Համայնքի շահն ամեն ինչից վեր է

0
49

Եվ բնակիչը պետք է հոգատար ու սրտացավ ղեկավարի հետ գործ ունենա

Նվիրում

Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը<<Ընկեր>>-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացրել են բնականոն հունով, խաղաղ ու հանգիստ պայմաններում:

-Ժողովուրդն իր սրտով ու ցանկությամբ մասնակցեց քվեարկությանը,- նշեց նա:- 1400 ընտրողից մասնակցեց 740-ը: Ընդ որում, 492 ընտրող քվեարկեց<<Իմ քայլը>> դաշինքի օգտին: Ռեյտինգայինով առաջին տեղում մեր մարզպետ Գարիկ Սարգսյանն էր: Ի դեպ, նրա հետ մեր հարաբերությունները լավ են, հարգալից ու աշխատանքային: Գնալով, հավատացած եմ, ավելի կսերտանան այդ հարաբերությունները, քանի որ հաճախակի շփումն ու ճանաչումը միմիայն դրա օգտին են: Մարդկային հարաբերությունները պահպանելով, պետք է բոլորս աշխատենք հանուն մեր ժողովրդի, մեր գիտելիքներն ու ունակությունները ներդնենք համայնքների բարելավման ու մարդկանց բարեկեցության ապահովման գործում: Մրգավանի ամենացավոտ խնդիրը, որ մեր ուժերով ի վիճակի չենք լուծել, մշակույթի տան տանիքի հիմնանորոգումն է: Հուսով եմ, մարզպետի օգնությամբ ամենամոտ ժամանակներում կհասնենք դրան: Ինչ վերաբերում է արվածին, ապա այն բավականին շատ է: Խոստացածս գազաֆիկացումն արվել է, արտաքին լուսավորությունն անցկացվել:<<Արտաշատ>> ՋՕԸ ղեկավար Արթուր Ղազարյանի միջամտությամբ ընդգրկվեցինք համապատասխան ծրագրում, և մոտ 1,5 կմ երկարությամբ կիսախողովակ անցկացվեց: Արդյունքում շուրջ 15 հեկտար հողատարածք արդեն ոռոգվում է, ինչը վկայում է հողագործության արդյունավետության բարձրացման մասին` ի հաշիվ, մասնավորապես, ոռոգման ջրի կորուստների նվազեցման: Այս ուղղությամբ էլի աշխատանք ունենք անելու, և ինքս ամեն կերպ կջանամ թև ու թիկունք լինել հողի մշակին: Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին ցայտաղբյուր ենք կառուցել, ինչում լումա են ունեցել նաև ընկերներս: Առաջիկա ծրագրերում են գերեզմանատուն խմելու ջուր անցկացնելը, փողոցների բարեկարգումը` ճանապարհների հարթեցման միջոցով: Խմելու ջրի ներքին ցանցի խողովակները 40-50 տոկոսով փոխված են, մնացածինը<<Վեոլիա ջրի>> ծրագրի մեջ է…

Նշենք, որ մշակույթի տանն են տեղավորված համայնքապետարանը, բուժամբուլատորիան,<<Հայփոստի>> բաժանմունքը: Չնայած տանիքի խնդրին, մշակույթի տունը շարունակում է մնալ գյուղի գլխավոր շենքն ու կենտրոնատեղին: Այստեղ են անցկացվում հիմնական միջոցառումները, այստեղ են ընդունում հյուրերին: Վերջերս, օրինակ, լոսանջելեսաբնակ մրգավանցի Վարսիկ Հակոբյանի գրքի շնորհանդեսը կազմակերպեցին: Ունեն պարի խումբ, ֆուտբոլի ու վոլեյբոլի թիմեր և այլն:

Համայնքապետն այնպիսի մթնոլորտ է ձևավորել համայնքում, որ ով ինչ հնարավորություն ունի` օգնում է կարիքավորին, ձեռք մեկնում ծանր վիճակում հայտնվածին: Համերաշխություն, սեր ու հարգանք միմյանց նկատմամբ, իրար օգնելու, սատարելու անկեղծ պատրաստակամություն, սրտացավություն ու բարեխղճություն: Ահա այսպիսի վերաբերմունք ու մոտեցում ունի Սամվել Վարդանյանը, որ գյուղացու կողքին է, ում խոսքն անպայման գործ է դառնում: Ընկեր է համայնքի յուրաքանչյուր բնակչի համար: Ընկերությունն, առհասարակ, նրա ապրելակերպից անբաժան է: Նրա խոսքերով, առանց ընկեր մարդը ո՞ւմ է պետք, և, ընդհանրապես, առանց ընկեր մարդն ինչպես կարող է մարդ կոչվել.

-Հնարավոր չէ, որ լավ մարդն ընկեր չունենա: Փառք Աստծո, ընկերներս կողքիս են` միշտ օգնելու, հասնելու պատրաստակամությամբ լցված: Մեծ թե փոքր` կապ չունի, ընկերն ընկեր է: Ընկերական հարաբերություններում կարևոր են ներողամտությունը, համբերատարությունը, մեծահոգությունը, որոնք նաև լավ մարդուն բնորոշ հատկանիշներ են: Մարդը, որպես սովորական մահկանացու, չի կարող թերություն չունենալ կամ ինչ-որ հարցում սխալվել: Միայն բացատրել, լսել ու հասկանալ է պետք: Երբ կա փոխըմբռնում, ապա համերաշխությունն անպակաս կլինի: Մարդն, առհասարակ, միայնակ ճամփա չի գնում, ընկերն այստեղ առավել քան հարկավոր է: Իմ ընկերասիրությունը, ընտանիքի հանդեպ սերն ու պաշտամունքը գալիս են ծնողներիս դաստիարակությունից…

Նրա համոզմամբ, յուրաքանչյուրը պետք է իր բաժին ներդրումն ունենա համայնքի թե՛ զարգացման և թե՛ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ամրապնդման գործում: Սամվել Վարդանյանը չի սիրում դժգոհել, տեղի-անտեղի խնդիրներից խոսել, այլ գերադասում է առանց ավելորդ ուշադրություն գրավելու իր գործն անել և բոլոր հնարավորություններն ուղղել առկա խնդիրների շուտափույթ լուծմանը: Այդ նպատակով իր շուրջն է համախմբում ինչպես համայնքի բնակիչներին, այնպես էլ ընկերներին: Բոլորին հորդորում է հանդուրժող լինել, համերաշխ ապրել և մարդկային բարիդրացիական հարաբերությունները աչքի լույսի պես մշտապես պահել-պահպանել:

Արծրուն Մաթևոսյան (համայնքապետի տեղակալ).- Համայնքապետի առաջարկով եմ զբաղեցնում այս պաշտոնը: Ջանում եմ ընկերոջս բեռը հնարավորինս թեթևացնել և նրա կողքին լինել դժվարին ու պատասխանատու պահերին: Յուրաքանչյուրս իր հերթին պետք է այնպես աշխատի, որ ժողովրդի դժգոհության որևէ արդարացի պատճառ չլինի: Սամվել Վարդանյանը շատ լավ ընկեր է, ազնիվ, համբերատար, ներողամիտ, միաժամանակ` վերին աստիճանի խստապահանջ ու սկզբունքային: Ջանում ենք միասին ընկերական մթնոլորտը համայնքում պահել և մեր հնարավորությունները համատեղ ծառայեցնել ընդհանուրի շահերին, գյուղի առավել զարգացմանը: Դա մեզ համար գերնպատակ է: Պետք է այստեղ անպայման հիշեմ, որ 10 տարի (1994-2004 թթ.) Սամվելի հայրն է` Աշոտ Վարդանյանը, ղեկավարել համայնքը: Շատ մեծ հարգանք ուներ, շատ գործեր է արել գյուղի համար: Արժանահիշատակ է հատկապես այն, որ նրա ջանքերի շնորհիվ գյուղն այսօր ոռոգման ջրի խնդիր չունի: Նույնը կարող եմ ասել նաև խմելու ջրի առումով: Ահա, այդպիսի արժանավոր մարդու որդին այսօր նույնպիսի սրտացավություն ունի, աշխատասիրություն ու պատասխանատվություն: Հպարտ եմ այդպիսի ընկեր ունենալու համար: Միանձնյա որևէ որոշում կամ վճիռ չի կայացնում: Անպայման խորհրդակցում է, հաշվի առնում յուրաքանչյուր կարծիք, տեսակետ և ապա միայն իր վերջնական խոսքն ասում: Ամենակարևորը` ձգտում է հնարավոր ամեն ինչ, առկա ներուժն օգտագործել ի շահ համայնքի զարգացման, ի շահ իր ժողովրդի բարեկեցության…

Ինչպես մեր զրուցակիցները, այնպես էլ մեզ հանդիպած շատ մրգավանցիներ այն հաստատ համոզմանն էին, որ նոր իշխանությունները մեծապես կշահեն, եթե իրենց շուրջը համախմբեն հավատարիմ ընկերներին, բոլոր այն բարձրակարգ մասնագետներին, որոնք ազնվորեն կծառայեն մեր երկրին, մեր պետությանն ու ժողովրդին: Հայ ժողովուրդն իրավունք ունի լավ ապրելու, արժանի է ավելի լավ կյանքի: Այո՛, հայ մարդու համար պետք է արժանապատիվ ապրելակերպ ստեղծել…

<<Ընկեր>>-ական դիտարկում.- Սամվել Վարդանյանի աշխատասենյակում աչքի է զարնում մեծն Մհեր Մկրտչյանի դիմանկարը: Ոչ պակաս ուշադրություն գրավողը նաև նրանում տեղ գտած մակագրությունն է.<<Կտոր մը մարդ եղեք>>: Մեկնաբանությունների կարիք, կարծում ենք, չկա…

SHARE