Ճգնաժամի հանգուցալուծում

0
60

Հարկ է, անշուշտ, բարձր գնահատել այն քաղաքական ուժի, քաղաքական գործիչների աննախադեպ գործողությունները, որոնք կարողացան ժողովրդին իրենց հետևից տանել, և այս զարթոնքը Հայաստանում տեղի ունեցավ, ժողովուրդն իր կամքը թելադրեց: Նրանց գործողությունները միանշանակ օրինակելի են:

Երկարատև ճգնաժամը քաղաքական գործիչներին հասցրել էր հիասթափության… Բայց դա երկար չէր կարող տևել: Այն, ինչ դեմ է մարդկային պարզ տրամաբանությանը, դեմ է բնության, Աստծո օրենքներին, մի օր անպայման <<պայթելու>> է` անփառունակ վախճան ունենալով: Բարոյական, սոցիալական ճգնաժամն իր հանգուցալուծումը պետք է ստանար: Պտտվեց թափանիվը, և Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի հետ կարողացավ վստահություն ձեռք բերել ժողովրդի շրջանում: Այդ ամենը հաջողվեց ոչ միայն քաղաքական գործիչների, այլև ամբողջ ժողովրդի գործունեության արդյունքում:

 

Ստեղծենք նո՛ր Հայաստան

Հեղափոխություն անելն, իհարկե, շատ լավ բան է, բայց կիսահեղափոխական վիճակը դարձնել իսկական հեղափոխություն` ամենաբարդ խնդիրն է: Դասականների խոսքով` ամենակարևորը, որ հեղափոխությունը կարողանա ինքն իրեն պաշտպանել: Տարբեր օլիգարխիկ շրջանակներ, անշուշտ, ուզում են ներգրավվել ռևանշի, սաբոտաժի գործողությունների մեջ, սակայն դրա դեմ պետք է անխնա պայքար տանել: Կիսատ չպետք է թողնենք իրավիճակը, պետք է չկանգնենք ճանապարհին, և նախկին քրեաօլիգարխիկ համակարգին պետք է զրկենք իշխանական ու ադմինիստրատիվ լծակներից: Դա անպայման պետք արվի, սրան պետք է պատրաստ լինենք, և խոսքը միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին չէ:

Կա՛մ գնում ենք նոր Հայաստանի ստեղծմանը, կա՛մ կառչում ենք պաշտոններից` մի քիչ նալին, մի քիչ մեխին խփելով: Օր առաջ պետք է թալանչիներին զրկել ֆինանսական, տնտեսական լծակներից, ստվերը պետք է վերանա, կապ չունի` ով է, ում հետ է մոտիկ, խոշոր է, մանր է… Պետք է ընտրակեղծարար մեքենան, որ մետաստազի պես տարածվել է երկրով մեկ, ջարդել ու դեն շպրտել: Ստեղծենք նոր Հայաստան, մենք ուզում ենք հայակենտրոն Հայաստան, ուժեղ հայկական պետականություն…

SHARE