Համայնքն` ինչպես մեծ ընտանիք

0
11

Յուրաքանչյուրի նկատմամբ հոգատար ու սրտացավ, նվիրված ու հարազատ

Բնակավայր

Վահրամ Խաչատրյանը, Նորապատ համայնքը ղեկավարելով 2016 թվականից, բազմաթիվ աշխատանքներ է կատարել, մի շարք խնդիրներ լուծել: <<Ընկեր>>-ի հետ զրույցում խոսելով այդ մասին, նա մասնավորապես նշեց.

-Այն, ինչ նախատեսել էինք քառամյա ծրագրում, գրեթե ամբողջությամբ կյանքի ենք կոչել թե° համայնքի բյուջեի միջոցներով և թե° պետական ծրագրերի շրջանակում: Համայնքն ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորությամբ: Տեղադրել ենք <<Լեդ>> էներգախնայող լամպեր: Ասֆալտապատել ենք փողոցների շուրջ 80 տոկոսը, մնացածը կիրականացվի հաջորդ տարվա ընթացքում: 1000 ծառ ենք տնկել: Մանկապարտեզում 4-րդ խումբն ենք ավելացրել, 140 երեխա է հաճախում: Խմելու ջրի համակարգում իրականացված աշխատանքների արդյունքում ջրամատակարարումը դարձել է շուրջօրյա: Ամբողջությամբ լուծված է նաև գազի խնդիրը…

Արվածին զուգահեռ քիչ չեն նաև իրականացվող աշխատանքներն ու նախատեսված ծրագրերը: Նորակառույց թաղամասը զարգացնելու և ընդլայնելու նպատակով պետք է համապատասխան կոմունիկացիաներ անցկացնեն: Մասնավորապես, խմելու ջրագիծ է նախատեսված: Նաև գազաֆիկացման լրացուցիչ աշխատանքներ պետք է տարվեն: Առաջիկա ծրագրերում է մշակույթի տան հիմնանորոգումը: Այստեղ է տեղակայված նաև համայնքապետարանը, որը վերանորոգվել է վերջին տարիներին:

Համայնքապետը մեծապես կարևորում է նաև բնակչի հետ առողջ, բնականոն փոխհարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը: Իսկ գյուղացիների հետ զրույցից պարզ դարձավ, որ շատ գոհ են իրենց ղեկավարից, իր լավ աշխատանքով կանգնած է յուրաքանչյուրի կողքին: <<Կանգնած եմ գյուղացու կողքին,- հավաստիացրեց պարոն Խաչատրյանը:- Ապրում եմ գյուղում, իրենց հետ եմ ամեն վայրկյան, ընդհանուր խնդիրներին վերաբերվում եմ` ինչպես անձնականիս կվերաբերվեի: Գյուղն իմ մեծ ընտանիքն է…>>: Վստահությունն ու հարգանքը փոխադարձ են, բնակիչներն էլ իրենց համայնքապետի կողքին են` գնահատելով կատարված աշխատանքները և գյուղի ու գյուղացու նկատմամբ նրա նվիրումն ու սրտացավությունը:

Լինելով երիտասարդ, Վահրամ Խաչատրյանը մեծ էնտուզիազմով ու նվիրվածությամբ է լծված գյուղի ղեկավարման գործին` նպատակ ունենալով Նորապատը դարձնել զարգացած ու լավագույն համայնքներից մեկը: Սիրում է, կես լուրջ-կես կատակ, հաճախ կրկնել, որ հինգ տարի հետո Նորապատը դարձնելու է Շվեյցարիա: Գյուղը, իրոք, նրա ղեկավարման օրոք մեծ առաջընթաց ու զարգացում է ապրել: Պարզ է, որ մոտ 2380 բնակիչ ունեցող համայնքում խնդիրներ քիչ չեն լինի, և ի պատիվ համայնքի ղեկավարի` պետք է արձանագրել, որ եղած խնդիրները ժամանակին գտնում են իրենց լուծումը, բնակիչների պահանջներն ու ցանկությունները փոքրիշատե բավարարվում են:

Համայնքի ղեկավարը բնակիչներին համարում է իր ընկերները, ընկերաբար է վերաբերվում յուրաքանչյուրին: Համոզված է` ամեն ինչ լավ կընթանա, եթե հիմքում ընկերություն լինի: Ընկերասեր է, ընկերական մեծ շրջապատ ունի: Ցանկացած հարաբերության մեջ գնահատում է մաքրությունը, սուտը տանել չի կարողանում: Ընկերները համայնքի զարգացման գործում իրենց արժանի դերակատարումն ունեն: Առհասարակ, համայնքապետի խոսքով, ամեն մեկն էլ իր լուման ունի համայնքի զարգացման գործում:

Հավելենք, որ Նորապատում պատշաճորեն են նշվում բոլոր տաղավար տոները: Մասնավորապես, շատ մեծ տեղ է տրվում այն տոներին ու հանդիսություններին, որոնք վերաբերում են մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը…

SHARE