Նորոգ ու բարեկեցիկ Խաչփար

0
159

Ամեն մեկն իր տեղում պիտի լինի և իր գործը լավ կատարի

Վերածնունդ

Խաչփարը փախստականաբնակ գյուղ է, ինչն իր առանձնահատկությունն ունի` այն նկատառումով, որ այստեղ բնակություն հաստատածներն ամուր կանգնեն մայր հողի վրա և իրենց ապագան մեկընդմիշտ կապեն նրա հետ: Բարեբախտաբար, այդպես էլ կարելի է համարել, քանի որ վերջին տարիներին այստեղից արտագաղթ չկա: Ընդհակառակը, մայրաքաղաքից և այլ բնակավայրերից գալիս են այստեղ վերաբնակություն հաստատելու, ինչն ամենալավ ապացույցն է վերն ասվածի:

Այս մասին <<Ընկեր>>-ի հետ զրույցում տեղեկացրեց Ղազար Մարտիրոսյանը, ով 27 տարի ղեկավարում է համայնքը: Խաչփարում խմելու ջուրն ըստ պահանջի է, գազն ապահովված է, ոռոգման ջուրը բավարարում է մոտ 90 տոկոսով: Սրանք, թերևս, այն կարևոր պայմաններն են, որոնց առկայության դեպքում մարդն ի վիճակի է փոքրիշատե տանելի կյանքով ապրել և հոգալ ապրուստի հիմնական խնդիրները: Շարունակելով խոսքը, պարոն Մարտիրոսյանը նշեց, որ 200-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցը վերանորոգված, գազաֆիկացված է: Բարվոք վիճակում է նաև մանկապարտեզը: Մշակույթի տուն ունեն, որը նախկինում չկար: Կառուցվել է նաև գյուղապետարանի շենք, բուժամբուլատորիա, խաղահրապարակ:

-Այն հիմնախնդիրները,- մասնավորեցրեց համայնքապետը,- որոնք մեր առջև դրված էին, ժամանակի ընթացքում լուծվել են: Քաղաքային տրանսպորտ է գործում: Մարդիկ իրենց հողը մշակելով` բավարար եկամուտ են ստանում: Գյուղում աշխատատեղ ասելով` հասկանում ես, որ մարդուն պիտի հնարավորություն տաս մշակելու իր հողը: Համայնքի ղեկավարն էլ պարտավոր է ճիշտ ղեկավարել, ինչի դեպքում առկա խնդիրները կլուծվեն: Այն, ինչից գյուղը նախկինում զրկված է եղել, այսօր ունի: Մի ամբողջ գյուղ, կարելի է ասել, նորից կառուցվել է` 350 նոր տուն: Ճիշտ է, ոռոգման ջրի առումով դեռևս որոշակի անհանգստություն ունենք, բայց դա էլ ժամանակի ընթացքում կկարողանանք փարատել: Եթե ջուր կա, ապա ապրուստի միջոց էլ կլինի: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ մեր հողը բերրի է և տարեկան 2-3 անգամ բերք է ապահովում: Անասնապահությամբ զբաղվողներ էլ ունենք: Կարևոր հանգամանք է, անշուշտ, այն, որ մայրաքաղաքին մոտ ենք գտնվում և մարդկանց լիարժեք զբաղվածություն ունենք: Բավական է նշել, որ այսօր մեր բնակիչների փաստացի թիվը 3000-ից անցնում է, այն դեպքում, երբ գրանցված է 2200-ը: Մի խոսքով, ամեն հնարավորություն ապահովված է, մնում է աշխատել ու ապրել…

Ղազար Մարտիրոսյանի համոզմամբ, համայնքի ղեկավարի համար պետք է հստակ չափորոշիչներ սահմանված լինեն: Նախ, առաջին հերթին, ղեկավարելու ունակությամբ պետք է ծնված լինել, ապա` գրագետ, կիրթ, բարոյական հատկանիշներ ունենալ, իսկ ամենակարևորը` աշխատասեր լինել: Ըստ նրա, համայնքի ղեկավարը նաև հոգեբան պիտի լինի, որ ի վիճակի լինի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ առանձին մոտեցում ցուցաբերել` նկատի առնելով նրա հոգսերը, ընտանեկան խնդիրները, մտածելակերպը և այլն: Շատ կարևոր է նաև, որ համայնքապետը տիրապետի օրենքներին, իրավական դաշտը ճիշտ պատկերացնի` սխալ որոշումներից ձերբազատվելու համար: Եթե բնակիչներից մի քանիսն են ընդդիմադիր կամ բողոքավոր, ապա դա նորմալ կարելի է համարել, բայց երբ այդ թիվն անցնում է մի քանի տասնյակից, ապա պիտի մտածել հեռանալու մասին…

-Ասել, որ հաջողությունները միայն իմ անձով են պայմանավորված,- ընդգծեց համայնքի ղեկավարը,- սխալ կլինի: Փառք ու պատիվ այն մարդկանց, ում միջոցով այս տարիների ընթացքում համայնքում այսքան աշխատանք է կատարվել: Նրանց թվում նաև ընկերներս են: Չլինեին նրանք, շատ բան թերի կլիներ կամ չէր էլ սկսվի: Աշխարհում ամենալավ բանը ընկեր ունենալն է` անկախ նրա զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Երջանիկ է այն մարդը, ով ընկերներ ունի: Ընկերոջ հոգու հուրը պետք է բոլորի սրտերում լինի: Ընկերական շրջապատս շատ մեծ է, Հայաստանի ողջ տարածքով: Ընկերության համն ու հոտը զգում ես մանավանդ այն ժամանակ, երբ փորձության մեջ ես: Հասկանում ես, որ ապրածդ կյանքն անիմաստ չի եղել: Այդպես է նաև համայնքի ղեկավարի պարագայում: Երբ զգում ես, որ ժողովուրդը քեզ չի սիրում, քեզ` որպես համայնքի ղեկավարի, չի ընդունում, ապա մի օր անգամ չպիտի մնաս այդ պաշտոնին: Գյուղապետարան հազարավոր մարդիկ են մտնում, բոլորին հարազատի պես ընդունում եմ, ամեն մեկի հոգսն ու խնդիրը ջանում հասկանալ: Բնակչիս խնդիրը նաև ի՛մ խնդիրն է: Պատահական չէ, որ այսքան տարի ղեկավարում եմ, միշտ էլ, ամեն ընտրության, բարձր ցուցանիշներ եմ գրանցել: Լավ եմ զգում` հետադարձ հայացք ձգելով և մտաբերելով, թե որքան լավություններ եմ արել: Մի ամբո¯ղջ կյանք… Եթե ամեն մեկն իր տեղում լինի, իր գործը լավ կատարի, ապա մեր երկիրն, անշուշտ, կկառուցվի: Չէ՞ որ ամեն մեկն իր տունը պիտի կառուցի…

SHARE