Միջազգային ուսանող լինելու մասին․․․

0
158

Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչպիսի զգացողություն է լինել միջազգային ուսանող։ Հավանաբար այո, նամանավանդ եթե իմ ընկերներից եք, կամ ունեք ինձ նման ընկեր։ Եվ անխտիր բոլորը, ովքեր գոնե մի անգամ մտածել են մեր ապրումների մասին, կարծում են, թե միջազգային ուսանող լինելը ամենազվարճալի, ամենահետաքրքիր ու ամենաանմոռանալի կյանքի փորձառությունն է, որ երիտասարդը կարող է ունենալ։ Ու բոլոր այդ մարդիկ կցանկանային ամենաքիչը մեկ անգամ սեփական մաշկի վրա զգային այս հրաշալի փորձը։

Եվ այո, միջազգային ուսանող լինելը զվարճալի է, քանի որ ունես շատ ընկերներ, այն էլ տարբեր երկրներից, քանի որ գրեթե ամեն շաբաթ-կիրակի գնում ես փարթիների, քանի որ պետք չէ անհանգստանալ ճիշտ ժամանակին տուն վերադառնալու համար։ Միջազգային ուսանող լինելով ձեռք ես բերում այնպիսի գիտելիք և հնարավարություններ, որոնք հայրենիքում դժվար թե ստանայիր։ Ձեռք ես բերում պատասխանատվության բարձր զգացում, պունկտուալություն, սկսում ես ճանաչել ինքդ քեզ և վերջապես կամա թե ակամա հասունանում ես։ Այս ամենը հրաշալի է հնչում, այդպե՞ս չէ։

Բայց կան մի շարք այլ բնորոշներ, որոնց մասին քչերն են խոսում։ 

Առաջին անգամ տնից հեռու, դժվար է հարմարվել գրեթե ինչ-որ բանի ընդհանրապես։ Պահանջվում է ժամանակ՝ տնից հեռու ապրելուն հարմարվելու համար։ Տան ուտեստը, պահարանները, պատշգամբից բացվող արևածագը, մահճակալդ, նույնիսկ թեյի բաժակը, և մնացած բոլոր անշունչ և շնչավոր իրերը, որոնց արժեքը երբևէ իսկապես չես գնահատել, սկսում ես կարոտել մի անբացատրելի սիրով։ Բայց դա խնդիր չէ, կանցնի ընդամենը մի քանի ամիս ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Այո, ամեն ինչ կընկնի իր տեղը մի քանի ամսից։ Իսկ հետո մի երկու ամիս էլ կանցնի, կսկվի արձակուրդ ու դու պետք է վերադառնաս տուն։ Ահա մեծ սպասումներով ու հուզմունքով վերադառնում ես , սակայն մի ուրիշ դատարկություն է քեզ սպասում, որովհետև քեզանից բացի ոչինչ չի փոխվել տանը՝ ամեն ինչ ճիշտ նույնն է, նույնիսկ քո դարակի գրքերի հերթականությունը։ Կարծես ուղղակի ինչ-որ ժամանակ է անցել ու դու բաց ես թողել այս ժամանակահատվածը կյանքիցդ։ Եվ ահա այսպես կյանքդ բաժանվում է երկու մասի։ Ունես երկու տուն, կամ ընդհանրապես այլևս չունես, ունես երկու իրարից բոլորավին տարբեր ընկերական շրջապատ, մի խոսքով սկսում ես բաժանվել երկու մասի, երկու իրարից բոլորովին տարբեր «ես»-ի, ու կորցնում ես քո իսկական «ես»-ը։

Հրաժեշտ տալը տարբեր մարդկանց դառնում է սովորություն, կամ էլ դու ես դառնում սառնասիրտ, քանի որ բախտավոր ժպիտով հրաժեշտ ես տալիս նույնիսկ նրանց, որոնց գիտես, էլ երբեք նորից չես հանդիպի։  

Սկսում ես ծանոթանալ հեռախոսիդ թերությունների հետ։ Հասկանում ես, որ չես կարող փոխանցել քո բոլոր հուզմունքները ընտանիքիդ, մայրդ չի կարող փոխանցել նոր եփած ճաշի հոտը, իսկ ընկերուհիդ վերջին բամաբասանքը ամաչում է պատմել հեռախոսով։  

Այսպես անցնում է երեք-չորս տարի, և վերջապես վերադառնում ես տուն՝ մեծ ակընկալիքներով, բարձր մոտիվացիայով ու հույսերով։ Բայց ամեն ինչ ինչպես միշտ քո պատկերացրածից տարբերվող է, այս անգամ շատ ավելի բացասականորեն։ Փաստորեն, ընտանիքդ հարմարվել է առանց քեզ կենսակերպին, ընկերներդ վաղուց փոխարինել են քեզ ուրիշ մեկով, իսկ մոտիկ ընկերուհուդ այլևս չես հասկանում։ Մտածում ես ժամանակը ամեն ինչ կուղղի։ Բայց անցնում է ժամանակ ու դու դեռ աշխատանք չես գտել, չես կարողանում ընկերներ ձեռք բերես, մայրդ էլ քեզ երբեք չի լսում, սկսում ես կարոտել հին ուսանողական օրերը։

Ու ահա այսպես հավերժ մնում ես պանդուխտ։  

Սյուզանա Իսկանդարյան

SHARE