատրոնի հարևանությամբ կառուցվել է <<Ինձ բացակա չդնեք>> հուշապատը, որտեղ զետեղված են Հայրենական մեծ պատերազմին գյուղի բոլոր մասնակիցների անունները, ինչպես նաև Արցախյան գոյամարտի մասնակիցների ու զոհերի լուսանկարներն են:

Համայնքի ղեկավարն ամեն ինչ անում է, որպեսզի համայնքը համախմբված ու միասնական լինի: Մասնավորապես, ջանացել է մենակ չթողնել դիմացինին իր խնդիրների հետ, միշտ առաջինն է հասել: Գյուղացին ոտք դնելով համայնքապետարան, վստահ ու համոզված է, որ այստեղ որևէ կերպ կգտնի իր խնդրի լուծումը, գոհ ու բավարարված կմնա համայնքի ղեկավարի հետ հանդիպումից: Համայնքում փոխադարձ հարգանքի մթնոլորտ է ձևավորված, սրտացավություն կա միմյանց նկատմամբ: Եթե, ասենք, մեկնումեկը դժվարին իրավիճակում է հայտնվել, մարդիկ հավաքվում և նրան իրենց ուժերի չափով աջակցում են: Գյուղում իրականացված բոլոր աշխատանքներում յուրաքանչյուրն իր չափով մասնակցություն է ունեցել: Ավելին, առանձին անհատներ կան, որ հանուն գյուղի զարգացման իրենց ֆինանսական ներդրումն են անում` բարեգործության տեսքով: Եթե մարդը հարյուր տոկոսով համոզված չլինի, որ իր տված գումարի վրա մի բան էլ ավելի համայնքապետն է դնում ու ներդնում տվյալ ծրագրի իրականացման մեջ, այդ քայլին չի գնա: Համագյուղացի ներդրողները գիտեն, որ եթե ինչ-որ գումար  ներդրեցին  գյուղի զարգացման գործի համար, ապա այդ գումարի կրկնապատիկը համայնքի ղեկավարն է ներդնելու, դրանում իրենք համոզված են:

Ահա այդպես, պարոն Գալստյանը քայլ առ քայլ ընթանում է համայնքը լավագույնը դարձնելու ճանապարհով: Համայնքի ղեկավարը նպատակ ունի գյուղի հրապարակում մինի գրադարան տեղադրել, որ կունենա անգլիական հեռախոսաբուտկի տեսք: Փոստային բաժանմունքի հետ ունեն պայմանավորվածություն, որ ամեն օր թարմ թերթեր դնեն այդտեղ: Մարդիկ բացեն թերթը կարդան, նորից տեղը դնեն: Սրանով կուլտուրայի ձև կմտցնեն գյուղում: Համայնքի ղեկավարը համոզված է, որ կարդացող մարդը վտանգավոր չի կարող լինել: Գիտելիք ունեցող, կյանքը հասկացող մարդն ավելի լավն է իր որակներով, ավելի կանխատեսելի է… 

SHARE