Խոշորացումը միանշանակ ճիշտ քայլ էր

0
2

Մեղրաձորի համայնքապետը մատնանշում է իրենց օրինակը

Գործընթաց

-2017-ին է խոշորացումը եղել հինգ գյուղում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Մեղրաձոր խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը:- Այդ գյուղերն են` Աղավնատուն, Մարմարիկ, Արտավազ, Հանքավան և, իհարկե, Մեղրաձոր (որպես կենտրոն): Երկու փոքր գյուղ` Փյունիկը և Կորչլուն (Կորկոռ ՞), նախկինում ներառվել էին, համապատասխանաբար, Արտավազի և Մեղրաձորի կազմում:

Մինչև խոշորացումը ղեկավարել եմ Մեղրաձորը: Եթե մարդիկ կարծում են, թե խոշորացումը սխալ է, ապա ես միանշանակ հակառակ կարծիքին եմ: Այն գյուղերում, որտեղ մինչև խոշորացումը ժամանակին աշխատանք չէր տարվել, բնակիչների մասին չէին մտահոգվել, այսօր բոլոր ուղղություններով համայնքն աշխատում է` տվյալ բնակավայրի սոցիալական վիճակը բարելավելու և կարգավորելու ուղղությամբ: Մասնավորապես, Արտավազում մանկապարտեզը կառուցել էին, հագեցրել ամեն ինչով, և 4 տարի այդպես պատրաստ վիճակում մնացել էր: Նախորդ տարի բացեցինք մանկապարտեզը, և այն այսօր գործում է: Աղավնաձորում սուբվենցիոն ծրագրով ժամանակին սկսել էին մանկապարտեզի կառուցումը և երկար տարիներ այդպես կիսատ թողել: Համապատասխան քայլեր ձեռնարկեցինք, և այսօր մնում է հայտարարված մրցույթը շահած շինկազմակերպությունը վերսկսի ու ավարտի հասցնի այդ աշխատանքները: Մյուս գյուղերում էլ բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացնում: Հիմնականում` հեղեղատների մաքրում, ճանապարհների հարթեցում, արտաքին լուսավորության անցկացում և այլն: Մարմարիկում, օրինակ, մինչև խոշորացումը կարելի էր մատների վրա հաշվել լուսավորության կետերը` ընդամենը 15-20, իսկ այսօր արդեն գյուղը 99 տոկոսով լուսավորված է: Աղավնաձորում էլ է լուսավորություն անցկացվում: Մի խոսքով, բավականին աշխատանք կատարվել և այսօր էլ կատարվում է, այնպես որ սխալ են տվյալ գործընթացի` խոշորացման վերաբերյալ մեզանում շրջանառվող կարծիքներն ու գնահատականները: Մեր օրինակը, կարծում եմ, դրա անմիջական ապացույցն է: Միայն որոշ նախկին գյուղապետեր են թյուր կարծիք ձևավորում, փորձում արհեստական լարվածություն ստեղծել, ապակողմնորոշել հասարակությանը: Երկրի, հայրենիքի մասին մտածողը երբեք լավ գործը չի պիտակավորի, խեղաթյուրի ճշմարտությունը…

Շարունակելով խոսակցությունը տարվող աշխատանքների մասին, պարոն Հովհաննիսյանը մատնանշեց, որ պետական ծրագրերով Մարմարիկի դպրոց, գյուղապետարան տանող ճանապարհների ասֆալտապատում է կատարվելու: Խմելու ջրի խողովակները տվյալ հատվածներում համայնքի բյուջեով փոխելուց հետո կանցնեն ասֆալտապատմանը: Խմելու ջրի նոր ջրագծերի անցկացման աշխատանքներ կտարվեն Մեղրաձորում, ինչի արդյունքում համայնքային կենտրոնը լավորակ ջրամատակարարում կունենա: Այդ աշխատանքները կատարվելու են մեղրաձորցի բարերարների աջակցությամբ, նրանց ֆինանսական ներդրումներով: Բացի այդ, մանկապարտեզի պատուհաններն են փոխվելու: Մանկապարտեզում 3 խումբ է գործում` 90 երեխայով: 1 խումբ էլ (30 երեխա) Արտավազի մանկապարտեզում է գործում: Թեև Աղավնաձորի մշակույթի տունը ոչ բարվոք վիճակում է, սակայն այստեղ սենյակ է վերանորոգվել ու հատկացվել պարի և ձյուդոյի խմբակների համար:

Ահա, այսպես, տարբեր աշխատանքներ են իրագործվում, նախաձեռնություններ կյանքի կոչվում, ինչի արդյունքը տեսանելի է: Խոշորացված համայնքը համաչափ զարգանում է, բոլոր բնակավայրերում էլ հավասարաչափ աշխատանքներ են տարվում: Կենտրոնացված գումարները հնարավորություն են տալիս ավելի շատ գործ անելու և ծրագրեր կյանքի կոչելու: Գլխավորը, ըստ Կառլեն Հովհաննիսյանի, աշխատանքների ճիշտ կազմակերպումն է, ճիշտ ղեկավարումը, պատշաճ կարգուկանոնի, աշխատանքային կարգապահության հաստատումը և յուրաքանչյուրի պատասխանատվության բարձրացումը: Եթե համայնքի ղեկավարը չկարողանա ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ ղեկավարել, առաջացած խնդիրների արդյունավետ լուծումներ չգտնել, ապա արդյունքի չի հասնի:

Համայնքապետի խոստովանությամբ, պետք է անհապաղ ազատվել վարչական այն ղեկավարներից, որոնք ամեն կերպ խոչընդոտում են համայնքում իրականացվող աշխատանքներին. <<Տեղերում իրականացվող մեր աշխատանքները որոշ գյուղերի վարչական ղեկավարների սրտով չեն: Հասկանալի է, իրենք ժամանակին չեն արել և չեն էլ ուզում, որ մենք անենք: Չէ՞ որ ժողովուրդը տեսնում ու հասկանում է` եթե սա կար, ապա նախկին ղեկավարներն ինչու չէին անում, այդ ինչպես եղավ, որ հիմա արվում է… Այս իրավիճակից ելքը մեկն է` ազատվել նման վարչական աշխատողներից: Այս գործընթացն այսօր արվում է, այն անձը, ով խանգարում է մեր կողմից տարվող աշխատանքներին, պետք է հեռանա, թողնի զբաղեցրած պաշտոնը…>>:

Կառլեն Հովհաննիսյանի խոսքով, աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում բնակիչը որևէ խոչընդոտի չի հանդիպի, անկախ այն բանից` խոշորացված է համայնքը, թե ոչ: Այս պարագայում բնակիչն իր հերթին կօգնի ղեկավարին, որպեսզի առկա խնդիրները հեշտությամբ հաղթահարվեն. <<Մենք հենց այս ուղղությամբ էլ շարժվում ենք: Մեր ժողովրդի խնդիրները լավ գիտենք, աշխատում ենք նրա պահանջները բավարարել: Մարդը պիտի հոգեպես հանգիստ լինի, ապահովության զգացում ունենա, որպեսզի հանգիստ խղճով զբաղվի իր հողով, իր տնտեսությամբ: Մենք կոչված ենք դրա համար: Համայնքում կարկտահարություն եղավ, բնակիչները ճանապարհ փակեցին, մարզպետը եկավ, հարցը կարգավորեցինք: Հանձնաժողովն աշխատում էր վնասի փոխհատուցման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ կազմելով, որը ներկայացվել է կառավարություն: Կարկտահարությունը բավականին մեծ վնաս է հասցրել Մարմարիկ, Աղավնաձոր և Մեղրաձոր գյուղերին: Ակնկալում ենք կառավարության աջակցությունը…>>:

Մեղրաձորի համայնքապետը համոզված է, որ այսօրվա կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում և երկիրը տանում է զարգացման ուղիով: Եթե մարդիկ թիկունք լինեն վարչապետին, օգնեն, ապա ավելի շուտ կհասնենք ցանկալի հաջողության: Այո°, պետք է օգնել, այլ ոչ թե փնովել, եթե ուզում ենք, որ մեր երկիրը լավ ու հզոր լինի: Մեր երկիրը մեր տունն է: Ժողովուրդն իրեն պաշտպանված է զգում այսօր, չի արհամարհվում իշխանությունների կողմից, ինչպես դա, ցավոք, նախկինում էր: Առայժմ ցավոտ է մնում աշխատատեղերի խնդիրը, դա էլ, ինչպես համոզված է Կառլեն Հովհաննիսյանը, ժամանակի ընթացքում կլուծվի, միայն թե ամեն մեկն իր տեղում ճիշտ աշխատի…

SHARE