Ծրագրերը կյանքի են կոչվում

0
96

Համայնքի զարգացումն ապագայի հուսադրող նախադրյալների հիմք է ստեղծում

Բնակավայր

Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ղեկավար Ազատ Ավետիսյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց, որ ընթացիկ տարվա հունիսի 10-ին կայացած ՏԻՄ ընտրությանն է ընտրվել:

-3067 բնակիչ ունեցող Այգեզարդում 2853 ընտրող կա,- նշեց պարոն Ավետիսյանը:- Ընտրությանը մասնակցող 1660 ընտրողից ինձ ձայն է տվել 584-ը: Համամիտ չեմ այն կարծիքին, թե գյուղում ով մեծ ազգ ունի, նա էլ ընտրվում է: Իմ օրինակը դրա մասին է վկայում: Առաջադրվել եմ ընկերներիս առաջարկով և ընտրվել: Նպատակս իմ ուժերն ու հնարավորությունները համայնքի շենացման գործին ներդնելն է: Իսկ խնդիրներ համայնքում շատ կան: Աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում աստիճանաբար կհասնենք դրանց լուծմանը: Գարնանը ընթացք կտրվի ճանապարհների ասֆալտապատմանը: Կենտրոնական ճանապարհի (1,9 կմ) ասֆալտապատումն սկսվել է նախկին գյուղապետի օրոք: Հանրային քննարկումների արդյունքում որոշվեց դեպի գերեզմանատուն տանող` Հունան Ավետիսյանի փողոցը (250 մ) նույնպես ասֆալտապատել: Այս հարցն իմ կողմից բարձրացվել է, և ՀԲ-ի ծրագրում այն կընդգրկվի: Արդյունքում նաև շուրջ 100 երեխա հնարավորություն կունենա բարեկարգ ճանապարհով հաճախելու դպրոց: Հաջորդ կարևոր խնդիրը մշակույթի տան վթարային շենքի հիմնանորոգումն է: Գյուղում տաղանդաշատ երեխաներ ունենք, և նրանց համար ներկայումս համայնքի միջոցներով նորոգում ենք մշակույթի տան ճեմասրահը, որպեսզի փոքրիշատե տանելի պայմաններում անցկացնեն իրենց պարապմունքները: Ամբողջ շենքը վերանորոգելու հնարավորություն չունենք, դիմել ենք կառավարություն` հուսալով, որ կաջակցեն մեզ այդ խնդրում: Ի դեպ, մշակույթի տանն է գործում արվեստի դպրոցը, որտեղ մոտ 50 երեխա է հաճախում: Մի մասն էլ, պայմաններից ելնելով, ստիպված հարևան գյուղերի համապատասխան հաստատություններում են սովորում: Վերջերս թեև արվեստի դպրոցի պատուհաններն ենք մեր միջոցներով փոխել, բայց պայմաններն էլի այն չեն: Գործում է պարի խումբ, ունենք դհոլի, դաշնամուրի, նկարչության խմբակներ: Ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված բողոքներ ունենք <<Վեոլիա ջրից>>: Ոչ առավոտը, ոչ էլ երեկոյան ջուր կա: Գրաֆիկը պետք է վերանայվի, ժամերն ավելացվեն: Նշեմ, որ 2014-ին խմելու ջրի ներքին ցանցն ամբողջովին վերանորոգվել է: <<Վեոլիա ջրի>> պատճառաբանությունն այն է, որ ջրի ընդհանուր քանակը նվազ է, չի բավարարում: Քանի որ տարին չորային էր, խնդիրներ առաջացան ոռոգման հետ կապված: Զովաշենի ջրամբարի ջուրը ողջ տարածաշրջանին չի բավարարում, պոմպերով Արաքս գետից են ջուր մղում: Ժամանակ առ ժամանակ պոմպերը փչանում են` դժվարին վիճակի պատճառ դառնալով…

Համայնքապետն ընդգծեց, որ նախընտրական շրջանում իր կողմից առաջադրված ծրագրերի մեծ մասն արդեն կյանքի է կոչվել: Վերանորոգել են նաև դաշտամիջյան ճանապարհները, վերագործարկվել են հուշահամալիրի տարածքում գտնվող ցայտաղբյուրները: Բարեկարգել ու մաքրել են համայնքային այգին: Ծառերի էտումից հետո կլուծեն նաև գիշերային լուսավորության հարցը, հանրային զուգարան կտեղադրեն: Ֆուտբոլի թիմ են ստեղծել: Ավագների համար ուխտագնացություն են կազմակերպել դեպի Նորավանք: Մեծ շուքով գյուղի 190-ամյակն է նշվել: Ուսուցչի տոնի առթիվ 60 մանկավարժի համար մեծարման երեկո է կազմակերպվել: 5 փողոցի գազաֆիկացման հարցը պետք է անպայման լուծվի: Քննարկումներ են ընթանում նոր սերնդի լուսավորության համակարգերի տեղադրման ուղղությամբ և այլն:

-Միաժամանակ, շատ կարևոր խնդիր եմ լուծել,- հավելեց Ազատ Ավետիսյանը:- Խնդիր, որն ըստ էության անլուծելի էր համարվում: Գինու գործարանին հարակից հանրակացարանում ապրող 5 ընտանիք չուներ անշարժ գույքի սեփականության վկայական, ինչի պատճառով չէր կարողանում օգտվել գազի կոմունալ ծառայություններից: Կադաստրի հետ լուծել ենք նրանց սեփականության վկայականի հարցը, մնում է իրենք մնացած թղթաբանության խնդիրները կարգավորեն: Մանկապարտեզ դիմող երեխաների թիվը մեծ է (առայժմ հաճախում է 64 փոքրիկ), ուստի մտածում ենք 3-րդ խումբ բացելու մասին: Ուսանողների համար առանձին ավտոբուս է, իմ խնդրանքով, տրամադրվել, որը պատշաճ սպասարկում է իրականացնում…

Համայնքապետը հուսով է, որ առկա խնդիրները ժամանակի ընթացքում անպայման կլուծվեն, ինչում իրենց ներդրումը կունենան ինչպես համայնքի բնակիչները, այնպես էլ արտերկրում գտնվող իրենց համագյուղացիները:

SHARE