Լենուղին խմելու ջրի խնդիր ունի

0
17

Բնակավայր

Եվ հուսով է այս հարցում ստանալ կառավարության աջակցությունը

-Գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո,- <<Ընկեր>>-ին ասաց Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանը,- 10 տարի եղել եմ գյուղի գլխավոր գյուղատնտեսը: Ապա առաջարկություն եղավ, որ լինեմ գյուղխորհրդի նախագահը, ինչին, թեև դժվարությամբ, տվեցի իմ համաձայնությունը: Այսպիսով, 1994-ից ղեկավարում եմ Լենուղին: Բնական է, որ եղել են դժվարություններ, ծանր ժամանակներում ենք ապրել: 1994-95 թթ. մարզխորհրդի նիստերին ոտքով էինք հասնում: Աստիճանաբար վիճակը նորմալացավ, բնականոն կյանքի հուն տեղափոխվեցինք: Պատահական չէ, որ 25 տարի համայնքի ղեկավար եմ: Իմ էությամբ հաշտվող ու հանդուրժող եմ, սիրել եմ իմ ժողովրդին և միշտ նրա կողքին եղել: Պիտի ասեմ, որ լենուղցիները որակապես շատ լավ ժողովուրդ են, առանձնահատուկ են իրենց բնավորությամբ, հարգանքով: Մեծը մեծ է, փոքրը` փոքր: Ճիշտ է, դա նաև գյուղի ղեկավարից է գալիս, բայց, համենայնդեպս, պայմանավորված է մարդկանց էությամբ, մարդկային ու գիտակցական վերաբերմունքով: Արդեն ժամանակն է, որ ինձ տարիքով երիտասարդը փոխարինի, նա, ով կկարողանա պահպանել այս ավանդույթը: Առհասարակ, համայնքապետի ամենակարևոր հատկանիշը պիտի լինի այն, որ յուրաքանչյուրի նկատմամբ յուրովի մոտեցում ցուցաբերի, հարգանք ունենա թե՛ փոքրի, թե՛ մեծի հանդեպ: Չմտածի, որ ինքը, համայնքի ղեկավար լինելով, ամենակարող է ու ամենազոր, ինչպես ուզի` այնպես էլ կանի: Չէ՞ որ ընտրվել է համայնքի բնակիչների կողմից և պարտավոր է, այսպես ասած, հաշվի նստել յուրաքանչյուրի հետ: Այդ հարգանքը, պարզ է, փոխադարձ պետք է լինի: Ղեկավարման հիմքում, ըստ իս, սա պետք է լինի: Մյուս կարևոր հանգամանքն աշխատանքն է, արված գործը: Որ ասեմ` սարեր ենք շուռ տվել, ճիշտ չի լինի, միշտ էլ բյուջեի պակասորդ ենք ունեցել: Մեր գյուղը պտղաբուծական ուղղվածություն ունի, ծիրան, դեղձ, սալոր, կեռաս ենք աճեցնում: Կարկտահարությունից ու ցրտահարությունից բավականին մեծ վնասներ ենք կրել: Մի խոսքով, այնքան էլ լավ վիճակում չենք, ուստի ինչ կարողացել` արել ենք: Ոռոգման համակարգում ենք աշխատանքներ տարել` 2-3 կմ նոր խողովակաշար ենք անցկացրել: Դաշտամիջյան ճանապարհներն ենք հարթեցրել: Երկու փողոց լուսավորել ենք և կշարունակենք լուսավորել` ծրագրելով մինչև աշուն ավարտի հասցնել դա: Գյուղացին լավ գիտի, որ եթե հարկերը չի կարողանում վճարել, ապա պահանջված աշխատանքների իրականացման մասին էլ չի կարող խոսել…

Մատնանշենք գյուղի առջև ծառացած գլոբալ խնդիրները: Խմելու ջրի համակարգը գործում է 1962 թվականից և մինչև օրս չի փոխվել` բացի վթարավերականգնման մասնակի աշխատանքներից: Մշտապես այս հարցը բարձրացվել և բարձրացվում է: Ներկայիս կառավարությունն էլ է տեղեկացվել ինչպես այս, այնպես էլ մանկապարտեզի և մշակույթի տան խնդիրների մասին: Մանկապարտեզը հրդեհվել է 2008 թ., և նորի կառուցման անհրաժեշտություն կա: Նշենք, որ դպրոցին կից գործում է նախակրթարան: Մշակույթի տունն անբարվոք վիճակում է: Չնայած սրան, ամենակարևորն ու առաջնահերթը խմելու ջրի խնդրի լուծումն է` ցանցի հիմնանորոգման միջոցով: Համայնքը պատրաստ է իր բաժին ներդրումն անել, միայն թե այս կենսական խնդիրն ընդգրկվի պետական որևէ ծրագրում:

Խոսելով աճեցված բերքի իրացման մասին, պարոն Ղազարյանը նշեց, որ ով ինչպես կարողանում` լուծում է տվյալ խնդիրը: Խաղողը մթերում են գինու գործարանները, իսկ պտուղն իրացվում է առանձին կազմակերպությունների միջոցով: Եթե չարտահանվի, ապա գյուղացին լուրջ խնդրի առաջ կկանգնի, քանի որ տեղի վերամշակող ձեռնարկությունները շատ ցածր գնով են մթերում իրականացնում: Այս, ինչպես և մնացած բոլոր հարցերում իր բնակիչների կողքին կանգնած է համայնքապետը, օգնում է, ձեռք մեկնում բոլորին…   

SHARE