Հարգանք, սեր ու նվիրում

0
3

Համայնքն ավելի համախմբված ու միասնական է դարձել

Գնահատում

Տարեցների տոնի օրը, հոկտեմբերի 1-ին, մեծ եռուզեռ էր Արարատի մարզի Բուրաստան համայնքում: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ համայնքապետարանը նշում էր այդ տոնը: Մշակույթի տան դահլիճում մեծ սեղաններ էին գցված, իսկ բեմում երգ-երաժշտություն էր, պար: Հյուրընկալվել էին 75-ից բարձր տարիքի շուրջ 60 տարեցներ: Յուրաքանչյուրն ստացավ նաև իր նվերը և գոհ սրտով հեռացավ դահլիճից…

Այս տոնը նշելու ավանդույթի ձևավորումը համայնքապետ Աշոտ Թարվերդյանինն է: Միջոցառման մասնակից են դառնում նաև հյուրեր:

-Ամեն տարի մեծ սիրով ենք մասնակցում այս միջոցառմանը,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Ռոզա Արշակյանը:- Հարգանք ենք զգում մեր նկատմամբ, հոգածություն ու ջերմություն: Շնորհակալություն այս տոնը մեզ պարգևելու համար: Մեր համայնքապետ Թարվերդյանը ոչ միայն այս, այլև մնացած բոլոր տոներն է հանդիսության վերածում, պատշաճ ու կազմակերպված անցկացնում: Բացի սա, համայնքապետարանը մեր երեխաների համար նաև ամառային ճամբար է բացում` հոգ տանելով մատաղ սերնդի նկատմամբ: Երեխաներն անհամբերությամբ են սպասում ճամբարի բացմանը, ինչը նշանակում է, որ այն ծառայում է իր բարի նպատակին: Այնպես որ, շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ համայնքի ղեկավարությունը` Թարվերդյանի գլխավորությամբ, անում է բոլորիս համար: Չեմ կարող չնշել նաև այն, որ մշակույթի տան դիմացի տարածքը կանաչապատվել ու բարեկարգվել է` հանգստի հրաշալի վայր դառնալով: Այնտեղ տեղադրվել են նաև կարուսելներ, ամեն երեկո մարդաշատ է, և մարդիկ սրտանց վայելում են այդ գեղեցկությունը…

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն իր հերթին ասաց.

-Շատ ողջունելի է, որ այս տոնը գնալով ավելի մեծ ուշադրության է արժանանում մեր երկրում և, մասնավորապես, Արարատի մարզում: Մեր ծերերը ուշադրության կենտրոնում են, և տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում այս օրը: Բուրաստանում այն արդեն բարի ու լավ ավանդույթ է դարձել համայնքապետ Աշոտ Թարվերդյանի շնորհիվ: Օրինակելի ու շատ լավ կազմակերպված միջոցառում է: Հաճելի է տեսնել, որ մեր մեծերը շոյված են զգում իրենց նկատմամբ ցուցաբերվող հոգատարությունից ու ջերմ վերաբերմունքից: Այո, պետք է ըստ արժանվույն գնահատել նրանց վաստակը, մեծարել ու մշտապես հարգել: Երբ գնահատված ու արժևորված են զգում իրենց, ապա կյանքն ավելի քաղցր ու ցանկալի է դառնում: Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի գործունեությանը, ապա պիտի ասեմ, որ այն շատ ակնառու է, գյուղի ընդհանուր տեսքը բարեփոխվել է, դարձել, իրոք, բուրաստան: Համայնքում լավ մթնոլորտ է տիրում, փոխադարձ հարգանք ու սեր եմ տեսնում միմյանց նկատմամբ, ինչը նույնպես շատ ողջունելի է: Համայնքի բնակիչները կանգնած են իրենց ղեկավարի կողքին և պատրաստակամ են համատեղ ուժերով կյանքի կոչելու գյուղի շենացմանն ու զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը: Գիտեմ, որ հիմա աշխատանք է տարվում եկեղեցին բարեկարգելու ուղղությամբ, ինչը ևս դրվատելի քայլ է…

Հյուրերի թվում նաև Լաուրա Ավոյանն էր` Քաղցրաշենի դպրոցի նախկին տնօրենը. <<Ընկեր Թարվերդյանին ես շատ եմ գնահատում` թե’ որպես լավագույն համայնքապետի և թե’ որպես հրաշալի մարդու: Օգնել եմ նրա դստերը բուհ ընդունվելու` այդպես դառնալով նրանց ընտանիքի բարեկամը: Այսօրվա միջոցառումն էլ գնահատում եմ որպես հրաշալի մարդու, մեծ բարերարի, մեծ սրտի տեր մարդու աշխատանք: Շատ հաճելի է տեսնել, որ բոլորի դեմքերին ժպիտ կա, որ բոլորն էլ անկեղծ սիրում ու գնահատում են Թարվերդյանին: Դա նրա ամենամեծ ձեռքբերումը պիտի համարել: Թարվերդյանն այն մարդկանցից է, որ անկեղծ լինելով` գնահատվում է: Նա մեծ մարդ է, խելացի ու աշխատասեր: Հրաշալի ընտանիք ունի: Որքան հոգատար է ընտանիքի, նույնքան էլ համայնքի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ…>>:

Աշոտ Թարվերդյանը համայնքը ղեկավարում է 2012 թվականից: Կատարված աշխատանքների ու ձեռքբերումների մասին խոսելիս համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էվելինա Ղազարյանը մասնավորապես ասաց. <<Թարվերդյանի ղեկավարման առաջին իսկ օրվանից միանգամից թափ են առել թե’ մշակութային կյանքը, թե’ շինբարեկարգման աշխատանքները: Տաղավար տոներն ու մյուս հիշարժան իրադարձություններն անպայման նշվում են` ուղեկցվելով գյուղի բնակիչների համար հաճելի անակնկալներով: Եթե, ասենք, մեր տարեց բնակիչը, վատառողջ լինելով չի մասնակցում միջոցառմանը, ապա նրա նվերը տանում ենք տուն և հանձնում նրան: Առաջին շինաշխատանքը 2013-ին էր` մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգումը, կառուցապատումն ու կանաչապատումը: 2014 թ. սկսեցինք կանգառների կառուցումը. 2 նոր կանգառ է տեղադրվել` ժամանակակից տաղավարներով: Ընթացիկ տարվել են փողոցների բարեկարգման, խճապատման աշխատանքներ: Մանկական այգի ենք կառուցել` տեղադրելով նստարաններ, կարուսելներ, սղարաններ, զրուցարան: Դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում ենք արել: Ամենակարևոր ու մեծ ձեռքբերումը <<Հյուսիս-հարավ>> ավտոճանապարհի վրա կառուցված  վերգետնյա կամրջի կառուցումն էր: Դա, իհարկե, պետական միջոցներով է արվել, բայց այստեղ չպետք է անտեսել գյուղապետարանի ներդրած ջանքերն ու միջոցները, անձամբ Թարվերդյանի կողմից տարված մեծ աշխատանքը: Այդ կամրջի կառուցումից հետո դաշտամիջյան նոր ճանապարհներ կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: Ջրատարների վրա նաև կամուրջ կառուցվեց, և այդ ամենով լուծվեց ինչպես մարդկանց անվտանգության, այնպես էլ սեփական հողատարածքները մշակելու, անասնապահությամբ զբաղվելու հարցը: Վերգետնյա կամրջի կառուցումը կենսական նշանակության խնդիր է նաև հարևան համայնքների համար: Արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ են տարվել, լուսավորվել են փողոցներ: Նաև աղբահանության խնդիրն է լուծվում: Գերեզմանատներում բարեկարգումներ են արվել և այլն>>

Աշոտ Թարվերդյանի խոսքով, իրենց ամենացավոտ խնդիրը մանկապարտեզն է: Հնարավորություն չունեն սեփական միջոցներով մանկապարտեզի նոր շենք կառուցել, այդ խնդրով շարունակ պրպտումների մեջ են: Մտադիր են երեխաների զարգացման կենտրոն ունենալ, շենքը կա, մնացել են հարդարման աշխատանքները: Պարի համույթ ունեն, որ հաջող ելույթներ է ունենում, ֆուտբոլի թիմ են ստեղծել, մտածում են մարզադաշտի մասին:

-Պարոն Թարվերդյանի գալով,- հավելեց Էվելինա Ղազարյանը,- հեղաշրջման պես մի բան տեղի ունեցավ գյուղում: Իհարկե, դրական, լավ իմաստով: Շատ արագ տեղաշարժ զգացվեց, գյուղն, ասես, նոր շնչառություն ստացավ, շատ բան փոխվեց: Մթնոլո’րտը փոխվեց, զարթոնք տեղի ունեցավ, առաջ շարժվեցինք… Թարվերդյանը խիստ, պահանջկոտ, հետևողական ղեկավար է: Անընդհատ աշխատանքի, որոնումների մեջ ենք` պատասխանատվության բարձր գիտակցումով… 

SHARE