Կամարիսը շինարարների գյուղ է

0
214

Այստեղ ոչ պակաս հաջողությամբ նաև գյուղոլորտն է զարգանում

Զարգացում

Կոտայքի մարզի Կամարիս համայնքի ղեկավար Գոռ Հակոբյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 3 տարի: Նախ ընդգծեց, որ շատ է կարևորում ինչ-որ աշխատանք սկսելու համար ֆինանսական միջոցներ ունենալու անհրաժեշտությունը, բայց ամենակարևորը բնակիչների համախմբվածությունն ապահովելն է: Ըստ նրա, չկա այդպիսի գործ, որ չկատարվի, եթե, իհարկե, պահանջվող աջակցությունը, պայմանները կան: Մարդուն անպայման պետք է տալ հնարավորություն, որպեսզի կարողանա աշխատել և ապահովել ընտանիքի հանապազօրյա հացը.

-Մենք ի սկզբանե կարևորել ենք դա, և պիտի ասեմ, որ հաջողության ենք հասել: Լավ ընկերների ձեռք բերեցինք, ովքեր ներդրում արեցին համայնքում: Վստահելով մեզ, բանավոր պայմանավորվածության համաձայն, 4 մլն եվրոյի ներդրում արվեց և բացվեց 150 աշխատատեղ: Եվս 150 աշխատատեղ բացելու ուղղությամբ ենք արդեն քայլեր ձեռնարկում: Երբ մարդն աշխատում է, վաստակում իր ապրուստի միջոցները, բնականաբար, փոխվում է նաև նրա կենցաղը, բարելավվում են կյանքի պայմանները և այլն: Դրանում արդեն համոզվել ենք, հատկապես այն պահից, երբ գյուղում հիմնադրվեց ջերմոցային տնտեսությունը: Կանանց զբաղվածության խնդիրը, կարելի է ասել, լուծված է: Շատ ծրագրեր ունենք, որոնք պիտի անպայման կյանքի կոչենք: Ներդրողն իմ լավ ընկեր Ալիկ Առաքելյանն է` լավ մարդ, լավ գործատու: Ծնունդով Գորիսից է, բնակվում է Երևանում, բայց Կամարիսն իր համար հարազատ գյուղ է դարձել: Շատ մեծ գործ է անում մեզ համար, արժանի է մեծարանքի ու գնահատման: Նրա ծրագրերին աջակից ենք ու պատրաստակամ ընդլայնելու մեր համագործակցությունը: Ունենք “Rockberry” ընկերություն, որը ելակի աճեցմամբ զբաղվող ջերմատուն է (5 հեկտար): Ժամանակակից սարքավորումներով հագեցած, ամբողջովին ավտոմատացված արտադրություն է, որը տարածաշրջանում կարելի է եզակի համարել: Կամարիսի ելակն արդեն արտահանվում է ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա: Այս ջերմատան շնորհիվ Կամարիսը մեծ ճանաչում ձեռք բերեց: Ներկայումս ջանում ենք մոշի, ազնվամորու ջերմատուն ևս կառուցել, որի դեպքում 60-70 նոր աշխատատեղ կունենանք: Մարդկանց զբաղվածությունը ողջ տարին է: Ջերմատներում նվազագույն աշխատավարձը 120 հազար դրամ է:

Խոսելով մնացած աշխատանքների մասին, պարոն Հակոբյանը նշեց, որ ջրագծեր են անցկացրել: Մոտ 300 տնտեսություն նոր խողովակներով խմելու ջուր է ունեցել: Կարգավորվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Վերջին 3 տարում գյուղը մանկապարտեզ է ունեցել, մշակույթի տուն, որը լավ արդյունքներ է գրանցել նաև դրսում: Գործում է 5 խմբակ` պարի, երգի, շախմատի և այլն: Այս խմբակներ հաճախող երեխաների թիվը հասնում է 130-ի: Մանկապարտեզ 120 երեխա է հաճախում, 60-ը` հարևան համայնքներից: Եղած բյուջեն ճիշտ բաշխելու արդյունքում հնարավոր դարձավ ոչ միայն երեխաների թիվն ավելացնել (ոչ թե 20, այլ 120), այլև աշխատողներինը (5-ի փոխարեն` 18): Մանկապարտեզի պայմանները բարձրակարգ են: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներդրումով խաղահրապարակ է կառուցվել:

-Մեր ամենամեծ ուշադրությունը,- շարունակեց համայնքի ղեկավարը,- մանկապարտեզի և դպրոցի հանդեպ է: Մտադիր ենք նոր մոդուլային դպրոց ունենալ: Կա նման ծրագիր, որին մասնակցելու ենք և անպայման նոր դպրոց ենք կառուցելու: Մատաղ սերնդի նկատմամբ հոգածությունն առանձնահատուկ պետք է լինի: Լավ մասնագետների պակաս ունենք այսօր, և եթե դպրոցն իր բարձրության վրա լինի, ապա նման խնդիր չի առաջանա: Դրա համար դպրոցը պետք է անհրաժեշտ պայմաններով ապահովված լինի: Ջանում ենք մեր հնարավորության սահմանում լրացնել եղած բացը` կրթական բարձր արդյունքներ ունենալու համար: Ցավոք, մեր դպրոցի շենքը փլուզման եզրին է, 4-րդ կարգի վթարային է, վտանգավոր: Առաջիկա 2 տարում այդ հարցը պետք է լուծվի: Լավ դպրոցը գյուղի զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է: Ունենք ջրի, լուսավորության, ճանապարհների ու այլ խնդիրներ, և յուրաքանչյուրն իր ժամանակին պետք է լուծում ստանա: Համայնքը պետք է հավասարաչափ զարգանա և փոփոխությունները շոշափելի լինեն:

Անդրադառնալով ընթացիկ տարվա անելիքներին, Գոռ Հակոբյանը նշեց, որ պետբյուջեի միջոցներով 1,1 կմ ասֆալտապատում կիրականացնեն: Ծրագիր ունեն` ոռոգման ջրի հետ կապված, աշխատանքներն արդեն իսկ սկսվել են. <<Գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի: Մարդկանց պետք է հնարավորություն տալ, որպեսզի զբաղվեն հողագործությամբ, իսկ առանց ոռոգման ջրի դա անհնարին է: Քանի որ գյուղը թեք ռելիեֆի վրա է, ուստի փորձում ենք խորքային հորերի միջոցով լուծել տվյալ խնդիրը: Ունենք ծրագիր, կլուծենք 200 հեկտար տնամերձերի ոռոգման հարցը: Խմելու ջրի հարցում ևս դեռևս անելիք ունենք: 600 մ ջրագիծ պետք է փոխենք` շուրջ 80 տնտեսության կարիքները բավարարելու համար: Նախ դա պետք է անենք, ապա անցնենք ասֆալտապատմանը: Արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում ենք սուբվենցիոն ծրագրերին: Նախորդ տարի 19 մլն դրամի աշխատանք է կատարվել, խմելու ջրի 1,1 կմ խողովակ է անցկացվել, ինչի արդյունքում մոտ 250 տնտեսության խմելու ջրի հարցն է լուծվել…>>:

Կամարիսը շինարարության ոլորտում ճանաչված գյուղ է, շատ վարպետներ ունի, ովքեր արժանի հարգանք են վաստակել նաև այլ բնակավայրերում: Նրանց ձեռքերով նաև եկեղեցիներ են կառուցվում Ռուսաստանում: Տղամարդկանց մոտ 70 տոկոսը բնակարանաշինությամբ է զբաղվում տարբեր բնակավայրերում: Կամարիսն, իրավամբ, շինարարների գյուղ է: Վարպետ Ժորայի առաջարկով և ամբողջ գյուղի ակտիվ մասնակցությամբ գյուղի կենտրոնում խաչքար է տեղադրվել` ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի: Նրա անվամբ նաև ցայտաղբյուր է կառուցվել: Կամարիսցիներն աշխատասեր են, կառուցող ու ստեղծարար:

Գոռ Հակոբյանը, լավ ղեկավար լինելով հանդերձ, նաև հրաշալի ընկեր է, ընկերական մեծ շրջապատի տեր. <<Ընկերներս հաճախակի են նեղանում ինձանից, որ զբաղված լինելով աշխատանքով, չեմ կարողանում գոնե որոշ ժամանակ նվիրել իրենց: Այդպես է, քանի որ համայնքում գործերը շատ են, հազիվ եմ հասցնում: Ընկերներս, փառք Աստծո, մտնում են իմ դրության մեջ: Կարևորն, ինչ խոսք, գործն է, աշխատանքը, Մենք ուրախանում ենք միմյանց հաջողություններով, և յուրաքանչյուրն իր հերթին նպաստում է, որպեսզի երբևէ գործը չտուժի: Ժողովուրդը, փառք Աստծո, տեսնում ու գնահատում է, ինչից անկեղծորեն լավ եմ զգում ինձ: Շատ ընկերներ ունեմ նաև ԱՄՆ-ում և ՌԴ-ում, մշտական կապի մեջ ենք: Ընկերներս ոգևորում են ինձ, աջակցում, որպեսզի ձեռքբերումներս ավելանան, նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչվեն…>>:

Մարզային իշխանությունների հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ մեր հարցադրմանն ի պատասխան պարոն Հակոբյանն ասաց.

-Ճիշտն ասած, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շատ ոգևորված է աշխատում, շատ հայրենասեր է, ինչը նկատել եմ նրա առաջին իսկ քայլերից: Նրա միջամտությամբ, կարելի է ասել` կայծակնային արագությամբ, մենք կարողացանք 2 ամսվա ընթացքում 40-50 մլն դրամի ներդրումներ ապահովել Կամարիսում: Դրանից շատ գոհ ենք ու ոգևորված: Մեր կողմից բարձրացված ցանկացած հարց չի անտեսվում…

Գոռ Հակոբյանը ոչ այնքան խոսքով, որքան գործով է մարդկանց ոգևորում, ցույց տալիս, որ աշխատանքով կարելի է ամեն ինչի հասնել: Կարողանում է աշխատանքները ճիշտ կազմակերպել, հետևողական լինել: Հարկ է նշել, որ այս փոքր համայնքի ներսում ավտոբուս է գործում, որը մարդկանց անվճար հասցնում է աշխատավայր` ջերմատներ: Մարդկանց դեմքերին ժպիտ, գոհունակություն տեսնելը համայնքի ղեկավարն իր ամենամեծ ձեռքբերումն է համարում: Աշխատող, ձգտող մարդուն պետք է տալ այդ հնարավորությունը, օգնել, որ նա սեփական քրտինքով կարողանա իր և ընտանիքի արժանապատիվ գոյությունը պահել:    

Համայնքապետը մեծապես կարևորում է գյուղատնտեսության ճյուղի զարգացումը և մեր երկրի ապագան կապում է դրա հետ: Եթե ուզում ենք զարգացում ու առաջընթաց ունենալ, ապա պետք է ներդրումների առյուծի բաժինն ուղղորդենք դեպի գյուղատնտեսություն: Այս ճանապարհով կկանխենք արտագաղթը և մարդուն ամուր թելերով կկապենք իր ծննդավայրի հետ:

Վերջում ուզում ենք մի խնդրի մասին բարձրաձայնել, որը կամարիսցիներին դժվարին վիճակի առաջ է կանգնեցրել: Անբարենպաստ տարվա հետևանքով մարդիկ վերցրած գյուղվարկերը չեն կարողացել փակել, ինչը և պատճառ է դարձել, որ արգելանք դրվի ողջ գույքի, այդ թվում` հողատարածքների վրա: Իսկ, ինչպես գիտենք, հարկադիրով սահմանափակված հողակտորները ենթակա չեն որևէ կերպ օգտագործման: Այս խնդրով համայնքապետարանը դիմել է կառավարություն, և արդեն փորձում են ընդունելի լուծումներ գտնել: Դրական ելքի դեպքում ներդրումային նոր ծրագրերի իրականացման հնարավորություն կստեղծվի…   

SHARE