Խաղողի մթերման գները պետք է բարձրացվեն

0
2

Որպեսզի հողագործն ի վիճակի լինի լիարժեք զբաղվելու իր գործով

Խնդիր

-Արարատի մարզի Վանաշեն համայնքը ղեկավարում եմ 2012 թվականից,- <<Ընկեր>>-ին ասաց Արտաշես Գրիգորյանը:- Այդ ընթացքում արվածը տեսանելի է ու ակնառու: Իսկ, առհասարակ, մեր ամենօրյա աշխատանքը կոչված է համայնքի հնգամյա ծրագիրը կյանքի կոչելուն:  Շնորհակալ եմ համայնքի բնակիչներից, որ մշտապես կողքիս են ու ինձ աջակից: Առանց համախմբված ու միասնական աշխատանքի հաջողության չէինք հասնի և ի վիճակի չէինք լինի զարգացման ծրագրեր իրականացնել: Իհարկե, ամեն ինչ չէ, որ կարողացել ենք իրագործել, քանի որ որոշակի խնդիրների լուծումը մեր ուժերից վեր է և ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում: Հուսով ենք, որ կառավարությունը կկանգնի մեր կողքին և կաջակցի մեզ այս հարցում: Անկախ դրանից, մենք մեր նախանշած ծրագրով առաջ ենք շարժվում: Մասնավորապես, օրերս արտաքին լուսավորության անցկացման մրցույթ է հայտարարվել: Ուզում ենք անցնել արևային էներգիայի խնայողական օգտագործման և հուսով ենք հոկտեմբերին այդ ծրագիրը լիարժեք կյանքի կոչել: Խմելու ջրի հետ կապված ասեմ, որ գյուղի ամբողջ ներտնտեսային ցանցը 12 կմ է, որի կեսից ավելին արդեն փոխվել, նորացվել է, ինչը ևս համայնքի զարգացման ծրագրերում էր ներառված: Առաջիկայում էլ այս աշխատանքները կշարունակվեն: Գյուղի 80-90 տոկոսի ջրամատակարարումը էապես բարելավվել է, նախկին 2-3-ժամյա ջրամատակարարման փոխարեն այսօր արդեն այն գրեթե շուրջօրյա է: Ունենք միայն1-2 փողոց, որ ամռանը, ջրի սպառման ծավալների ավելացմամբ պայմանավորված, այդ առումով որոշ դժվարության են հանդիպում: Ուղիներ ենք փնտրում լուծելու նաև այդ խնդիրը: Մանկապարտեզը հիմնանորոգվել է: Երբ ես ընտրվեցի, ընդամենը 45-50 երեխա էր հաճախում այնտեղ: Այսօր արդեն բացվել է 3-րդ խումբը, 108 երեխա ունենք: Նախկինի համեմատ` մանկապարտեզը գործում է շուրջ տարին: Հանրապետությունում կառուցվող դպրոցներից մեկը Վանաշենում է լինելու: Նախագծային աշխատանքները կարծես թե ավարտվել են, ֆինանսավորումը կա, սպասում ենք շինաշխատանքները սկսվեն: Դպրոցը կկառուցվի համայնքին պատկանող ֆուտբոլի դաշտի տարածքում: Հին դպրոցի հետ կապված հեռանկարային ծրագրեր ունենք. թերևս, մեր ուժերով շենքը նորոգենք և վերածենք գեղարվեստի, սպորտի դպրոցների: Խորհրդային ժամանակներից գազ չենք ունեցել, մի փողոց այսօր ամբողջությամբ գազաֆիկացվել է: Մի փոքր հատված ևս կգազաֆիկացվի: Թերևս, 2020-ի սուբվենցիոն ծրագրերից մեկում ընդգրկենք այդ հարցը: Խնդիր ունենք ոռոգման հետ կապված: Վանաշենը Ազատի ջրամբարից սնվող ջրատարի վերջնամասում է գտնվում: Մշտապես ունեցել ենք ջրի խնդիր: Մեր ջրատարները հողային հունով են, կորուստները բավականին մեծ: Այդ պատճառով բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը քիչ է, հիմնականում խաղողագործությամբ ենք զբաղվում: Գյուղատնտեսական հողատարածքների մոտ 60 տոկոսը զբաղեցնում են խաղողի այգիները: Արարատի տարածաշրջանի խոշոր խաղողագործական համայնքն է` Լուսառատից ու Այգեվանից հետո: Արդեն նախագծվել է, մոտ 2350 մ մայր ջրատար կկառուցվի համաֆինանսավորմամբ` 90 տոկոսը Զարգացման հիմնադրամի, 10-ը համայնքի միջոցներով: Ընդհանուր արժեքը 156 հազար դոլար է, շուտով կսկսենք աշխատանքները: Խորհրդային տարիներից մնացած խորքային հոր ունեինք, որ չէր շահագործվում, ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի օգնությամբ և մեր բյուջետային միջոցների ներդրմամբ նախորդ տարվանից գործում է: 25-30 հեկտար չմշակվող հողատարածքներ այսօր ամբողջովին մշակելի են դարձել…

Պարոն Գրիգորյանը հավելեց, որ 2015 թ. Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ հուշարձան համալիր են կառուցել: Վանաշենից արցախյան պատերազմի 5 զոհ և 4 անհետ կորած ունեն: Գերեզմանատանը նրանց նվիրված մեծ հուշարձան են կառուցել: Գերեզմանատանը լուծվել է ինչպես խմելու ջրի, այնպես էլ լուսավորության խնդիրը: Ի դեպ, Ուրցաձոր խոշորացված համայնքի Շաղափ բնակավայրում փառքի տարածք կա, որտեղ ամեն համայնք իր զոհերին նվիրված խաչքար է տեղադրել: Այս մայիսին վանաշենցիների անունով 4 մետրանոց խաչքար տեղադրվեց և կատարվեց մատաղի արարողություն:

Ինչպես այնուհետև տեղեկացանք, ամենօրյա աշխատանք է տարվում աղբահանության և սանիտարական վիճակի բարելավման ուղղությամբ: Ակտիվացել է համայնքի մարզամշակութային կյանքը: Ունեն պարի խմբակ, որտեղ ներգրավված սաների թիվը հասնում է 90-ի: Այս տարի հանրապետությունուն այն 1-ին տեղն է զբաղեցրել, արժանացել ոսկե մեդալի: Մայիսյան հաղթանակներին նվիրված ֆուտբոլի ամենամյա մրցաշար է կազմակերպվում: Դպրոցականների հանրապետական սպորտլանդիայում ևս վանաշենցի դպրոցականներն առաջին տեղեր են զբաղեցնում:          

Համայնքի ղեկավարն ինչպես արդեն առիթ ունեցավ նշելու, Վանաշենը հիմնականում խաղողագործությամբ է զբաղվում: Տարեկան 5-6 հազար տոննա խաղող է աճեցվում այստեղ. <<Խաղողի մթերումից, ընդհանուր առմամբ, գոհ ենք: Պայմանագրեր ունենք Արարատի կոնյակի գործարանի և մի շարք այլ վերամշակող ձեռնարկությունների հետ: Առիթից օգտվելով` չեմ կարող չնշել, որ խաղողի ինքնարժեքը մշակողի համար մի քիչ բարձրացել է: Այսինքն, մշակության միջոցների, անհրաժեշտ պարագաների գները բարձրացել են: Ահա թե ինչու, կարծում ենք, արդարացի կլինի վերանայել խաղողի մթերման գինը, գոնե 20-30 դրամով բարձրացնել, ինչը խթան կհանդիսանար թե՛ խաղողագործի, թե՛ առհասարակ գյուղի հետագա զարգացման համար: Ասեմ, որ բոլոր գործարաններն էլ 3-10 աշխատանքային օրվա ընթացքում վճարում են ընդունած բերքի դիմաց, իսկ <<Վեդի ալկոն>>, <<Նոյ>> գործարանի Մասիսի մասնաճյուղը` հենց տեղում: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ շատ կարևոր է խաղողի մթերման գների որոշ բարձրացումը, որպեսզի գյուղացին ի վիճակի լինի հոգալու ապրուստի խնդիրները: Գյուղացին այսօր վարկերի բեռի տակ է, պետք է նրան ձեռք մեկնել, չթողնել միայնակ…>>:

Վանաշենում հուսով են, որ կառավարությունը համապատասխան միջոցներ ձեռք կառնի` հնարավորինս թեթևացնելու գյուղացու հոգսերը, թև ու թիկունք լինելու հողի մշակին իր հանրօգուտ աշխատանքում…   

SHARE