Հասկանալ, օգնել դիմացինիդ

0
26

Մարդկային ջերմ մոտեցումն ու վերաբերմունքը շատ կարևոր են

Հավատարմություն

Մասիս գյուղական համայնքի ղեկավար Ենոք Գալստյանը <<Ընկեր>>-ին ասաց, որ պաշտոնավարում է 2016 թ. հոկտեմբերից:

-Այս տարիների ընթացքում,- նշեց նա,- գյուղում կատարվել են բավականին աշխատանքներ, որոնք այսօր էլ շարունակվում են: Թեև մեր հնարավորությունները սահմանափակ են, սակայն այդ պարագայում էլ համայնքի առաջընթացն ակնհայտ է, արված գործերը` տեսանելի: Մասնավորապես, գյուղամիջյան ճանապարհներն ենք խճապատել, կոմունալ հարցերը լուծել, կանգառները վերանորոգել, այդ թվում` գերեզմանատան ճանապարհը, փողոցներն ենք մասնակի լուսավորել, ոռոգման ցանցն ենք որոշակիորեն, մեր հնարավորությունների սահմանում, բարելավել և այլն: Իմ նախընտրական խոստումներից մեկն էլ այն էր, որ բարեկարգենք գյուղի զբոսայգին: Մանկական այգու, խաղահրապարակի բարեկարգման նախահաշվային-նախագծային աշխատանքները կաշխատենք ամենամոտ ապագայում ավարտի հասցնել և սկսել բարեկարգումը: Կտեղադրվեն նստարաններ, կարուսելներ, ծառատունկ կիրականացվի և այլն: Տեղումների հետևանքով որոշ փողոցներ նորից խճապատման, հարթեցման կարիք ունեն: Այս տարի ծրագրել ենք ոռոգման ցանցի մոտ 3 կմ հատվածը վերանորոգել: Պետական աջակցությանը նաև համայնքը մասնակից կդառնա: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Անկախ այդ ամենից, այսօր ամենակարևորը, թերևս, գյուղացիներին, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքներին մեր ուժերի սահմաններում օգնելն ու ձեռք մեկնելն է: Միշտ էլ գյուղացու կողքին եմ եղել, այսօր առավել ևս պարտավորված եմ նրա կողքին լինել և հնարավոր ամեն ինչով աջակցել: Թող չափազանցություն չթվա, եթե ասեմ, որ օրվա 24 ժամն էլ գյուղացու հոգսով եմ ապրում, անգամ տանը հանգիստ չունեմ: Անձնական միջոցներից եմ նաև մաս հանում կարիքավորների համար: Եթե մարդը քո դուռն է եկել, ուրեմն հոգս ու ցավ ունի, պիտի ձեռք մեկնես` անգամ չունեցածդ հնարավորություններով: Այսօր գյուղապետից հենց դա է առաջին հերթին պահանջվում: Պիտի լսես, փորձես հասկանալ դիմացինիդ, մի ելք գտնես կամ ուղղություն ցույց տաս նրան: Անհատական մոտեցում է պահանջվում: Ի վերջո, քո գյուղն է, բոլորն էլ հարազատ են և բոլորին էլ պիտի կարողանաս հասնել…

Ենոք Գալստյանն առանձնապես կարևորեց այն, որ իր` համայնքապետի պաշտոնում ընտրվելու հարցում մեծ դերակատարում է ունեցել ընկերությունը.

-Ընկերությունն ամենաթանկ կապիտալն է, ամենաթանկ արժեքը, որ ես ունեմ: Ե՛վ համայնքում, և՛ համայնքից դուրս ունեմ շատ ընկերներ: Ընդ որում, ընկերներս սփռված են աշխարհի ամենատարբեր երկրներում, նրանց մեջ նաև այլազգիներ, այլ կրոնների հետևորդներ կան: Ընկերությունն, այո՛, սահմաններ չի ճանաչում, որևէ արգելք նրա համար չի կարող լինել: Էությամբ ընկերասեր եմ, ապրում եմ իմ ընկերներով, ինչը փոխադարձ է: Ընկերասիրությունը ժառանգել եմ ծնողներիցս: Հայրս լավ ընկեր էր, կյանքի, շրջապատի մարդ` իր պատվով ու հարգանքով: Լավ մարդու զավակը, հավատացած եմ, չի կարող վատ ժառանգ լինել: Ուրախ ու հպարտ կլինեմ ունենալ այնքան ընկերներ, որքան հայրս ունի: Հայրական ավանդույթները սրբորեն շարունակում եմ և ամեն ինչ անում եմ, որ որդիս էլ իմը հավատարմորեն շարունակի: Որդիս, ի դեպ, Հայաստանի շախմատի չեմպիոն է, առաջին կարգի շախմատիստ, հաճախում է շախմատի ակադեմիա: Միջազգային տարբեր առաջնությունների է մասնակցում և ամեն անգամ նոր ընկերներ է ձեռք բերում: Ընկերներին պետք է փայփայել, սիրել ու հարգել: Ինչ տաս, այն էլ կստանաս: Անշահախնդիր նվիրումը շատ կարևոր է ընկերության մեջ և անպայման փոխադարձություն կգտնի…

Նա միաժամանակ խոստովանեց, որ ունի ընկերներ, որոնք, իրոք, անփոխարինելի են.

-Համայնքապետերից ինձ համար աննկարագրելի ու անփոխարինելի ընկեր է Ազատավանի Պետոն (Ղազարյան): Ինձ համար` ավագ եղբայր, ընտանիքիս լավ բարեկամ ու հարգարժան մարդ: Անփոխարինելի է այնքանով, որքանով որ ընտանիքիս ամենահարազատ մարդկանցից մեկն է: Պետոն ի սկզբանե հորս ընկերն է եղել, հետո այդ ընկերությունը փոխանցվեց նաև ինձ: Համոզված եմ, որ վաղն արդեն ընկերություն կանեն իմ որդին և նրա որդի Լյովը: Մեր ընկերության հիմքում մաքրությունն ու անկեղծությունն է, անշահախնդիր նվիրվածությունն ու փոխադարձ մեծարանքը: Պետոն մարդու լավ տեսակն է, բացառիկ մարդկային ու ազնվաբարո: Մարդ` մեծատառով: Հասնող, մատիցդ փուշ հանող և անգամ ամենափոքր նեղության դեպքում կողքիդ կանգնած…

Ընկերությունը, Ենոք Գալստյանի խորին համոզմամբ, հարազատ ընտանիքի պես է, պիտի ջերմորեն սիրես ու փայփայես: Ձգտելով ընկերության` ձգտում ես դեպի կատարելության, մարդկային սիրո ու հավատարմության: Չկա առավել բարձր զգացում: Ընկերության միջոցով կարելի է հասնել ամեն լավ բանի` թե՛ փառքի, թե՛ հարստության, թե՛ բարձր դիրքի:

Հավատացած է, որ ընկերները, որտեղ էլ լինեն, կանգնած են իր կողքին` շենացնելու ու զարգացնելու հայրենի Մասիսը, բարելավելու մարդկանց կյանքը: Սիրելով հայրենի երկիրն ու հողը, ջանում է այդ սերը փոխանցել բոլորին, հատկապես այլազգիներին, որպեսզի գան և տեսնեն Հայաստան աշխարհը, վայելեն նրա անսահման գանձերն ու հոգևոր մեծ ժառանգությունը: Հայրենիքը թանկ է, նրա համար ոչինչ չպետք է խնայել…

Ենոք Գալստյանի խոստովանմամբ, ուրախալի է <<Ընկեր>> թերթի գոյությունը, շատ ուրախալի է, որ այսօր այն բարձրաձայնում է մարդկային բարձր արժեքների և առաջին հերթին ընկերության մասին: <<Ընկերն>>, իրոք, լավ հարթակ է մարդկանց մերձեցման, մարդկային փոխհարաբերությունները հնարավորինս ջերմացնելու և անկեղծ ու բարի մթնոլորտ ստեղծելու համար…                   

SHARE