Լեռնանիստը` զբոսաշրջային գոտի

0
578

Հեռանկար

Բնակավայրը զարգացման հուսադրող քայլերի ճանապարհին

Խստաշունչ ու ձնառատ ձմեռ ունեցող Լեռնանիստում (Կոտայքի մարզ) փորձում են զարգացնել ձմեռային տուրիզմը, և արդեն իսկ հաջողություններ են արձանագրել: Ընթացիկ տարում մոտ 3 հազար զբոսաշրջիկի հյուրընկալեցին Լեռնանիստում: Այս մասին <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը` հավելելով.

-Գյուղում փոքր ճոպանուղի ենք կառուցել, ինչը տուրիզմի զարգացման շատ լավ հնարավորություններ կստեղծի: Լեռնանիստը բարձր լեռնային գյուղ է, 2000 մ բարձրության վրա, և քանի որ ձյունաշատ ձմեռներ ենք ունենում, ուստի ձմեռային տուրիզմի զարգացումն առավել հեռանկարային է: Ճոպանուղին <<Բուգել>> է կոչվում, որ մարդկանց սահնակների, դահուկների հետ բարձրացնում է սարի գագաթ, որտեղից արդեն ամեն մեկը սահելով իր սահադաշտից իջնում է: Ոլորտի զարգացման առումով ներդրումային բավականին ծրագրեր ունենք, ինչի շրջանակում կկառուցենք նաև հյուրատներ: Ի դեպ երկուսն արդեն պատրաստ են: Բացի այդ, նման հյուրատներ նաև գյուղացիների սեփական տներում են առանձնացվել, մոտ 10-ը կան` իրենց գիշերակացով, էկոլոգիապես մաքուր սննդով և այլ հարմարություններով: Գյուղում զբոսաշրջիկների պատասխանատու ունենք, ում հետ համաձայնեցվում է նրանց առնչվող մի քանի կոմպոնենտների համապատասխանությունը: Լավ, հարմարավետ հյուրատներ ունենալը շատ կարևոր է, ինչին մեծ ուշադրություն ենք դարձնում: Մտադիր ենք զարգացնել նաև ամառային տուրիզմը: Նախագիծ ունենք` կառուցելու զիփլայն: Ներկայումս տարբեր ուղղություններով արշավներ ենք կազմակերպում, ինչը ներառում է այցելություններ քարանձավներ, սունկ հավաքել և այլ հետաքրքիր միջոցառումներ: Ծրագրում ենք նաև ժամանցի բազմազան կենտրոններ ստեղծել: Մի խոսքով, մեր գլխավոր նպատակը Լեռնանիստը տուրիզմի վայր, զբոսաշրջային գոտի դարձնելն է: Արդյունքում, անշուշտ, բազմաթիվ աշխատատեղեր կստեղծվեն, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Էլ չեմ ասում, որ դա կխթանի մարդկանց կրթական մակարդակի էլ ավելի բարձրացմանը, մասնավորապես` օտար լեզուների տիրապետմանը, գյուղական միջավայրն ավելի քաղաքակիրթ դարձնելուն: Նշեմ, որ մեր երեխաներն արդեն ձմեռային մարզաձևերի սիրահարներ են դարձել և սկսել են լրջորեն զբաղվել սպորտով:

Արտյոմ Հայրապետյանը, որ 2013 թվականից է ղեկավարում համայնքը, ամենակարևոր ձեռքբերումը մարդկանց համախմբվածությունն ապահովելն է համարում, միասնականությունն ու համերաշխությունը: Հաջորդը, ըստ նրա, գյուղը մաքուր պահելն է, սանիտարական պատշաճ վիճակը, ինչը հաջողվում է իրեն: Մնացածը` ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ամբուլատորիայի կառուցում և այլն, այսպես ասած, մեծ ընտանիքը զարգացնելու, շենացնելու ընթացիկ խնդիրներ են, որոնք ժամանակի ընթացքում գտել են իրենց լուծումը: Ամենօրյա աշխատանքով փորձում են առավելագույն արդյունք ապահովել: Բացի վերոնշյալից, անասունների խմելու ջրի հարցն է լուծվել (խմոցներ են կառուցվել), թանգարան են հիմնել: Վերանորոգման աշխատանքներ են տարել մանկապարտեզում, կահույքի ապահովման հարցը լուծել: Մասնակի վերանորոգումներ են կատարել: Համագյուղացիների շնորհիվ վերակառուցվել են մատուռներ, եկեղեցիներ: Գյուղի մուտքն են կառուցել:

Կատարված աշխատանքները բազմաթիվ են, գյուղացու համար ակնառու, և բոլորը թվարկել հնարավոր չէ: Համայնքի ղեկավարի խոսքով, որքան աշխատանք որ արվել է, դեռևս քիչ է, կան շատ խնդիրներ, որոնք իրենց լուծմանն են սպասում: Համայնքապետարանի բյուջեն այնքան էլ հարուստ չէ, բայց այս տարի սուբվենցիայի ծրագրով, համաֆինանսավորմամբ, պետք է գյուղի ամենախնդրահարույց` խմելու ջրի խնդիրը լուծեն: Մոտ ժամանակներս կսկսեն աշխատանքները: Լեռնանիստցիներն արտագնա աշխատանքի են մեկնում, ինչպես նաև գյուղում մոտ 50 աշխատանքային շինարարական խումբ կա (մոտ 250 մարդ), որ զբաղվում է առանձնատների արտաքին պատերի երեսպատմամբ:

Անդրադառնալով այսօրվա իշխանությունների հետ հարաբերությունների հարցին, պարոն Հայրապետյանը նշեց, որ իրենց կողմից ողջունելի են նրանց քայլերը.

-Համագործակցում ենք, համատեղ աշխատում: Ես միշտ լինելով գյուղացու կողքին, այսօր էլ շարունակում եմ նույն եռանդով ու նվիրումով աշխատել: Փոփոխությունը, բնականաբար, իր հետ նոր տրամադրություններ է բերել, նոր ոգևորություն, և շատ լավ է, որ զգում ենք նոր իշխանությունների աջակցությունը, մեր խնդիրների լուծմանն ընդառաջ գնալը: Մարզային ղեկավարության այցելությունները հաճախակի են: Մասնավորապես, տուրիզմի զարգացման առումով մեծ դեր ունի մեր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա, կարելի է ասել, ավելի շատ է շահագրգռված, որ մեզ մոտ զարգանա այդ ոլորտը, որ մարդիկ զբաղվածության խնդիր չունենան: Ներդրողներին ուղղորդում է դեպի գյուղական բնակավայրեր, իր ուժերի ու հնարավորությունների սահմաններում այնպես անում, որ աշխուժանա տնտեսական ոլորտը, մարդկանց կյանքը հետաքրքիր ու իմաստալից դառնա: Հետևողական է բոլոր հարցերում, ոգևորում է մեզ, որ հնարավոր ամեն ինչ անենք` բարելավելու բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Թև ու թիկունք է համայնքապետերիս և օգնում է, ոգեշնչում ու աջակցում:            

Ընկերության թեմայի շուրջ մեր զրույցը ևս ոգևորեց համայնքապետին, և նա հետևյալն ասաց. <<Կյանքում մարդը պետք է ընկեր ունենա: Առանց ընկերոջ կյանքն անիմաստ ու անհետաքրքիր է դառնում: Ընկերական հարաբերությունները մաքրություն, անկեղծություն ու հավատարմություն են պահանջում: Ընկերությունն ամուր պետք է պահել, որպեսզի ոչինչ չսասանի այն: Շատ կարևոր է նաև բարությունը, առանց որի, առհասարակ, կյանքը չի կարող շարունակվել: Ես ամեն ինչում տեսնում եմ իմ գյուղի` Լեռնանիստի շահը, որ նա զարգացում ապրի և դառնա ժամանակակից հարմարություններով գրավիչ բնակավայր…>>:

SHARE