Մեր լավ աշխատանքով առաջ շարժվենք

0
19

Հաջողություններն ու ձեռքբերումները շարունակաբար ամրապնդենք

Բարելավում

-Նոր կառավարությունից,- <<Ընկեր>>-ին ասաց Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը,- ակնկալիքները մեծ են: Պիտի ասեմ, որ արդեն իսկ ոգևորված ենք: Պետական սուբսիդիայով ծրագիր ունենք, որով վերանորոգելու ենք մշակույթի տունը: Խոսքը մոտ 90 մլն դրամի մասին է, որի 30 տոկոսը տրամադրելու է համայնքը, մնացածը պետական միջոցներից կլինի: Մշակույթի տունը նախկինում, մոտ 10 տարի առաջ, մասնակի նորոգվել է: Աշխատանքը կիսատ է մնացել, արվածն էլ ժամանակի ընթացքում քայքայվել է: Ըստ էության, հիմնանորոգման խնդրի առաջ ենք կանգնած: Օրերս հանդիպեցինք բնակիչների հետ, ներկայացրեցինք ծրագիրը, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց…

Խոսելով իր ղեկավարման շրջանում իրականացված աշխատանքների մասին, պարոն Մուրադյանը մասնավորապես նշեց, որ բնակավայրի կամարաձև մուտքն են կառուցել, ինչի անհրաժեշտությունը կար, քանի որ այդտեղից է սկսվում համայնքը: Հայոց եղեռնի զոհերի հիշատակին խաչքար է տեղադրվել, պուրակ է հիմնվել: Զոհվածների պանթեոնում բարեկարգման, կանաչապատման աշխատանք են կատարել: Նման աշխատանք (այդ թվում` ծառատունկ) նաև գյուղում են իրականացրել: Գյուղը, կարելի է ասել, մաքրվել է աղբից, քանի որ մեծածավալ աղբահանություն է արվել: Համայնքի ուժերով 2013-ից սկսած գրեթե 4 կմ ասֆալտապատում է կատարվել: Բացի դրանից, ամեն տարի ճանապարհների փոսալցում է արվում: Առաջին իսկ հնարավորության դեպքում ասֆալտապատում կարվի նաև գյուղամիջյան մնացած հատվածներում: Ընթացիկ տարվա համայնքային բյուջեով 2 փողոցի ասֆալտապատման նախագիծ ունեն: Այդ աշխատանքը կսկսեն ֆինանսավորում ստանալուն պես: Արտաքին լուսավորություն է անցկացվել, ինչը ժամանակի ընթացքում հնարավորինս կընդլայնվի:

-Շատ լավ մանկապարտեզ ունենք,- շարունակեց համայնքի ղեկավարը,- բայց մեզ չի բավականացնում: Շուրջ 100 երեխա ստիպված մայրաքաղաքի մանկապարտեզներ է հաճախում: Երկրորդ մանկապարտեզը չի գործում, վթարային է: Այդտեղ ապրել են անապահով ընտանիքներ, որոնց վերաբնակեցման խնդիր ևս ունենք: 7000 բնակիչ ունեցող բնակավայրի համար երկրորդ մանկապարտեզի անհրաժեշտությունը մեծապես զգացվում է: Դպրոցը եռահերթ է, քանի որ 350 աշակերտի համար նախատեսված կրթօջախ հաճախողների թիվն այսօր հասնում է 780-ի: Դպրոցի եռահարկ հին շենքը ժամանակին քանդվել է` նորը կառուցելու նպատակով, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո գործը կիսատ է մնացել` միայն հիմքն է գցվել: Այս խնդրով բազմիցս դիմել ենք երկրի ղեկավարությանը և կշարունակենք դիմել…

Արթուր Մուրադյանը մեծապես կարևորեց այն, որ իր ղեկավարման շրջանում հաջողվել է բարելավել համայնքի բարոյահոգեբանական մթնոլորըտը, մարդկանց շրջանում հարգալից ու բարեկամական տրամադրություններ, առողջ միջավայր ստեղծել: Սա առաջին հերթին պայմանավորված է հենց համայնքապետի անձով, նրա վերաբերմունքով ու ճիշտ մոտեցմամբ: Բնակիչն իր նկատմամբ արդարացի, անկողմնակալ վերաբերմունք է զգում, անտեսված ու արհամարհված չէ: Բարձրացված խնդիրները ժամանակին գտնում են իրենց լուծումը, հնարավոր աջակցությունը չի ուշացվում:

Ինչ խոսք, միայնակ հնարավոր չէ լուծել նման խոշոր համայնքի բոլոր մեծ ու փոքր խնդիրները: Այս առումով համայնքապետին օգնում, ձեռք են մեկնում նվիրական ընկերները, որոնց ներդրումը մեծ է համայնքի առաջընթացի գործում: Ըստ նրա, կյանքում մարդու հենարանը ընկերներն են ու ընտանիքը: Լավ ընկերը կողքիդ կանգնած է հենասյան պես, քեզ մենակ չես զգում, ուժեղ ես ու պաշտպանված: Միանշանակ է նաև այն, որ քեզ ներկայացնողը հենց քո ընկերն է. <<Ունեմ ընկերական մեծ շրջապատ և շատ շնորհակալ եմ իմ ընկերությանը: Մենք փոխադարձաբար սիրում ու հարգում ենք իրար: Շատ բան եմ սովորել ծնողներիցս, ընկերներիցս և ամեն լավ բանի համար անվերապահորեն նրանց եմ պարտական: Ծնողս ինձ համար նաև ընկեր է, ես էլ որդուս համար` նույնը: Դրանից միմիայն ընտանիքն ամրանում ու զորեղ է դառնում…>>:

Արթուր Մուրադյանն ընկերության մեջ գնահատում է մաքրությունը, ազնվությունը: Ընկերությունը սրբություն է, ընկերը` սուրբ: Կյանքի բոլոր պահերին օդ ու ջրի պես զգացվում է ընկերոջ անհրաժեշտությունը: Ընկերությունն առավել ամրապնդվում ու զորանում է լավ գործերի, բարի արարքների ու ընտանեկան կապերի խորացման շնորհիվ…   



SHARE