Հուշարձան-հուշապատ Նորաբացում

0
21

Խոնարհում

Այն հավերժացնում է ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ նորօրյա հերոսների հիշատակը

Արարատի մարզի Նորաբաց գյուղում Եռատոնը նշվեց մեծ շուքով ու հանդիսավորությամբ: Մայիսի 9-ին այստեղ, իրոք, տոն էր, պատմական հիշարժան օր:

-Մայիսյան այս Եռատոնը,- իր խոսքում ասաց համայնքապետ Գալուստ Գալստյանը,- այս անգամ որոշեցինք ավելի հանդիսավոր ու հիշարժան դարձնել: Փառք Աստծո, հաջողվեց <<տեղավորվել>> ժամկետների մեջ և կարողացանք զբոսայգին իր հուշարձան-հուշապատով հանձնել մեր բնակիչներին: Նաև` <<Հայփոստի>> նոր բաժանմունքը:

Միանգամից մի քանի նվեր մատուցեցինք մեր բնակիչներին: Զբոսայգում կառուցել ենք բացօթյա բեմ, որը միաժամանակ բացօթյա մշակութային կենտրոն է: Այն, իմ պատկերացմամբ, պետք է ամենօրյա ռեժիմով գործի: Կհնչի երաժշտություն, կլինեն կինոդիտումներ, կանցկացվեն համերգներ ու այլ միջոցառումներ:

Ամենակարևորը` կա այդ հնարավորությունը, կան բավարար պայմաններ, որպեսզի ամենօրյա մշակութային կյանքը մեզանից անբաժան լինի: Այս ամենն, անշուշտ, կոչված է առաջին հերթին մատաղ սերնդի դաստիարակությանը, քանզի եթե մենք ունենանք ոչ կրթված, ոչ մոտիվացված երիտասարդություն, ապա շատ արագ մեր բոլոր ձեռքբերումները կորստյան կմատնենք:

Մեր խնդիրն է ապահովել սերունդների ճիշտ հերթափոխը, անցնցում ու արդյունավետ կազմակերպել սերնդափոխությունը: Պատահական չէ, որ զբոսայգին կառուցել ենք եկեղեցու հարևանությամբ, և դա մեծ խորհուրդ ունի: Հուշարձան-հուշապատը կոչել ենք <<Ինձ բացակա չդնեք>> անվամբ:

Այստեղ Հայրենական մեծ պատերազմի 75 մասնակցի անուններն են, Արցախյան ազատամարտի 5 զոհերի նկարները: Բավարարվածության մեծ զգացում եմ ապրում` այս կարևոր մտահղացումը կյանքի կոչելու համար: Պարտավոր ենք հիշել և մեր խոնարհումը բերել: Հարկ է անպայման ընդգծել, որ ողջ գյուղն է մասնակցել այս աշխատանքները հաջողությամբ իրագործելուն: Հանգանակություն է կատարվել, մարդիկ նաև իրենց ֆիզիկական աշխատանքով են մասնակից դարձել զբոսայգու, հուշարձան-հուշապատի կառուցմանը: Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ համախմբված ու միասնական լինելու դեպքում կարող ենք համայնքը զարգացման ու առաջընթացի ճանապարհով տանել: Եթե կա աշխատանք, ազնվություն և նվիրում, ապա ամեն ինչ հնարավոր է դառնում, ամեն դժվարություն տեղի է տալիս: Կարծում եմ, որ սա իմ կատարած աշխատանքների, նվիրվածության ու հետևողականության արդյունքն է…

Զբոսայգում տոնական տրամադրություն էր տիրում, առատ սեղաններ էին գցված, մատաղի արարողություն կատարվեց, և ողջ գյուղը սիրով ու հպարտությամբ վայելեց այդ օրվա պարգևած ուրախությունը…

SHARE