Մայակովսկին Ընկերության փողոց կունենա

0
54

Նվիրում

Ի պատիվ բոլոր այն մարդկանց, ովքեր հայրենի գյուղին արժանին են մատուցում

Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանի հետ մեր զրույցն սկսեցինք <<Ընկեր>>-ի ավանդական հարցով. <<Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Ձեր կյանքում>>:

-Ընկեր կարող է լինել այն մարդը,- պատասխանեց նա,- ով հասկանում է քեզ, կարդում է մտքերդ, ով ցանկացած պահի քո կողքին է, և երբեք մտքով չի անցնի, որ ընկերդ քեզ հետ չէ: Ընկեր հասկացողությունը շատ մեծ իմաստ է պարունակում: Դա պետք է հասկանալ և խորությամբ ընկալել, ընկերության պատիվն ու հարգանքը բարձր դիրքերում պահել: Այն մարդը, ով կրում է նույն քո մտքերը, իղձերն ու ցանկությունները, քեզ ընկեր ու հարազատ է: Փոխադարձությունը` բոլոր առումներով, ընկերության, այսպես ասած, պահապան հրեշտակն է, շարժիչ ուժը: Ապա գալիս են անշահախնդրությունը, հարեհասությունը, կամեցողությունը, բարությունը… Այո՝, ունեմ ընկերական մեծ շրջապատ և հպարտ եմ նրանով: Համոզված եմ, որ ցանկացած հայ մարդ մեծապես արժևորում է ընկերոջն ու ընկերությունը և իր կյանքն առանց դրա չի էլ կարող պատկերացնել: Ունեմ ընկերներ, որոնց մասին կուզենայի առանձնահատուկ նշել: Ահավասիկ` Արմեն Հակոբյանը, ով ինձանից տարիքով փոքր է և ապրում է Ռոստով քաղաքում: Մի անգամ, երբ նրա ներկայությամբ խոսք բացվեց գյուղի եկեղեցու անմխիթար վիճակի և վերանորոգման անհրաժեշտության մասին, նրա արձագանքը հետևյալն էր. <<Ես քո խոսքը ոչ այնքան որպես համայնքի ղեկավարի, որքան ընկերոջ խոսք եմ ընդունում, ուստի և պատասխանս հետևյալն է` եթե ընկերս այդպես է ուզում, ուրեմն ես այն վերանորոգելու եմ>>: Այդպես էլ եղավ, և 2018 թ. հունիսի 26-ին հանդիսավորությամբ կայացավ եկեղեցու վերաբացումը: Դրանով հիմք դրվեց նաև գյուղի օրը նշելու ավանդույթի ձևավորմանը` հաշվի առնելով այն, որ մերոնք այստեղ եկել են 1828-ին և անմիջապես հիմնել եկեղեցին: Ընկերոջս` Արմենի հետ էլի ծրագրեր ունենք իրագործելու: Ներկայումս պետական ներդրումային ծրագրով (մոտ 31 մլն դրամ) մանկապարտեզն ենք վերանորոգում, Արմենն իր պատրաստակամությունը հայտնել է` առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կանգնելու մեր կողքին և իր աջակցությունը բերելու այդ գործին: Նա գործարար է և իր պահվածքով, վերաբերմունքով ու մարդկային ընկալումներով իր գյուղացու, իր ընկերոջ կողքին հարազատի պես կանգնած է: Բարի, կամեցող, մեծ հոգու տեր անձնավորություն է: Արմենի հետ մեր ընկերությունը շուրջ քառորդ դարի պատմություն ունի, ինչի արդյունքում նաև շատ այլ ընկերներ ենք ձեռք բերել: Պատահական չէ, որ եկեղեցու բակում Ռոստովի նրա ինչպես հայ, այնպես էլ ռուս ընկերների կողմից խաչքարեր են տեղադրվել: Մեր մյուս լավ ընկերոջ` Լյովա Հակոբյանի մասին էլ անպայման նշեմ: Նա թեև Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում է բնակվում, բայց հոգու նվիրական թելերով ջերմորեն կապված է հայրենի գյուղի հետ: Ասեմ, որ նա էլ` Հարություն որդու հետ, խաչքար է տեղադրել եկեղեցու բակում: Պատրաստակամ կանգնած է մեր կողքին և ջանում է մեզ հետ հավասարապես տանել հայրենի գյուղը զարգացնելու մտահղացումները, թե՝ ֆինանսապես, թե՝ բարոյապես նպաստել առկա խնդիրների լուծմանը: Շատ կարգին ընկեր է, լավ մարդ, արժանապատիվ հայորդի: Նույնը պիտի ասեմ նաև մեր ընկերներից Արա Շահինյանի մասին, որ բնակվում է Փարիզում: Փառք Աստծո, որ այդպիսի մարդիկ կան մեր շրջապատում, այդպիսին են մեր բոլոր ընկերները, ովքեր նաև հեռու-հեռուներից ամեն կերպ իրենց ներդրումն են ունենում հայրենի գյուղի շենացման ծրագրերի իրագործմանը: Մասնավորապես` բնակավայրի բարեկարգման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում է կարևորվում ընկերական այդ աջակցությունը, ինչը և հաշվի առնելով` մտադիր ենք գյուղի թաղամասերից մեկում Ընկերության անվամբ փողոց ունենալ…Հատկապես դրսի ընկերներս շատ մեծ հարգանք ու հեղինակություն ունեն, ինչն ինձ հպարտություն է պարգևում: Այսպիսի խոսք կա, չէ. <<Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու>>: Մեր անձնական մտերմությունը նաև ի շահ գյուղի է, ի շահ նրա բարգավաճման ու լուսավոր ապագայի: Ուրախալի է, որ այդ ընկերության շրջանակը գնալով ընդլայնվում է, ինչը նշանակում է, որ նոր հնարավորություններ են բացվում ավելի շատ ու ավելի լավ գործեր անելու համար: Այս հանգամանքից միմիայն լավ պիտի զգալ, ուրախանալ ու հպարտանալ: Պետք է հատուկ շեշտեմ, որ ավագ ընկերներից միշտ իր օգնության ձեռքն է մեկնել Գագիկ Ծառուկյանը, առաջին հերթին` սոցիալապես անապահովներին: Տրակտոր է նվիրել, բուժամբուլատորիայի ողջ գույքն է նվիրաբերել, շտապօգնության մեքենա` համայնքին և այլն: Ի դեպ, ամբուլատորիան էլի մեր ընկերոջ` Արամի ներդրումով կառուցվեց: Ինչպես մանկապարտեզի, այնպես էլ դպրոցի դասասենյակների վերանորոգման գործում են ընկերները մասնակցություն ունեցել: Էլի շատ մեծ ու փոքր գործերում մեր ընկերները մեր կողքին կանգնած են եղել, օգնել հնարավոր ամեն ինչով: Մի խոսքով, ունենք այնպիսի ընկերություն, որը կարող է շատ լավ օրինակ ծառայել: Այսքան տարի ղեկավարելով համայնքը, եղածը պահպանելու և եղածին ինչ-որ բան ավելացնելու տեսանկյունից բավականին ձեռքբերումներ եմ ունեցել` և՝ աշխատանքի, և ընկերների առումով…

Մանրամասնելով արված գործերի շուրջ խոսակցությունը, պարոն Բարսեղյանը նշեց, որ խմելու և ոռոգման ջրի, արտաքին լուսավորության, գազաֆիկացման խնդիր չունեն: Միայն մեկ փողոց է մնացել, որ լուսավորվի: Փողոցները մեծամասամբ  ասֆալտապատված են: Ճիշտ է, համայնքը ֆոնդային գումարներ քիչ ունի, բայց եղածն էլ ուղղվել է սոցիալական կարիքների փոքրիշատե բավարարմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և համայնքի համաչափ զարգացումն ապահովելուն: Վահագն Բարսեղյանը հիշեց, որ երբ ընդունել է համայնքը, ընդամենը 6 մլն դրամ ունեին, այսօր հասցրել են 100 մլն-ի. <<27 տարեկանից ղեկավարում եմ համայնքը և առաջին հերթին նպատակ եմ ունեցել Մայակովսկին տեսնել հարուստ, գեղեցիկ ու բարեկարգ, լավագույնների շարքում: Մեր բնակիչները ինտելեկտով, կրթական ցենզով շատ բարձր մակարդակ ունեն, ուստի բնական է այն ցանկությունս, որ անընդհատ բարձրացվի նրանց կենսամակարդակը, ինչի համար ներդրել եմ ունեցածս ողջ ներուժը: Համոզված եմ, որ եթե ամեն ինչին լավ ես վերաբերվում, լավ ու բարի նպատակներ ունես, նույնն էլ ստանալու ես: Բարոյահոգեբանական շատ բարձր մակարդակ ունենք համայնքում, փոխադարձ հարգանքի ու բարյացակամության մթնոլորտ, ինչն էլ բավականին հեշտացնում է համայնքապետի ծանր ու պատասխանատու աշխատանքը…>>:

***

Քանի որ Վահագն Բարսեղյանն իր խոսքում նշեց, որ ընկերության մեջ կին կամ տղամարդ լինելն այնքան էլ էական չէ` ընկեր ես և վերջ, ուստի նպատակահարմար համարեցինք հանդիպել և զրուցել նրա ընկերներից Աստղիկ Հարությունյանի հետ, ով համայնքապետարանի առաջատար մասնագետն է:

-1977 թ. ամուսնացել եմ և Երևանից եկել այստեղ: Գյուղը շատ սիրել եմ: Սովխոզում բանվորուհի եմ աշխատել, իսկ 1984-ից արդեն տնտեսության հաշվապահն էի: Եվ այդպես` գրեթե 40 տարի: Ունեցել եմ 3 երեխա, լավ ընկերներ, շատ լավ կոլեկտիվ: 5 տարվա մեջ կորցրել եմ 56-ամյա ամուսնուս, 38 տարեկան որդուս: Կոլեկտիվի մարդկային վեհ վերաբերմունքի շնորհիվ կարողացա ամոքել դժբախտություններս ու վիշտս և շարունակել աշխատել: Միայն պատկերացնել է պետք, թե ինչերի միջով եմ անցել, և կոլեկտիվս էլ ինձ ինչ կերպ է մոտեցել, որպեսզի կարողանամ չհուսալքվել, առաջ գնալ և պահել ընտանիքս: Իսկ դա գալիս է նախ լավ ընկերներից: Ես այնքա¯ն մեծ եմ գնահատում ընկեր բառը, ընկերությունը… Իրոք, ինձ համար դա շատ մեծ նշանակություն ունի, որովհետև ինքս բնույթով մարդասեր եմ: Եվ եթե ինձ մարդասիրաբար են մոտենում, քիչ է մնում` սիրտս հանեմ տամ: Աստված ինձ մեծ պարգև է տվել` շրջապատելով լավ ընկերներով: Լավ կոլեկտիվ, լավ ընկերներ, լավ շրջապատ, լավ միջավայր… Էլ ինչ է պետք մարդուն երջանիկ, գոհ ու բավարարված լինելու համար: Եթե աշխատանքի հիմքում կա լավ ընկերություն, ապա այդ աշխատանքն անշահախնդիր է դառնում, էլ չեմ ասում արդյունավետության և մնացած օգուտների մասին: Իսկ մեր աշխատանքը, թող տարօրինակ չհնչի, առաջին հերթին ընկերություն է, ապա միայն աշխատանք: Ընկերությունն ինձ համար առաջին տեղում է: Ես ընկեր Բարսեղյանին միշտ ասում եմ, որ, անկախ մեր միասին աշխատել-չաշխատելուց, մեր ընկերությունն անխախտ է: Երբեք ու երբեք ոչինչ չի կարող այնպես անել, որ հանկարծ մենք ընկերության դեմ ելնենք կամ ինչ-որ սխալ բան անենք: Նման բան, պարզապես, անհնար է: Իրար հետ, ասենք, չենք աշխատի, բայց կհանդիպենք, չէ, ուստի պարզ ճակատով պիտի իրար նայենք, բարևենք: Ունեմ շատ տղամարդ ընկերներ, և դա գալիս է, թերևս, իմ ամուսնու ընտանիքից և այն ընտանիքից, որտեղից եկել եմ: 4 եղբոր քույր եմ, ավելի շատ շփվել եմ տղաների հետ: Ամուսինս ընկերական մեծ շրջապատի տեր էր, նաև` տեգրս, որդիս: Փաստորեն, իմ մեջ նստած է այդ անխախտ, անդավաճան ընկերության տեսակը: Իմ մոտ ստացվում է դա, և դիմացինը, կարծես, զգում է, որ կարելի է ինձ հետ վստահելի ընկերական հարաբերություններ ստեղծել, որ ես ի վիճակի չեմ երբևէ դավաճանելու կամ երես թեքելու: Ես գտնում եմ, որ ընկերությունը նախ և առաջ վստահություն է, այո՝, վստահություն և վերջ: Ըստ իս, տղամարդու հետ ավելի հեշտ է ստացվում ընկերությունը, քան կնոջ պարագայում է: Միգուցե, դրա պատճառն այն է, որ նախանձ, բամբասանք քիչ կան: Ասածս, ինչ խոսք, չի նշանակում, թե բոլոր տղամարդիկ են արժանի ընկերներ, դա կախված է տվյալ անձի մարդկային որակներից: Իմ հարաբերությունները բոլորի հետ էլ մարդկային են, բայց ընկերություն ասածն այլ է: Ինչ վերաբերում է Բարսեղյանին, ապա նրա մեջ առաջին հերթին գնահատելի է հարգանքը մարդու նկատմամբ: Կարողանում է դիմացինի մեջ տեսնել լավը և գնահատել այն: Գնահատելու այդ հատկանիշը ես շատ եմ գնահատում: Եթե քեզ գնահատում են, գնահատում են քո եղած լավը, ուրեմն այդտեղ անպայման անշահախնդիր ընկերություն կա: Վահագն Բարսեղյանը շատ հասնող է: Իր հետ պիտի ազնիվ լինես, ինչի դեպքում սիրո ու հարգանքի կարժանանաս: Մտնում է դիմացինի դրության մեջ, հարազատի պես է վերաբերվում, սրտակից է, մարդուն մենակ չի թողնի դժվար պահին: Ես այդ ամեն ինչը լավ զգացել եմ նրա մեջ, ուստի այսպես հաստատակամ ու վստահ ասում եմ: Մարդկային վեհ հատկանիշներով օժտված անձնավորություն է. եթե այդպես չլիներ, ապա դժվար թե այդքան տարի միասին աշխատեինք: Նրբանկատ է, շրջահայաց ու բարեկիրթ: Լավ, իսկական ընկեր է, անշահախնդիր ու նվիրված, ընկերական մեծ շրջապատի տեր: Մի առակ հիշեցի: Հայրը որդուն ասում է` քեզ որքան գումար տամ: Որդին պատասխանում է` այս ծառի տերևների չափ: Հայրն ասում է` չէ, տղա ջան, շատ է: Տղան ասում է` լավ, պտուղների չափ: Հայրն այս անգամ էլ է ասում` դա էլ է շատ: Տղան զարմանում է, թե ինչի չափ, լավ, հայրիկ: Հայրն ասում է` ինչքան ընկերներ ունես, այդքան էլ կտամ: Տղան մտածում է, մտածում և քանի որ ընկեր չուներ, ուստի հուսահատ այլևս ձայն չի հանում… Վահագն Բարսեղյանի պարագայում այդ կարողությունը, հարստությունը շատ մեծ է, ահռելի, քանի որ Աստված նրան շատ ընկերներ է տվել, շատ ու լավ ընկերներ: Ինքն էլ հենց այդ ընկերության ամենալավ տեսակից է: Մեծ հարգանք ունի համայնքում, քանի որ հենց ինքը նման հարգանք ունի յուրաքանչյուրի նկատմամբ: Պատիվ և հարգանք, որն անձամբ ես գումարից ավելի եմ գնահատում: Այս սկզբունքը, հավատամքը նաև մեր ընկերության, հարազատության ու մտերմության հիմքում է: Մեծին մեծի պես ենք հարգում, փոքրին` փոքրի: Մարդը պետք է քչով բավարարվել կարողանա, ես այդպիսին եմ, և դա, համոզված եմ, լավ հատկանիշ է, ինչի շնորհիվ և կարողանում եմ բոլորի հետ լեզու գտնել: Ամուսնուս հետ էլ լավ ընկերներ ենք եղել: Ինձ միշտ ասում էր, որ եղբայր ես ինձ համար, այսինքն` թև ու թիկունք եմ եղել նրան: Որդուս` Հարությունի հետ էլ նույնպիսի հարաբերություններ են եղել: Այսօր էլ թոռիս` Հովսեփի հետ եմ ընկերություն անում, նրան ընկերանում եմ անգամ ֆուտբոլ դիտելիս, որպեսզի իրեն լավ զգա: Հարսիս` Վերժինեի հետ էլ հաշտ ու համերաշխ ենք, գնալով, կարելի է ասել, ընկերանում ենք: Նրա մեջ շատ մարդկային հատկանիշներ եմ տեսնում, գնահատելի շատ որակներ ունի: Այնպես որ, վստահ եմ, որ մեր օջախի լավագույն գծերը պահպանվելու են, մեր պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր է լինելու: Լավը, վստահ եմ, շարունակվելու է, իմ օջախի լույսը միշտ վառ կմնա: Կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում, ուստի պիտի լավ ընկեր լինես, հաստատուն ընկեր, ինչից կգա նաև քո լավ մարդ լինելը: Շատ գոհ ու շնորհակալ եմ ընկեր Բարսեղյանից, ինքը մեծ մարդ է` ինձ քրոջից առավել ընդունելով: Գոհ եմ իմ բոլոր ընկերներից…     

Վահագն Բարսեղյանն իր հերթին անդրադարձավ Աստղիկ Հարությունյանի մարդկային ու ընկերական հատկանիշներին և, մասնավորապես, հետևյալն ասաց. <<1981 թվականից եմ, աշխատանքի բերումով, ճանաչում Աստղիկին: Այդ ժամանակվանից էլ զգացել եմ նրա մարդկային ու ընկերական վերաբերմունքը, աշխատանքի նկատմամբ ցուցաբերած բարձր պատասխանատվությունը: Եղել է ու կա` որպես բարի խորհրդատու, կամեցող, հարգալից ու պատվախնդիր: Իր խոսքի գինն ու արժեքն իմացող, գնահատող անձնավորություն, ընտանիքին նվիրված, անկոտրում բնավորության տեր: Իսկական ընկեր է, և կյանքում որքան էլ դաժանություններ է տեսել, ծանր վիշտ տարել, միևնույն է, նույն բարի ու լավատես անհատն է մնացել, երբևէ չի չարացել: Այն ամեն լավն ու բարին, որ կան նրա մեջ, փառք Աստծո, գրեթե նույնությամբ նաև թոռնիկի մեջ են, և, բնականաբար, շարունակվելու են: Մեծ վստահություն ունեմ նրա հանդեպ և անչափ հանգիստ եմ, որ նա կա և աշխատում է մեզ հետ: Շնորհակալ եմ նրա աշխատանքից, վերաբերմունքից, այն նվիրումից, որ ունի համայնքի հանդեպ: Մեր աշխատակազմում հավաքված են շատ բանիմաց, մարդկային անձնավորություններ, որ իրենց լավ ու դրական լիցքերը փոխանցում են ինձ, ես էլ իմ հերթին` իրենց և համայնքին ամբողջությամբ…>>:

<<Ընկեր>>-ական շնորհավորանք.- Բարեպատեհ առիթից օգտվելով, <<Ընկեր>>-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է նվիրյալ ու բազմափորձ, մարդկային լավագույն հատկանիշները մարմնավորող, իսկական ընկերոջ բարձր կոչմանն արժանի Աստղիկ Հարությունյանին` 60-ամյա հոբելյանի առթիվ: Այս բարեմաղթանքին սիրով միանում է Մայակովսկիի համայնքապետարանի ողջ աշխատակազմը` ի դեմս համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանի: Թող առողջություն ու հաջողություն լինի տիկին Աստղիկին և մեծ հաստատակամություն ու հավատ` շարունակելու հարազատ օջախի ջերմության պահապանի իր վեհ առաքելությունը: Շնորհավոր ծնունդդ, լավ ընկեր, լավ մայր, լավ մարդ և, պարզապես, սիրելի Աստղիկ Հարությունյան…

SHARE