Պետությունը ևս պիտի ջանա, որ իր քաղաքացին ապահով կյանքով ապրի…
Բնօրրան

Թեև գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, բայց համայնքապետի գլխավոր նպատակն առաջնահերթ այնպիսի պայմանների ստեղծումն է, ինչի դեպքում գյուղացին կկարողանա մշակել սեփական հողը: Գյուղի ապագան սա է, և առայժմ այլ հույս փայփայել պետք չէ: Նախկինում բնակչության 90 տոկոսն աշխատել է թռչնաբուծական ֆաբրիկայում, որը 1993-ից չի գործում: Գյուղի վաղվա օրը պայմանավորված է այն հանգամանքով, որ 720 հեկտար չոռոգվող հողատարածքները ոռոգելի դարձվեն: Դրանք առայժմ չմշակվելու պատճառով օգտագործվում են որպես արոտավայր:
<<Միակ նպատակս,- ասաց համայնքապետը,- այդ տարածքը ոռոգելի դարձնելն է, ինչի դեպքում յուրաքանչյուր ընտանիք 1 հեկտար ոռոգելի ու բարեբեր հողատարածք կունենա: Որքան էլ փողոցները ասֆալտապատ լինեն, մանկապարտեզն ու մշակույթի տունը գործեն, միևնույն է, դրանով ընտանիք չես կերակրի: Եթե ընտանիքը հոգսի մեջ է, ապա որևէ այլ ցանկություն կամ տրամադրություն չի մնում: Բարձրաշենը մի ամբողջ շրջան կերակրել է հացահատիկով, իսկ այսօր… Գյուղացին եթե կտրվում է հողից, դադարում է գյուղացի լինելուց: Կխնդրեի, որ մեր վերադաս ղեկավարությունը ուշադրություն դարձներ այսպիսի համայնքներին` նկատի առնելով դրանց ներուժն ու հնարավորությունները: Հիշյալ տարածքով է անցնում դեպի Ջրվեժ` ամառանոց գնացող ջրագիծը, որը շաբաթվա 3-4 օրն ազատ է: Եթե այդ օրերին մեզ թույլատրվի ջրագծից օգտվել, ապա կլուծվի մեզ մեծապես անհանգստացնող տվյալ խնդիրը: Նշեմ, որ եռաստիճան մղիչներով է ջուրը հասնում գյուղ, ինչը բավականին դժվարացնում է մեր վիճակը: Մեր տնամերձ հողատարածքները սովորականից ավելի ոռոգման կարիք ունեն, քանզի խճաքարերով հարուստ են: Շատ ջուր օգտագործելիս դրա վարձավճարն էլ, բնականաբար, ավելանում է: Հողն անբերրի է, ծախսը` շատ, ուստի գյուղացին արդարացիորեն հրաժարվում է հող մշակելուց: Մարդը երես է թեքում հողից, թողնում, հեռանում է, ինչը տանում է գյուղի կործանման: Եթե նշածս 720 հեկտար հողատարածքի ոռոգման հարցը լուծվի, ապա տվյալ ցավալի գործընթացը կանգ կառնի… Ընթացիկ տարում նախատեսել ենք խճապատել միջհամայնքային ճանապարհները, մանկական 2 խաղահրապարակ կառուցել, վերանորոգել տարեցների համար նախատեսված շինությունը, ինչպես նաև օգնել դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Մանկապարտեզն իմ առաջին ղեկավարման շրջանում /1996-99 թթ./ գործում էր, սակայն այսօր չի գործում: Տանիքն ու պատուհանները վերանորոգվել են, իսկ ներքին հարդարումն ու գույքի ձեռքբերումը դեռևս մնում են: Վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, փոխվել է պատուհանների մի մասը, մնացածն առայժմ ավերակ վիճակում է: Գյուղը, համայնքը մի մեծ ընտանիքի պես է, որին պիտի վերաբերվես այնպես, ինչպես ընտանիքիդ ես վերաբերվում: Պիտի ապրես յուրաքանչյուրի հոգսով, կարողանաս օգտակար լինել, ինչը և վստահություն ու հավատ կներշնչի մարդկանց: Մարդիկ կկանգնեն կողքիդ, և գործն առաջ կգնա: Այդպես էլ կա, քանզի մարդուն օգնելն ինձ համար գերխնդրի պես մի բան է… Որդիներս Մոսկվայում են ապրում: Ես երկար ժամանակ աշխատել եմ <<ԲԱՄՕ>> ընկերությունում` առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանում մասնավոր ձեռնարկություն եմ ունեցել…>>:
Պարոն Սարգսյանն այնուհետև համոզմունք հայտնեց, որ գյուղի խնդիրների հաղթահարման գործում իր կողքին կլինեն արտերկրում գործունեություն ծավալած ընկերները, համագյուղացիները. <<Ընկերոջդ երբեք մենակ չպիտի թողնես, նրա կողքին պիտի լինես բոլոր առիթների դեպքում: Ընկերներս միշտ կողքիս են: Ընկերոջ հանդեպ պիտի հոգով մաքուր լինես: Առանց այդ մաքրության անհնար է: Եթե ընկերության մեջ անկեղծություն լինի, ազնվություն, և ընկերոջդ խնդիրը նաև քոնը համարես, ուրեմն ընկերոջդ չես կորցնի: Ընկերներս շատ են, տարբեր բնագավառներ ներկայացնող: Մտերիմ ընկերներս են Եփրեմ Հակոբյանը /մարզպետարանի աշխատակից/, Սամվել Կոստանյանը /գործարար/: Ընկերներիս մի մասը ՌԴ-ում են, ԱՄՆ-ում: Ընկերներ ենք նաև համայնքների ղեկավարների` Հարությունյանի /Աբովյան/, Հրայրի /Լանջազատ/, Սերգեյի /Այգեպատ/, Արտուշի /Նորաշեն/, Գոգոլի /Արևշատ/ հետ…>>:
Համայնքի ղեկավարի համոզմամբ, ընտանիքը պետության հիմքն է, և եթե ընտանիքի որևէ անդամ բացակայում է, ուրեմն ինչ-որ ճյուղ կտրվում է պետությունից: Պետք է ջանալ, որ արտագաղթը հնարավորինս նվազի մեր երկրից, մարդն իր հայրենիքում կառուցի երջանիկ ու ապահով կյանք…