Նորաբացը նախապատրաստվում է տոնի

0
14

Արժևորելով այն ամենը, ինչը նախանշում է գյուղի վաղվա օրը

Ոգևորում

-Մենք այսօր բուռն շինարարական գործունեության մեջ ենք,- <<Ընկեր>>-ին տեղեկացրեց Նորաբաց համայնքի ղեկավար Գալուստ Գալստյանը:- Գյուղի կենտրոնում, եկեղեցուն հարակից տարածքում բացօթյա բեմով զբոսայգի ենք կառուցում, որը պիտի գա լրացնելու մշակույթի տան բացակայությունը: Չնայած դրան, շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որոնց արտահայտվելու, ինքնադրսևորվելու հնարավորություն առայժմ, ցավոք, չի եղել: Պիտի ասեմ, որ իմ նախաձեռնությամբ եկեղեցու կառուցումից հետո գյուղում նոր մշակույթ է ձևավորվել: Մարդկանց վերաբերմունքը փոխվել է, ավելի կիրթ վարվելակերպ ունեն, ավելի քաղաքակիրթ են դարձել, ինչն ինձ շատ է ուրախացնում: Հուսով եմ, որ նման վերաբերմունքը գնալով էլ ավելի կամրապնդվի, և մենք ուրախանալու, հպարտանալու դեռ շատուշատ առիթներ կունենանք: Շատ ենք ուզում, որ առօրյա գործերից ու հոգսերից զատ, մարդը հանգստանալու, ակտիվ ժամանցով ապրելու հնարավորություն ևս ունենա: Կառուցվող զբոսայգին հենց այդ նպատակին է կոչված` մշակույթը գյուղ բերելու, գեղեցիկ արվեստներին հաղորդակից դառնալու միջոցով: Մտադիր ենք նաև հուշապատ կառուցել, որտեղ պիտի Հայրենական մեծ պատերազմում զոհված մեր համագյուղացիների, ինչպես նաև մասնակից-վետերանների անուն-ազգանունները լինեն, առանձին անկյուն կլինի նաև Արցախյան պատերազմի մասնակիցների համար` յուրաքանչյուրի հուշատախտակով: Այս գործում ներգրավված են բոլոր կարող ուժերը, լուրջ քննարկումներ են ընթանում, որպեսզի տվյալներն ու փաստերը ճշգրիտ լինեն: Ի դեպ, հուշապատի կառուցումը կատարվում է բացառապես հանգանակությունների միջոցներով: Ձգտում ենք թե՛ զբոսայգու, թե՛ հուշապատի հանդիսավոր բացումը կատարել մայիսի 9-ին: Ավելին, <<Հայփոստի>> հետ նախնական պայմանավորվածություն ունենք, որպեսզի այդ օրը շահագործման հանձնվի նաև կապի բաժանմունքի նոր շենքը: Մի խոսքով, շատ ենք ուզում այդ օրն իսկական տոն դարձնել գյուղում…

Շարունակելով խոսքը, պարոն Գալստյանը նշեց, որ շատ ծրագրեր ունեն կյանքի կոչելու: Զուտ ոգևորվածությամբ չեն մոտենում դրանց, այլ ամեն ինչ ծանրութեթև են անում, հաշվի առնում ունեցած հնարավորությունները, կարևորում ծրագրի իրականացման հստակ մեխանիզմների առկայությունը, նախանշում քայլերի հաջորդականությունը և այլն: Եթե անելիք կա, ապա միանշանակորեն պետք է իրականացվի, կարևորը երկրորդականից տարբերակվի, եղած գումարը նպատակային ու արդյունավետ օգտագործվի: Սա, թերևս, անխախտ սկզբունք կարելի է համարել, որով առաջնորդվում է համայնքի ղեկավարը:

Ներկայումս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ծրագիր է իրագործվում, որով գյուղ ինքնահոս ոռոգման ջուր կմտնի: Առայժմ ջուրը պոմպերի միջոցով է մղվում, մեխանիկական է: Ծրագրի արդյունքում գյուղատնտեսության ոլորտի զարգացման նոր խթան կստեղծվի, նոր հնարավորություններ կբացվեն: Մտադիր են նաև, այս ծրագրի շրջանակներում, համաֆինանսավորմամբ վերանորոգել ոռոգման ներքին ցանցը: Հայտը ներկայացրել են:    

Նորաբացի համար թիվ 1 խնդիրը փողոցների ասֆալտապատումն է: Դա այն խնդիրն է` ֆինանսական մեծ միջոցներ պահանջող, որը համայնքի ուժերով պարզապես անհնարին է իրագործել: Այստեղ միանշանակ պետական միջամտություն է անհրաժեշտ, պետական միջոցներով միայն հարցը կլուծվի: Հաջորդ խնդիրը կապված է ֆուտբոլի դաշտի հետ: Թեպետ այն գործող է և բավարար պայմաններ ունի, ունեն ֆիզղեկ, ով մշտապես պարապմունքներ է անցկացնում այստեղ, բայց մարզադաշտը ժամանակակից տեսքի բերելու, նորացնելու կարիք է զգացվում: Ահա այս առաջարկով դիմել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիա` համաֆինանսավորմամբ լուծելու խնդիրը:

Համայնքապետի հավաստիացմամբ, իրենց ավագանին գործունակ մարմին է, անդամները շատ ակտիվ են: Հանդես են գալիս առաջարկներով և իրապես մտահոգված են գյուղի աստիճանական զարգացմամբ ու առաջընթացով: Յուրաքանչյուրն իր հերթին սրտացավ է և յուրովի պատասխանատու: Հարկ է ընդգծել, որ Նորաբացում կարևորությունը տրվում է մնայուն արժեքներ ստեղծելուն, այսինքն` գումարները խիստ նպատակային են օգտագործվում և ավելի շատ ներդրվում հեռանկարային, ապագային միտված նախագծերը կյանքի կոչելու գործում:     

Գալուստ Գալստյանը համայնքը ղեկավարում է 2002 թվականից: Պաշտոնավարման շրջանի իր ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ այս 17 տարիներին ինքն այդպես էլ պարոն չդարձավ համագյուղացիների համար: Նույն մարդն է, նույն անձնավորությունը` անկախ պաշտոնից, դիրքից կամ հնարավորություններից: Բոլորի համար էլ տան դռները բաց են ողջ օրվա ընթացքում, մշտապես հասանելի է իր բնակչի համար: Այլ կերպ, ինչպես խոստովանում է պարոն Գալստյանը, 3 հազար բնակչությամբ գյուղը շատ դժվար կլիներ ղեկավարել:

Ցանկացած խնդրի դեպքում իր գյուղացու կողքին կանգնած է: Ոչ մի հարց չի թողնի անպատասխան, ժամանակին ու հրատապ կարձագանքի բարձրացված խնդիրներին: Ամեն կերպ ջանում է կարիքավորին հնարավորինս շատ օգտակար լինել, առաջնահերթ ձեռք մեկնել առողջական խնդիրներ ունեցողներին: Նման վերաբերմունքի, մոտեցման արդյունքում Նորաբացում այսօր ընկերական ու բարեկամական մթնոլորտ է տիրում, գյուղն, իրոք, համերաշխ ու հաշտ համայնք է դարձել, մի մեծ ընտանիք: Երբ սիրում ես քո գյուղն ու գյուղացուն, ապա ինչ էլ անես, որքան էլ անես, էլի կարող է քիչ թվալ: Ուզում ես սրտիդ թելադրանքով էլի ու էլի անել, ավելի շատ ներդրում ունենալ, որպեսզի և՛ ինքդ քեզ հոգեպես լավ զգաս, և՛ քո շրջապատում ուրախ ու երջանիկ դեմքեր տեսնես… 

SHARE