Շատ գործ է արվել Ջանֆիդայում

0
899

Առաջընթաց

Եվ, ինչպես համոզված են բնակիչները, առաջիկա տարիների էլ ավելին կարվի

-2016 թ. հոկտեմբերի 26-ից ստանձնելով Ջանֆիդայի համայնքապետի պաշտոնը,- <<Ընկեր>>-ին ասաց Կամսար Ղորղանյանը,- առաջին իսկ օրից հնարավորինս ջանքեր եմ գործադրել, որպեսզի բարելավվի համայնքի կյանքը և բարեկարգման անհրաժեշտ աշխատանքներ իրականացվեն: Ամենակարևորը, որ պահպանվեն ու ամրապնդվեն Ջանֆիդայի բարի համբավն ու հեղինակությունը` որպես մարտունակ ու միասնական համայնքի: Անսալով ժողովրդի ցանկությանն ու պահանջին` մշտապես նրա կողքին եմ: Բնակչի կողմից բարձրացված յուրաքանչյուր խնդիր լուծվում է ժամանակին, գյուղապետարան դիմած գյուղացին անպայման բավարարված պիտի հեռանա` վստահ լինելով, որ ինքն անտեսված ու արհամարհված չէ: Ջանում ենք, որ ամեն ինչ ժողովրդի սրտով լինի: Բավականին աշխատանք է արվել այս ընթացքում, բայց ես դա բնավ էլ բավարար չեմ համարում և ձգտում եմ ավելին ու ավելին անել: Անելիքներ, ինչ խոսք, շատ ունենք, մասնավորապես` խմելու ջրի մատակարարման հետ կապված: Տասնամյակների ընթացքում քայքայված խողովակներն այսօր փոխարինվում են նորերով: Մոտ 2,5 կմ ջրագիծ է փոխվում: Դիմել էինք կառավարություն, որը և մեզ ընդառաջեց, խնդիրը ներառվեց հրատապ ծրագրերում: Առիթից օգտվելով` մեր շնորհակալությունն եմ հայտնում կառավարությանը, վարչապետին, տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետին: Համայնքապետարանի բյուջեից 2 մլն դրամ է հատկացվել, նաև նախահաշիվ-նախագիծն ենք կազմել: Աշխատանքներն ավարտական փուլում են, կունենանք որակյալ ջուր: Տվյալ խնդիրն ամբողջությամբ լուծված չի կարելի համարել, քանի որ դեռևս աշխատանք կա անելու` մնացած ջրագծերը ևս փոխելու առումով: Դիմել ենք, և մանկապարտեզի տանիքի նորոգման, դռներն ու պատուհանները փոխելու համար սուբվենցիայի ծրագրով միջոցներ են հատկացվելու: Աղբահանության ոլորտում ևս զգալի աշխատանք է կատավել, ինչը կվկայի ցանկացած ջանֆիդայեցի: Այս ամենը նպատակաուղղված է այն բանին, որ Ջանֆիդան բոլոր առումներով, իրոք, օրինակելի համայնք դառնա: Այն, ինչ արվել է, պարզ ու ակնհայտ է, ժողովրդի աչքի առաջ: Շատ ծրագրեր, անելիքներ ունենք, և առաջիկայում ավագանու հետ ձեռնամուխ կլինենք դրանց իրագործմանը: Համայնքապետարանի առաջին հարկում, համատեղելով բոլորիս ուժերն ու ջանքերը, սգո սրահ ենք կառուցելու…

Մոտ 700 տնտեսություն ունեցող համայնքի ղեկավարն ընդգծեց, որ գյուղացու նկատմամբ առավելագույնս ուշադիր ու սրտացավ պետք է լինել, հարգել ու գնահատել նրա նվիրյալ աշխատանքը: Ընկեր ու հարազատ է յուրաքանչյուր բնակչի համար: Ըստ Կամսար Ղորղանյանի, ընկերությունն ինքնին սրբություն է: Լավ ընկերները կյանքի լավագույն պարգևն են յուրաքանչյուր մարդու համար: Ունի ընկերական մեծ շրջապատ և դա ծառայեցնում է ի շահ համայնքի ու նրա զարգացման: Նրա խոսքերով, ամեն պատահական մարդու ընկեր չեն ասում: Իր համար ընդունելին մաքուր ընկերությունն է, անշահախնդիր մտերմությունը: Ընկեր բառը շատ թանկ է, և յուրաքանչյուրը պետք է կարողանա այն իր մեջ ճիշտ կրել, ընկալել ու գնահատել:

Պարոն Ղորղանյանը հպարտությամբ նշեց, որ արցախյան պատերազմի մարտադաշտում իրենց գյուղից ունեցել են 245 <<սև հովազ>>, իսկ ներկայումս ունեն <<Սև հովազ>> գումարտակը, որը Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ պահում է Հայաստանի ու Արցախի սահմանները:

<<Խմելու ջրի նոր ջրագծերի անցկացումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով և համայնքի 10 տոկոս համաֆինանսավորմամբ>>,- ասաց համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, ծրագիրը շարունակվելու է, քանի որ համայնքի առայժմ մոտ 90 տոկոսն է միանալու ջրամատակարարման նոր համակարգին: Եղած դրամական միջոցների սահմաններում է արվում գործը: Այս պահին ջրամատակարարման համակարգում տարվող աշխատանքների երկրորդ փուլն է իրականացվում: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, համայնքապետը շատ մեծ ծավալի գործունեություն է ծավալել պաշտոնավարման օրից սկսած` հիմնական շեշտը դնելով նաև գյուղի մաքրության, աղբահանության վրա:

Առիթ ունեցանք զրուցելու թե’ ջրամատակարարման համակարգի շինաշխատանքներում ընդգրկված աշխատողների, թե’ բնակիչների հետ: Գոհունակություն հայտնելով տարվող աշխատանքների վերաբերյալ, նրանք նշեցին, որ հինգ փողոցում խմելու ջրի նոր խողովակաշար է անցկացվում: Բոլորն էլ միաբերան պնդում էին, որ համայնքի ղեկավարը շատ մեծ ծավալի գործ է անում ինչպես գյուղի, այնպես էլ գյուղացիների համար: Դրա համար, անշուշտ, և’ մեծ ջանքեր, և’ մեծ ներդրումներ, և’ քրտնաջան աշխատանքներ են պահանջվում: <<Ղորղանյանի աշխատանքից շատ գոհ ենք: Նվիրված աշխատում է` անգամ անհնարինն անելով գյուղի համար: Մեր կողքին մշտապես կանգնած է, անպատասխան չի թողնում ոչ մի դիմում, ոչ մի առաջարկ կամ ցանկություն: Անպայման ընդառաջում է և օգնում: Մեր համայնքապետը շատ մեծ հնարավորությունների տեր անձնավորություն է, շատ մեծ ընկերական շրջապատ ունի: Կարողանում է գրեթե բոլոր հարցերին դրական լուծում տալ: Բարոյականից զատ, նաև ֆինանսապես է օգնում կարիքավորներին, դժբախտ դեպքերի, պատահարների դեպքում` առավել ևս: Շատ գործ է արվել նրա օրոք, և, հավատացած ենք, շատ ավելին կարվի առաջիկայում>>,- նշեցին Ջանֆիդայի բնակիչները:

Ներկա լինելով համայնքի ավագանու նիստին, կարող ենք արձանագրել, որ այն բաց ու թափանցիկ մթնոլորտում էր անցնում, անկեղծ ու գործնական քննարկումներով ուղեկցվում: Մասնավորապես, ավագանու անդամ Հրաչ Զաքարյանը նշեց, որ համայնքապետի կողմից բարձրացված ցանկացած հարց լրջորեն քննարկում են` ջանալով դրա համար օպտիմալ լուծման տարբերակներ գտնել: Հավելեց, որ Ղորղանյանի օրոք արվածը ծանրակշիռ է` բուժամբուլատորիայի դուռ-պատուհանն է փոխվել, մշակույթի տունն է վերանորոգվել, գյուղ մտնող ճանապարհի եզրերին ծառեր են տնկվել, կենտրոնական փողոցն է, մոտ 3 կմ ճանապարհահատված, ասֆալտապատվել,  երկորդային ճանապարհներն են հարթեցվել, խճապատվել և այլն: Իսկ այն, ինչը դեռևս չի լուծվել, լուծման փուլում է, ինչի համար համապատասխան աշխատանք է տարվում…   

SHARE