Մարդուն պետք է օգնական ու աջակից լինել

0
1014

Նվիրում

Ինչպիսի իրավիճակում ու պայմաններում էլ գտնվենք

<<Ընկեր>>-ի հանդիպումը Ազատավան համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանի և նրա ընկերների հետ հաճելի անակնկալի պես ստացվեց: Հաճելի` նաև այն իմաստով, որ այս ընկերախումբը համայնքում հայտնի է իր լավ գործերով ու մարդկային լավագույն հատկանիշներով, ընկերական անխախտ ու ամուր ավանդույթներով: Կարելի է անգամ ասել, որ իր տեսակով օրինակ է շատերի համար և բարի նախանձ է առաջացնում շրջապատում: Ընկերություն, որի հիմքում նվիրվածությունն ու ազնվությունն են, շիտակությունն ու հավատարմությունը: Ավելի լավ է <<լսենք>> նրանց` ընկերներին…

Արայիկ Ֆահրադյան.- Պետիկ Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք: Նույն փողոցում ենք ապրում: Նրա պես մարդ և ընկեր շատ քիչ է հանդիպում մեր իրականության մեջ: Թե° որպես հայր, թե° որպես ամուսին և թե° որպես զավակ: Անշահախնդիր ու պատրաստակամ բոլորի կողքը կանգնած է, ընդ որում, մինչև գյուղապետ ընտրվելն էլ այդպիսին է եղել: Հնարավորն ու անհնարինն արել է, ինչի մասին կվկայի ցանկացած համագյուղացի: Լավ մարդ ու ընկեր լինելով, նաև լավ ղեկավար է: Մեջը մեծ նվիրում կա` ընտանիքին, ընկերությանը, իր գյուղին ու գյուղացուն: Մեր ընկերությունը մաքուր է, անշահախնդիր: Դա նախ Պետիկ Ղազարյանից է գալիս, քանզի կապող օղակը հենց նա է: Ընկերը, ըստ իս, նախ և առաջ օրինակ պետք է լինի դիմացինի համար, և մեր պարագայում այդպես էլ կա: Մաքրությունն ու անշահախնդրությունը մեզ համար անխախտ օրենքի ու սրբության պես մի բան են: Այնպես, ինչպես նա է քայլ անում, այդպես էլ` մենք: Քայլում ենք նրա հետ, նրա կողքին ենք… Գյուղում մեր ընկերությունը մատով են ցույց տալիս` այդպես հարգանք ու վստահություն արտահայտելով յուրաքանչյուրիս նկատմամբ: Եվ դրանում շատ մեծ է մեր ընկերոջ` Պետիկ Ղազարյանի դերը: Նա, իրոք, առանձնահատուկ է, սիրտն ու հոգին` բաց, բոլորի համար ու բոլորին նվիրված: Կարճ ժամանակահատված ղեկավարելով համայնքը, մեծ աշխատանք է կատարել, ինչն ակնառու է ու գովեստի արժանի: Պատվախնդիր ու նվիրված անում է իր գործը: Մանկապարտեզ է կառուցել: Ներկայումս նրա նախաձեռնությամբ և ընկերության շնորհիվ եկեղեցին է կառուցվում: Ընդունված խոսք կա, որ ընտանիքը խոսում է մարդու մասին: Պետիկ Ղազարյանը շատ լավ ընտանիք ունի, առանձնահատուկ մայր: Ավանդական ու հյուրընկալ հայ օջախի տեր է, որտեղ անսպառ ջերմություն ու սեր կա: Օրվա որ ժամն էլ լինի` մարդու կողքին կանգնած է, հասնում է ու ձեռք մեկնում: Տարիների հետ մեր ընկերությունն ավելի է ամրացել, շատ բաների միջով ենք անցել` միշտ մեր նվիրումն ու հավատարմությունը պահպանելով: Աշխատասեր է վերին աստիճանի, ամեն տեղ հասցնում է լինել, տեղեկանալ գործերի վիճակից, մարդկանց հոգսերից ու խնդիրներից: Միաժամանակ հետևողական է, որպեսզի բարձրացված հարցերը ժամանակին լուծվեն: Եվ պատահական չէ, որ մեր գյուղն այսօր, առանց չափազանցության, ծաղկում է: Իսկ ամենակարևորը` համայնքում կա մեծ հարգանք միմյանց նկատմամբ, համերաշխություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ: Համայնքապետը բոլորին համախմբել է, ջերմ ու մտերմիկ միջավայր ստեղծել: Ընկերությունն իր հետ, ինչ խոսք, նաև պարտավորություն է ծնում: Ինքնակամ, հաճելի պարտավորություն, ինչը մեզ բոլորիս մղում է ավելին անելու և աջակցելու մեր ընկերոջը պատվով կատարելու իր դժվարին առաքելությունը: Ոչ մի խնդիր նրա ուշադրությունից չի վրիպում: Եթե դաշտամիջյան ճանապարհները նախկինում շատ վատ վիճակում էին, ապա այսօր բարեկարգ ու հարմարավետ են: Այգի է հիմնել` մանկական խաղահրապարակով: Ազատավանցին սիրում է իր ղեկավարին, վստահում ու հավատում է նրան: Դա, ինչ խոսք, արվածի ամենաբարձր գնահատականն է, և մենք` ընկերներս, անչափ հպարտ ենք մեր սիրելի ընկերոջ համար…

Պետիկ Ղազարյան.- Այո, այնպիսի ընկերություն է ձևավորվել, որ առանց իրար հացի սեղան չենք նստում: Համախմբված ենք և° ընկերներով, և° գյուղով: Մեր ընկերությունը յուրաքանչյուրիս համար առաջին տեղում է: Նաև դրանով է մեր ընկերությունն օրինակելի, այն ընկերներով, ովքեր աշխատող ու նախաձեռնող են, արարող ու պատվախնդիր: Բոլորս էլ այդ ամեն լավը ժառանգել ենք մեր ծնողներից և, բնականաբար, նույնը փոխանցելու ենք մեր սերունդներին: Ավանդույթները պետք է մնան, հարատևեն: Մեծի, ավագի նկատմամբ հարգանքը նաև ընկերության մեջ պետք է պահպանել: Ունենք այդպիսի ընկերներ` Հակոբ Բաբայանը (մականունը` Ռևազ), Գեղամ Շահբազյանը (Գեղցի), Գրիգոր Պետրոսյանը (Մզդր): Արայիկ Ֆահրադյանն այնքան սպիտակ է, որ մականունը <<Մալակ>> ենք դրել, այդպես ենք դիմում: Իրարից նեղանալ չկա, ընկերներ ենք և` վերջ: Ցանկացած խնդրի դեպքում կարող եմ դիմել ընկերներիս` վստահ լինելով, որ նրանք կողքիս են, օգնելու հարցում` միշտ պատրաստակամ: Մեկս մյուսին անհրաժեշտության դեպքում լրացնում ենք: Մի քանի խոսք` եկեղեցու (Սուրբ Մարիամ Աստվածածին) կառուցման մասին: Աշխատանքների մոտ մեկ երրորդ մասն արդեն արվել է, ծախսվել է մոտ 28 հազար դոլարի չափ գումար: Ընկերներս են ամբողջն իրականացնում` ով ինչով կարող է: Համայնքը ղեկավարում եմ 2016 թվականից: Ինչպես ընկերս նշեց, գլոբալ խնդիրներից լուծել եմ մանկապարտեզի հարցը: Ոռոգման ջրի հարցում արդեն խնդիր չունենք: <<Բելառուս>> մակնիշի տրակտոր ենք ձեռք բերել, և մեր գյուղացին վար ու ցանքը մատչելի գներով է անում: Վերանորոգել ենք բուժամբուլատորիան: Մարդկանց ենք դրամական օգնություն ցույց տալիս, հատկապես` առողջապահական խնդիրների դեպքում: Համայնքի ղեկավարը պետք է շատ ուշադիր լինի իր բնակչի նկատմամբ և ջանա ինչ-որ կերպ լուծել նրա խնդիրները: Մշակույթի տան հարցով դիմելու ենք կառավարություն` սուբվենցիոն ծրագրի միջոցով այն կառուցելու համար…

Արայիկ Հարությունյան.- Մենք երկար տարիների ընկերներ ենք, միշտ իրար հետ, իրար կողքի: Մեր ընկեր Պետիկ Ղազարյանը շատ լավ ղեկավար է: Տեղը տեղին բոլոր գործերն անում և գյուղը տանում է զարգացման ճանապարհով: Իր բնակչի, գյուղացու կողքին կանգնած է, հասնում է կարիքավորին, ձեռք մեկնում: Լավ ընտանիք ունի, 4 երեխա, 3 թոռ: Բոլոր առումներով օրինակելի անձնավորություն է, ահա թե ինչու լավ հարգանք ու արժանի հեղինակություն է վայելում իր շրջապատում: Ուրախ ենք նրա համար և հպարտությամբ կանգնած ենք նրա կողքին…

Հովիկ Աբրահամյան.- Մեր գյուղում նախկինում մեծ լարվածություն կար, մթնոլորտն անառողջ էր, ինչն այսօր, բարեբախտաբար, բացակայում է: Դա, այդ դրական տեղաշարժը, հենց այնպես չի եղել, գալիս է մեր ընկերոջից` Պետիկ Ղազարյանից: Մարդկային լավ որակների տեր անձնավորություն է: Գյուղի այսօրվա մթնոլորտը ինձ ձգեց, Ռուսաստանից, որտեղ երկար տարիներ ապրում էի, բերեց այստեղ: Ես իմ գյուղում շատ լավ եմ զգում ինձ: Ղազարյանը շատ մարդկային է, ընկերական, նվիրված ու աշխատասեր: Բարձր պատասխանատվություն ունի, հետևողական է ու համբերատար: Գյուղն այսօր վերածնունդ է ապրում, քանի որ իր ղեկավարի շնորհիվ համախմբված ու միասնական է: Սեր ու հարգանք կա միմյանց նկատմամբ, բարյացակամություն ու առողջ տրամադրվածություն: Հպարտ ենք մեր ընկեր Պետիկ Ղազարյանով և մշտապես նրա կողքին կանգնած…

Հաճելի է, իրոք, նման գյուղում լինել, նման մարդկանց հանդիպել, բարի ու ջերմ խոսքեր լսել միմյանց հասցեին: Այս դեպքում, անշուշտ, և° հաջողությունները մեծ կլինեն, և° զարգացումն ու առաջընթացը ցանկալի հունով կընթանան: Այնպես, ինչպես այս հրաշալի գյուղում է` Ազատավանում…

SHARE