Մենք անպայման մեր քայլը պիտի անենք

0
321

Որպեսզի հաջողությամբ կյանքի կոչվեն բոլոր մեծ ու փոքր ծրագրերը

Լավատեսություն

-Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար ընտրվել եմ այս տարվա փետրվարի 17-ին կայացած ընտրության ժամանակ,- <<Ընկեր>>-ին ասաց Ռաֆայել Գրիգորյանը:- Պաշտոնն ստանձնել եմ ապրիլի 8-ին: Աշխատանքային առաջին տասնօրյակում տեղեկանալով գյուղի հիմնախնդիրների մասին, առաջնահերթ մշակույթի տանն եմ մեծ աշխատանք ծավալել: Երկու հարկն ամբողջությամբ լուսավորել և հաշվիչներ ենք տեղադրել: Տեղադրել ենք նաև եվրոդռներ, ինչում մեզ օգնել են համայնքի տարածքում գործող գիշերային ակումբների տնօրենները: Աշխատանքները շարունակվում են: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանն ենք վերանորոգել, զոհվածների և վետերանների անուն-ազգանուններն անմահացրել կոթողին, ինչն առանձնակի կարևորում եմ: Գիշերային լուսավորություն ենք անցկացրել և շարունակում ենք անցկացնել: Էներգախնայող լամպեր ենք տեղադրել: Եկեղեցու տանիքի ամրացման աշխատանք ենք կատարել, ինչպես նաև լուսավորություն անցկացրել: Ճանապարհների խճապատման մեծ աշխատանք է տարվել, մասնավորապես` երկու գերեզմանատան և մի քանի թաղամասերի: Գերեզմանատան տարածքն ենք ամբողջությամբ ցանկապատել: Ջրատարի մաքրման հարցով բնակիչները բազմիցս բարձրաձայնել էին, և մեզ հաջողվեց վերջնականապես լուծում տալ տվյալ խնդրին: Մանկապարտեզում ենք վերանորոգման աշխատանք կատարել: Գյուղն, ընդհանուր առմամբ, մաքրել ենք աղբից: Ինքս գյուղապետարանի աշխատակազմի հետ քանիցս մասնակցել եմ աղբահավաքմանը: Շատ կարևոր ու հաճելի է արձանագրել, որ թվարկածս աշխատանքներին մեր գյուղացիների մասնակցությունը բավականին ակտիվ ու անշահախնդիր է եղել: Հանդիսությունների սրահում տեղադրել ենք ջրատաքացուցիչներ, այլ քայլեր ևս ձեռնարկել ենք, ինչը բավականին հեշտացրել է սրահից օգտվելը: Նշեմ, որ սրահին անհրաժեշտ սպասքի նվիրատվություն է արել մեր համայնքի շատ հարգված անձանցից մեկը, իսկ նման խրախուսելի արարքները, հավատացած եմ, ձնագնդիի էֆեկտով գնալով ավելանալու են: Մենք մեր հերթին ջանադրաբար կանենք ամեն ինչ, որպեսզի լավ, բարի գործերն անպայման շարունակություն ու արժանի հետևորդներ ունենան: Համայնքի գերակա շահը պահանջում է միահամուռ աշխատանք ու նպատակային ջանքեր: Ի վերջո, ամեն ինչ չէ, որ գումար է պահանջում կամ կարելի է գումարի միջոցով անել: Իմ նախընտրական կարգախոսը չի փոխվել` <<Մեր գյուղը մեր տունն է>>, այս մոտեցումով շարունակելու եմ գործել և դրա շուրջ համախմբել համայնքի զարգացմամբ շահագրգիռ բոլոր ուժերին ու անձանց: Կարծում եմ, որ մեր գյուղացին արդեն տարբերություն զգում է իր առօրյա կյանքում, բայց դրանով բավարարվել չենք կարող: Պետք է ավելին անենք և ձեռնամուխ լինենք ավելի մեծ խնդիրների լուծմանը…

Ըստ համայնքապետի, Քաղսիի համար այսօր շատ կարևոր է մշակույթի տան խնդրի լուծումը: Ունեն շատ տաղանդավոր երեխաներ, որոնց տաղանդն այդպես էլ մնում է չբացահայտված, քանի որ չկա համապատասխան վայրը, չկան պայմաններ: Մինչդեռ պարտավոր են աջակցել շնորհալի երեխաներին և նպաստել, որ նրանք արժանի բարձունքների հասնեն: Մշակութային կյանքի զարգացումը, պարոն Գրիգորյանի խոսքերով, շատ կարևոր է, իսկ զարգացման կարևորագույն ճանապարհը մշակույթի օջախ ունենալն է: 2000 թվականից մշակույթի տունը գրեթե չի գործում, քանի որ վթարային է: Այդուհանդերձ, ունեն պարի, կարատեի խմբեր, մշակութային զանազան միջոցառումներ են անցկացվում:

-Անձնական միջոցներով վերանորոգում եմ գրադարանը,- շարունակեց համայնքապետը:- Դա կարևոր է նաև այն առումով, որ մարդիկ տեսնեն` աշխատանք է տարվում, հույս արթնանա և վստահությամբ լցվեն մշակույթի տան ապագայի նկատմամբ: Քայլ առ քայլ կհասնենք մեր նպատակին, և առաջիկայում, համոզված եմ, մշակույթի տան շենքը լիարժեք կծառայի իր նպատակին: Կմասնակցենք սուբվենցիոն և այլ ծրագրերի, հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով կձգտենք մշակույթի տունը դարձնել գործուն օջախ և, առհասարակ, սիրելի վայր քաղսեցիների համար: Հարկ է, անշուշտ, գիտակցել, որ չենք կարող նստել ու սպասել, թե երբ կհատկացվեն պետական միջոցներ, երբ կսկսեն իրականացվել ծրագրերը և այլն: Մենք պետք է անպայման մեր քայլն անենք, մեր բաժին աշխատանքը կատարենք, որպեսզի հաջողությամբ կյանքի կոչվեն բոլոր մեծ ու փոքր ծրագրերը: Հակառակ պարագայում ոչինչ չի ստացվի, և մենք մենակ կմնանք մեր խնդիրների հետ: Շատ կարևոր խնդիր է լուծվում վերին թաղամասում` գազաֆիկացում: Մարդիկ 15-20 տարի հետո, ի վերջո, բնական գազ կունենան: Մեզ այս հարցում աջակցում է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Ոռոգման ցանցում ենք աշխատանքներ իրականացնում: Գյուղը ոռոգման ներքին ցանց չունի, բայց և այնպես ես հեռու եմ այն մտքից, որ ոռոգման ջուրը մերը չի, խմելու ջուրը մերը չի, այսինքն` մեր ենթակայության տակ չէ, ուստի մեր պարտականությունների մեջ չի մտնում: Ես համայնքի ավագանիի հետ առաջարկ եմ արել գումար տրամադրել ոռոգման ցանցի համար և անմիջական մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին: Առաջարկը հավանության է արժանացել և իրականացվում է: Սա հրատապ հարց է, քանի որ գրեթե 10 տարի քաղսեցին չի կարողանում մշակել տնամերձ հողամասը ոռոգման ջուր չլինելու պատճառով: Ջրօգտագործողների ընկերությունների հետ մեկտեղ պետք է լուծում տանք տվյալ հարցին…

Համայնքի ղեկավարը նշեց, որ հունիսի 1-ն են պատշաճորեն նշել գյուղում, հաճելի անակնկալներ մատուցել փոքրիկներին: Մանուկների տոնը հետո արդեն նշվել է տներում, այսինքն` ստացած ջերմությունը յուրաքանչյուրն իր հետ տարել է տուն, ինչը, պարոն Գրիգորյանի հավաստիացմամբ, շատ կարևոր ու գնահատելի է: Պետք է հուսալ, որ Քաղսին զարթոնք է ապրում, սկսում է ակտիվ կյանքով առաջ ընթանալ: Այստեղ ապրողները շատ են ուզում հնարավորինս շուտ բարելավել կյանքի պայմանները և աճող սերնդի մեջ լավատեսություն, հավատ ու վստահություն սերմանել:

Նոր աշխատաոճ ներդնելով, թարմ գաղափարներ իր հետ բերելով` Ռաֆայել Գրիգորյանը մեծապես ջանում է գյուղը տանել առաջընթացի ու զարգացման ճանապարհով: Այս գործում ներգրավել է ողջ գյուղը` առաջնահերթ բարելավելով համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը և անձնական օրինակով ոգեշնչելով բոլորին…

SHARE