Մրգաշատում լավ գործերի պակաս չկա

0
769

Նախաձեռնում

Գյուղը գնալով զարգանում ու առաջընթացի նշանակալի քայլեր է անում

Ապրիլի 5-ին Մրգաշատում, կանանց միամսյակի առթիվ, միջոցառում էր կազմակերպվել: Նախաձեռնողը համայնքապետարանն էր` ի դեմս համայնքապետ Գևորգ Դանիելյանի: Գեղեցիկ տոնի կապակցությամբ համայնքի 362 տատիկների համար հաճելի անակնկալ էր պատրաստվել` ծաղիկներ, իհարկե, և ինքնաեռ թեյնիկներ:

Միջոցառումը տեղի ունեցավ մշակույթի տանը, որին հրավիրված էին բազմաթիվ հյուրեր, նրանց թվում` փոխմարզպետ Գրիգորյանը և Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը:

-Ուրախ եմ,- իր խոսքում ասաց փոխմարզպետը,- որ ներկա եմ մի միջոցառման, որը նվիրված է մեր մայրերին, մեր քույրերին, և մի շատ լավ խորհուրդ ունի իր մեջ` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, րոպեն սպասված ու ցանկալի տոն դարձնել` ջերմացնելով ու գունազարդելով այն: Արևոտ, տաք եղանակ է այսօր, և շատ հաճելի է լույսի առատ շողեր տեսնել բոլորիդ դեմքերին: Հպարտանում եմ, որ ձեզ պես մայրեր, տատիկներ կան մեր կողքին, ում դաստիարակությամբ հասակ ենք առել և ջերմացել մեր ողջ կյանքի ընթացքում: Նաև շնորհակալություն եմ հայտնում պարոն Դանիելյանին` մեր տատիկներին նման ուշադրության արժանացնելու և մեծարելու համար…

Իսկ տեր Սահակն իր խոսքում հարգանքի խոսք ուղղեց Մրգաշատ համայնքին` այն որակելով որպես արարող ու շենացնող: Միաժամանակ իր խորին շնորհակալությունը հայտնեց համայնքապետ Գևորգ Դանիելյանին, ով երբեք աչքաթող չի անում ոչ մի բնակչի և խնամքով ու հոգածությամբ է վերաբերվում հատկապես կարիքավորներին ու տարեցներին:

Տոնին ակտիվ մասնակից էին դարձել թե՛ մշակույթի տանը գործող նկարչական խմբակի սաները, թե՛ պարային համույթը, որի ելույթներն ընդունվեցին բուռն ծափահարություններով: Ելույթ ունեցան նաև գյուղի երկու դպրոցի ասմունքողները: Սիրելի տատիկներին իրենց մանկական պարային թոթովանքներն ու մաղթանքներն էին բերել նաև մանկապարտեզի սաները: Երաժշտական դպրոցի երեխաների կատարումները ևս հուզիչ էին ու ջերմացնող: Հարկ է ընդգծել, որ միջոցառումը կազմակերպվել էր շատ բարձր մակարդակով և, ամենակարևորը, համայնքի մշակութային ամբողջ ներուժով: Այն եկավ մեկ անգամ ևս հավաստելու, որ Մրգաշատում մշակութային կյանքը բավարար բարձրության վրա է, ինչի համար համայնքապետարանը ներդնում է բոլոր հնարավոր միջոցները:

Տոնի մասնակիցների հավաստիացմամբ, գյուղում Գևորգ Դանիելյանի ղեկավարման առաջին իսկ տարվանից, արդեն 18 տարի, անցկացվում է այս հրաշալի միջոցառումը: Տարեց տատիկները մշտապես, ողջ տարին, համայնքի ղեկավարության ուշադրության կենտրոնում են: Ամեն տարի և՛ տատիկների, և՛ պապիկների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ` Սևան, Աղվերան և այլն: Հաշվի է առնվում ամեն մանրուք, անգամ բժշկի ու բուժքրոջ են վերցնում իրենց հետ, էլ չասած սննդի ու հաճելի ժամանցի կազմակերպման մնացած պարագաների մասին: Ահա այսպիսի առանձնահատուկ վերաբերմունք բոլոր տարեցների նկատմամբ, որին մասնակից է դառնում համայնքապետարանի ողջ կոլեկտիվը:

Համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում, ինչ խոսք, նաև մատաղ սերունդն է, երեխաները: Հանդիսավորությամբ նշվում են բոլոր ազգային, եկեղեցական տոները, պատշաճ միջոցառումներ կազմակերպվում: Կանանց տոների առթիվ չեն մոռացվում նաև դպրոցների ուսուցչուհիները, բուժամբուլատորիայի, երաժշտական դպրոցի, մանկապարտեզի, փոստային բաժանմունքի կին աշխատակցուհիները: Առհասարակ, Գևորգ Դանիելյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի բոլոր բնակիչների նկատմամբ, դրամական օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին, առողջական խնդիրներ ունեցողներին: Մարդկային լավագույն հատկանիշների կրող է, բոլորին հասնող ու ձեռք մեկնող: Գյուղն օր օրի բարեկարգվում, շենանում ու զարգանում է:

Տոնի օրն առանձնապես ոգևորված էին միջոցառման գլխավոր հերոսները` տատիկները: Նրանք միաբերան նշեցին, որ Գևորգ Դանիելյանն այնպիսի հրաշալի ղեկավար է, որ արժանի է անժամկետ ղեկավարելու համայնքը: Թե՛ նրա աշխատանքից, թե՛ ուշադիր վերաբերմունքից շատ գոհ են, Դանիելյանն ամեն ինչ անում է, որպեսզի համայնքն էլ ավելի զարգանա ու բարգավաճի: Իսկ համայնքի ղեկավարն իր հերթին մեծապես գնահատում է տարեցների վաստակն ու նվիրումը, իր վերաբերմունքով հարգանքի, երախտագիտության լավ օրինակ ցույց տալիս…

SHARE