Հայկաշենը գազի խնդիր ունի

0
31

Եվ հավատացած է, որ կառավարության աջակցությամբ կլուծի այն

Սպասում

Վարշամ Հովհաննիսյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 2012 թվականից է ղեկավարում Հայկաշեն համայնքը: Այս ընթացքում կատարվել են շատ աշխատանքներ, կան նաև գործեր, որ իրենց հերթին են սպասում: Հատկապես` այն գործերը, որոնց իրականացումը համայնքի ուժերով գրեթե անհնարին է, ուստի և պետական միջամտության անհրաժեշտություն է զգացվում:

-Համայնքի համար ամենագլոբալ խնդիրը գազաֆիկացումն է,- ասաց պարոն Հովհաննիսյանը:- Առաջնային ու անչափ կարևոր հարց, որի լուծման համար անպայման պետական միջոցներ են անհրաժեշտ: Հիմնական ձեռքբերումը համարում եմ հայ-ֆրանսիական բարեգործական կազմակերպության հետ համատեղ մանկապարտեզի վերակառուցումը: Լուծվել է նաև համապատասխան գույքի խնդիրը, և շուտով այն կհանձնենք շահագործման: Մեր կողմից պլանավորած ամենամյա աշխատանքները ժամանակին կատարում ենք, մասնավորապես` հերթով 5-6 փողոց խճապատում ենք: Մեր ուժերից վեր չլուծված խնդիրներ ունենք: Գյուղապետարան չունենք, մշակույթի տունը վթարային վիճակում է: Մեր հնգամյա ծրագրում ներառված է, որ պետական աջակցությամբ մշակույթի տան վերանորոգումից հետո այնտեղից որոշակի հատված կհատկացվի գյուղապետարանին…

Համայնքապետն, անշուշտ, լավ պատկերացնում է իր ծանր աշխատանքն ու պատասխանատվության բարձր աստիճանը, բայց և ամեն ինչ անում է առաջին հերթին բնակչի շահերը պաշտպանելու համար: Կանգնած է իր գյուղացու կողքին` նրա հոգսն ու ցավն իրենը համարելով: Հարկ է նշել, որ նա այս պաշտոնում փոխարինել է հորը` Բագրատ Հովհաննիսյանին, ինչն առավել քան պարտավորեցնող է: Որդուն հորից շատ բան է փոխանցվել, ուստի շատ հաճախ նրա հետ խորհրդակցելու անհրաժեշտություն չի էլ զգացվում. վարվում է այնպես, ինչպես հայրը կվարվեր կամ տվյալ խնդիրը կլուծեր: Ամենակարևորը, որ համայնքապետ լինելով` պարտավոր ես գիշեր թե ցերեկ բնակչիդ կողքին լինել: Քեզ դիմող մարդուն պետք է հավուր պատշաճի ընդունես ու ճանապարհես, երբևէ իրավունք չունես անտեսելու նրան:

Նոր իշխանության ու կառավարության մասին խոսելով, Վարշամ Հովհաննիսյանն ասաց, որ ակնկալիքները մեծ են և լավատեսությամբ են լցված երկրում ընթացող բարեփոխումների հաջողության նկատմամբ.

-Ճիշտ է, համայնքում դեռևս նկատելի տեղաշարժ չի զգացվում, բայց վստահ ենք, որ շուտով մեր կյանքում էլ շատ բան կփոխվի: Շատ ժամանակ չի անցել, պետք է համբերատար լինել: Մեր առաջնահերթ ակնկալիքն այն է, որ լուծվի գյուղի գազաֆիկացման հարցը, կառավարությունն աջակցի մեզ այդ խնդրում: Ներքին համոզմունքս ինձ հուշում է, որ մեր սպասումները կարդարանան: Մեր գյուղացին հիմնականում զբաղվում է ջերմոցային կուլտուրաների մշակությամբ: Ձմռանը դա դժվարանում է, քանի որ առանց բնական գազի գրեթե անհնարին է դառնում տվյալ գործով զբաղվելը: Եթե գազ լինի, ապա բնակիչները կկարողանան ձմռան սեզոնին արդյունավետ աշխատել, բավարար եկամուտներ ապահովել: Այսօր բանջարեղենի իրացման խնդիր էլ չունենք. հարևան Գայ գյուղում գործում է մեծածախ շուկա, որն էապես թեթևացրել է գյուղացու հոգսը: Մնում է ժողովրդին հնարավորություն տալ, որ իր քրտնաջան աշխատանքով բերք ու բարիք արարի և բարեկեցիկ կյանքով ապրի: Այնպես որ, այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է գազ ունենալը, ինչն արմատապես կփոխի թե՛ գյուղի, թե՛ գյուղացու կյանքը…

Մեր զրույցն այնուհետև շարունակվեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիշա Եղշատյանի հետ: Նա, մասնավորապես, ասաց. <<Կարող եմ վստահաբար ասել, որ մեր համայնքապետի երիտասարդ լինելու հանգամանքը մեծապես նպաստել է համայնքի կյանքում էական տեղաշարժեր արձանագրելուն: Վարշամ Հովհաննիսյանն արդեն երկրորդ անգամ է ընտրվում ձայների բացարձակ մեծամասնությամբ: Բանիմաց երիտասարդ է, լավ կրթություն ստացած, եռանդուն ու նախաձեռնող: Օրինակելի վարքի տեր է, լավ բնավորություն ունի: Հարգում ու սիրում են նրան, արժանի հեղինակություն է վայելում համայնքում: Մեր հասարակությունը մասնակից է համայնքի կյանքին, ամեն ինչ թափանցիկ ու բաց է: Համայնքային բյուջեի սուղ հնարավորությունների պայմաններում մեր կողմից արվում է ավելին, համայնքի ղեկավարը չի խնայում ոչինչ և ամեն կերպ ձեռք է մեկնում բնակչին: Գործ շատ է արվել, այսօր էլ արվում է ու պիտի արվի: Գյուղամիջյան ճանապարհներից բացի, հնարավորինս բարեկարգում ենք նաև դաշտամիջյան ճանապարհները: Գիշերային լուսավորության ցանցին նախատեսում ենք ևս 2 կմ ավելացնել: Հայկաշենը ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունի` Սիմոն Մարտիրոսյանը, մենք հպարտանում ենք նրանով…>>:

Ի դեպ, Բագրատ Հովհաննիսյանն այսօր <<Վաղարշապատ>> ՋՕԸ խորհրդի նախագահն է: Ինչպես պարոն Հովհաննիսյանը նշեց <<Ընկեր>>-ի հետ զրույցում, ինքը մի քանի անգամ է ընտրվել.

-Ինձ Կարեն Կարապետյանի օրոք, 2016 և 2017 թթ., ինչպես նաև մի խումբ բանիմաց մասնագետների ազատելով` բերել էին իրենց մարդկանց: Այդ ժամանակահատվածում ոռոգման համակարգի <<հերն անիծվեց>>: 2018 թ. մարտ-ապրիլ ամիսներին նորից մեզ մեր կազմով հետ բերեցին ջրային կոմիտեից: Հին աշխատողներին վերականգնել ենք, բայց դեռևս չենք կարողացել նախկինների հետքերը <<մաքրել>>: Մեզ նաև մոտ 300 մլն դրամի պարտք են թողել: Միայն 130 մլն դրամ իրենց պարտքն ենք փակել` աշխատավարձերին զուգահեռ: Ջուրը մեծ արժեք ունի, հարստություն է և սրտացավ տեր է պահանջում: Ներկայումս ՋՕԸ-երը ստուգման գործընթացի մեջ են, դրան զուգահեռ մենք մեր աշխատանքները շարունակում ենք: Կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում ոռոգման համակարգին, ինչը հույս է ներշնչում, որ ցանկալի արդյունքի կհասնենք: Ամենակարևորը, որ այնպիսի իրավիճակ ունենանք, որպեսզի այլևս ստիպված չլինենք Սևանից ջուր վերցնել: Իսկ, առհասարակ, կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարային ու հուսադրող ծրագրեր ունի: Նախ, որ չմշակվող հողատարածքները սկսեն նպատակային, արդյունավետ օգտագործվել: Դրան զուգընթաց ջրի քանակը պետք է ավելանա, ինչի կարևոր նախադրյալներից մեկը ջրի կորուստները նվազագույնի հասցնելն է: Այդ ուղղությամբ մենք մեր առաջարկներն ու դիտարկումներն ունենք և պատրաստ ենք ներկայացնել շահագրգիռ մարմիններին: Պատրաստ ենք մեր օժանդակությունը բերել ոլորտի արդյունավետ կառավարումն ապահովելու և շատ այլ հարցերում: Կողմ ենք, որ մասնագիտական լուրջ, անկողմնակալ մոտեցում ցուցաբերվի, ճշգրիտ հաշվարկներ արվեն և ընդհանուր շահագրգռություն ցուցաբերվի: Ներկայումս քննարկումներ են ընթանում, ծրագրեր են մշակվում, և այդ ամենի նպատակը, ինչպես այսօր ընդունված է ասել, ոլորտում հեղափոխական ցուցանիշների հասնելն է: Ինքս մեր կառավարությունից մեծ սպասելիքներ ունեմ նաև մնացած բնագավառներում բարձր արդյունքներ ապահովելու տեսանկյունից: Կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է մի քիչ համբերատար լինի, և ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, մեր երկիրն անպայման ոտքի կկանգնի: Իհարկե, լավ օրից չէ, որ մարդիկ երբեմն անհամբեր ու հոռետես են դառնում: Ինչե՜ր ասես չանցան մեր ժողովրդի գլխով, ինչե՜ր տեսանք ու ապրեցինք…

Խոսելով Հայկաշենում աշխատելու ժամանակահատվածի մասին, Բագրատ Հովհաննիսյանն ասաց, որ այստեղ պաշտոնավարել է 1992-2012 թթ.: Այսօր էլ շարունակում է իր գյուղացու կողքին լինել, հնարավորությունների սահմաններում ձեռք մեկնել: Հայկաշենցիները Ալաշկերտից ու Մուշից գաղթածների ժառանգներ են, որոնց երակներում սերնդեսերունդ հայրենասիրություն ու պատվախնդրություն է <<հոսում>>: Վկան` արցախյան գոյամարտին նրանց ակտիվ մասնակցությունն ու անձնվիրությունը…

-Ես համայնքը ղեկավարել եմ ծանր ժամանակաշրջանում,- հավելեց պարոն Հովհաննիսյանը,- բայց անգամ այդ պայմաններում կարողացել եմ մարդկանց օգտակար լինել, աջակցել: Գյուղը համախմբված է, ցանկացած հարց այսօր էլ մեծամասնության կարծիքը հաշվի առնելով, ընդհանուր հավանությամբ է լուծվում: Գյուղապետի աշխատանքը, պիտի անկեղծորեն խոստովանեմ, հեշտ չէ: Պիտի շատ խելացի լինել, պատասխանատու ու հետևողական: Պարտադիր պայման են մարդկանց հետ ճիշտ հարաբերվելը, փոխըմբռնման հասնելը: Ընդգծեմ, որ այսօր մեր երկիրն այն վիճակում է, հասել է այնպիսի սահմանի, երբ յուրաքանչյուրս պիտի խելամիտ գտնվի, պահանջատեր լինելով` նաև աշխատի ու ստեղծի: Տեր լինենք մեր հաղթանակներին և ձեռքներիցս ոչ մի պայմանով բաց չթողնենք ստեղծված հիանալի հնարավորությունը: Մեր նահանջն աններելի կլինի… Համայնքապետ Վարշամ Հովհաննիսյանն էլ իր հերթին հավելեց, որ հայկաշենցին արարող, աշխատասեր ու պատվախնդիր է և եթե փոքր-ինչ հնարավորություն տրվի նրան, ապա իր հողն ու տունը լավագույնս կշենացնի…          

SHARE