Համախմբված ու միասնական Մրգավան

0
833

Համայնք

Նման պայմաններում բոլոր խնդիրները լուծելի են, հաջողությունները` երաշխավորված

Արդեն 20 տարի շարունակ Հիսուս Քրիստոսի Հարության` Սուրբ Զատիկի հրաշափառ տոնը Մրգավան գյուղում նշվում է մեծ շուքով, կարելի է ասել` գյուղովի, նաև հյուրերի մասնակցությամբ: Այս անգամ հրավիրվածների թվում նաև <<Ընկերն>> էր:

Տոնը, իսկապես, համայնքապետարանի և համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի ջանքերի շնորհիվ մեծ հանդիսության էր վերածվել ողջ գյուղի, ողջ բնակչության համար: Սուրբ Հակոբ եկեղեցու բակը բազմամարդ էր, ուրախությամբ ու ջերմությամբ լցված: Ծիսական զատկական արարողությունից հետո եկեղեցու բակում շատ գեղեցիկ համերգային ծրագրով հանդես եկավ գյուղի պարային համույթը, հնչեցին նաև երգեր ու երաժշտական կատարումներ: Դրան հաջորդեց ավանդական դարձած մատաղի արարողությունը, որն անցկացվեց հանդիսությունների սրահում: Զգացվում էր համայնքի ղեկավարի ջերմ ու սիրալիր վերաբերմունքը գյուղի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ: Առանձնահատուկ հիշատակում արվեց արցախյան պատերազմի զոհերի ու մասնակիցների հասցեին, շնորհակալության խոսք ուղղվեց գյուղի բարերար, Սամվել Վարդանյանի ընտանիքի բարեկամ Հովիկ Ղազարյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր լումա ունեն գյուղի զարգացման գործերում:

Տեր Պարգև քահանա Պալգևորգյան (Մրգավանի ՍուրբՀակոբ  եկեղեցու հոգևոր հովիվ).- Տոնի առթիվ մատուցեցինք սուրբ և անմահ պատարագ, որից հետո կատարվեց հավկիթի օրհնության կարգ և բաժանվեց հավատացյալ ժողովրդին: Մենք նման մեծ տոների առթիվ այսպիսի միջոցառումներ կազմակերպում ենք, որպեսզի ժողովուրդը միշտ զգա և վայելի դրանց ջերմությունը, քաղցրությունը, տոնական մթնոլորտ ստեղծվի գյուղում: Սրանում մեծ ավանդ ունի համայնքապետ Սամվել Վարդանյանը` որպես մեծատառով մարդ: Նա, իրոք, լավ մարդ է, միշտ աջակցում է մեզ, մեր բոլոր միջոցառումներին իր ներդրումն է ունենում, նվիրատվություններ անում: Միշտ պատրաստակամ է լավի ու դրականի կողքին կանգնել, ոգևորել ու խրախուսել: Առիթից օգտվելով, մեր շնորհակալությունն եմ հայտնում նրան:

-Գյուղում ամեն եկեղեցական տոն, ինչպես ինձ պատմել են, այսպիսի շուքով ու հանդիսավորությամբ է անցնում,- ասաց գյուղի կին բնակիչ, ով ընդամենը երեք ամիս է բնակվում Մրգավանում:- Համայնքի ղեկավարը հավաքում է ողջ գյուղը, հյուրասիրություն կազմակերպում, ջերմ ու բարի մթնոլորտ ստեղծում: Շատ գոհ ենք Սամվել Վարդանյանից, ով գյուղի համար շատ բան է արել: Խմելու ջրով ապահովված ենք, գրեթե բոլոր փողոցները լուսավորված են, խոստացել է ճանապարհները խճապատել, բարեկարգել…

-Սա լավ առիթ է,- նշեցին բնակիչներ Աշոտ Բարսեղյանը, Մայիս Խուդավերդյանը և Վազգեն Ստեփանյանը,- որ գյուղացին մի ամբողջ օր կտրվի առօրյա հոգսերից: Հրաշալի օր ենք անցկացնում, միմյանց հանդիպում, ինչը համախմբում է բոլորիս: Այս գեղեցիկ միջոցառման հիմքը դրվել է Սամվել Վարդանյանի հոր` Աշոտ Վարդանյանի ղեկավարման օրոք: Սամվելն արժանի ժառանգորդ է, շատ լավ կազմակերպիչ: Նրանից շատ գոհ ենք: Մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր: Ամենը նրա ուշադրության կենտրոնում է, աչքից ոչինչ չի վրիպում: Կազմակերպված, համախմբված գյուղ է` թե’ իր ժողովրդով, թե’ ղեկավարով: Գյուղում ամեն ինչը տեղը տեղին է, պակաս բան չկա: Լավ մշակույթի տուն ունենք, լավ մանկապարտեզ, ոռոգման ջուր ունենք, աղբահանությունը բավարար կազմակերպվում է…

-Սամվել Վարդանյանն իմ աչքի առաջ է մեծացել,- իր հերթին նշեց Գրիգոր Բաբայանը:- Երեխա ժամանակ էլ շատ լսող, խելացի էր, հարգալից: Հիմա առավելն է, ամբողջ գյուղը գոհ է նրանից և նրա թիկունքին կանգնած է: Թասիբով իր ժողովրդի կողքին է բոլոր հարցերում, ընդառաջում է յուրաքանչյուրին: Անլուծելի խնդիր նրա համար չկա, բոլոր հարցերն էլ լուծվող են: Մարդկային լավ որակներ ունի: Շատ լավ բարերար ունենք` Հովիկ Ղազարյանը, որ իր տղաների հետ միշտ էլ նման տոներին մեզ հետ է, պատրաստակամ օգնելու ինչով կարող է: Սամվել Վարդանյանը ընտիր գյուղապետ է, բոլորի համար սիրելի ու գնահատելի…

Միջոցառմանը ներկա էր նաև նախկին գյուղապետ Արմեն Հարությունյանը, և <<Ընկեր>>-ին հաճելիորեն զարմացրեց այն փաստը, որ ներկա ու նախկին ղեկավարները շատ սերտ, լավ հարաբերություններ ունեն: Դա, ինչ խոսք, գովելի ու խրախուսելի երևույթ է և խոսում է նրանց մարդկային լավ որակների մասին:

-Մեր գյուղը,- նշեց Արմեն Հարությունյանը,- միշտ համախմբված է եղել: Բոլորս միասին ենք, չկա նախկին, ներկա, գործող: Բոլորս միասին տոնում ենք, սա մեր գյուղի ամենալավ, ամենագեղեցիկ տոնն է: Սամվել Վարդանյանի հետ հարաբերությունները շատ լավ են, ընկերական…

Անդրանիկ Կիրակոսյան.- Մրգավանում կառուցում եմ մոտ 200 քմ տարածք ունեցող խանութ: Շատ շնորհակալ եմ համայնքապետարանից և համայնքի ղեկավարից` լավ վերաբերմունքի, աջակցության համար: Ներդրում եմ անում, աշխատատեղեր կբացվեն, լավ կլինի նաև գյուղի համար: Ես տեղի բնակիչ չեմ, բայց կարող եմ ասել, որ մրգավանցին շատ թասիբով, աշխատասեր ու հարգալից է: Սամվել Վարդանյանին ճանաչում եմ մանկուց, լավ մարդ է, լավ ընկեր, լավ ղեկավար: Ոգևորված եմ աշխատում և հուսով եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու…

Սամվել Վարդանյանը, բնականաբար, հրավիրել էր նաև հարևան Վերին Արտաշատի, Դալարի, Քաղցրաշենի, Ջրաշենի, Հնաբերդի և Այգեզարդի համայնքապետերին: Այգեզարդ համայնքի ղեկավար Ազատ Ավետիսյանը, մասնավորապես, ասաց. <<Սամվել Վարդանյանը մեր ընկերն է: Նրան ճանաչում եմ մինչև համայնքապետ ընտրվելը: Լավ որակներ ունի, կազմակերպչական ջիղ, և դա անպայման լավ էլ արդյունքներ է ապահովում: Համախմբված գյուղի դեպքում բոլոր խնդիրները լուծելի են, հաջողությունները` երաշխավորված: Նման տոնի կազմակերպումը մարդու մասին շատ բան է ասում: Ուրախ եմ իմ ընկերոջ համար, որ կարողանում է իսկապես տոն պարգևել իր ժողովրդին, նրա կողքին կանգնած է մշտապես և ցանկացած հարցով աջակից է նրան…

-Մենք բոլորս,- խոսքը եզրափակեց Սամվել Վարդանյանը,- պարտավոր ենք այս սուրբ ավանդույթը պահել ու պահպանել, փոխանցել մեր զավակներին, եկող սերնդին: Շնորհակալ եմ տոնի բոլոր մասնակիցներից, բարեմաղթանքներից: Այս լավ առիթը բոլորիս համար է, բոլորիս համախմբման ու ապագայի նկատմամբ լավատես լինելու համար: Սիրենք միմյանց, հարգալից լինենք իրար հանդեպ և միասին աշխատենք ի բարօրություն մեր երկրի, մեր պետության… 

SHARE