Մի ուրի՛շ բնույթ, ուրի՛շ տեսակ

0
123
Ճակատագրով տրվածը պատվով ու վեհությամբ տանել, ընկեր լինել ու մարդ մնալ…
 -Ունեմ ընկերական մեծ շրջապատ,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոս Ղազարյանը,- ապրում եմ իմ ընկերությունով, բայց առանձնապես կուզեմ խոսել մեծանուն ընկերոջս մասին, ում ճանաչում եմ շուրջ 20 տարի, ում հետ ընկերությունը 15 տարվա պատմություն ունի: Ընկերս` Կառլեն Կարապետյանը, մեծագույն անձնավորություն է, շատ կարգին  մարդ: Իսկ կարգին մարդու հետ ընկերություն չանելն անհնարին է: Շատ ընկերասեր է, շատ բարձր միտք, հոգի ունի` ընկերոջ նկատմամբ մեծ սիրով լցված: Ես նրան շատ սիրում ու գնահատում եմ: Չես կարող չգնահատել մի մարդու, ով միշտ մարդու նեղին հասնող ու նեղվածի կողքին կանգնած է: Ինքս իմ մաշկի վրա եմ դա զգացել, երբ հիվանդանոցում էի, և Կառլեն Լևոնիչը կողքիցս չհեռացավ: Նրա հոգածության սահմանները շատ մեծ են, ընկերությանն, առհասարակ, մեծ ազդակ հաղորդող անձնավորություն է: Տարիքը նրան ավելի իմաստուն է դարձրել, և այդ առումով մեր ընկերոջ 60-ամյա հոբելյանը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Տարիքի, հասակի հետ չի ծերանում, այլ իմաստնանում ու նորովի է զարդարում մեր ընկերական ջերմ միջավայրը: Չափազանց հյուրասեր ու առատաձեռն է: Բարձրագույն հասկացողությամբ է մոտենում ընկերությանը, ընկերական հարաբերություններին: 

   Նորք-Մարաշում, որտեղ բնակվում եմ, շատ կրտսեր ընկերներ ունեմ, ովքեր ինձ հետ շատ հավասար ընկերներ են, բոլորին սիրում ու հարգում եմ և բոլորին մեծ օրինակ եմ ցույց տվել, բարի օրինակ ծառայել ընկերության առումով` մարդկանց սիրելու, հարգելու, սատարելու տեսանկյունից: Ընկեր կարող է գործնական հարաբերություններում էլ լինել, բայց ընկերը լայն իմաստով ուրիշ հասկացողություն է` հոգեկան, բարոյական հարթությունում: Ուրախ եմ ընկերներովս, հպարտ նրանցով: Կողքիս են եղել, ինձ հետ: Կառլենից սկսած… Երջանկահիշատակ Արմենակ Արմենակյանը, Անդրանիկ Մանուկյանը… Որդուս կորստի ցավը ինձ հետ տարան, ջանացին հնարավորինս մեղմել վիշտս, մենակ չթողեցին, այլապես, չգիտեմ, թե ինձ հետ ինչ կկատարվեր… Այսօր էլ օգնում են, քանի որ քայլելու հետ կապված խնդիրներ ունեմ: Ընկերներս գիշեր-ցերեկ կողքիս են: Ճիշտ ընկերություն անելը, լավ ընկեր լինելն անգնահատելի արժեքներ են: Կյանքդ իմաստավորվում է, ժամանակը թեթև անցնում: 
   Նման մարդկանցից է Կառլեն Լևոնիչը, և ես հպարտ ու երջանիկ եմ այդ մտերմությամբ ու ընկերությամբ: Կառլեն Լևոնիչի բնավորության  առանձնահատկություններից մեկն այն է, որ շատ ուշադիր ու հոգատար է շրջապատի նկատմամբ: Ապրում է ընկերոջ հոգս ու ցավով, ընկերոջ խնդիրը նաև իր խնդիրն է: Եթե անգամ Հայաստանից բացակայում է, էլի չի մոռանում ընկերներին, ջանում է ինչ-որ կերպ օգտակար լինել ծագած որևէ հարց լուծելիս: Իր համար ամենակարևորը ընկերոջ լավ վիճակն է, ինչի դեպքում միայն իրեն հանգիստ ու բավարարված կզգա: Մարդկային մեծ գաղափարի կրող է, միտքն ու հոգին ծառայեցնում է այդ գաղափարները ընկերական շրջապատին հասանելի, օգտակար դարձնելու համար: Կձգտի բարձրացնել դիմացինին, ոգեշնչել, թև տալ: Յուրաքանչյուր ընկերոջ, անկախ իրավիճակից, իրենից բարձր է դասում, որպեսզի նա իրեն լավ զգա: Ինչպես հավասարը` հավասարի հետ: Դա, կարծում եմ, շատ մեծ հոգեբանական նշանակություն ունի: Իրեն բնորոշ է մեծարելը, գովեստի խոսքեր ասելը, ընկերներին վե՜ր, վե՜ր բարձրացնելը: Երբևէ չի մոռանում մեր այն ընկերներին, ովքեր դժբախտաբար, ճակատագրի բերումով այսօր մեր կողքին չեն: Կայցելի նրանց շիրիմներին, իր հետ կտանի մնացած ընկերներին…  
    Լավ մարդ է, դրա համար էլ Աստված լավ աչքով է նայում նրան, պահելու է երկար ու երկար… Նման մարդիկ, ցավոք, քիչ կան: Ղարաբաղյան պատերազմի տարիներին սեփական բանկի հսկայական գումարները նվիրեց հայրենիքի ազատագրության, պաշտպանության սուրբ գործին: Զոհաբերեց ամբողջ ունեցվածքը: Ճիշտ են ասում, որ եթե սիրում ես շրջապատիդ մարդկանց, ընկերներիդ, ապա անպայման կսիրես նաև հայրենիքդ: Ամեն ինչ, այո, փոխկապակցված է, սերն ամենուր ու ամենազորեղ է: Չափազանցրած չեմ լինի, անշուշտ, եթե ասեմ, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ պետությունը հենվել է Կառլեն Լևոնիչի նման մարդկանց վրա, ուստի մեր հաղթանակի գործում նրանք մեծ լումա ունեն: Չի սիրում քաղաքականության մասին խոսք ու զրույցը, քանզի հայրենիքը, երկիրը, ժողովուրդը նրա համար բարձրագույն արժեքներ են` վեր ամեն ինչից: Հայրենիքը պիտի սիրել` անկախ այն հանգամանքից, թե ով է ղեկավարում այն: Նրա համար լավը լավ է, վատը` վատ… 
    Ուղղամտությունը, անմիջականությունը, շիտակ վարվելակերպը նրա բնույթի անբաժան հատկանիշներից են: Ազգային մտածելակերպի տեր անձնավորություն է: Հայրենիքի հանդեպ ունեցած սիրո մղումն է նրան 1968-ին ստիպել Թբիլիսիից տեղափոխվել Հայաստան: Չնայած այնտեղ շատ լավ են ապրել: Նրա ծնողներն առայսօր Թբիլիսիում են ապրում: Կառլեն Լևոնիչի ծառայությունը հայրենիքին շատ մեծ է, այսօր էլ այդ ծառայությունն անմնացորդ շարունակվում է: Աջակցում է ազատամարտիկներին, մանկատների երեխաներին, շատ-շատերի: Մենք հոգով, ասես, շաղկապվել ենք իրար, գործնական կապեր, հետաքրքրություններ չունենք, մերը զուտ մաքուր ընկերություն է: Բազմաշերտ է նրա ընկերությունը, կարողանում է տարբեր խառնվածքի, աշխարհայացքի, մտածելակերպի տեր մարդկանց իրար մտերմացնել, համախմբել: Դա յուրահատուկ շնորհ է: Անգամ անծանոթին <<պատիվ տալուց>> մեծ բավականություն է ստանում: Կարևորը, որ մարդիկ իրար ճանաչեն, սիրեն, շփման ընդհանուր եզրեր գտնեն: Ոչ բոլորն ունեն հնարավորություն` անհրաժեշտության դեպքում իրենց ընկերոջը հասնելու, օգնելու: Կառլեն Լևոնիչն ունի այդ հնարավորությունը, ինչը երբեք չի թաքցնում, և օգնում է սրտաբաց բոլորին: Դա, անշուշտ, նրա հոգու անսահման շռայլությունից է գալիս: Ընդ որում, անում է անշահախնդիր` առանց երբևէ այդ մասին ակնարկելու կամ, ասենք, հիշեցնելու: Անում է որպես ընկեր և վե՛րջ: Դրանով ամեն ինչ ասված է… Աչքաթող չի անի ոչ ոքի, անտարբեր չի անցնի ոչնչի կողքով: Դա չգնահատել, պարզապես, չի կարելի: Ես շատ եմ ուզում, որ մեր երիտասարդները դա հասկանան, ընկալեն:  Ժամանակին Երևանում ընկերություններ են եղել, ընկերներ, ում շրջապատի  մարդիկ մատով են ցույց տվել: Նրանք մեծ անհատներ էին` իրենց աշխատանքով, պահվածքով, մշակույթով, մտածելակերպով: Ես այսօր առիթը բաց չեմ թողնում` բերելու նրանց օրինակը և հիշեցնելու երիտասարդ սերնդին այդ արժեքների պահպանման մասին: Պետք է նրանք լավ հասկանան, թե որն է ճիշտ ընկերությունը, տուրք չտան ժամանակի հոռի բարքերին, շահամոլ չլինեն, նյութի, փողի հետևից չվազեն: Հույսս չեմ կորցնում, որ այդ ամենը ժամանակավոր է, կանցնի, և մարդիկ ճիշտ մոտեցում կցուցաբերեն, լավ ու բարի ավանդույթները ոտնատակ չեն տա: 
    Լավ երիտասարդներ ունենք, ում համար ուսանելի օրինակ կարող է դառնալ Կառլեն Լևոնիչը` իր ապրած կյանքով, իր վարքուբարքով, գաղափարով: Պիտի իմանան, սովորեն, լավը ընդօրինակեն…
   Թող Աստված Կառլեն Լևոնիչին երկար կյանք պարգևի, ամուր առողջություն տա: Մեծ հաջողություններ լինեն նրա ընտանիքին, թոռնիկներին, ում այդքան շատ է սիրում պապիկը: Որպես ընկեր, ես պարտավոր եմ նրա մասին այդպես արտահայտվելու, նրան գովելու ու գնահատելու, նրան ամենալավը ցանկանալու: Նա արժանի է ամենա-ամենա լավին: Արժանի է նրա ընտանիքը,  ում հետ մտերիմ է նաև իմ ընտանիքը, ինչպես շատ ու շատ ընկերներինը: Երբ ընկերությունը նաև օջախ է մտնում, այն ավելի արժևորվում ու նոր, առավել կարևոր իմաստ ու բովանդակություն է ձեռք բերում: Ավելի պարտավորեցնող ու պատասխանատու է դառնում…
   Ահա, ընկերության շուրջ այսպիսի խոստովանությամբ մեզ հետ կիսվեց Կառլեն Լևոնիչի շատ մտերիմ ընկերներից Պետրոս Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի է Նորքեցի Պետո անունով: Շարունակելով մեր զրույցը նրա հետ, համենայնդեպս, հարցրինք նաև, թե ո՞վ կարող է լինել նրա ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունն իր համար:
 -Ինձ համար ընկերությունը շատ մեծ ազդակ է, շատ մեծ նշանակություն ունի: Ինչպես արդեն նշեցի, իմ կյանքի նեղ, դժվարին պահերին ընկերներս կողքիս են եղել, և նրանց օգնությամբ եմ դուրս եկել հոգեկան ծանր վիճակից: Այդ ամենը բառերով արտահայտելն այնքան էլ հեշտ չէ, պիտի անպայման հոգով ապրես: Թող Աստված բոլորին նման ընկերներ պարգևի, ընկերներ, ում ես շատ եմ սիրում ու ընդունում` հանձին Կառլեն Լևոնիչի: Ուրախ ու երջանիկ եմ իմ ընկերներով: Ամեն օր է մեր հանդիպումը` ցերեկ լինի, թե գիշեր: Ես աշխարհի չափ հպարտ եմ և ուրախ իմ ընկերներով…
  -Որպես նորքեցի, պարոն Ղազարյան, կարո՞ղ եք ասել, որ առանձնանում եք Ձեր ընկերության տեսակով, Ձեր շրջապատում մարդկային հարաբերությունների առումով կոլորիտ ձևավորվա՞ծ է:
  -Ես ծնվել եմ Նորք-Մարաշում, ապրում եմ այնտեղ և ապրելու եմ: Նորք-Մարաշը գյուղի նման տեղ է, բոլորն իրար ճանաչում են: Հնարավոր չէ, ասենք, որ մի քանի փողոց այն կողմ դեպք պատահի, և ես հանկարծ չիմանամ: Ամեն օր մեր տուն շատ մարդիկ են գալիս, տարբեր հարցերով են դիմում, խորհուրդներ հարցնում, և ես ջանում եմ ինչ-որ կերպ բոլորին էլ օգտակար լինել: Թեև մեր հանրապետությունում մարդկային հարաբերությունների առումով շատ բան է փոխվել, կոլորիտն այն չէ, բայց Նորքում դեռ ամեն ինչ իր տեղում է: Ճիշտ է, կան բաներ, որ փոխվել են, բայց լավ ավանդույթները մնում են, պահպանվում: Շատ ավանդույթներ կան, որ անպայման շարունակվում են: Համազգային, համընդհանուր տոնախմբությունները պարտադիր կատարվում են, մարդիկ իրար տուն են այցելում, հավաքվում ու ուրախանում: Մարդիկ կան, որ դժգոհ են այս օրվա կյանքից, բայց այն լավացնելու, բարեփոխելու  որևէ ձգտում էլ, կարծես, չունեն: Մենք ինչ-որ առումով ստիպում ենք նման մարդկանց առաջ նայել, ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի կյանքի որակը գոնե փոքրիշատե լավանա: Այդ հոգեբանությամբ մենք ապրում ենք և շարունակելու ենք չմարող լավատեսությամբ առաջ շարժվել: Մեկս մեկի կողքին կանգնած ենք, որպեսզի բոլորն էլ լավ ապրեն: Ես ուրախ եմ, որ նորքեցի եմ: Նորքում ունեմ տարբեր տարիքի ընկերներ, ում շատ սիրում ու հարգում եմ: Բարձր ընկերություն է ձևավորված` ամեն մեկի հետ յուրովի: Իմ Նորքի ժողովուրդը, որտեղ էլ լինի, ինձ վրա հենվելու տեղ ունի, պատիվն ու հարգանքը մեզ համար ամենագլխավորն են…
  Պետրոս Ղազարյան ընկերոջով, անշուշտ, պիտի միմիայն հպարտանալ: Նա շատ մեծ հոգու տեր անձնավորություն է, ընկերությունով ապրող, երիտասարդի կողքին կանգնող և նրան ճիշտ ճանապարհը ցույց տվող: Կյանքի դաժան փորձությունների միջով անցնելով, երբևէ չի ընկճվել կամ տեղի տվել, չի տրտնջացել` հպարտորեն տանելով իր խաչը և մշտապես շրջապատված լինելով ընկերներով: Պատահական չէր նման ընկերոջ հետ զրուցելը, քանզի ինքն էլ ընկերության իր տեսակով օրինակ է շրջապատի համար: Ինչպես ինքն է ասում, Աստված ամեն մարդու մի առաքինության համար է ստեղծում, և ամեն մարդ պետք է դա պատվով ու վեհությամբ տանի: Դրանով կյանքը կիմաստավորվի և կգեղեցկանա: Իսկ գեղեցիկ ապրելու համար շատ բան պետք չէ` լավ ընտանիք, լավ ընկերներ… 
   Պարոն Ղազարյանը մեր զրույցի ավարտին կրկին հիշեց մեծագույն ընկերոջ` Կառլեն Լևոնիչի 60-ամյա հոբելյանի մասին, կրկին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը փոխանցեց նրան այդ առթիվ` ընդգծելով, որ ողջ նորքեցիներով իրեն սիրում են և շատ ուրախ են իրենց համար այդ նշանակալից իրադարձության կապակցությամբ: Շնորհակալություն հայտնեց հոբելյարի ծնողներից, որ նման զավակ են լույս աշխարհ բերել և նվիրել իրենց: Մեծն Թումանյանի խոսքը հիշենք.

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի` ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ:
SHARE