Այո, իր ժողովրդի ծառան է, ինչի շրջանակները տարիների հետ ավելի են ընդլայնվում…
Կոչում
Շորժա համայնքը /Գեղարքունիքի մարզ/ Սուլիկո Շուշանյանը ղեկավարում է 1996 թվականից և այս անգամ ևս առաջադրել է թեկնածությունը: Ո՞ր ծրագրերն են, արդյոք, կիսատ մնացել և կրկին վերընտրվելու դեպքում ի՞նչն առաջնահերթ կկարևորի հարցին համայնքի գործող ղեկավարը հետևյալ պատասխանը տվեց.

Շորժայի բնակչության թիվը ներկայումս 741 է, բայց ամռան ամիսներին այն հասնում է մինչև 1000-ի: Այն Սևանա լճին ամենամոտ գյուղն է, ամենաշատ արևային օրերով /300-325 օր/ տարածքը: Զբոսաշրջիկների, հովեկների համար հրաշալի վայր է, ինչի արդյունքում ամռանը բնակիչների թիվը քանիցս ավելանում ու ավելանում է: Զբոսաշրջության ոլորտն այստեղ կարող է ավելի շատ զարգանալ, քանի որ, բացի բնակլիմայական նպաստավոր պայմաններից, բնակավայրին մոտ են նաև ավտոճանապարհը, երկաթուղին: Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունն է, անասնապահությունը, որոշ զբաղվածություն ապահովում են նաև հիմնարկները:
-Աշխատածս տարիներին,- շարունակեց պարոն Շուշանյանը,- չի եղել դեպք, երբ գյուղացին որևէ հարցով դիմի համայնքապետարան և անպատասխան մնա կամ չբավարարված հեռանա: Անգամ այն դեպքերում, երբ տվյալ հարցը կամ խնդիրը մեր իրավասության շրջանակից դուրս է եղել: Մերժում, առհասարակ, չի եղել: Տարիների փորձն ինձ մեկ անգամ ևս բերեց այն համոզման, որ համայնքի ղեկավարը պետք է իր ժողովրդի ծառան լինի: Այո, այդ աշխատանքը ծառայություն է, որը տարիների հետ գնալով ավելի ու ավելի է ընդգրկուն դառնում: Սիրում եմ, երբ ծառայում եմ, բարի գործ անում. դա իմ բնույթին շատ համապատասխան է: Բոլորին անխտիր օգնում եմ, անգամ երբ դիմողն, ասենք, կողքի համայնքից է: Այս հարցում կողքիս են ընկերներս: Իսկ ընկերությունն, առհասարակ, իմ կյանքում մեծ տեղ ունի: Հիշենք հայտնի խոսքը` ասա, ով է ընկերդ, ասեմ, թե ով ես դու: Եթե դու ընկեր չունես, ապա դրանում առաջին հերթին ինքդ ես մեղավոր: Բոլոր մակարդակներում ունեմ ընկերական շրջապատ: Տարիների անկեղծ ու նվիրական շփումը մի յուրօրինակ արժեքային համակարգ է ստեղծում այդ մտերմության շուրջ, ինչն էլ ընկերություն ասածի ամենավառ ու փայլուն դրսևորումն է: Եթե, ասենք, հանրապետության մասշտաբով 10 ծրագիր պետք է իրականացվի, ապա եղած 900-ից ավելի համայնքներից մեկը, որ կարող է հավակնել դրան, Շորժան է լինելու: Սա հենց այնպես չի կարող լինել` ընկերության, մարդկային գործոնը տեղ ու դեր ունի, այլ արժեքներ ու արժանիքներ ևս, առանց որոնց ոչնչի չես հասնի: Ինձ համար առաջնահերթ ու երկրորդական չկա. կա աշխատանք, որը պետք է կատարել և վերջ: Մեր կատարած 320 հեկտար գարնանացանի դեպքում, պարզվեց, որ անհրաժեշտ մեխանիզմների պակաս կա, ինչը նախատեսված չի եղել մեր ծրագրերում: Եթե այդպես է ստացվել, ուրեմն պետք է ինչ գնով էլ լինի` լուծել տվյալ խնդիրը: Դա մեկ ամիս այդքան հրատապ չէր, բայց այսօր արդեն օրախնդիր է: Աշխատանքի, գործի ընթացքում են ավելի շատ ծագում խնդիրները, ինչին և պիտի կարողանաս ժամանակին լուծում տալ: Եթե չաշխատես, ապա խնդիրներ էլ, բնականաբար, չեն ծագի: Կյանքի, ժամանակի պահանջով ու թելադրանքով ենք առաջնորդվում… Մրցակից ունեմ, բայց միշտ էլ հաղթել եմ նվազագույնը ձայների 85 տոկոսով: Հուսով եմ, որ ժողովուրդն այս անգամ էլ իմաստուն կգտնվի և իր քվեն կրկին կվստահի ինձ: Խնդիրներ կան, որ մեկ օրում չեն կարող լուծվել, դրա համար համատեղ ու ճիշտ աշխատանք է հարկավոր: Ես իմ բնակիչների ընկերն եմ, եթե, ասենք, մի օր համայնքապետ չեղա, ապա էլի իրենց ընկերն եմ մնալու: Գյուղապետ չլինելով, հավատացեք, կարող եմ ավելի լավ ապրել /նախկինում այդպես է եղել/, բայց չեմ կարող ինքս ամեն ինչից օգտվել, իսկ հարևանս` ոչ, ավելի լավ է մի քիչ իջնեմ, իրեն էլ բարձրացնեմ, որպեսզի սոցիալական ընդգծված տարբերություն համայնքում և, ընդհանրապես, շրջապատումս չզգացվի: Ծնողներիցս բարություն ու ազնվություն եմ ժառանգել: Պետք է շատ կարդալ ու մարդկանց հետ շատ շփվել: Իմ` արծվաշենցի լինելու հանգամանքը շատ է նպաստել, որ ուր էլ գնամ, շենացնեմ ու արարեմ, սեփական աշխատանքով տուն ու օջախ կառուցեմ…
Սուլիկո Շուշանյանը մարզի համայնքապետերից ընկերություն է անում Միքայել Ղարիբյանի /Ջիլ/, Կարեն Շուշանյանի /Արտանիշ/, Վարյանի /Վահան/, Թագուհու /Ծափաթաղ/, ով, ըստ նրա, այնքան լավ է աշխատում, որ Թագավոր կոչվելու է արժանի, Վահրամի /Ծովագյուղ/, ով նոր է ընտրվել և հասցրել է բավականին գործ անել: Պարոն Շուշանյանի խոսքերով, Ծովագյուղը երկար տարիներ հետո ճիշտ ընտրություն է կատարել: Նա ընկերություն է անում, առհասարակ, այն համայնքապետի հետ, ով աշխատասեր է: Իսկ այդ ընկերությունը շատ ընդհանուր օգուտ է տալիս, բարի գործի ու նպատակների ծառայում…