Մեծամորցին աշխատասեր է, արարող

0
16

Նախանձախնդիր

Միայն թե համապատասխան պայմաններ ստեղծվեն այդ ներուժն իրացնելու համար

-Արմավիրի մարզի Մեծամոր գյուղական համայնքը ղեկավարում եմ 2010 թվականից,-<<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Էդվարդ Միրզոյանը:- Մինչ այդ համայնքապետի տեղակալն էի: Ղեկավարման տարիներիս ձեռքբերումները շատ են` ի հաշիվ, թերևս, իմ առողջության: Արվել է շատ բան: Ամենակարևորը, որ մշակույթի տան սրահում անցկացվող սգո հանդիսությունների համար անվճար տրամադրում ենք սպասք, սեղան-աթոռներ: Վերանորոգել ենք ճանապարհներ ու կամուրջներ: Համայնքի ուժերով մանկապարտեզի տանիքն է նորոգվել, դուռ-պատուհան ենք տեղադրել: Գումարի սղության պատճառով հնարավոր չի լինում աշխատանքներն ամբողջությամբ ավարտել: Անհրաժեշտ է 50 մլն դրամ: Խնդրին լուծում տալու նպատակով նախագիծ-նախահաշիվ ենք արել նախակրթարան բացելու համար: 3 մլն մեր, նույնքան էլ պետական միջոցներից կտրամադրվի: Մշակույթի տան դիմաց Հայոց եղեռնի զոհերի 100-ամյակի առթիվ խաչքար-հուշարձան է տեղադրվել: Դրա կառուցման գումարը չհերիքեց, և ստիպված էի Ռուսաստանում ապրող որդուս` մեր տան տանիքի վերանորոգման համար ուղարկված գումարը տրամադրել այդ նպատակին: Ի դեպ, տանիքի նորոգման հարցն այդպես էլ մնում է: Խմելու, ոռոգման ջրի վիճակը լավ է, ապահովված ենք: Խմելու ջրի 10-12 ինքնահոս արտեզյան հորեր կան, որոնք բավարարում են համայնքին: Գլոբալ խնդիրն այն է, որ գյուղը գազաֆիկացված չէ, հարևան Հայկաշեն և Արաքս գյուղերն էլ գազ չունեն: Միայն 40 հեկտար ջերմոց ունենք (լոլիկ, վարունգ, սմբուկ, պղպեղ, կանաչի, կաղամբ), եթե գազաֆիկացում արվի, ապա շահավետությունը երկուստեք մեծ կլինի: Կառավարությունը մեզ այս հարցում անպայման պետք է օգնի: Այսօր գյուղը 14 մլն դրամ հոսանքի վարձ է վճարում: Շատ կուզենայի, որ այս մասին վարչապետը տեղյակ լիներ, և համապատասխան կառույցները հաշվի առնեին մեր այդ հնարավորություններն ու ընդառաջեին մեզ: Պատրաստվում ենք նամակով դիմել Նիկոլ Փաշինյանին: Նշեմ, որ մեզ մոտիկ Գայ գյուղը վաղուց գազաֆիկացված է, այնպես որ շատ հեռու չէ գազատարը, հետևաբար, ծախսերն այնքան էլ մեծ չեն լինի: Մեծամորցին շատ աշխատասեր է, եթե լուծվի գազաֆիկացման խնդիրը, ապա մեր գյուղացին ավելի շատ գյուղմթերք կարտադրի: Բացի ջերմոցային կուլտուրաներից, դաշտերում էլ ձմերուկ ու սեխ ենք աճեցնում: Ազատ հողատարածք չկա, ամբողջությամբ մշակում ենք: Արտահանման դեպքում իրացման խնդիր չի առաջանում, ուստի պատկան մարմինները տվյալ հարցը պետք է կանոնակարգեն: Եթե չարտահանվի, ապա բերքը կմնա դաշտերում, օգուտ չենք ունենա` վնասից բացի: Նման անցանկալի իրավիճակներից խուսափելու նպատակով մարդիկ իրենց արտերում ցորեն, առվույտ, նանա են ցանում: Վերջինս արտահանվում է, ներսում չի սպառվում:

Պարոն Միրզոյանը մեկ անգամ ևս կարևորեց գազաֆիկացման խնդրի լուծումը` հավելելով, որ դրանով բավականին կփոխվի գյուղացու սոցիալ-տնտեսական վիճակը: Մեծամորցին շատ աշխատասեր է, արարող, ստեղծող, միայն պետք է համապատասխան պայմաններ ապահովվեն:

Ի դեպ, գյուղապետարանը մշակույթի տան շենքում է տեղավորված: Ամեն ինչ արվում է, որպեսզի պահպանվեն շենքային պայմանները, չնայած վերանորոգման անհրաժեշտություն է զգացվում: Նման հնարավորություն, ցավոք, համայնքը չունի: Տանիքի թիթեղներն են մասնակիորեն իրենց ուժերով փոխել: 23 մլն դրամ է հարկավոր հիմնանորոգման համար: Այս խնդրով գրեթե բոլոր ատյաններին դիմել են:

Էդվարդ Միրզոյանը ցանկացած պարագայում իր գյուղացու կողքին է, ունեցած հնարավորությունների սահմանում ձեռք է մեկնում, օգնում կարիքավորին: Տոնական հանդիսությունները շուքով ու պատշաճ են անցկացնում, հաճելի պահեր պարգևում բնակիչներին: Չեն մոռանում դպրոցականներին, նվերներ բաժանում առաջին դասարանցիներին: Երեխայի ծննդի դեպքում դրամական օգնություն են ցուցաբերում: Սոցիալապես անապահով ընտանիքներին նյութապես օգնում են և այլն:

Մեծամորում, չնայած առկա դժվարություններին, հավատով են լցված ներկայիս կառավարության հանդեպ, համբերատար են ու լավատես…      

SHARE