Համայնքային համաչափ զարգացում

0
46

Բարելավում

Նաև այս խնդիրն է մեծապես կարևորվել Ակունք խոշորացված համայնքում

Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքը 2019 թ. արժանացել է տարվա <<Լավագույն գյուղական համայնք>> կոչմանը: Դա, ինչ խոսք, բարձր ու պատվաբեր կոչում է, ինչի առթիվ <<Ընկեր>>-ը շնորհավորում է նրա ողջ բնակչությանը և, իհարկե, համայնքապետ Հունան Ռուբենյանին, ում ներդրումը դրանում, անշուշտ, բավականին մեծ է:

-Մեզ համար ևս,- ասաց պարոն Ռուբենյանը,- որքան անակնկալ էր այդ հաճելի լուրը, նույնքան էլ` սպասելի: Խոշորացումից անցել է երկու տարի: Քրտնաջան աշխատանքի արդյունքում ենք նման պատվի արժանացել: Երբ ցանկանում ես ամեն կերպ քո ծանրակշիռ նպաստը բերել առկա խնդիրների լուծմանը և համայնքի համաչափ զարգացման ապահովմանը, ապա անպայման հաջողության կհասնես, ցանկալի արդյունքը երկար սպասեցնել չի տա: Այս հարցում կարևոր դեր ունի նաև աշխատակազմը, որ ինձ հետ հավասար տքնել ու չարչարվել է, որպեսզի մեր ժողովրդի հոգսերը հնարավորինս թեթևացվեն: Անկախ այդ ամենից, ունենք շատ ծրագրեր, որոնք պետք է հաջողությամբ իրագործվեն: Համայնքի հնգամյա պլանը, փաստորեն, գրեթե երկու տարում կատարել ենք, շատ քիչ բան է մնացել, ինչը մինչև հունիս կյանքի կկոչվի: Այսինքն, երկուսուկես տարում իրականացնելու ենք հինգ տարվա համար նախատեսվածը: Ոչ միայն դա: Ընթացիկ տարում նախատեսված շատ աշխատանքներ պետք է ներառվեն այդ հնգամյա ծրագրի մեջ…

Հետագա մեր զրույցից տեղեկացանք, որ Հունան Ռուբենյանը 1996 թվականից է ղեկավարում Ակունք համայնքը: Այսինքն, այն ժամանակվանից, երբ մեր երկրում սկսվեց տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացը: 2017 թ. նոյեմբերից արդեն գյուղական 8 համայնք միավորվեց և ստեղծվեց Ակունք խոշորացված համայնքը: Միավորվեցին Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Ակունք, Զառ, Սևաբերդ համայնքները: Պարոն Ռուբենյանի տեղեկացմամբ, բացի սուբվենցիոն ծրագրերից, բազմաթիվ ծրագրեր են իրագործվել նաև համայնքի բյուջեի միջոցներով: Մասնավորապես, 2019 թ. Նոր Գյուղի մշակույթի տան դահլիճի ամբողջական վերանորոգում (8 մլն դրամ), Զառի մշակույթի տան տանիքի նորոգում (7 մլն դրամ): Նաև` Նոր Գյուղի 20, 21 փողոցների ջրաֆիկացում (մոտ 2,5 կմ): Տարիների ընթացքում կուտակված աղբն է հավաքվել ու հեռացվել: Հատիսից, օրինակ, <<Կամազ>> մակնիշի բեռնատար 160 մեքենա աղբ է տեղափոխվել աղբավայր, Կոտայքից` 60-70 մեքենա: Նման աշխատանքներ նաև Նոր Գյուղում, Զառում են կատարվել:

Առհասարակ, ողջ տարվա ընթացքում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվում: Կոտայքի վարչական շենքում երկու սենյակ վերանորոգվելուց հետո հատկացվեց բնակիչներին` որպես զբաղմունքի վայր: Այս ամենը, ինչպես ընդգծեց համայնքի ղեկավարը, արվել է  տեղի բյուջեի միջոցներով: Նույն կերպ Զովաշենում ձեռք բերվեց խանութի նախկին շենքը: Ամերիկաբնակ Թագուհու նախաձեռնությամբ (40 հազար դոլարի ներդրում) համայնքային կենտրոն է կառուցվում, արդեն ավարտին է մոտենում: Թագուհին նաև Սևաբերդի դպրոցում մեկ դասասենյակ է վերանորոգել` դարձնելով համակարգչային կաբինետ:

Սուբվենցիոն ծրագրով Հատիսի կարգավորիչ ջրամբարի և խմելու ջրի ցանցի վերանորոգում (ամբողջությամբ) իրականացվեց: Ծրագրի արժեքը` 34 մլն դրամ: Նույն կերպ գյուղի վարչական շենքն է վերանորոգվել` 10 մլն դրամ արժողությամբ: Դարձյալ սուբվենցիոն ծրագրով Կապուտան-Հատիս կապող ճանապարհը (մոտ 700 մ) ասֆալտապատվեց: Համայնքային բյուջեից 1,5 մլն դրամ լրացուցիչ ծախս արվեց սելավատարի ջրահեռացման ապահովման համար: Կապուտանի մանկապարտեզն է կառուցվել: Այս գյուղում խմելու ջրի հետ կապված բավականին ընթացիկ աշխատանքներ են կատարվել, ներտնտեսային ցանցի 800-900 մ խողովակ է փոխվել: Բոլոր գյուղերում սելավատարների մաքրման աշխատանքներ են արվել: Բացի համայնքային ենթակայության կառույցներից, Նոր Գյուղի դպրոցում է աշխատանք կատարվել: Մասնավորապես, վերանորոգվել են դպրոցի առաջին հարկի միջանցքները, նախամուտքն է կառուցվել, ցանկապատի վրա մոտ 2,5 մլն դրամի աշխատանք է կատարվել: Զառի արտաքին լուսավորության լապտերներն են ամբողջությամբ փոխվել <<Լեդ>> տեսակի խնայողական լապտերներով: Այստեղ համայնքի բյուջեով 7 փողոցում գիշերային լուսավորություն է անցկացվել: Ակունքում նախորդ տարի փետրվարին վերագործարկվեց նորացված մանկապարտեզը` 90 երեխայի համար: Կոտայք գյուղում <<Սոս>> մանկական գյուղեր կազմակերպության հետ համատեղ, Ակունք համայնքի ֆինանսավորմամբ, ցերեկային խնամքի կենտրոն բացվեց, նույն` մանկապարտեզի հիմունքներով, առայժմ` 75 երեխայի համար: Զառ գյուղում նաև խմելու ջրի խնդիրն է լուծվել: Սևաբերդի վարչական շենքում 3 սենյակ է վերանորոգվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործազուրկների վարչության հետ համատեղ ծրագրով և համայնքի համաֆինանսավորմամբ: Սևաբերդում 57 մլն դրամ արժողությամբ գազաֆիկացման 8 կմ տարածքի խնդիրն է լուծվել: Ակունքում ասֆալտապատվել են ներհամայնքային մի քանի փողոցներ…

Այնքան աշխատանք է կատարվել, նշեց պարոն Ռուբենյանը, որ դժվար է ու անհնար բոլորը թվարկել: Այս ամենը գալիս է նաև վկայելու, որ խոշորացումն իրապես արդյունավետ ու նպատակային քայլ էր: Արդյունքները տեսանելի են ու նշանակալի: Տարածված կարծիք կա, որ ժողովուրդը դեմ է խոշորացմանը: Ըստ Ակունքի համայնքապետի, եթե ճիշտ կառավարվի, ապա ժողովուրդն այդ խոշորացումն իր վրա չի էլ զգա, քանի որ նույն գործը, առավել արդյունավետ, էլի կատարվում է: Արված աշխատանքն այսօր ժողովրդի համար տեսանելի է: Մեկ տարվա մեջ այնքան աշխատանք է կատարվել համայնքի բնակավայրերում, որ նույն ծավալի աշխատանք նախկինում կատարվում էր մի քանի տասնամյակի ընթացքում: Այսօր բոլոր բնակավայրերը համաչափ զարգանում են աշխատանքի ճիշտ կազմակերպման, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման շնորհիվ: Բացի այդ, եթե նախկինում խնդիրներ կային հարկային հավաքագրումների մասով, ապա այսօր 100 տոկոսով կատարվում են բոլոր անհրաժեշտ վճարումները:

Հունան Ռուբենյանը ոչ միայն լավագույն համայնքի լավ ու բազմափորձ ղեկավար է, այլև շատ լավ ընկեր: Ինչպես ինքն է ասում, եթե մարդ ընկեր չունենա կյանքում, ուրեմն անիմաստ է ապրում կամ անիմաստ ապրել է: Ամբողջ կյանքում նվիրված է եղել ընկերներին, փոխադարձ սիրո ու հարգանքի է արժանացել: Այնպես չէ, որ ամեն ինչ հարթ ու խաղաղ է լինում ընկերների փոխհարաբերություններում: Բանավիճում են, հաճախ անհամաձայնություն հայտնում այս կամ այն հարցի շուրջ, բայց ի վերջո հաղթում է ճիշտը, ինչից ընկերությունն ավելի է շահում: Ուշադիր են միմյանց նկատմամբ, սրտացավ ու հոգատար: Շատ ընկերներ ունի հանրապետությունով մեկ, բոլորի հետ հասցնում է շփվել: Դա, ինչ խոսք, հեշտ չէ, բայց այլ կերպ չի կարող, այլ կերպ չի պատկերացնում իր կյանքը…

Ի դեպ, Ակունքում մեր գտնվելը հաճելի զուգադիպությամբ ավարտվեց: <<Հայաստան>> պարբերականի խմբագրական խորհրդի և աշխատակազմի անունից շնորհավորագիր հանձնվեց Հունան Ռուբենյանին` 2019 թ. <<Լավագույն համայնք>> մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ: Այն հանձնեց պարբերականի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանը: Նշենք, որ Հ. Ռուբենյանն ընդգրկված է <<Հայաստանի>> խմբագրական խորհրդի կազմում:  

SHARE