Մյասնիկյանի հույսերն ու սպասումները

0
29

 Հավատարմություն

Որ արդարանալու դեպքում զարգացման լուրջ խթան կդառնան

-Տիգրան Բաղդասարյանի հետ մանկության ընկերներ ենք,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Գրիգորյանը:- 6 տարեկանից ընկերություն ենք արել, միասին դպրոց հաճախել, ապա միասին նույն զորամասում ծառայել: Այնուհետև Տիգրանը սովորել է Գյումրու շինարարական տեխնիկումում, իսկ այդ ընթացքում ես աշխատել եմ Արմավիրի մարզային փրկարար վարչությունում` որպես հերթափոխի պետ: 2016 թ. հոկտեմբերին ընտրվելով Մյասնիկյան համայնքի ղեկավար, Տիգրանն ինձ առաջարկեց միասին աշխատել: Համաձայնեցի և կանգնեցի ընկերոջս կողքին: Եվ այսօր մեջք մեջքի տված` երկու ընկերով մեծ ոգևորությամբ լծվել ենք համայնքը զարգացնելու, շենացնելու գործին: Երկուսս էլ համոզված ենք, որ որտեղ ընկերությունն է, այնտեղ անպայման բարձր արդյունքներ կլինեն: Չէ± որ ընկերությունը նվիրվածություն է, ազնիվ ու սրտացավ աշխատանք: Տիգրան Բաղդասարյանը շատ լավ ընկեր է, ընկեր` այս բառի բուն իմաստով: Ամեն լավ բան կարելի է գտնել այդ բառի մեջ: Բարձր որակներ կրող ընկեր է Տիգրանը` հոգատար բոլորի հանդեպ, ընտանիքի լավ հայր, ընկերների մասին մտահոգվող: Տիգրանի մեջ անչափ գնահատելի են ազնվությունը, մաքրությունը, նվիրվածությունը: Նման հատկանիշների շնորհիվ է, որ այսքան տարի մեր ընկերությունը կա, մնացել ու ամրապնդվել է: Լավ ընկեր լինելու հետ մեկտեղ նաև լավ ղեկավար է, բնակիչների հետ ամենօրյա հարաբերություններում շատ ընկերական է, մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: Մեծ հարգանք ու սեր է վայելում բնակիչների կողմից, ամեն հնարավորն ու կարելին, անգամ իր ուժերից վերն անում նրանց համար: Ներկայումս զբաղված է մի խնդրով, որն իր իրավասությունից վեր է և որը, կարելի է ասել, կենսական նշանակություն ունի համայնքի համար: Խնդիրը հետևյալն է` Մյասնիկյանի վարչական տարածքում կան հողատարածքներ, որոնք իրավաբանորեն համայնքին չեն պատկանում, բայց 50-60 տարիներ շարունակ մշակվել են մեր կողմից, դրանց վրա բնակելի տներ, անասնագոմեր են կառուցվել` առանց սեփականության իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթերի: Խոսքը, մասնավորապես, երկաթգծի և Արմավիր քաղաքից Մյասնիկյան մտնող ճանապարհահատվածում գտնվող հողատարածքի մասին է: Այն էներգետիկայի, կապի և տրանսպորտի նախարարության ենթակայության տակ է: Բնակիչների հետ քննարկումներից հետո համայնքապետը մարզպետարանի հետ փորձում է գտնել ճիշտ ճանապարհը, որպեսզի փաստացի մեզ պատկանող տվյալ հողատարածքը անցնի համայնքի լիիրավ ենթակայության տակ, և, հետևաբար, եղածն օրինականացվի: Այսինքն, իրավաբանորեն պատկանի համայնքին ու նրա բնակչին: Դրանից հետևում է, որ մարդը պարտավորված կզգա կատարելու իր հարկային և պետության հանդեպ ունեցած մնացած պարտավորությունները, ինչից, բնականաբար, կշահի նաև համայնքի բյուջեն: Ի դեպ, տվյալ հողատարածքները հարմար, նպաստավոր դիրքում գտնվելով` կադաստրային բարձր արժեք ունեն, ինչը նշանակում է, որ համայնքի զարգացման տեսանկյունից տվյալ խնդրի շուտափույթ լուծումը կարևոր ու առանցքային է: Ահա, այս հարցը մեր օրակարգում է, և համայնքի ղեկավարն ամեն ջանք գործադրում է հաջողության հասնելու համար…

 Անդրադառնալով կատարված աշխատանքներին, պարոն Գրիգորյանը նշեց, որ այս երկու տարվա ընթացքում համայնքային բյուջեի միջոցներով մոտ 80 տոկոսով մանկապարտեզի շենքն են վերանորոգել:

-Մինչ այդ որևէ նորոգում չէր կատարվել,- իր հերթին ավելացրեց համայնքապետ Տիգրան Բաղդասարյանը:- Նորոգել ենք խոհանոցը, սանհանգույցները, ջուր և գազ ենք անցկացրել: Գույք ենք ձեռք բերել, ի դեպ, մի սենյակի սեղան-աթոռները տրամադրել է բարեգործական դոնոր կազմակերպությունը: Նախորդ տարի մեկ, իսկ այս տարի մյուս մասնաշենքն ենք վերանորոգել: Փուլ առ փուլ ավարտի կհասցնենք նախատեսված աշխատանքները: Այսօր 120 երեխա է հաճախում մանկապարտեզ: Այս տարի մշակույթի տան տանիքը կվերանորոգենք (30 տոկոս պետության, 70 տոկոս համայնքի ներդրումով): Գիշերային լուսավորություն ենք անցկացրել…

Պարոն Բաղդասարյանը հավելեց, որ <<Վեոլիա ջրի>> հետ պայմանավորվածություն են ձեռք բերել` յուրաքանչյուր տարի խմելու ջրի 2 կմ խողովակ փոխելու վերաբերյալ: Արդեն 2 տարի անում են այդ աշխատանքը` աստիճանաբար նորացնելով ողջ ցանցը: Միաժամանակ դաշտամիջյան ճանապարհներն են հարթեցրել, փոսալցումներ արել: Արտեզյան հոր են շահագործել, ինչի արդյունքում դպրոցին հարակից տարածքում ծառեր են տնկվել, կանաչապատում է արվել: Բացի այդ, մոտ 50 ընտանիք հնարավորություն ստացավ ոռոգելու տնամերձ հողամասերը: Սոցիալապես անապահով ընտանիքներին են նյութապես օգնում, ուսանողներին և այլն:

4475 բնակիչ ունեցող Մյասնիկյանում փոքրիշատե լուծված է զբաղվածության խնդիրը, եթե նկատի առնենք, որ այստեղ բուժամբուլատրիա է գործում և մի շարք այլ հիմնարկություններ կան: Բնակչության որոշ մասը զբաղված է պտղատու այգիներում, հողագործությամբ է զբաղվում: Գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի, ինչի պատճառով դժվարություններ են առաջանում հողատարածքները մշակելու գործում: Մյասնիկյանցիների հույսը Մաստարայի ջրամբարի` երկար տարիներ սպասված կառուցումն է: Նախնական աշխատանքն արվել է, բայց առայժմ ձգձգվում է: Ջրամբարի գործարկումից կշահեն նաև մի շարք այլ գյուղեր: Մարդիկ սպասում են` հուսալով, որ առաջիկա տարիներին ջուր կունենան…    

SHARE