Կա հավատ և վստահություն

0
37

Համայնք

Որ լավ գործերով կհասնեն ավելի մեծ հաջողությունների

-Ծովազարդը ղեկավարում եմ 2016 թվականից,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Արամայիս Ենգոյանը:- Պետք է նշեմ, որ համայնքն ընդունել եմ մի շարք լրջագույն ու հրատապ լուծում պահանջող խնդիրներով: Չունեինք հանդիսությունների սրահ, որտեղ հնարավոր լիներ գոնե հոգեհացի արարողություններ անցկացնել: Դա առաջնահերթ խնդիր էր և գյուղի համար շատ կարևոր: Կառուցեցինք այն` իր առանձին խոհանոցով, համալրելով գույքով, սպասքով: Հաջորդը` վերանորոգեցինք մանկապարտեզը, ջեռուցման խնդիրը լուծեցինք, և այսօր հրաշալի մանկապարտեզ ունենք (2 խումբ, 52 երեխա): Մեր բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ չունենք գետ, առուներ, արոտներն էլ հեռագնա են` գյուղից 5-6 կմ հեռու: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ (95 մլն դրամից 5 մլնը համայնքի ներդրումն էր) գյուղից 5 կմ հեռավորության վրա ջրագիծ կառուցվեց, ինչպես նաև` պոմպակայան: Այնտեղից ջուրը մղում ենք 5 կմ, և այդ սարատեղում, միմյանցից 1 կմ հեռավորության վրա խմոցներ են տեղադրվել` մշտական ջրով: Դա նպաստեց անասնապահության զարգացմանը: Կարևոր խնդիրներից էր նաև կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը, որը մեծ գումարների հետ էր կապված: 2019 թ. սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատեցինք 1 կմ 208 մ ճանապարհահատված, որը շատ լուրջ առաջընթաց էր գյուղի համար: Բազմաթիվ այլ խնդիրներ ևս լուծվել են այս ընթացքում: Երկրորդական ճանապարհներն են խճապատվել և հնարավորինս բարեկարգվել: Նույնը` դաշտամիջյան ճանապարհների առումով: Շարունակել ենք արտաքին լուսավորության անցկացումը (700 մ, 50 լուսատու <<Լեդ>> էներգախնայող լամպեր): Այս աշխատանքը շարունակվում է, այնպես որ տարեցտարի կունենանք լուսավորության լիարժեք համակարգ…

Խոսելով բնակիչ-համայնքապետ փոխհարաբերությունների մասին, պարոն Ենգոյանը նշեց, որ համայնքի ցանկացած բնակչի խնդիր համարում է իրենը: Չկա այնպիսի բնակիչ, որ ինչ-ո հարցով դիմի իրեն և անպատասխան կամ չբավարարված մնա: Կանգնած է յուրաքանչյուրի կողքին և օգնում, աջակցում է հնարավոր ամեն ինչով: Աշխատասենյակի դուռը մշտապես բաց է բոլորի համար: Մի խոսքով, տվյալ հարաբերությունները, նրա բնորոշմամբ, շատ բարձր մակարդակի վրա են:

Չի կարելի, ինչ խոսք, չնկատել, որ պաշտոնավարման բավականին կարճ ժամանակահատվածում Արամայիս Ենգոյանը հասցրել է շատ ավելին անել և ծանրակշիռ ներդրում ունենալ համայնքի առաջընթացի ու զարգացման գործում: Խոստովանենք, որ նույնը շատ դեպքերում չես ասի երկար տարիներ պաշտոնավարած, բազմափորձ որոշ համայնքապետերի հասցեին: Ա. Ենգոյանի հավաստիացմամբ, եթե համայնքի ղեկավարը սրտացավ ու աշխատասեր է, ապա անպայման կկարողանա լուծել համայնքի առջև ծառացած կենսական խնդիրները և հաջողություններ արձանագրել: Պետք է աշխատել, պատասխանատվություն ունենալ, բարեխղճություն հանդես բերել և բնակիչների հետ համատեղելով ջանքերը` գործերն առաջ տանել: Առանց աշխատանքի, առանց չարչարանքի ու նվիրումի լավ ոչինչ չես ունենա: Մանավանդ, եթե պաշտոնյա ես և մարդկանց վստահության ու հավատի շնորհիվ նման դիրք ես գրավում հասարակության մեջ:

Նրա համոզմամբ, համայնքապետից պահանջվում է, այսպես ասած, սրտացավություն, բյուջեի ֆինանսական միջոցների խնայողություն, այդ խնայողությունները համայնքի կարիքներին նպատակաուղղելու կամք ու ջանասիրություն: Միայն այդ կերպ` տնտեսելով, յուրաքանչյուր լումա ճիշտ, արդյունավետ օգտագործելով կլուծվեն համայնքի առջև ծառացած խնդիրները: Այս հանգամանքը մեծապես կարևորելով, Արամայիս Ենգոյանը միաժամանակ խոսեց ընկերության մասին:

-Ընկերության խորհուրդը շատ մեծ է իմ կյանքում,- մատնանշեց նա:- Այն մարդը, ով ընկեր չունի, կարծում եմ, կյանքում ոչ մեկի պիտանի չէ: Համայնքի ղեկավարի պարագայում դա առավել քան կարևոր է, քանի որ միայն ընկերական շրջապատի շնորհիվ է հնարավոր շատ հարցեր լուծել և գյուղի համար լավ գործեր անել: Ընկերությունը վերին գաղափար է, և ես շատ լուրջ ու նուրբ եմ վերաբերվում այդ հարցին: Այնպես էլ չէ, որ ամեն մարդու կարող ես քեզ ընկեր համարել: Ընկերը պետք է ամեն օրվա լինի, օրվա 24 ժամը քեզ համար հասանելի լինի: Ընկերություն անելիս ամենաշատ կարևորում եմ ազնվությունը, տանել չեմ կարողանում սուտն ու կեղծիքը: Եթե մարդուն ընկեր ես համարում, ուրեմն պարզ ու շիտակ պետք է լինի հարաբերություններում ամեն ինչ: Ունեմ բազմաթիվ ընկերներ: Ամեն առումով կանգնած ենք միմյանց կողքին: Պետք է անկեղծ խոստովանեմ` խոշորագույն ծրագրեր են համայնք բերվել հենց ընկերական շրջապատի շնորհիվ, ինչն անչափ գնահատելի է: Մարդու կյանքն անիմաստ ու աննպատակ կլիներ, եթե ընկերության չձգտեր, ընկերներ չունենար: Պարզ ու շիտակ ընկերություն, որն ամեն ինչ արժե: Ընկերությունը փոխադարձություն է ակնկալում, առհասարակ, ոչ մի փոխհարաբերություն առանց փոխադարձության չի լինում: Ընկերությունը պետք է պահել, պահպանել…

Ծովազարդն, անշուշտ, դեռևս խնդիրներ ունի լուծելու, ինչի մասին երբևէ չի մոռանում համայնքի ղեկավարը: Ասֆալտապատման աշխատանքներ կան, մշակույթի տունը պետք է վերանորոգվի: Ոռոգման հետ կապված խնդիրներ ունեն: Այսինքն, այնպիսի ծրագրերի լուծման պետք է առաջիկայում ձեռնամուխ լինեն, որոնք գյուղի առավել զարգացման ու առաջընթացի երաշխիք կդառնան: Ամենակարևորը` կա հավատ և վստահություն լավ ապագայի հանդեպ… 

SHARE