Հույս և լավատեսություն

0
25

Հայրենի երկրի զարգացման ու առաջընթացի նկատմամբ

Համոզմունք

-Համապետական այս ընտրությունները,- <<Ընկեր>>-ին ասաց Արարատի մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Միսակ Սանթոյանը,- անցան շատ հանգիստ, առանց միջադեպերի: Ընտրության մասնակիցների թիվը գյուղում մեծ էր70 տոկոս: Առաջատարը <<Իմ քայլը>> դաշինքն էր 308-ից 198 քվե: <<Մենք>> դաշինքի ռեյտինգային թեկնածու Մանվել Ղազարյանը (<<Վեդի ալկո>> ընկերության սեփականատեր) ստացավ 50 ձայն: Պետք է ասեմ, որ ժողովուրդը շատ լավ է տրամադրված նոր իշխանությունների նկատմամբհուսալով, որ կարճ ժամանակահատվածում մեր երկիրը մեծ առաջընթաց է ունենալու: Առավել ևս, որ արդեն իսկ հուսադրող փաստի ենք ականատես անմխիթար վիճակում գտնվող գյուղապետարանի շենքի հիմնանորոգումը ներառվել է համապատասխան ծրագրում, որտեղ 40 տոկոս ներդրումը (4 մլն 500 հազար դրամ) անելու է պետությունը: 7 մլն դրամի չափով մասնակցություն կապահովի համայնքապետարանը: Շենքում տեղավորված են նաև հանդիսությունների սրահը, <<Հայփոստի>> բաժանմունքը, բուժկետը: Շինաշխատանքները կսկսվեն 2019-ի սկզբին: Դիմել ենք մարզպետ Գարիկ Սարգսյանին, ում միջնորդությամբ մեզ սուբսիդիա է տրամադրվել: Դրանով լուծելու ենք դպրոցի ջեռուցման հարցըկենտրոնական ջեռուցում անցկացնելով: Թեև խմելու ջրի խնդիր չունենք, բայց մինչև վերջերս ջրագծերը նորացնելու կարիք կար: 2010-ին ներքին ցանցի միայն մի մասը փոխվեց: Մարզպետի օգնությամբ այդ խնդիրն էլ կարգավորվեց: <<Վեոլիա ջուրը>> մեկ ամիս առաջ մնացած 500 մետր ջրագիծը փոխեց: Համայնքը շատ գոհ է մարզպետ Գարիկ Սարգսյանից, ով անմիջապես արձագանքում է առաջացած խնդիրներին և դրանց լուծման ուղիներ գտնում: Շատ ուշադիր է հատկապես փոքր համայնքների նկատմամբ, ոչ մի հարց չի անտեսում: Ինչ հարցով դիմել ենք աջակցել է: Մեր մարզպետն աշխատելու մեծ ունակության տեր է…
Անդրադառնալով արված գործերին, պարոն Սանթոյանը նախ նշեց, որ ներկայիս գյուղի տեղում ժամանակին Վեդու գինու գործարանի բանավանն էր: 1991-ից է գյուղ դարձել: Վարչական տարածք, հողատարածքներ չուներ.
-Մեզանից 2-3 կմ հեռու Արարատի թռչնաֆաբրիկան էր, որի վարչական տարածքը հանձնվեց մեզ: Հողատարածքներն Արտաշատի ջրանցքից վերև են, և մեր գյուղացիները չեն կարողացել ոռոգել դրանք: 2009-ից միայն <<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագրով 8 կմ երկարությամբ ջրանցք անցկացվեց, և մարդիկ սկսեցին իրենց հողերը մշակել: 2010-ին խմելու ջրի ներքին ցանցի խողովակներն ենք փոխելգրեթե 80 տոկոսի չափով: Մեկ տարի անց նույն ծրագրով, համայնքի 10 տոկոս համատեղ ներդրմամբ, ոռոգման ներքին ցանցն ենք (1300 մ) փոխել: Ջրի կորուստ չենք ունենում: Մի քանի տարի անց արդեն մեր ուժերով ենք ոռոգման ցանցի բարելավում կատարել: Եթե հաշվի առնենք, որ համայնքի բյուջեն ընդամենը 3 մլն 500 հազար դրամ է, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի սահմանափակ հնարավորություններ ունենք: Մանկապարտեզը, միջոցների անբավարարության պատճառով, չենք կարողանում աշխատեցնել: Մեկ խումբ պահելու համար տարեկան 7 մլն դրամ կպահանջվի: Մարզպետի հետ մանկապարտեզի հարցն էլ ենք քննարկել; Քանի որ Գինեվետն ու Նոր ուղին միևնույն դպրոցից են օգտվում, ուստի մտադիր ենք այդ նույն սկզբունքը կիրառել նաև մանկապարտեզի հարցում: Եկող տարի արդեն պարզ կդառնան խնդրի լուծման հնարավոր ուղիները: Պարի խումբ ունենք, մարզական 3 խմբակ, ինչն առայժմ բավարար է երեխաների զբաղվածության ապահովման առումով… Համայնքապետի խոսքերով, գյուղապետ-գյուղացի փոխհարաբերությունները պատշաճ մակարդակի վրա են: Բնակչի մտահոգությունները հնարավորությունների սահմանում փարատվում, իսկ առաջացած խնդիրներն իրենց լուծումն են ստանում: Եթե նյութապես հնարավոր չի լինում, ապա գոնե բարոյապես ու մարդկայնորեն են ձեռք մեկնում կարիքի մեջ գտնվողին: Ընկերներն այս հարցում իրենց արժանի լումա ունեն: Առհասարակ, ընկերությունը մեծ տեղ ունի Միսակ Սանթոյանի կյանքում: Ըստ նրա, լավ ու վատ ընկեր չկա, ուղղակի ընկեր է ու վերջ. -Եթե այսքան տարի համայնքապետ եմ, ապա դրանում մեծ է ընկերոջ, ընկերության դերը: Համայնքի բնակիչը ևս, ինչ խոսք, այստեղ մեծ բաժին ունի: Բոլորին ընկերաբար եմ վերաբերվում, բոլորն էլ ինձ հարազատ են: Գյուղը շատ համախմբված է: Ամենամեծ ցանկությունս այն է, որ գյուղացին սոցիալապես լավ պայմաններում ապրի, որ ստիպված չլինի տվյալ խնդրով այս կամ այլ տեղ դիմելու: Այո°, մարդիկ դիմում են կարիքից դրդված, և մենք էլ ջանում ենք մեր ուժերի սահմանում նեցուկ լինել նրանց: Խիստ անհրաժեշտության դեպքում մեր օգնությունը չի ուշանում: Նոր իշխանությունների նկատմամբ հույսով ու լավատեսությամբ ենք լցված, համոզված ենք, որ ամեն ինչ, ի վերջո, իր տեղն է ընկնելու, լավ երկիր ենք ունենալու…

SHARE