Սասնա ծռերի մոտեցումը հստակ ու միանշանակ է

0
207

Դիրքորոշում

Առաջնորդվել Հայաստանի ազգային շահերով` ի նպաստ մեր ժողովրդի երազանքների ու նպատակների իրականացման

<<Ընկեր>>-ի զրուցակիցն է ազատամարտիկ, <<Սասնա ծռեր>> համահայկական կուսակցության հիմնադիր անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Արարատ Ծատուրյանը: Ընդ որում, նա կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուն է թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Աջափնյակ, Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջանները:

-Պարոն Ծատուրյան, ինչո՞ւ <<Սասնա ծռեր>> և ինչո՞ւ հենց Ձեր թեկնածությունը:

-Ներկա աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում և° Հայաստանը, և° Հայաստանի քաղաքական դաշտը հայտնվեցին այնպիսի իրավիճակում, որը բնութագրելու համար փորձեմ հետևյալ կարճ ձևակերպումն անել` հերթական անգամ հայտնվեցինք քաղաքական ճգնաժամի մեջ, ինչի հաղթահարումը մեզ հրատապ լուծումների անհրաժեշտություն է պարտադրում: Այնպես չէ, որ մեր երկրում իրականացված թավշյա հեղափոխություն ասվածը հենց այդպես էլ ուղղակի, բառացի պետք է հասկանալ ու ընդունել: Քանզի, ըստ մեր դիտարկման, այն թավշյա է այնքանով, որքանով որ տեղի ունեցավ, այսպես ասած, իշխանափոխանցում, այլ ոչ թե բուն իշխանափոխություն: Այս դրույթները, կարծում եմ, բոլորիս էլ պարզ ու հասկանալի են, դրանց տարբերությունն` առավել ևս, ուստի և մտահոգվելու տեղիք իսկապես պետք է ունենանք: Դրանից ելնելով էլ անհրաժեշտություն ծագեց առաջ բերելու տարիների ընթացքում մեր կուտակած թե° կյանքի փորձը, թե° ձևավորված մոտեցումները սկզբունքային մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, ամենակարևորի` երկրի ապագայի, հայոց պետականության ու ազգային իղձերի, նպատակների իրականացման հարցում: Ահա այն կարևոր ազդակները, որոնք իմ առաջադրման հիմք ու նախապայման դարձան: Իսկ թե ինչու <<Սասնա ծռեր>>, ապա հետևյալն ասեմ: Եթե նկատել եք, մեր նորանկախ պետականության շուրջ 30 տարվա ընթացքում ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում այդպես էլ ի հայտ չեկան ազգային գաղափարախոսություն կրող ուժեր, որոնց գործունեության ելակետը Հայաստանի ու նրա ժողովրդի շահը լիներ, և հենց դա էլ նրանց առաջնորդեր: Եղել են, այսօր էլ կան, անշուշտ, իրենց ազգային համարող ուժեր, որ հրապարակավ ազգային արժեքների հավատարմության մասին են խոսում, տեղի-անտեղի երդումներ տալիս, բայց իրականում հեռու են այդ գաղափարախոսության դաշտից, քանզի նրանք ավելի շատ խմբային, անձնական շահերի ու հետաքրքրությունների նեղ շրջանակով են սահմանափակվել: <<Սասնա ծռերը>> վստահաբար այդ արժեքների կրողն ու ջահակիրն է, զուտ ազգային ուժ, որ ունի հստակ ծրագիր ու սկզբունքային մոտեցումներ: Ավելին, ունի նաև համապատասխան <<դեղատոմս>>, քանզի, ինչպես Նժդեհն է ասում, հիվանդության բուժումից առաջ մինչև ախտորոշում չլինի, բուժան մասին խոսք լինել չի կարող: Այո°, <<Սասնա ծռերն>> ունի թե° ախտորոշումը, թե՛ բուժման եղանակները, ինչն ամրագրված է մեր կուսակցության ծրագրային հիմնադրույթներում: Ցանկացողները հնարավորություն ունեն ծանոթանալու դրանց և հավաստիանալու իմ խոսքերի ճշմարտացիության մեջ: Առհասարակ, այս ամենի արդյունքով է պայմանավորված բավականին երկար ժամանակ <<ստվերում>> մնալուց հետո քաղաքական կյանք վերադառնալու իմ որոշումը: Վերադարձ` ոչ թե անձնական ինչ-որ շահախնդրությունից ելնելով, այլ մեր ազգի, մեր պետության ապագայի մտահոգությամբ լցված, ընդհանուր գործի հաջողությանը պիտանի լինելու հստակ գիտակցությամբ:

-Այդուամենայնիվ, Ձեզ համար ինչո՞վ է կարևորվում ընթացիկ ժամանակաշրջանում ծավալվող պայքարը և այդ առումով ինչպիսի՞ զարգացումների կարող ենք ականատես լինել:

-Ինձ համար այս պայքարը ոչ այլ ինչ է, քան կյանքի ընթացքում ձեռք բերած փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու, իմ երկրին ու հայոց պետականությանն օգտակար լինելու կարևոր առաքելություն: Հայ մարդու համար, ընդհանուր առմամբ, հասուն կյանքի ինչ-որ տարիքից առաջ է գալիս իր երկրի ճակատագրով մտահոգվելու, նրա հոգս ու ցավով ապրելու գիտակցումը, ինչը շատ հաճախ մոռացնել է տալիս անձնական ու մասնագիտական հետաքրքրությունները: Ի տարբերություն այլ ազգերի, հայերիս մեջ այդ ունակությունը բավականին մեծ է, և դա էլ ինձ առիթ է տալիս հաճախակի կրկնելու, որ հայ ժողովուրդն առաջաստեղծ է և համամարդկային կյանքի փոփոխությունների, մասնավորապես` անվտանգության ու զարգացման առումով, կարևոր առաքելություն ունի: Պատմությունը գալիս է վկայելու, որ դարերի ընթացքում մենք տարածաշրջանի ժողովուրդների մշակույթի պահպանման ու ֆիզիկական անվտանգության ապահովման յուրօրինակ երաշխավորն ենք եղել: Այսօր էլ շատ ժողովուրդներ (թալիշ, լեզգի և այլն) հույսով ու հավատով մեզ են նայում` իրենց ազգային երազանքների իրականացումը կապելով հայ ժողովրդի զարգացման ու ձեռքբերումների հետ: Ահա թե ինչու <<դատապարտված>> ենք հզոր ազգ ու պետություն լինելու: Չեմ կարծում, որ ազգային իղձերով մտահոգ մարդը իրեն հեռու պահի քաղաքականությունից, այլ հարց է, թե ունեցած գիտելիքներն ու փորձը որքանով կարող է ծառայեցնել այդ գործին: Համենայնդեպս, երկու կարևոր հատկանիշի առկայությունը պարտադիր է. նվիրվածություն այդ գաղափարներին և անշահախնդիր ծառայելու պատրաստակամություն: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր քաղաքական դաշտում եղած միակ ուժը, որ ազգային իղձերի իրականացման ջատագովն ու նվիրյալն է, <<Սասնա ծռեր>> համահայկական կուսակցությունն է: Ունի պատրաստված, կյանքի հրաշալի դպրոց անցած մարդիկ, որ ցանկացած պահի ի վիճակի են ստանձնելու երկրի կառավարման բարձր պատասխանատվությունը:

-Պատրա՞ստ եք, արդյոք, այս պահին ամբողջապես ստանձնելու երկրի կառավարումը, իշխանությունը վերցնելու ձեր ձեռքը:

-Մենք այսօր չենք հավակնում ամբողջապես ստանձնելու իշխանությունը, քանզի հստակ գիտակցում ենք մեր տեղն ու դերը` լավ հասկանալով նաև, առավել ևս, որ այսօր անցումային փուլում ենք գտնվում: Մեզ, պարզապես, խանգարում է լայն ճանաչողության պակասը, ինչն էլ վստահության պակասի է հանգեցնում: Չնայած, ժողովուրդը մեզ լավ գիտի <<Սասնա ծռերի>> հայտնի ապստամբական գործողությունից և պետք է վստահ լինի, որ նույն գիտակցությամբ ու առաքելությամբ էլ պատրաստ ենք ինքնազոհության, անձնվիրաբար ծառայելու մեր ազգին ու հայոց պետականությանը: Ինչպես գիտեք, <<Սասնա ծռերը>> նոր ձևավորված ուժ չէ, նրա թիկունքին տարիների, տասնամյակների հետևողական պայքարն ու նվիրումն է` սկսած արցախյան գոյամարտից, ապա` <<Նախախորհրդարան>>, <<Սարդարապատ>> շարժում, ազատագրված տարածքների պաշտպանություն և այլն: Ժամանակի ընթացքում, համոզված ենք, երբ ճանաչումն ավելանա, առավել կամրապնդվի նաև վստահությունը, ինչն էլ մեզ նոր խնդիրների ու անելիքների հրամայական պահանջ կառաջադրի: Մեր մշտական ընդվզումը գործող իշխանությունների դեմ ամենևին էլ ինքնանպատակ չի եղել: Զորօրինակ` ՊՊԾ շենքի գրավումը, որ ինքնազոհաբերման վառ դրսևորում էր: Փորձ էր, ծայրահեղ միջոց` ժողովրդին ցույց տալու, որ կա զոհաբերվելու պատրաստ մի խումբ, օրինակ ծառայելու մարդկանց` ոտքի կանգնելու և պաշտպանելու իր իրավունքները: Ի վերջո, հույս ներշնչելու, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ կարելի է պայքարի միջոցով հասնել ցանկալի հաջողության: Միանշանակ է այն, որ եթե չլիներ Սասնա ծռերի ապստամբությունը, ապա չէր լինի նաև, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը: Կապ, ուղղակի թե անուղղակի, անպայման պետք է տեսնել այդ երկուսի միջև:

-Ինչպե՞ս եք գնահատում այսօր իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժին և ո՞րն եք համարում <<Սասնա ծռերի>> ամենակարևոր անելիքն այս փուլում:

-Այսօր իշխանության են եկել երիտասարդ անփորձ ուժեր, որոնք ամեն քայլափոխի սխալներ են գործում, անում են հայտարարություններ, որոնք հակասում են մեր ազգային նկարագրին ու նպատակներին: Ուստի և նոր խորհրդարանում պետք է անպայման ընդգրկվեն նաև այնպիսի ուժեր, որոնք ավելի սթափ են ու կշռադատված, կարող են, իսկապես, մեր ազգի ու պետության շահերը հավուր պատշաճի ներկայացնել: Ինձ համար, որպես անհատի ու հայ մարդու, որ երբևէ անտարբեր չի եղել հասարակական կյանքի տարաբնույթ զարգացումների նկատմամբ, կարևոր է տեսնել մեկ ընդհանուր իղձերով ու նպատակներով առաջնորդվող ազգային քաղաքական ուժ, որը կառաջնորդի մեր ժողովրդին, մեր պետությանը դեպի անվտանգ ու կայուն ապագա: Մեր կուսակցության ծրագրային հիմնադրույթների մեջ ամրագրված է Հայաստանի ապագայի տեսլականը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն արհեստական ստեղծված պետություն է, իսկ ինչ արհեստական է, վերջիվերջո, քանդվելու է: Պատահական չէ, որ հայերիս օրինակով այդ երկրի տարածքի բնիկ ժողովուրդները` թալիշները, լեզգիները, գլուխ են բարձրացրել և պայքարում են իրենց պետականության վերականգնման, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու համար: Մենք պարտավոր ենք սատար կանգնելու նրանց` իրենց պայքարը հասցնելու հաղթական ավարտի:

-Հաշվի առնելով ԱԺ արտահերթ ընտրությունների առանձնահատուկ կարևորությունը մեր երկրի համար, ինչպիսի՞ ցանկություն ու բարեմաղթանք կհղեք հայ ժողովրդին և ինչպիսի՞ սպասելիքներ ունեք:

-<<Սասնա ծռերի>> մեծամասնությունը Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկներ են, որ անցել են արցախյան պատերազմի ողջ թոհ ու բոհի միջով: Ես հավատում եմ մեր ժողովրդի ներուժին, մեր ազգի բարձր ինքնագիտակցությանը և այն պատասխանատվությանը, որն ինքը կրում է սեփական ճակատագրի հանդեպ: Որքան էլ ծանր ու տագնապալի լինի իրավիճակը, այնուամենայնիվ, մենք ապացուցել ենք, որ կարողանում ենք համախմբվել, համախմբվել այն ուժի շուրջ, որն իրականում ներկայացնում է համազգային իղձեր ու նպատակներ: Համոզված եմ, որ մեր ժողովրդի շարքերում քիչ չեն սթափ ու ռեալ մտածելակերպի տեր անձինք, ովքեր առանց վայրկյան իսկ վարանելու իրենց ձայնը կտան այն ուժի օգտին, որն, իրոք, ազգային գաղափարախոսության հաղթանակի ու համահայկական նպատակների իրագործման ջատագով է: Այդ ուժը մենք ենք` <<Սասնա ծռերը>>: Խորհրդարան պետք է գնան այն մարդիկ, ովքեր վստահ են իրենց օգտակարության ու պիտանիության բավարար մակարդակի հարցում, ովքեր նվիրվելու են Հայաստանի հզորացման ու շենացման վեհ գործին: Մեր խնդիրն Ազգային ժողովում ներկայացված լինելն է, որը հնարավորություն կտա մեզ սթափեցնելու քաղաքական տաքգլուխ ռոմանտիկներին, նրանց հորդորելու` գալ իրականության դաշտ և հաշվի նստել բուն իրողությունների, անժխտելի փաստերի ու անխուսափելի հանգամանքների հետ: Չենք կարող, պարզապես, հաշվի չառնել տարածաշրջանում ընթացող քաղաքական, տնտեսական զարգացումները, անտեսել ծառացած մարտահրավերները և կամովին մեզ դուրս թողնել այդ ընդհանուր շղթայից: Մեր հարցերն ու խնդիրներն ինքներս պիտի կարողանանք լուծել` երբևէ չապավինելով կեղծ բարեկամների օգնությանն ու ողորմածությանը: Կոչ եմ անում բոլորին` վեր կանգնել անձնական, խմբակային շահերից, մի կողմ թողնել ինչ-ինչ տարաձայնություններ և համախմբված ու միասնական գնալ դեպի հզոր Հայաստանի կառուցում…

SHARE