Կաթնաղբյուրում անգործ մարդ չես գտնի

0
1

Հավատով ու հույսով են լցված գյուղի վաղվա օրվա հանդեպ

Բնակավայր

Կոտայքի մարզի Կաթնաղբյուր համայնքը Քաջիկ Ասատրյանը ղեկավարում է 2005 թվականից: Այս տարիներին համայնքի սուղ միջոցներով բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել: Ասֆալտապատում է արվել, 800 գծամետր խմելու ջրի ջրագիծ անցկացվել, այդ նույն փողոցում 550 գմ գազատար խողովակ է տարվել: Գյուղը գրեթե ամբողջությամբ գազաֆիկացված է: Ճանապարհները 2005-06 թթ. քանդված ու անմխիթար վիճակում էին: Ամեն տարի խճապատում, բարեկարգում է իրականացվում: Փողոցների գիշերային լուսավորություն է անցկացվել, նախապես մոտ 30 հենասյուն է տեղադրվել, այս տարի, ինչպես ամեն տարի, ևս 20-ն ավելացվում է: Տնտեսումների հաշվին կարողանում են տարեցտարի այդ ցանցն ընդլայնել:

Համայնքի ղեկավարի ուշադրությունը կենտրոնացած է ոռոգման համակարգի վրա, որը 1970-ականների փակ ցանց է: Ամեն տարի այս ոլորտում վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Ընդ որում, ամեն տարի 200-300 գմ նոր ջրագծեր են անցկացվում թե’ սևահողեր և թե’ ջրային կոչվող հանդամասերում: 20 տնամերձ հողամասերում 400 մ նոր ջրագծեր են անցկացվել: Համայնքապետարանի կողմից ամեն հնարավորն արվում է, որպեսզի գյուղացին ժամանակին կարողանա ոռոգում իրականացնել: Կամարիս գյուղից 250 մ առանձին ջրագիծ է բերվել` գյուղացու կարիքները բավարարելու համար:

Կաթնաղբյուրում պատշաճ է նաև աղբահանության իրականացումը: Ամենօրյա ուշադրություն է դարձվում դրան, այս խնդիրը ևս համայնքի ղեկավարի մշտական վերահսկողության տակ է: Աղբահանությունը 2006-ից է կատարվում, շաբաթը 2-3 անգամ` կախված աղբի ծավալից: Քաջիկ Ասատրյանը ցավով նկատեց, որ գյուղում գնալով նվազում է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: Եթե 2006-07 թթ. ունեցել են մոտ 280 գլուխ, ապա այսօր արդեն այդ թիվը հասնում է 60-70-ի: Հիմնական պատճառը արոտավայրերի պակասն է, ինչպես նաև անասնապահ` նախրապան, չունենալը: 

Համայնքապետի տեղեկացմամբ, գյուղում զարգացած է այգեգործությունը, բայց բերքի իրացման խնդիրը մնում է չկարգավորված: Մանավանդ, երբ կարկտահարության պատճառով բերքը կորցրած է լինում ապրանքային տեսքը: Մասնավորապես, այս տարի բավականին տուժել են աղետից, և եղած բերքը հնարավոր չէ իրացնել շուկայում, իսկ վերամշակող ձեռնարկություններն էլ չեն ընդունում: Ստիպված ինչ-որ ճար գտնում են:

Մարդկանց զբաղվածությունը, աշխատանքով ապահովվածությունը, կարելի է ասել, բավարար է: Գործում են ռեստորանային համալիրներ, որտեղ հիմնականում կանայք են աշխատում: Ինչպես պարոն Ասատրյանը հավաստիացրեց, համայնքում այսօր անգործ մարդ չես գտնի: <<Վեոլիա ջրի>> հիմնական աղբյուրները Կաթնաղբյուրից են սկիզբ առնում դեպի Երևան, այստեղ ևս աշխատանք կա գյուղացիների համար: Գյուղում հարգի է նաև շինարարի գործը, և կաթնաղբյուրցիները նաև այս ոլորտում են իրենց լավագույնս դրսևորում: Մի խոսքով, այստեղ մարդկանց զբաղվածության խնդիր գրեթե չկա: Մարդիկ ժամանակին վճարում են իրենց հարկերը:

-Գյուղը շատ համերաշխ է,- նշեց Քաջիկ Ասատրյանը:- Ամեն մեկն իր գործով է զբաղված: Մենք էլ մեր հերթին օգնում ենք մարդկանց կարիքի դեպքում, յուրաքանչյուրի կողքին կանգնած ենք: Նյութապես օգնում ենք կարիքավոր ընտանիքներին: Ջանում ենք, ելնելով մեր վիճակից, ամեն լուման նպատակային ու արդյունավետ օգտագործել:

Խոսելով խնդիրների մասին, պարոն Ասատրյանը մտահոգություն հայտնեց` հատկապես մատնանշելով մշակույթի տան բացակայությունը: Մտահոգիչ է նաև դպրոցի վիճակը, որի շենքը 1960-ականների կառույց է, ոչ տիպային, և այսօր արդեն լիարժեք շահագործման համար ոչ պիտանի: Թեև զգալի ներդրումներ են արել շենքի նորոգման ու այլ խնդիրներ լուծելու համար, այդուհանդերձ, գյուղի համար այսօր օրակարգային է դպրոցական նոր շենքի կառուցումը: Հետևողական ջանքերի արդյունքում, ի վերջո, նախատեսված է 2020 թ. պետական բյուջեի միջոցներով դպրոցի երկհարկանի նոր շենք կառուցել:

Մանկապարտեզի հետ էլ խնդիր ունեն: Չի գործում, քանի որ շենքը շատ հին է, հիմնանորոգման ենթակա: Համայնքի սուղ միջոցներով հնարավոր չէ դա կյանքի կոչել: Դիմել են պատկան մարմինների միջամտությանն ու աջակցությանը: Ոռոգման ցանցի խնդրով էլ են դիմել, այն ներառել են հրատապ ծրագրերի մեջ, առայժմ գումարի հատկացման ձգձգման պատճառով աշխատանք չի տարվում: Գյուղապետարանի շենքը 1930-ականների կառույց է, 2006-ին վերանորոգվել է, գույք է ձեռք բերվել, տանելի պայմաններ են ստեղծվել:

Քաջիկ Ասատրյանի խոսքով, Կաթնաղբյուրը թանգարան է բաց երկնքի տակ, գեղատեսիլ վայրում տեղավորված և, միաժամանակ, մայրաքաղաքը խմելու ջրով ապահովող կենարար աղբյուր: Ահա թե ինչու կաթնաղբյուրցին արդարացի հույսեր է փայփայում, որ երկրի իշխանություններն ականջալուր կլինեն իրենց հոգսերին և հնարավորինս կթեթևացնեն գյուղացու հոգսերը, կաջակցեն լուծելու առաջնահերթ կարևորության խնդիրները:      

SHARE